Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ կամ ՀԵՏՀԱՐՎԱԾ /պատմվածքաշար/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
09:26, կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ.
ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ կամ ՀԵՏՀԱՐՎԱԾ /պատմվածքաշար/

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԷՐ, ՁԱԳ, ԵՍ ԳՈՂ ՉԵՄ
    
    

Շունչ քաշելու համար Սրբուկը ձեռքի պայուսակը դրեց աստիճանահարթակին. դեռ հինգ հարկ ուներ բարձրանալու: Հոգնել էր: Մի պահ մտքով անցավ օգտվել շարժասանդուղքից: Մթերային խանութից տան համար երշիկ էր գնել, պանիր, կարագ, բրինձ: Գյուղում էին ապրում, բայց կապը քաղաքի հետ էր: Անունն էր գյուղ: էհ, փառք Աստծո, հացը հլա որ տնից է: Թե չէ շատերը դա էլ են քաղաքից առնում: Այսինքն՝ հիմա ոչ գյուղն է առաջվանը, ոչ՝ հացը: Ճիշտ են ասում՝ հիմիկվա հացից հացահոտ չի գալիս: Որ ճիշտը կուզես իմանալ, որտեղի՞ց պիտի գա: Խանութից ալյուրն առնում են, թխում: Ալյուրն էլ, ով գիտի՝ որտեղից է: Էն ցորենը, որին ձեռք չկպավ, քրտինք չառավ, պարզ չէ՞, հացի չի դառնա, դառնալիս էլ համ ու հոտ չի ունենա:

Չէ, հաստատ թողնելու է թխելը: Այսօր էլ՝ լուսու դեմ արթնացավ, վառեց թոնիրը, խմորը գնդեց, շարեց փռոցին, հացի տախտակին, հետո ձեն տվեց հարսին, որ ելնի: Ինքը գրտնակում էր, կախվում թոնիրը, ամեն լավաշի հետ եփվում-խորովվում, իսկ հարսը ձեռքի հետ գնդերն էր մոտեցնում, պաղածները դարսում մեկմեկու վրա: Քաղաքացոց որ հարցնես, կասեն՝ ի՞նչ կա: Կարծում են, միայն իրենք են աշխատում: Առաջին մի քանի հացն է հեշտ: Դաստակներդ հոգնում են, կռանալ-ուղղվելուց թիկունքդ քիչ է մնում ջարդվի, երեսդ, հո, կարմրում է թոնրի կողերի պես: Անտեր գլխացավն էլ վերջերս ավելացավ: Ու էդ բոլորը, ինչ է թե՝ մի քանի դրամ աշխատի: Մանավանդ տղան դեմ է: Ինքն է, էլի, ընկել է հարևան կանանց խելքին: Թխում են, տանում քաղաքի շուկան: Պատահել է, բակերն է ընկել ու լավա՜շ, լավաշ կանչել: Ամոթից գետինն ես մտնում: Էլ վերջ, գործ չէ: Այսօրվանից դադար է տալիս: Հիմա կբարձրանա հինգերորդ հարկ, տան համար մի երկու ցամքոց կառնի, հետո կտեսնի՝ հարմար բան չկա՞: Գյուղի ավտոբուսին կես ժամ է մնում, հանգիստ կհասցնի:

Կանգնած տեղից շարժասանդուղքի կեսն էր երևում: Տեսնում էր՝ մարդիկ մոտենում էին, աստիճանահարթակի մոտ մի քիչ հրմշտում իրար, հետո խաղաղված սահում վերև: Կյանքում մեկ անգամ էր օգտվել: Ամուսնու հետ /էհ, Աստված հոգին լուսավորի/ գնացել էին Մոսկվա տղային տեսնելու: Մետրո, արևդ չխավարի, իսկը՝ դժոխք: Իջնում, հա իջնում ես: Մտնելուց առաջ Տոնեն հինգ կոպեկանոցը տվեց՝ բացատրելով անցնելու ձևը: Նա գնաց: Ապա՝ ինքը գցեց: Սիրտը, հակառակի պես, սկսեց տրոփել: Վախենում էր: Քայլ չարած՝ անտեր երկաթները գազանի պես երախը բաց վրա տվին: Սարսափած՝ հետ թռավ: Սիրտը, հո, տեղից ուզում էր փախչի: Տոնեն էն կողմից ջղայնացած իրեն էր հետևում: Շշկլել մնացել էր:

