Loading...

Articles

ԴԱՆԻԱՑԻՆԵՐԸ ԿԱՆԽԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ

02:06, Wednesday, 11 September, 2013
    
Հիմա արդեն կարելի է ասել, որ Հայաստանի ազգային հավաքականը ստիպված է առնվազն եւս երկու տարով հետաձգել ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու հավակնությունը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջնամասում եզրափակիչի կարգավիճակ ստացած չորս հանդիպումներից երկրորդում հայկական թիմը, 0: 1 հաշվով պարտվելով դանիացիներին, առաջխաղացումը զարգացնելու առումով հայտնվեց անելանելի վիճակում:
    
     Այնպես էր ստացվել, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային հատվածում միավորների առատ կորուստը Վարդան Մինասյանի սաներին դրել էր լարախաղացի վիճակում: Ցանկացած նոր սայթաքում մեր թիմի համար հավասարազոր էր վերջնական անհաջողության, եթե, իհարկե, նպատակը հաջորդ ամառ աշխարհի 32 լավագույն թիմերի պայքարին մասնակցելն էր: Նման դեպքերում շատ դժվար է խուսափել սայթաքումից, առավել եւս համապատասխան հենքի բացակայության պարագայում: Հայաստանի այս հավաքականի գլխավոր դժբախտությունը հերթափոխի բացակայությունն է: Թեպետ պահեստայինների նստարանը առաջին հայացքից դատարկ չէ, սակայն իրականում հավաքականի առաջատարներին հավասարազոր փոխարինողներ պարզապես չկան: Ցանկացած մեկի վնասվածքը կամ որակազրկումը իրական աղետ է դառնում: Իսկ սահմանափակ ուժերով ավելի լայն հնարավորություններ ունեցող մրցակիցների հետ արդյունավետ պայքարելը պարզապես անիմաստ է: Դա մոտավորապես նման է նրան, որ սակրավորը փակ աչքերով մտնի խիտ ականապատված դաշտ եւ փորձի անվնաս դուրս գալ:
     Ցավոք, երեկվա երեւանյան մրցավեճում հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց խուսափել դանիական «ականներից»: Պայթյունը որոտաց 73-րդ րոպեին, երբ Վարազդատ Հարոյանը, տուգանային հրապարակի աջ եզրում փորձելով կանխել մրցակցի առաջխաղացումը, անհաջող սահանկում կատարեց, որը հոլանդացի մրցավար Բաս Նեյխեյսը կանոնների խախտում որակելով՝ հայ ֆուտբոլիստին հեռացրեց դաշտից եւ նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը: Դրանից հետո դանիացիները հմտորեն պահպանեցին առավելությունը եւ խաղը հասցրին հաղթական ավարտի:
     Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել մինչ այդ, եւ արդյոք Հայաստանի հավաքականը հաջողության հասնելու հնարավորություն ունե՞ր: Առաջ անցնելով ասենք, որ պատասխանը բացասական է: Դժվար է ասել՝ որակազրկված խաղընկերների բացակայությո՞ւնն էր պատճառը, թե՞ չեխերի հետ ծանր պայքարից հետո մերոնք չէին հասցրել վերականգնվել, սակայն նրանց գործողություններում թարմության պակաս էր զգացվում: Դա դրսեւորվում էր արագության կորստի տեսքով՝ ստեղծելով այնպիսի տպավորություն՝ կարծես անտեսանելի մի ձեռք զսպում էր դաշտի տերերի առաջխաղացումը: Բացի դրանից, դանիացի փորձառու մասնագետ Մորտեն Օլսենն էլ կարծես անհրաժեշտ դասեր էր քաղել իր չեխ գործընկեր Միխալ Բիլեկի վրիպումից: Դանիացիները խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում դիմում էին մամլիչ գործողության. գնդակին տիրող գրեթե յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ անմիջապես հայտնվում էր երկու հակառակորդների շրջապատման մեջ: Մինչդեռ չեխերը չորս օր առաջ անհատական վերահսկողություն էին սահմանում մեր տղաների նկատմամբ, ինչը պակաս հուսալի էր:
