Loading...

Articles

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

01:08, Saturday, 07 September, 2013
     Եվ այսպես. Հայաստանի հավաքականը հաստատեց արտագնա թիմի համբավը: Մեր թիմը 3-րդ հաղթանակը տարավ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում եւ դարձյալ մրցակցի դաշտում: Դա, անշուշտ, ֆենոմենալ արդյունք է, որը բացատրության եւ հիմնավորման կարիք ունի, բայց առայժմ շատ ավելի էական է, որ հայ ֆուտբոլիստները հաղթեցին եւ պահպանեցին մրցաշարի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունը:
    
     Ավելի սառը դատելու դեպքում կարելի է, իհարկե, պատճառաբանել, որ զարմանալի զուգադիպությամբ սեփական դաշտում անցկացրած գրեթե բոլոր հանդիպումներին Հայաստանի հավաքականը ներկայացել է ոչ մարտական կազմով: Խանգարել են վնասվածքները եւ դեղին ու կարմիր քարտերը: Առջեւում դանիացիների հետ երեւանյան հանդիպումն է, ու դարձյալ, կարծես թե, կորուստ ունենք: Այս անգամ ավելի շոշափելի եւ անհամալրելի: Առայժմ դա միայն ենթադրություն է, սակայն դատելով, թե Ռոման Բերեզովսկին ինչպես լքեց Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտը՝ նա հավանաբար ստիպված կլինի բաց թողնել սեպտեմբերի 10-ի նույնքան կարեւոր հանդիպումը: Սեփական դաշտում միավորների շռայլ կորուստը Հայաստանի հավաքականին դրել է այնպիսի վիճակում, որ մրցաշարի վերջին բոլոր խաղերը մեր թիմի համար եզրափակիչի կարգավիճակ են ստացել: Ցանկացած սայթաքման դեպքում Հայաստանը հրաժեշտ կտա հաջորդ տարի Բրազիլիա մեկնելու հույսերին: Իսկ դա ավելի քան ցավալի կլինի, քանզի այսպիսի հավաքական ունենալու համար դարձյալ երկար տարիներ են պահանջվելու: Առավել եւս, որ ի տարբերություն հավաքականի՝ հայկական ակումբային ֆուտբոլը այսօր շատ տխուր վիճակում է:
     Սակայն անդրադառնանք Չեխիայի հավաքականի նկատմամբ մերոնց ֆանտաստիկ հաղթանակին: Հանուն արդարության՝ պետք է նկատել, որ հայ ֆուտբոլիստները մեծապես պարտական են մարզական հաջողությանը: Թեպետ ասում են, թե հաջողությունը ժպտում է ուժեղին, բայց չեխերը միանգամայն կարող են դժգոհել բախտից: Անկեղծ ասած՝ երեկ նրանք ավելի ուժեղ տպավորություն թողեցին, բայց խաղադաշտը լքեցին պարտված: Հանդիպման մեկնարկը առհասարակ հուսահատեցնող էր: Առաջին իսկ րոպեներից դաշտի տերերը պաշարեցին Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակը՝ հասկացնելով, որ շատ լավ են ուսումնասիրել մեր թիմի խաղը եւ հետախուզության կարիք չունեն: Դա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ Երեւանում Միխալ Բիլեկի սաները հաղթել էին 3: 0 հաշվով:
     Բացի դրանից, չեխերը թերեւս հասկացել էին, որ Հայաստանի հավաքականի հետ ձեւականություններ անելը վտանգավոր զբաղմունք է: Այդպիսի «սիրալիրությունից» արդեն տուժել են դանիացիները: Եվ ահա բոհեմացի ֆուտբոլիստները որոշել էին, ինչպես ասում են, առանց հետաձգելու կոտրել ցուլի կոտոշները: Եվ, պետք է նկատել, որ շատ մոտ էին դրան: Բավական է նշել, որ առաջին 10 րոպեներին գնդակը չէր հեռանում Հայաստանի հավաքականի կիսադաշտից: Այդ ընթացքում չեխերը իրացրին 3 անկյունային եւ 2 տուգանային հարված: Թեպետ դրանք լուրջ վտանգ չէին պարունակում, սակայն ահռելի ճնշումը աղետալի հետեւանքներ էր խոստանում