-Անցիր, ի՞նչ ես փետացել:

Իր առաջ գալն ու դրա շրխկալը մեկ էր լինում: Հետո մոտեցավ հսկիչ կինը, ժպտալով ինչ-որ բան բացատրեց: Նա խոսում էր, իսկ ինքը՝ հեչ, մեկ կնոջն էր նայում, մեկ՝ Տոնեին: Վերջում կինը մատնացույց արեց կողքի անցումը: Ինքն «ատսյուդան» հասկացավ: Միանգամից գցվեց առաջ: Թվում էր, էս է, մետաղե ժանիքները փեշը կհափռեն:

-Բացատրեցի չէ՞, -վրա տվեց ամուսինը:

-Ի՞նչ մեղք ունեմ:

-Ուրեմն՝ գլխի չե՞ս, -Տոնեի դեմքին մեծամիտ ժպիտ հայտնվեց:

Ինքը, թե՝ չէ:

-Կոպեկը ո՞ր ձեռքով գցեցիր:

-Ի՞նչ իմանամ:

-Ձախլիկ, աջով գցում են, աջով անցնում:

Խեղճացած՝ չպատասխանեց, սակայն մտքում նեղացել էր ամուսնուց, որ վճռական պահին մենակ թողեց: Հետո ելան սանդուղքին: Ի՜նչ սատանայական բաներ ասես, չեն հորինում մարդիկ: Ամոթ-բան կողմ դրած՝ ամուր բռնվել էր՝ վախենալով գլորվի: Մի պահ հայացքն առավ դիմացից բարձրացող մարդկանց և անտարբեր դեմքերին իրեն հասցեագրած հայացքներ նկատեց: Ու ավելի շփոթվեց, մանավանդ, տեսնում էր, ներքևում սանդուղքն վերջանալու վրա է: Այ քեզ փորձություն: Միայն թե չընկնի: Տոնեն երկար ու մեծ բացատրում էր իջնելու կերպը, ինչն ավելի էր շփոթեցնում, սարսափեցնում: Հասան: Ոտքի տակ աստիճաններն արագորեն հավասարվեցին: Ինքը քայլ արեց ու հայտնվեց մարմարին: Շատ ավելի հեշտ անցավ, քան Տոնեն, որ դեռ կես ճամփից ճամպրուկը ձեռքին պատրաստվել էր ցատկի:

Հիշողություններով տարված՝ Սրբուկը չէր նկատում, որ խանգարում է անցուդարձին: Վերևում՝ բաժիններից մեկում հավանաբար նոր ապրանք էին ստացել: Շարժասանդուղքի փոխարեն շատերը գերադասում էին սովորական աստիճանները: Անկյունադարձին, չնկատելով հարթակին կանգնած Սրբուկին, ոմանք խփվում էին նրան, քթի տակ ինչ-որ բան փնթփնթում, հետո շարունակում ցատկերով առաջանալ: Ընդհանուր հուզումը տիրեց նաև Սրբուկին. Տեսնես ի՞նչ են ստացել:

Վերցնելով պայուսակը՝ աճապարեց վերև: Կոշիկի բաժնում մարդիկ խռնվել էին իրար: Վաճառողուհին՝ սիրունատես մի աղջիկ, կուրծքը դեմ արած ամբոխին, թույլ չէր տալիս խուժել բաժին: Ճտքավոր կոշիկներին էին՝ կաշվից: Ուրիշ ժամանակ, եթե նույնը դրված լիներ բաժնում, չէր նկատի, ուշադրություն դարձնելու դեպքում էլ, կարդալով գինը, սահմռկած կփախչեր: Իսկ հիմա, տեսնելով հրմշտող մարդկանց, որոշեց գնել: Հարսի համար կառնի, թող հագնի, ումի՞ց է պակաս: Իր տղայի կինն է, չէ՞, էլ ո՞ր օրվա համար է աշխատում: Համ էլ՝ թողնելու է թխելը, ո՞վ գիտի, հետագայում ձեռքը գումար ընկնի՞:

Մտածում էր Սրբուկը, հետն էլ փորձում խցկվել հերթի մեջ: Խփվում էր մարդկային պատվարին, ուզում առաջ ընկնել: Պայուսակը խանգարում էր:

-Տեղ տվեք դուրս գամ, տեղ տվեք, -աղմուկում էր մեկը՝ ջանալով կենդանի պատնեշի մեջ ճեղք բացել: Սրբուկը միայն հուսահատ ճիգեր գործադրողի ստվարաթղթե տուփը պարզած ձեռքն էր տեսնում: Պատնեշն ալիքվում էր: Հաջողակ գնորդը համառորեն, քայլ առ քայլ առաջանում էր: Ետքից կես վայրկյանի չափ ազատ տարածություն էր մնում, դեպի ուր մղվում էին մուտքի մոտ խմբվածները: Ի վերջո, երիտասարդը կարողացավ դուրս գալ: Հորձանքի մեջ ընկած Սրբուկը, ինքն էլ չհասկանալով ինչպես, հայտնվեց մուտքը պահող վաճառողուհու առաջ: Նրանք, ովքեր թոհուբոհում հետևի շարքերն էին մղվել, սկսեցին աղմկել, հրել առջևում կանգնածներին:

-Մի հրեք, մի հրեք, էս ինչ ժողովուրդ են, -գոռում էր վաճառողուհին:

-Մեր աղջիկ, ավտոբուսից ուշանում եմ, թող մտնեմ, -նրան դիմեց Սրբուկը:

Վաճառողուհու հայացքը սահեց գեղջկուհու վրայով՝ առանց նկատելու:

-Ձեզ հետ եմ, մի հրեք:

Սրբուկը ճիգով էր դիմանում ահռելի ճնշմանը: Եթե չլիներ վաճառասեղանի երկու եզրերից պինդ բռնած աղջիկը, տեղում չէր մնա և կընկներ, ոտնատակ կգնար: Վաճառողուհին ավելի բարձրահասակ էր: Նրանից քրտինքի, օծանելիքի հոտ էր գալիս: Սրբուկն զգում էր, թե որքան են լարվել նրա մկանները: Երբ հերթական ալիքը հասավ աղջկան, մի ձեռքը պոկվեց հենարանի դեր կատարող սեղանից, և Սրբուկը, մոտերքում կանգնածները թիկունքից եկող ուժի ճնշման տակ հայտնվեցին բաժնի ներսում:

-Չեղավ, չեղավ, վայրենիներ, -ճչաց աշխատողներից մյուսն ու հասավ՝ պատնեշելու ներս խուժող գնորդներին:

Աղմուկի վրա պահեստ տանող դռնից հայտնվեց քառասունհինգին մոտ մի տղամարդ, հավանաբար, վարիչը:

-Առևտուր չանեք, մինչև բաժինը չազատեն, - ասաց ու նույնպես միացավ մուտքի մոտ կանգնած աշխատակցուհիներին:

Հագնվել էր նորաձև: Դեմքին սպիտակ փափկություն կար. ակնհայտորեն վաղուց ֆիզիկական աշխատանք չէր կատարել: Համենայնդեպս, տեսքն ու ձայնն ազդեցիկ էին, ու մի պահ առաջ մղվող ամբոխը հապաղեց: Տղամարդն արագորեն մի վաճառասեղանը մոտեցրեց մյուսին, և մուտքի մոտ անցուդարձի համար հազիվ ճեղք մնաց:

-Այստեղ կանգնեք, չթողնեք մարդ մտնի, -կարգադրեց, ապա դարձավ դրսում կանգնածներին: - Հերթ կանգնեք, առանց հերթի ոչինչ չի ծախվի:

Առջևում եղողները համոզված, որ իրենց կհասնի, պատրաստակամ շարվեցին, մնացյալը ուշքի եկած՝ սկսեցին աղմկել:

-Իմ հերթն առաջ է: Ես պետք է հիմա ներսում լինեի, -չէր հանդարտվում ի կին:

-Ճիշտ չեք ասում, ես տեսա, դուք նոր եկաք, -նկատեց մեկը:

-Պահ, գլխիս պրոֆեսոր մի կտրի, գիտե՞ս ինչ…-տաքացավ կինը:

Երկու քայլ այն կողմ ևս վիճում էին:

-Ասացի՝ ինձ հետ դուք-ով խոսեք, -թիկունքի չսափրած դեմքով կարճահասակ տղամարդուն քաղաքավարության դասեր էր տալիս սքանչելի արտաքինով մի տիկին:

-Հերթդ որտե՞ղ է, հերթդ ցույց տուր:

-Գնացեք ձեր կնոջը մատով բզեք: Ես իմ տեղում եմ կանգնած:

-Դե լավ, օյիններ մի բանեցրու, քեզպեսներին էլ գիտենք, -նահանջի ճանապարհին չմոռանալով խոսքի թույն կաթեցնել՝ նետեց տղամադրը:

Կինը ոչնչացնող հայացքով ոտքից գլուխ հակառակորդին չափելուց հետո վերստին շուռ եկավ վաճառասեղանի կողմը:

-Հանդարտվեք, ընկերներ, բոլորիդ կհասնի, հանդարտվեք, -վարիչն այնուհետ դարձավ ներսում խռնված գնորդներին: -Արագացրեք: Շուշան, չեկերը խփիր:

Սրբուկը թեթևացած շունչ քաշեց: Կհասցնի: Ավտոբուսին, երևի, տասը րոպե է մնում: Ո՞ր համարը գնի, երեսունյոթ, թե՞ երեսունութ:

-Տղաս, իմպրտնիի համարը մերի հետ բռնու՞մ է, -կողքի երիտասարդին դիմեց Սրբուկը:

-Լավ կլինի մի համար մեծ վերցնեք:

Ճիշտ է ասում, թող մեծ լինի, ձմռանը բրդե գուլպայի խնդիր կա:

-Աղջիկս, ինձ երեսունութ համարից տուր:

-Փորձելու՞ եք, -հարցրեց վաճառողուհին:

-Չէ, հարսիս համար է, արևիդ մեռնեմ:

Աշխատողը տուփերից մեկը մեկնեց: Սրբուկն ուզեց մոտենալ դրամարկղին, հետո նկատեց՝ մյուսները չեն շտապում. հագնում էին, փորձում, ստուգում կաշվի որակը, համեմատում զույգերը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքն էլ փորձի: Վաթսուն տարեկան է, սակայն կյանքում սապոգ հագած չկա:

Նայեց կոշիկներ տվող վաճառողուհու կողմը: Աղջիկն այլ գնորդներով էր զբաղված: Նստեց և, հանելով հագինը, ոտքը մտցրեց: Մեծ էր: Ձգեց շղթան: Կաշվե փողքերը գրկեցին սրունքը: Սիրուն ոտնաման է, արժե առնել, -մտածեց:

-Էս ու՞մն է, թող տեր լինի, -ոտքով պայուսակին հարվածեց մեկը:

Սրբուկը պայուսակը մոտ քաշեց: Մյուս ոտքն էլ չփորձի՞: Միևնույն է, պիտի առնի, իմաստ ունի՞ փորձելը: Տուփով է լավ, թե՞ դնի պայուսակը: Տե՞ղ: Կանի, տեղ շատ կա:

Նա մի կողմ տարավ երշիկը, բրնձի փաթեթը, հացի շորը փռեց, որպեսզի, բան է, կարագը ոտնամաններին չդիպչի, ապա՝ սկզբում մեկը դրեց, ուղղակի պառկեցրեց շորին, հետո մյուսը: Բրինձը, երշիկը տեղավորեց վերևում: Հիմա կգնա, կմուծի գումարը և՝ ուղիղ տուն: Հազիվ հասցնի: Մոտն ինչքա՞ն փող կա: Որքան հիշում է՝ հարյուր ռուբլի: Ներքնաշորի տակ է, թաշկինակի մեջ: Նա ձեռքը շրջազգեստի տակ տարավ:

…Իսկ եթե չմուծի՞: Անսպասելիորեն հայտնված մտքից սահմռկած՝ շուրջը նայեց: Վաճառողուհին առևտրով էր զբաղված: Մուտքի մոտ կանգնած բաժնի վարիչը գնորդների հերթական խումբն էր ներս թողնում:

Բրնձի, երշիկի տակից կոշիկները երևում էին: Ի՞նչ անի: Յոթանասունհինգ ռուբլին քիչ փող չէ: Ոչինչ էլ չի պատահի, կվերցնի պայուսակն ու դուրս կգա: Հարցնո՞ղն ով է:

Կոշիկների տակից հացի շորը քաշելով՝ փռեց պայուսակի երեսին, ապա մանրակրկիտ հարթեց, կոկեց եզրերը: Հիմա ոչինչ չէր երևում: Հուզվել էր: Փուչ միտք էր, մտավ գլուխը: Ինչպես բոլորի, նրա հոգին ևս աշխարհի չարից ու բարուց պաշտպանված չէր:

Վերցնելով պայուսակը՝ դիմեց մուտքի կողմը: Մի քանիսին առաջ թողեց: Գնորդները ցույց էին տալիս կտրոնը, բաժնի վարիչը վերցնում էր այն, մեջտեղից պատռելով՝ վերադարձնում: Դուրս ելնողների թվում գնում չկատարածներ նույնպես կային:

Սրբուկի բախտը բերեց. բաժնի վարիչին կանչեցին հեռախոսի մոտ: Բարձրահասակ, գեղեցկատես վաճառողուհին վերստին մենակ մնաց:

-Հիմա կգամ, տեսնեմ ո՞վ է: Առանց հերթի մարդ չթողնես, -ընթացքում կարգադրություններ անելով՝ դեպի անկյունում դրված հեռախոսը գնաց տղամարդը:

Մեկն էլ անցավ: Հերթը հասավ Սրբուկին:

-Չե՞կը:

-Չունեմ, -առանց վաճառողողուհուն նայելու՝ պատասխանեց Սրբուկը:

-Կոշիկ չառա՞ք:

-Չէ, ոտքովս չեղավ:

Աղջիկը տեղ տվեց, որպեսզի գնորդը դուրս գա: Պայուսակը երկու ձեռքով բռնած՝ նա անցավ հերթում եղողների ու անհերթ խցկվել կամեցողների միջակա բացվածքով: Թվում էր՝ վերջ: Ետքից լսվեց վաճառողուհու ձայնը.

-Ընկերուհի, հետ եկեք:

Ի՞նչ եղավ, չլինի՞ կասկածեց: Արտաքինը կասկածի տեղիք տվեց, պայուսակի տեսքը, թե՞ բաժնի վարիչի աչքին է ուզում բարձրանալ: Քարացած՝ կանգ առավ: Քրտինքը մեկից ողողեց մարմինը: Սիրտը պատեպատ էր խփվում:

-Պայուսակումդ ի՞նչ կա:

Հարցի վրա շրջվեց: Աղջիկը, թողել բաժինը, մոտենում էր: Շուրջը զարմանալի լռություն էր իջել, կրքերը մեկից հանդարտվել էին:

-Բրինձ է, երշիկ…-պատասխանն ուշացումով հնչեց:

-Ստուգի՛ր: -Բաժնի վարիչն էր: Վերադարձել էր և, վաճառասեղանին կռթնած, հետևում էր միջադեպին: Նրա ներկայությունը վաճառողուհուն ոգևորեց:

-Բա՛ց արա:

Սրբուկը մի փոքր շրջելով լաթը՝ ցույց տվեց երշիկի ծայրը:

-Լրիվ բաց:

-Ավտոբուսից ուշանում եմ, հիմա կշարժվի: Թող գնամ, բախտդ ընկնեմ, -վերջին հուսակտուր փորձն արեց Սրբուկը:

Վաճառողուհին կռանալով բարձրացրեց շորը, ապա՝ ձեռքը մտցնելով բրնձի փաթեթների տակ, հանեց կոշիկներից մեկը: Կոպիտ շարժումից թուղթը պատռվեց, և բրնձի մի մասը խշշաց հատակին:

-Սապոգ է գողացել, Արշակյան:

Միանգամից աղմուկ բարձրացավ: Մեղվի փեթակն սկսեց բզզալ:

-Ներս բեր, -աշխուժացավ վարիչը:

-Արի, արի, -երկրորդ կոշիկը հանող վաճառողուհու դեմքին հաղթական ժպիտ հայտնվեց:

-Ավտոբուսից ուշանում եմ, թողեք գնամ:

Ձայնն ընդհանուր աղմուկի մեջ չլսվեց: Փորձեց ազատվել: Աղջիկը երկու ձեռքով աքցանելով Սրբուկի թևը՝ կրկին դիմեց վարիչին.

-Չի ուզում գալ:

-Հո իր չուզելով չի, -նա քայլ անելով՝ կնոջը հրեց ներս:

-Գողացել է, քիչ է, հիմա էլ ծլկել է ուզում, -պայուսակը քարշ տալով՝ դժգոհեց աղջիկը:

-Կեղտոտի մեկը, կեղտոտ, -վերևից նետեց գանձապահուհին:

-Կոշիկը պիտի գլխով տաս, որ խրատվի: Չի էլ ամաչում, -հավելեց հերթում կանգնածներից մեկը:

-Միլիցիա զանգեք, թող գան տանեն, -հուշեց մեկ ուրիշը:

Սարսափած, բուռ դարձած Սրբուկն աղերսագին դիմեց վարիչին.

