Loading...

Articles

ԹԱԻԹԻ, ԹԱԻԹԻ...

02:03, Saturday, 22 June, 2013
ԹԱԻԹԻ, ԹԱԻԹԻ...
     Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բրազիլիայի խաղադաշտերում ընթանում է ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը սպասված տոն է դարձել այլ երկրների մարզաձեւի երկրպագուների եւ իսկական պատուհաս՝ կազմակերպիչների համար: Մրցաշարն ուղեկցվում է հարավամերիկյան այդ պետությունը ցնցող բողոքի զանգվածային գործողություններով, որոնք մի պահ նույնիսկ հարցականով էին պարուրել ստուգատեսը շարունակելու նպատակահարմարությունը: Եվ այդ խորապատկերում իսպանացիները մրցաշարի արդյունավետության ռեկորդ գրանցեցին:
    
     B խմբի խաղում Վիսենտե դել Բոսկեի սաները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին Թաիթիի հավաքականի դարպասը: Հենց դա էլ առիթ հանդիսացավ, որպեսզի մի պահ վերանալով հայրենի սպորտի խնդիրներից՝ վերջապես անդրադառնանք խոշորագույն այս իրադարձությանը: Իսկ քանի որ առջեւում հանգստյան օրերն են, որոշեցինք պարզապես զվարճացնող հրապարակում պատրաստել՝ հիշեցնելով, որ սա ամենեւին էլ ամենախոշոր արդյունքը չէ նման կարգի պաշտոնական մրցումներում:
     Աշխարհի առաջնության խաղերից, օրինակ, կարելի է հիշել 1982 թվականին հունգարացիների 10: 1 հաշվով հաղթանակը Սալվադորի ընտրանու նկատմամբ: Սակայն դա էլ դեռ աննշան արդյունք է այն ամենի համեմատ, ինչ կներկայացնենք ստորեւ: Հատկանշական է, որ ռեկորդային արդյունքներով մոլորակում առաջատար է Օվկիանայի գոտին, որին մյուս աշխարհամասերի ներկայացուցիչները առաջիկայում դժվար թե հավասարվեն... Միգուցե նաեւ բարեբախտաբար, այլապես ծանր կլինի հետեւել, թե ինչպես են մի քանի տասնյակ գոլեր խփվում թիմերից մեկի դարպասը: Բայց չէ՞ որ եղել են նման դեպքեր:
     Ահավասիկ, 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ավստրալիայի հավաքականը պարզապես մոլեգնել էր: Կանաչ աշխարհամասի ներկայացուցիչները չգիտես ինչ էին կերել, բայց նախ 22: 0 հաշվով ջախջախեցին Տոնգայի ֆուտբոլիստներին, իսկ ընդամենը երկու օր անց գերազանցեցին սեփական ռեկորդը՝ 90 րոպեի ընթացքում 31 անգամ գրավելով Ամերիկյան Սամոայի հավաքականի դարպասը: Ի դեպ, դա պատմության մեջ ամենախոշոր հաշիվն է, որ գրանցվել է հավաքականների մակարդակով պաշտոնական խաղում: Ու դժվար թե տեսանելի ապագայում գերազանցվի ավստրալացի Արչի Թոմփսոնի ռեկորդը, որն այդ խաղում 13 գոլի հեղինակ դարձավ: Իսկ այս հաղթանակը ոչ թե ուրախացրեց, այլ ձանձրացրեց Ավստրալիայի ֆուտբոլիստներին, որոնք էլ հաջորդ ընտրափուլից սկսած տեղափոխվեցին համեմատաբար ուժեղ՝ ասիական գոտի:
     Գոլային զվարճանքից չի խուսափել նաեւ Եվրոպան: Մասնավորապես աշխարհամասի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում գերմանացիները 13: 0 հաշվով հաղթեցին Սան Մարինոյի հավաքականին: 2006թ. սեպտեմբերին տեղի ունեցած այդ խաղում չորս գոլի հեղինակ դարձավ Լուկաշ Պոդոլսկին: Բայց Գերմանիայի ընտրանին ընդամենը գերազանցեց իսպանացիների ռեկորդը, որոնք 1983 թվականին 12: 1 հաշվով հաղթել էին նույն Սան Մարինոյին: Չմոռանանք, որ դեռ 1912-ին գերմանացիները 16: 0 հաշվով պարտության էին մատնել ռուսական կայսրության հավաքականին:
     Իսկ ակումբային մակարդակով Եվրոպայում մինչ օրս ռեկորդային է համարվում Շոտլանդիայի գավաթի 1885 թվականի խաղարկության ժամանակ «Արբոաթ» թիմի 36: 0 հաշվով հաղթանակը «Բոն Ակորդ» թիմի նկատմամբ:
     Իսկ վերջում՝ աղանդերը. թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ ենք տալիս չկարդալ: Մադագասկարի առաջնության ժամանակ «Ադեմա» թիմը 149: 0 հաշվով հաղթանակ է տարել «Ստադ Օլիմպիկ Լ՛Էմիրն» ակումբի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է գրանցվել նման արդյունք եւ այն էլ ոչ թե երկու դար առաջ, այլ ընդամենը 2002 թվականին: Չեմպիոնի կոչման համար որոշիչ նախորդ խաղում «Օլիմպիկը» մրցավարական կամայականության զոհ էր դարձել եւ որոշել էր իր բողոքը արտահայտել յուրօրինակ կերպով: Խաղի հենց առաջին վայրկյանին տիրելով գնդակին՝ թիմի խաղացողները սկսեցին ջանասիրաբար գրավել... սեփական դարպասը: Գործում էր «ով ավելի շատ» սկզբունքը: Իսկ մրցակցին մնում էր պառկել խոտածածկին եւ հետեւել, թե ինչպես է իրենց օգտին գրանցվում աշխարհում ամենախոշոր հաշիվը: Իսկ դուք ասում եք Թաիթի:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3794 | 0 | 0
Facebook