Հայաստանի հավաքականին: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես դա ալբանացիների հետ նախորդ ստուգողական հանդիպման շարունակությունն էր, որը մերոնք անտանելի վատ անցկացրին եւ պարտվեցին: Սակայն չեխական մեքենայի ճնշումը նվազեց նույնքան կտրուկ, ինչպես սկսվել էր: Հայաստանի հավաքականին հետզհետե հաջողվեց ոչ միայն պայքարը տեղափոխել դաշտի կենտրոն, այլեւ փոքրիշատե կարգավորել թիմային գործողությունները, որոնք ոչ մի կերպ չէին ստացվում: Ակնհայտ էր, որ Բիլեկը շատ լավ է ուսումնասիրել մրցակցի խաղը եւ իր ֆուտբոլիստներին կարգադրել զրկել հայերին գործելու ազատությունից եւ դա անել մամլիչ գործողության միջոցով: Պետք է նշել, որ դա հաջողվում էր չեխերին, որոնք հեշտությամբ խափանում էին կարճ փոխանցումների միջոցով առաջ շարժվելու հայ ֆուտբոլիստների ջանքերը:
     Խոստովանեմ, այդ ընթացքում զայրացած չէի հասկանում, թե ինչու մերոնք չեն դիմում գոնե միջին հեռավորության փոխանցումների: Բայց ամեն ինչ ավելի քան հաջող ստացվեց: Հենց որ չեխերը ազատ գոտի ստեղծեցին սեփական տուգանային հրապարակի մոտ, պատիժը չվարանեց: 31-րդ րոպեին էր, երբ Կամո Հովհաննիսյանը դաշտի կենտրոնում հիանալի պայքարեց գնդակի համար, այն հասցեագրեց Կառլեն Մկրտչյանին, որն էլ հեռահար հարվածով անակնկալի բերեց Պետեր Չեխին: Ի դեպ, հեռուստամեկնաբանից տեղեկացանք, որ նախօրեին ծնվել է Կառլենի առաջնեկը: Ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել: Նշենք, որ գոլից 3 րոպե առաջ վատ ինքնազգացողության պատճառով Արազ Օզբիլիսը տեղը զիջեց Լեւոն Հայրապետյանին: Ինչեւէ, մինչեւ ընդմիջում մերոնք դիմացան, իսկ դա հույս էր ներշնչում, որ 2-րդ խաղակեսում կկարողանան հակագրոհների վրա բռնել մրցակցին:
     Ակնկալիքը մասամբ արդարացավ: Երկրորդ կեսի միջնամասում արագ հակագրոհի արդյունքում Հենրիկ Մխիթարյանը հարվածային դիրք դուրս բերեց Յուրա Մովսիսյանին, որը չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը: Ավելի ուշ Յուրան, որ, անկեղծ ասած, շատ անտաղանդ հանդիպում անցկացրեց, նպաստավոր դիրքից վրիպեց եւս մեկ անգամ: Իսկ 65-րդ րոպեին տեղի ունեցավ ամենաանցանկալին. անկյունային հարվածի իրացումից հետո Ռոման Բերեզովսկին անհաջող ցատկեց եւ վնասեց ծունկը: Մի քանի րոպե նա փորձեց մնալ խաղադաշտում, բայց հասկանալի դարձավ, որ փոխարինումն անխուսափելի է: Դարպասում նրա տեղը զբաղեցրեց խիստ անվստահ հանդես եկած Գեւորգ Կասպարովը, որը դաշտում հայտնվելուց վայրկյաններ անց գոլ բաց թողեց: 70-րդ րոպեին Թոմաշ Ռոսիցկու հեռահար հարվածից հետո գնդակը Վարազդատ Հարոյանի ծնկից շեղեց ուղղությունը եւ անակնկալի բերեց արդեն մեր դարպասապահին՝ 1: 1:
     Խաղավերջում չեխերն անցան եզրափակիչ պաշարման, բայց դարձյալ հայտնվեցին պարտվողի դերում: Ավելի շուտ՝ պարտվեցին: Ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դասական հակագրոհը անվրեպ իրացրեց Գեւորգ Ղազարյանը: Իսկ վերջին վայրկյանին արդեն Կասպարովը փրկեց Հայաստանին:
     Ինչեւէ, Հայաստանը վերադառնում է եւս 3 միավորով: Մեր թիմը արդեն 9 նիշ ունի իր հաշվին: Անհավանականը հետզհետե իրական ուրվագծեր է ստանում: Դանիացիներին միավոր զիջել չի կարելի...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3322 | 0 | 0
Facebook