-Եղբայր, սխալվել եմ: Երեխեքիդ մատաղ լինեմ, էդ բանը մի արա:

-Ի՞նչ չանեմ, -չհասկանալու տվեց դիմացինը:

-Միլիցիա մի կանչիր, մեղք եմ: Տարիքս խնայիր:

-Տարիքից ամաչողը գողություն չէր անի:

-Սխալմունք էր, ձագս, ես գող չեմ: Ինքս էլ լավ չհասկացա:

-Գող չես, բա ի՞նչ ես: Մենք այստեղ ամբողջ օրը ոտքի վրա տանջվում ենք, երակ ուռցնում, մեր անունն է դուրս եկել: Պակասորդ որ տայի, դու՞ էիր փակելու, -վրա տվեց գանձապահը:

-Լավ, լավ, դու պակասորդ տվող չես, -նկատեցին հերթից:

Կրակը բորբոքելու համար փոքրիկ ոստն էլ բավական էր:

-Ի՞նչ, -գանձապահուհին շուռ եկավ հավաքածների կողմը, -էս չէ՞ ձեր ազնվությունը, -ու մատնացույց արեց Սրբուկին:

-Տեսաք, ո՜նց են գողին պաշտպան կանգնում: Մեղքը ես եմ, որ յոթանասուն ռուբլով չորս երեխա եմ պահում, -մեջ ընկավ մի տարեց վաճառողուհի:

-Հարցնող լինի՝ էդ ո՞նց ես պահում, -բորբոքվեց գնորդը:

-Դե գլուխ մի տար: Ընկեր Արշակյան, սրանց նմաններին այդպես էլ պետք է, զանգեք, թող գան:

Սրբուկի աղերսագին հայացքն այս անգամ ուղղված էր հերթում կանգնածներին: Տեր եղեք, փրկեք, -պաղատում էր անխոս դեմքը: -Կյանքումս գողություն չեմ արել: Միշտ գլուխս կախ բանել եմ՝ երեխա մեծացրել, հող փորել, հաց թխել: Եղավ, էլի: Ամեն մեկը կյանքում գոնե մի անգամ սխալվում է: Իմն էլ սա էր: Տղաս իմանա, կսպանի, երկու կես կանի: Ձեր ոտքն ընկնեմ, ի՞նչ կմտածեն հարևանները, գյուղացիք, հարսս:

Աչքերին արտասուքներ հայտնվեցին: Հակառակի պես թաշկինակ չուներ:

-Անունդ ի՞նչ է, -հարցրեց վարիչը:

-Սրբուհի, -այտն ի վար հոսողը փեշով մաքրելով՝ պատասխանեց:

-Համա թե սուրբ ես, պառավ:

Վաճառողուհիները պատրաստակամ փռթկացին:

-Ազգանու՞նդ:

Սրբուկն զգուշացավ:

-Չլինի՞ զանգելու ես: Ոտքդ պագնեմ, ոտնամանները ետ եմ տալիս, ուրիշ ի՞նչ եք ուզում:

-Սրամիտն է, հա՜: Չէ մի՝ չտայիր: Երեխա, ամուսին ունե՞ս:

-Ունեմ, գառս, երեք աղջիկ ունեմ, մի տղա:

-Տղադ ի՞նչ գործի է:

-Վիլիսի վրա է, տնօրենին է պտտացնում:

-Բա որ էդպիսի տղա ունես, ամոթ չի՞, կոշիկ ես թռցնում:

Արբուկի սիրտը քիչ էր մնում վիրավորանքից պայթի, բայց վախն ավելի զորեղ էր: Իր կյանքի ամենասև ժամը սա է: Մահը հազար անգամ գերադասելի է, քան գողության մեջ բռնվելը: Էլ ի՞նչ պատիժ: Սրանից մեծ պատի՞ժ կա: Չէ, չի պատասխանի: Էլի սրանք գութ ունեն: Թող վիրավորեն, ծեծեն, միայն թե վերջում խղճան, բաց թողնեն: Բա որ հավաքվածների մեջ գյուղից մա՞րդ լինի: Դժվար. իրենց ավտոբուսը հիմա շարժվել է: Վերջին ուղերթն է: Տա Աստված, մարդ չիմանա, տաքսիով էլ տուն կհասնի:

-Որտեղացի՞ ես:

-Քաղաքից չեմ:

-Ո՞ր գյուղից ես: Գյուղիդ անունն ասա:

Սրբուկի դեմքին պարզ նկատելի էր տառապանքը:

-Հոգիս բերանս բերիր: Դու մայր չունե՞ս:

-Թողեք գնա, հերիք է տանջեք, -մեջ ընկավ մի գնորդ:

Վարիչը շրջվեց ձայնի կողմը.