     Ինչեւէ, դանիացիների մարտավարության հետեւանքով Հայաստանի հավաքականի խաղացողները դարձյալ զրկվել էին սովորական կարճ փոխանցումներով եւ կոմբինացիոն ոճով խաղալու հնարավորությունից: Այն հազվադեպ դրվագներում, երբ նման առիթ էր ընձեռվում, մերոնք միանգամից սրում էին խաղը մրցակցի տուգանային հրապարակի եւ դարպասի մոտ: Իսկ մնացած ժամանակում ստիպված էին ապավինել խորքից երկար փոխանցումներին, այն հույսով, որ առջեւի գծի թիմակիցներից մեկը կկարողանա կառչել գնդակից եւ վտանգավոր գրոհ ձեռնարկել: Այդպիսի եզակի պահերից մեկում Արազ Օզբիլիսը աջ եզրում երեք անգամ այնպիսի հեշտությամբ խաբս տվեց մրցակցին, որ վերջինս պարզապես ծիծաղի առարկա դարձավ: Բայց դա ընդամենը ֆուտբոլային գեղագիտություն էր, որն արդյունավետ հատիկ չէր պարունակում:
     Իսկ դանիացիները, պետք է ասել, անընդհատ ճնշում էին գործադրում մեր դարպասին: Ակնհայտ էր, որ պայքարի ելքը վճռելու է միակ գոլը: Եվ այն, ցավոք, հայտնվեց մեր թիմի դարպասում, ինչը, ի դեպ, օրինաչափ է: Պետք է նշել նաեւ, որ դեռ առաջին խաղակեսում հյուրերը համառորեն «մշակում» էին մեր պաշտպանության աջ եզրը: Դա այնքան հաջող էր ստացվում, որ հասկանալի դարձավ՝ նրանք գտել են Հայաստանի հավաքականի թույլ տեղը: Հենց այդ եզրից էլ հասցրին ճակատագրական հարվածը:
     Հանձն չենք առնում դատելու, թե արդյոք Վարդան Մինասյանը այդ եզրը ամրացնելու հնարավորություն ունե՞ր, առավել եւս, որ խաղի ընթացքը պետք է որ խախտած լինի նրա սկզբնական ծրագրերը: Դեռ 26-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Կառլեն Մկրտչյանը, ինչը խաթարեց ու բարդացրեց առանց այն էլ մեծ ճնշման ներքո աշխատող կիսապաշտպանության խնդիրը: Երկար չդիմացավ նաեւ Մկրտչյանին փոխարինած Արթուր Սարկիսովը, որը ուժեղ հարված ստանալով մեջքին՝ ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս չեկավ: Ի դեպ, առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով փոխարինվեց նաեւ դանիացի Նիկի Զիմլինգը: Իսկ դա արդեն վկայում է պայքարի կոշտության մասին:
     Ակնհայտ էր, որ Հայաստանի հավաքականը պայքարի ընթացքը փոխելու ներուժ չունի: Արազ Օզբիլիսը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոսը, երբեմն նաեւ Հենրիկ Մխիթարյանը անտեղի չարաշահում էին անհատական խաղը՝ դրանով իսկ խափանելով գրոհ կազմակերպելու եզակի հնարավորությունները: Կարծում ենք, զգացվեց թե Յուրա Մովսիսյանի, թե Ռոբերտ Արզումանյանի բացակայությունը: Իսկ ահա Գեւորգ Կասպարովը այս անգամ արժանիորեն փոխարինեց Ռոման Բերեզովսկուն՝ անցկացնելով իր լավագույն հանդիպումներից մեկը: Ցավոք, դա բավարար չէր գեթ ոչ-ոքի գրանցելու համար:
     Այդպիսով Դանիան պահպանեց համաշխարհային ստուգատեսին մասնակցելու հույսը, իսկ Հայաստանի հավաքականը նույնիսկ հաջորդ երկու հանդիպումներում հաղթելու ու ենթախմբում 2-րդ տեղ գրավելու դեպքում հազիվ թե մասնակցի անցումային խաղերին, քանզի բոլոր ենթախմբերում երկրորդը ճանաչված թիմերի մեջ ունենալու է ամենահամեստ արդյունքը:
     Ի դեպ, այս ընտրափուլում Հայաստանի հավաքականը պարտվել է սեփական դաշտում անցկացրած բոլոր 4 հանդիպումներում: Զարմանալի զուգադիպությամբ դրանք տեղի են ունեցել գեղեցկատես «Հրազդանում», որը երբեք էլ հավաքականի համար հաջողակ մարզադաշտ չի եղել: Գուցե ՀՖՖ-ն որոշի վերջին խաղը անցկացնել «Հանրապետականում», որտեղ մեր ընտրանին ունեցել է անմոռաց հաղթանակներ:

    

    
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3236 | 0 | 0
Facebook