Loading...

Articles

Ըստ «Սպորտ Էքսպրեսի», Մխիթարյանի տեղափոխության հարցում մեկտեղվել են Ռինատ Ահմետովի, Օլեգ Մկրտչյանի եւ Ռուբեն Հայրապետյանի շահերը

14:07, Wednesday, 19 June, 2013
Ըստ «Սպորտ Էքսպրեսի», Մխիթարյանի տեղափոխության հարցում մեկտեղվել են Ռինատ Ահմետովի, Օլեգ Մկրտչյանի եւ Ռուբեն Հայրապետյանի շահերը

Վաղուց են շրջանառվում խոսակցություններն այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տնօրինում է Հայաստանի առաջատար որոշ ֆուտբոլիստների, մասնավորապես Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը: Թեպետ ֆուտբոլային պաշտոնյան յուրաքանչյուր առիթով հերքում է դա, սակայն տարբեր լրատվամիջոցներում նոր տեղեկություններ են հայտնվում այդ մասին:

Հիրավի, սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել ռուսական Спорт-Экспресс–ը, որը նաեւ այդ հանգամանքով է պայմանավորում Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցով ձգձգվող բանակցությունները: Թերթը մասնավորապես գրել է. «Առայժմ վաղ է կատարված փաստ համարել Մխիթարյանի տեղափոխությունը: Նա վաղուց է գերազանցել Ուկրաինայի առաջնության մակարդակը եւ մեծ ցանկություն ունի ուժերը փորձելու ավելի լուրջ ասպարեզում: Սակայն հասկանալով դա՝ նրա ներկայիս տերերը ամենից շատ չեն ցանկանում էժան գործարք կնքել: Առանցքային բառը այստեղ ոչ թե «տերն» է, այլ «տերերը»: Հենց դա է գլխավոր խնդիրը: Քաղաքակիրթ Եվրոպայում անհնար է նման բան պատկերացնել, սակայն մեզանում (նկատի ունի հետխորհրդային տարածքը-Հ.Կ.) դա դեռ նորմալ է համարվում: Դոնեցկի «Շախտյորը» տնօրինում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների միայն կեսը: Մյուս կեսը հավասար բաժնեմասերով պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հետխորհրդային տարածքի խոշորագույն գործարարներից Օլեգ Մկրտչյանին, որը նաեւ Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է: Եվ այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչպես անել, որ բոլորը գոհ մնան: Դա այնքան էլ հեշտ խնդիր չէ: Երեք անհայտներով այդ խնդիրը լուծելու համար հրավիրվեց նույնիսկ աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը վարում է նաեւ Զլատան Իբրահիմովիչի եւ Մարիո Բալոտելիի գործերը: Ըստ ամենայնի, իտալացին հրաշալի է կատարում իր աշխատանքը, քանզի կարողացավ իր շուրջ հավաքել Եվրոպայի մի քանի առաջատար ակումբների ներկայացուցիչներին եւ ընտրել այս պահին ամենագրավիչ առաջարկը»:

Նշվում է, որ Մխիթարյանին հավակնում են նաեւ «Յուվենթուսը», «Միլանը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» … Մինչեւ վերջին պահը ձեռքը զարկերակին էր պահում նաեւ Դորտմունդի «Բորուսիան», որը, սակայն, չդիմացավ մրցակցությանը: Բոլորից համառ գտնվեց «Լիվերպուլը», որը անչափ մոտ գտնվելով գործարքի կնքմանը՝ չի կարող վստահ լինել վերջնական հաջողությանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3497 | 0 | 0
Facebook