Loading...

Articles

ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿԼՈՒԾԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

00:41, Tuesday, 18 June, 2013
ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿԼՈՒԾԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
    
Բոլորովին վերջերս անդրադարձանք այն ծայրահեղ ծանր կացությանը, որում հայտնվել է մականախաղի Հայաստանի ազգային հավաքականը: Իսկ երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԻԼՈՅԱՆԸ հայտնեց, որ ուրբաթ օրը պատրաստվում է լուծարել թիմը, քանզի չունենալով միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն՝ դրա գոյությունը այլեւս անիմաստ է դառնում:
    
     -Հաջողվե՞ց ֆինանսներ գտնել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:
     -Անցած շաբաթների ընթացքում Հայաստանի մարզական իշխանություններն այդպես էլ չեն արձագանքել խնդրին, ուստի արդեն հաստատ կարող եմ ասել, որ այդ մրցաշարը կանցնի առանց մեր թիմի: Ավելին՝ որոշել եմ լուծարել ազգային հավաքականը, քանզի ստեղծված իրավիճակում թիմի գոյությունն անիմաստ է դառնում: Ստացվում է, որ աննպատակ գումարներ եմ ծախսելու այն պահելու համար:
     -Դա վերջնակա՞ն որոշում է:
     -Ասեմ ավելին՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Գեւորգյանը պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի ակումբի հետ եւ հուլիսի 12-ին մեկնելու է Ռուսաստան՝ գլխավորելու այդ թիմը, որը ուժեղագույններից է Եվրոպայում: Իսկ ակումբները գուցե շարունակեն գործել, թեպետ այնտեղ էլ համատարած հիասթափություն է տիրում: Մարզվելը չպետք է ինքնանպատակ լինի:
     -Փաստորեն նույնիսկ իրավիճակի փոփոխության դեպքում հավաքականը կզրկվի՞ բանիմաց մասնագետից:
     -Գեւորգյանը եռամյա պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ: Միգուցե արձագանքի խնդրանքիս եւ համաձայնի օգնել: Բայց չեմ կարող նրան զուր տեղը այստեղ պահել: Արդեն տարուց ավելի է՝ միանգամայն անշահախնդիր աշխատում է Հայաստանում: Հիմա ռուսները ամսական 5000 եվրո աշխատավարձ են առաջարկում: Ինչպե՞ս կարող եմ ընդդիմանալ նրա հեռանալուն: Հանուն ինչի՞:
     -Նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ Հայաստանի հավաքականի մի քանի խաղացողներ նույնպես հետաքրքրել են ռուսական թիմին: Այդ հարցում տեղաշարժ կա՞:
     -Այդ տղաները զորակոչային տարիքի են եւ, պարզվում է, որ Հայաստանի օրենքներով՝ առանց բանակում ծառայելու չեն կարող հեռանալ երկրից: Գուցե հաջողվի գործուղում ձեւակերպել, եթե ընդգրկվեն մարզական վաշտում: Պաշտպանության նախարարությունը արտոնել է, որ իր հովանու ներքո մասնակցենք հաջորդ տարվա մարտին նախատեսված բանակային ակումբների միջազգային մրցաշարին: Ցանկացած պահի դարձյալ կարող ենք մարտունակ թիմ ձեւավորել, բայց ապագա առայժմ չի ուրվագծվում: Հայաստանի մարզական իշխանությունները բացարձակապես անտարբեր են մեր խնդիրներին: Բազմիցս փորձել եմ արժանանալ նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի ընդունելությանը: Հավանաբար շուրջ 10 անգամ զանգահարել եմ նախարարի ընդունարան, ներկայացել եւ խնդրել, որ պետական պաշտոնյան ընդունի ինձ: Ամեն անգամ սիրալիրորեն պատասխանել են, թե անպայման կփոխանցենք, կզանգահարենք: Մինչ օրս զանգում են:
     -Իսկ ֆեդերացիան գոնե շարունակելո՞ւ է գործել:
     -Թերեւս առանց նախկին եռանդի: Տարիներ շարունակ սեփական միջոցներով եմ փորձել պահել եւ առաջ տանել Հայաստանում փայլուն անցյալ ունեցած այս մարզաձեւը: Բայց, կրկնում եմ, գալիս է մի պահ, երբ համատարած անտարբերությունից եռանդդ ու ցանկությունդ անէանում են: Երբ նոր էի սկսում, նախարարության եւ ՀԱՕԿ-ի պատասխանատուները հայտարարում էին, թե մինչ ֆինանսավորման հավակնելը՝ մրցանակային տեղ գրավեք միջազգային ասպարեզում: Գրավեցինք՝ 2-րդ մրցանակով վերադարձանք Եվրոպայի ակումբային մրցաշարից, բայց ձայն բարբառո հանապատի: ՀԱՕԿ-ից պատասխանում են, թե այս տարի գումար չկա, բայց մյուս տարի կֆինանսավորենք: Իսկ այդ հեքիաթները արդեն հինգ տարի է՝ լսում եմ: Որքան հասկանում եմ, Հայաստանին պետք չեն խաղային մարզաձեւեր: Դե, մենք էլ կանենք այնքան, որքան կկարողանանք:

    

    
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3424 | 1 | 0
Facebook