Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միգուցե հանդիպենք մի օր...

21:45, կիրակի, 04 նոյեմբերի, 2012 թ.
Միգուցե հանդիպենք մի օր...

Հինգ, չորս, երեք, երկու, մեկ....

Մեկ հայացք...Նա էր...Երկարատև բացակայությունը չխանգարեց հեռվից ամբոխի մեջ տարբերել երբեմնի այնքա~ն հարազատ ձայնը: Գիտակցությանս մեջ վայրկյանները դանդաղեցին ու մատնեցին Նրա ամեն մի շարժումը:
     Ահա անցար իմ առջևով. այնքան պարզ էր կերպարդ, այնքան հասարակ...
     Մի՞թե դա Դու էիր, այն անձը, որի համար այսքան ժամանակ տանջվել եմ, որին այսքան ժամանակ երազել եմ, որին այսքան երկար սպասել եմ: Ու վայրկենապես ողջ եղածը, որ մտքերումս կապում էր ինձ ու Քեզ շրջեց գլխումս, փորձեց թարմացնել, սրտիս զարկերին նոր արագություն հաղորդել: Բայց....ապարդյուն...
     Խոսքեր չկան: Լռություն է, անասելի սառնություն: Դու նման էիր սովորական անցորդի, որին չէի էլ նկատի այլ պարագայում, եթե միայն դիմագծերը չմատնեին երբեմնի մտերմության մասին: Ու ես հասկանում եմ, որ երջանիկ եմ, որ իրոք երջանիկ եմ` այսպես, այստեղ, այս դրության մեջ, երբ Դու չկաս:
     Չէ, ամեն ինչ հրաշալի է առաջվա նման: Դա նրանից չէ, թե ես միգուցե մտածում եմ, որ Դու սրիկա ես, թե ես միգուցե հասկացել եմ, որ Դու արժանի չես եղել իմ ոչ մի արցունքին:
     Ես ուղղակի Քեզ բաց եմ թողել. Բաց եմ թողել առանց գիտակցելու, առանց ջանքեր գործադրելու ու նույնիսկ առանց ցանկանալու: Իսկ դա փաստորեն հնարավոր է:
     Դու մեկ անգամ էլ հաղթեցիր: Ժամանակը կատարեց իր գործը, հպարտացիˊր. Դու ճիշտ էիր...
     Այդ ես չէի թույլ, հավատաˊ...Այդ Դու էիր չափազանց ուժեղ, այնքան ուժեղ, որ ահռելի մի զգացմունք ամայացրեցիր մի քանի ամսում Քո սառնությամբ, Քո անտարբերությամբ: Հպարտանում եմ Քեզնով, դա իմ կյանքի ամենավառ օրինակն է, որ միշտ գիտակցությանս առաջ կլինի, երբ կվարվեմ Քեզ պես: Պարզապես հասկանում եմ, որ Քո նմաններն են երջանիկ դառնում:
     Այժմ ես էլ նման եմ Քեզ: Ու ես երջանիկ եմ:
     Իսկ Դու...Դու վերջապես ազատվեցիր իմ մտքերի հուշերում քեզ անվերջ հանգիստ չթողող կապանքներից: Հիմա ես հանգիստ եմ, իսկ Դու էլ գուցե թեթևացած:
     Միգուցե հանդիպենք մի օր: Ուզում եմ Քեզ երջանիկ տեսնել ամեն պարագայում: Եվ թող հանդիպումը լինի երկուսիս համար էլ անսպասելի, ինչպես որ մեր ծանոթությունն էր, և այն իրականությունը, թե մենք լավ ընկերներ ենք, իրեն արդարացված զգա թեկուզ տարիներ հետո...Միգուցե հանդիպենք մի օր: Չէ՞ որ պատահականություններն արդեն մեզ չեն զարմացնում:

    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/06/blog-post.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6025 | 7 | 0
Facebook