Loading...

Articles

Արտակ Գրիգորյանի ռեկորդները հասան 44-ի

00:46, Wednesday, 26 June, 2013
Արտակ Գրիգորյանի ռեկորդները հասան 44-ի
     Սպորտային մարմնամարզության օղակների վրա վարժությունը շատերին է հայտնի, սակայն, թերեւս, քչերն են պատկերացնում, որ երեւակայությունը փոքր-ինչ լարելու դեպքում ինչպիսի անհավանական մեթոդներով է հնարավոր այն կատարել: Արտակ Գրիգորյանը ոչ միայն պատկերացնում է, այլեւ մշակում եւ կյանքի կոչում բարդագույն վարժություններ, որոնց մեծամասնությունը հղի է լուրջ վնասվածքներով: Իր արտասովոր ունակությունները երիտասարդը հրապարակայնորեն դրսեւորեց դեռ ավելի քան 10 տարի առաջ: Հետո մի պահ հեռացավ ասպարեզից, թեպետ, ինչպես մեր երեկվա խոսակցությունից պարզվեց, շարունակում էր ռեկորդներ գրանցել եւ այսօր արդեն նրա 44 նվաճում է արձանագրված «Դյուցազնագրքում»: Հերթական վեցը նա կյանքի կոչեց երեկ՝ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում: Ըստ էության, Արտակը կրկնեց նախկին վարժությունները, սակայն ավելի ծանր քաշով: Եթե նախկինում սեփական քաշը ավելացնելու համար ծանրություններ էր ամրացնում մարմնին, ապա հիմա դրա կարիքը չկա, քանզի տարիների ընթացքում ավելի է առնականացել եւ ծանրացել: Հենց քաշային այդ տարբերությունն էլ դարձավ ռեկորդների թվաբանական արտահայտումը: 2001-03 թթ. նա կշռել է 64-65, իսկ այժմ 83 կգ: Իսկ ինչի՞ ականատես եղան արտասովոր տեսարանի վկաները: Ռեկորդները ներկայացնենք մասնագիտական բառապաշարով: Արտակը նախ կատարեց մարմնամարզական խաչ՝ նախկին նվաճումը գերազանցելով 11, 5 կիլոգրամով: Այնուհետեւ նույն վարժությունը՝ օղակի առջեւի մասից բռնվածքով (նախկինի համեմատ 13 կիլոգրամով ավելի քաշով): Նույն վարժությունը քաշային նույն տարբերությամբ կրկնեց օղակի հետեւի մասից բռնվածքով: Այնուհետեւ վարժություններ, որոնք, ինչպես ասում են, նյարդերից թույլերի համար չեն. օղակը բռնելով ընդամենը երեք մատով՝ ցուցամատ, միջնամատ, մատնեմատ, կատարեց նույն՝ խաչ վարժությունը՝ նախկին ռեկորդը գերազանցելով 15 կիլոգրամով: Երկու մատով՝ ցուցամատ, միջնամատ, տարբերությունը՝ 16 կգ: Վերջապես գրիգորյանական խաչը, ինչպես իր վարժությունները անվանում է մեր զրուցակիցը, ձեռքերը ծալած վիճակում, օղակը՝ հպված թեւատակին՝ թեւերը հորիզոնական ուղղությամբ բացում է դեպի դուրս: Նախկինի համեմատ քաշային տարբերությունը դարձյալ 16 կիլոգրամ է: Թերեւս, արժե հստակեցնել, որ նա գերազանցեց 2002 թվականի հոկտեմբերի 15-ի սեփական ռեկորդները: Արդեն երեկոյան հանգիստ պայմաններում կարճատեւ զրույց ունեցանք ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: -Ե՞րբ եւ ինչպե՞ս առաջացավ նման արտասովոր ռեկորդներ գրանցելու գաղափարը: -Դժվար է ասել, սակայն փոքրուց սիրել եմ մարմնամարզական եւ ուժային վարժությունները: Ճկունությունն էլ կարելի է մասնագիտական հատկանիշ համարել, քանզի ավելի քան 10 տարի պարել եմ նախ «Կանազի» մշակույթի տան համույթում, ապա եւ Թաթուլ Ալթունյանի անվան պետական անսամբլում: Սկզբում զբաղվել եմ նաեւ սուսերամարտով եւ բռնցքամարտով, ու, թերեւս, սպորտում տիրող անարդարություններն են, որ չշարունակեցի ընթանալ մարզական ուղիով: Կարող եք չհավատալ, բայց 19 տարեկանում, որը շատ ուշ է մարմնամարզության համար, ընդունվեցի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ ցանկանալով դառնալ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ: Խաչ վարժությունը կատարում էի ամենաաներեւակայելի դիրքերով, օղակներից կախված՝ անեկդոտ էի պատմում: Այդ հանգամանքը հավանաբար խրտնեցրեց մարզիչներին, քանզի նշված վարժությունը առընչվում է օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, ու շատերի մեջ կարծրատիպ էր ձեւավորվել, որ նրանից բացի ոչ ոք չի կարող այն կատարել: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ, մարզիչները սկսեցին ավելի սառը վերաբերվել ինձ ու հետզհետե հրաժեշտ տվեցի մարմնամարզիկ դառնալու երազանքին: Վերջին տարիներին բացակայում էի Հայաստանից. գործի բերումով եղել եմ Ղրղզստանում եւ Ռուսաստանում, բայց չեմ դադարել մարզվել: Հիմա էլ պարապում եմ մեր տան բակում կամ ավտոտնակում: -Ի՞նչն է քեզ մղում ռեկորդների: -Այսօրվա նվաճումները նվիրեցի որդուս, որն արդեն 3 տարեկան 3 ամսեկան է: Նախկին ռեկորդներս նա, բնականաբար, չի տեսել, ու շատ էի ուզում, որ մեծանալուց հետո հիշի, թե ինչեր է արել հայրիկը: Միաժամանակ, հուսով եմ, մարդիկ կնկատեն եւ կգնահատեն կատարածս ու կհրավիրեն ինչ-որ շոուների մասնակցելու: -Վնասվածքից չե՞ս վախենում: -Վախենալով եմ անում: Երեք անգամ լուրջ վնասվածք եմ ստացել, բայց, ինչպես ասում են՝ գայլից վախեցողը անտառ չի գնա: Ի դեպ, վարժությունների կատարմանը ներկա էին «Դյուցազնագրքի» հանձնաժողովի անդամները, եւ այս ռեկորդներս նույնպես պաշտոնական գրանցում կստանան:
    
     Հրայր Նազարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3858 | 0 | 0
Facebook