Loading...

Articles

ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ, ԲԱՅՑ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐԸ

00:57, Friday, 21 June, 2013
ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ, ԲԱՅՑ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐԸ
    
Մինչ Հայաստանը բարձրակարգ մարզիկների լուրջ պահանջ ունի, մեր բազում հայրենակիցներ փառավորում են այլ երկրների մարզական պատիվը: Հայերի կարելի է հանդիպել ամենատարբեր մարզաձեւերում, նույնիսկ այնպիսիներում, որոնց մասին մեր երկրում պատկերացում չունեն: Միայն վերջին մեկ ամսում մի քանի առիթ ունեցանք հետեւելու, թե ինչպես են «յան» վերջավորությամբ ազգանունով մարզիկները տարբեր արժողության մեդալներ նվաճում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
    
     Անշուշտ, ցանկալի է հարազատ երկրում այնպես կազմակերպել սպորտի զարգացումը, որ հնարավոր լինի ապավինել բացառապես սեփական ուժերին: Այդ դեպքում այլ երկրներ ներկայացնող հայերի ելույթներին էլ կհետեւենք զուտ հպարտության զգացումով՝ առանց մտածելու, թե որքան լավ կլիներ, եթե նրանք պաշտպանեին Հայաստանի մարզական պատիվը: Վերջիվերջո, լավ բան չէ վայելել ուրիշի աշխատանքի արդյունքները: Դա գիտակցելով հանդերձ՝ հաճախ ենք մեր մասնագետներից հետաքրքրվում՝ հնարավո՞ր է այս կամ այն մարզիկին ներգրավել Հայաստանի հավաքականում: Ի դեպ, այդ փորձը տարածված է հատկապես մեր ֆուտբոլի հավաքականում: Եթե Բրազիլիան ֆուտբոլիստներ է մատակարարում շատ երկրների ազգային հավաքականների, ապա Հայաստանը աշխարհով մեկ հայ խաղացողներ է փնտրում իր գլխավոր թիմը համալրելու համար: Դա, անշուշտ, ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
     Սակայն դառնանք բուն նյութին, որը ծավալելու առիթ դարձավ դեռ մայիսի սկզբին Պերուում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ «Հայոց Աշխարհ» -ին տված հարցազրույցում նա անդրադարձել էր վերոնշյալ մրցաշարում Ռուսաստանի հավաքականին մեդալներ բերած ծանրորդներին Հայաստան բերելու հավանականությանը: Նա մասնավորապես նշել էր. «Բրոնզե մեդալ նվաճած Կարեն Մարտիրոսյանը արմատներով ԼՂՀ Շահումյանի շրջանից է: Վաղ տարիքում՝ արդեն Ռուսաստանում, կորցրել է ծնողներին: Ժամանակի ընթացքում հնարավոր է միանա մեզ: Նույնը եւ 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձած Ռազմիկ Հունանյանը, որը ծնվել եւ մեծացել է Էջմիածնի գյուղերից մեկում: Հայաստանի հավաքականում ընդգրկվելու մեծ ցանկություն ունի նաեւ աղջիկների 69 կգ քաշային կարգում 4-րդ տեղ գրաված Անի Սարգսյանը, որը մի քանի տարի առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում մրցումների է մասնակցել մեր երկրում: Անին, ի դեպ, Չարենցավանից է»:
     Օգտվելով պատեհ առիթից՝ Փ.Ալավերդյանից հետաքրքրվեցի, թե կա՞ն նորություններ այդ մարզիկներին Հայաստանի հավաքականում ներգրավելու հարցի վերաբերյալ: Մասնագետը պատասխանեց, որ դիմել են Հայաստանում բնակվող նրանց ազգականներին, սակայն այդ ծանրորդները վերադառնալու ցանկություն չեն հայտնել:
     Նույն հարցով զրուցել եմ նաեւ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Մարզասերները, անշուշտ, հիշում են, որ վերջերս Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ Դավիթ Հայրապետյանը եւ Արմեն Զաքարյանը ոսկե մեդալներ բերեցին Ռուսաստանի հավաքականին, գերմանահպատակ Արայիկ Մարությանը եւ Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանցը գրավեցին երկրորդ տեղեր, իսկ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով: Ակամայից մտածեցի, թե ինչպիսի հզոր թիմ կունենայինք, եթե այդ բոլոր տղաները «մերը» լինեին: Թեպետ սկզբունքորեն դեմ եմ ուրիշի աճեցրած սաներին սեփականացնելու փորձին, բայց դարձյալ հետաքրքրության համար Կ.Աղամալյանին հարցրի՝ հնարավո՞ր է: Մարզիչը պատասխանեց. «Նրանք չեն կարող միանալ մեզ թեկուզ այն պատճառով, որ արդեն պաշտոնական մրցումների են մասնակցել այլ երկրների դրոշի ներքո: Անգամ համաձայնելու դեպքում, առաջնորդվելով միջազգային ֆեդերացիայի կանոններով, ստիպված կլինեն մի քանի տարի ռինգ դուրս չգալ: Այնպես որ նրանց հետ չեմ էլ քննարկել այդ հարցը: Կարող եմ ասել, որ Մարությանի ծնողները արտագաղթել են Սումգայիթից, իսկ ինքը ծնվել է Գերմանիայում: Նույնը եւ Հարությունյանը, որը արմատներով ղարաբաղցի է: Ռուսաստանցի տղաներն էլ արմատներով Հայաստանից են: Իհարկե, հրաշալի կլինի, եթե բոլոր հայերը ներկայացնեն պատմական հայրենիքը, սակայն նրանց վերադարձնելու փոխարեն լավ կլինի մտածենք սեփական կադրեր պատրաստելու մասին»:
     Ըստ էության, բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչը ասաց այն, ինչով թերեւս պետք է եզրափակեինք մեր անդրադարձը: Այլ մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:

    

    
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5235 | 0 | 0
Facebook