-Մեկ էլ դու ես մեղք:

Գնորդը սուր պատասխան չգտնելով՝ գոհացավ խոսքի հարվածը դիմադարձելով:

-Համենայնդեպս, քեզնից մեղք չեմ:

Վարիչը մի պահ կամեցավ թողնել գեղջկուհուն, որպեսզի խոսողի հախից գա, հետո փոխելով մտադրությունը՝ կրկին դարձավ զոհին.

-Հիմա ի՞նչ ես ասում՝ չզանգե՞մ:

Սրբուկը չարձագանքեց: Արդեն ատում էր բաժնի վարիչին և ներքուստ համոզված էր, որ նա հազար անգամ ավելի մեծ մեղսագործ է, քան ինքը, որ բռնվել էր կոշիկները ձեռքին:

-Քեզ հետ եմ: Եթե թողնեմ, մյուս անգամ գողություն կանե՞ս:

-Ես իմն առա. սրանից հետո իմ կյանքը լեղի է:

-Դե հիմա ներողություն խնդրիր ու գնա: Մյուս անգամ, տես, հա՜, չես պրծնի:

-Ձեռքս ու միտքս չորանային, որ ինձ էս օրը գցեցին:

-Չէ, ըտենց չէ: Ասա՝ ներողություն եմ խնդրում, այլևս նման բան չեմ անի:

-Ներողություն եմ խնդրում, էլ նման բան չեմ անի:

-Նույնը չասիր, բայց՝ ոչինչ: Իսկ հիմա գնա ու էլ էս կողմերը չերևաս: Առևտուրը շարունակեք, - դարձավ աշխատողներին:

Սրբուկը ելավ: Ծնկներում ուժ չկար: Մեքենաբար փեշերն ուղղելով՝ վերցրեց պայուսակն ու մարդկային պատվարի միջով դուրս եկավ: Մեռնել էր կամենում: Ներսը ցավից նվվում էր: Ոտքերի տակ ներքև տանող սանդուղքներն էին՝ ողորկ, անբիծ: Սալիկներից մեկը միայն կենտրոնում լայնակի ճաք ուներ, որը համատարած ճերմակության մեջ ուշադրություն էր գրավում: Այդպես մեկիկ-մեկիկ իրար էին հաջորդել իր ապրած տարիները՝ նույնքան անեղծ, նույնքան դաշն, բացի վերջինից: Էլի օրեր կգան, բայց ինքն այլևս հանգիստ չի ունենա, կջանա չնկատելու տալ ճաքած սալիկը, սակայն չի կարողանա: Չի՛ կարողանա:

Հետո կոպերի տակ լճացած արցունքի պատճառով սանդուղքը կորավ մշուշում, գույները խառնվեցին, և նա չընկնելու համար ձեռքը գցեց բազրիքին, ինչպես այն մառախլապատ օրը՝ Մոսկվայում:

Քրտնած ապակիներց յն կողմ խտտուն լույսերով ողողուն քաղաքն էր: Գյուղ տանող ավտոբուսը չէր երևում:


    

ՀՅՈՒՐԸ

Հագեցել ու պատառը ծամելով էինք կուլ տալիս, առաջին շիշը դատարկել և ամեն խոսքի վրա անիմաստ քրքջում, իրար հերթ չտալով՝ սրախոսում էինք: Հեռվում քաղաքն էր՝ մշուշի մեջ, թունամպի: Օղու՞ց էր, ծխաշերտից դուրս էինք՝ դրա համար, թե՞ այլ պատճառ կար, - ամեն բան թեթև էր, անիրական, մի տեսակ՝ աննյութեղեն. քամին, որ տարուբերում էր առվեզրի ուռիները, վերջալույսը, որ դալկությունը տվել էր դաշտերին, մինչևիսկ մոծակները, որ, երևում է, վաղուց մարդու երես չէին տեսել ու հիմա, արհամարհելով անապահով վայրեր քշվելու վտանգը, խարույկին ծխացող ոսկորների դառնահոտը, վրա տվել, խայթում, խմում էին մեր թնդած արյունը, ավիշը:

Անցավ, ով իմանա, ինչքան: Մութը կոխեց, շշում ինչ խմիչք է, այլևս չէր ջոկվում, անձողները մլմլում էին, փայլաթղթում տապակվող ծածանի բուրմունքը բռնել էր ուռուտը:

-Թափառախումբը ճաշկերույթի՞ է նստել:

Հանկարծակիի եկանք: Ձայնն առվի մյուս ափից էր, ծառերից այն կողմ: Քիչ անց ջրամերձ ճյուղերը հետ գնացին, և մեկի երկար ստվերն ուրվագծվեց խարույկի թույլ լույսի տակ:

-Բարև մեծաց, -զվարթ ողջունեց մարդը:

-Բարև մեծին, -առավել խնդուն արձագանքեցինք:

-Եթե դեմ չեք, ընկերակցեմ:

-Ի՜նչ եք ասում, -մենք տեղ բացեցինք:

Մարդը ձեռքինը հենեց ծառաբնին, նստեց: Այտամորուսով էր, մազերը՝ ալեխառն:

-Օղի՞, գարեջու՞ր, -ընկերս ձեռքը պարզեց շշերին:

-Շնորհակալ եմ: Մի պատառ հաց, ա՛յ, սիրով կկտրեմ:

Ես միս, պանիր, լավաշ մոտեցրի.

-Անուշ արեք:

-Չմոռանանք բարձրյալին, -նա, հայացքով դեպի երկինքը, հատիկ-հատիկ արտաբերեց Տերունական աղոթքը, խաչակնքեց:

Ապշած՝ մեկմեկու նայեցինք: Անսպասելի, գրավիչ մի բան եկել, փրկում էր օրը, գունավորում դժգույն երեկոն, խորհուրդ ներարկում մեր անիմաստ խումին:

-Հրաշալի մարդ, որտեղի՞ց, -երբ առաջին բրդուճն ավարտեց, հարցրինք:

-Վերևից, -գլխով այգիները ցույց տվեց, ապա ձգվելով՝ տոպրակից տանձ հանեց: -Սա էլ իմ կողմից: Պինդ է, բայց ատամ կբռնի:

-Բա պահակնե՞րը:

Լուցկի վառեց.

-Շքանշանն անտեղի՞ եմ կպցրել, -հետո մեկուսի, -գոնե մի բանի պիտի՞ պետք գա:

Քրքջացինք:

-Պահակն է ու՝ կարևորություն չտվեց, -խոսքն առաջ տարա:

-էհ, ես էլ կասեմ՝ ամեն օր դու ես տանում, մի օր էլ՝ ես:

-Չէ, քո կենացը պիտի խմվի, -Հրաչն օղի լցրեց:

-Սպասեք երգեմ, նոր:

Տիրական ձայն էր՝ զորեղ, զուլալ: Հմայված՝ ունկնդրում էի: Կեսից հուզմունքը տիրեց, տարավ: Մեղքի զգացումը ճնշում էր. մեղավոր էի, ասես, բնության առաջ, հեռվում թունամշուշի մեջ լողացող քաղաքի, դաշտի երկայնքով ու լայնքով անիմաստ ձգվող ակոս-խանդակների համար, որ հիմա սևին էին տալիս, չորացող փշատենիների, տիղմի տակ մնացած անվադողի, վերջապես՝ խարույկի ու խորովածի, Հրաչի՝ այդպես անփույթ թիկն տալու ու անհավես միս կրծելու, մեր կլլած օղու, քիչ առաջ պատմած տափակ անեկդոտների, լպիրշ ծիծաղի համար:

Գրաբարում առանձնակի վարժ չէի, իսկ այդ պահին հնչյուն ու հնչույթ միաձույլ՝ ալիք-ալիք ծավալվում էին, ու հստակել, զանազանել, իրարից բառեր առանձնացնել, կազմել անհնար էր: Մի տող, այդուհանդերձ, որսացել էի՝ սատակի տէր ամենայն շրթունս նենգաւորս և լեզուս մեծաբանս:

Երգը լռեց: Մեզնից ոչ ոք ձեռքը գավաթին չտարավ: Հրաչը ոտքը հավաքել, կրակի հետ էր խաղում:

-Տխրեցիք…

Ես ընդամենը հիմարաբար ժպտացի:

-Դավթի սաղմոսներից է: Մարդու որդիներ, -ասում է, -մինչև ե՞րբ պետք է մնաք խստասիրտ, -կեսից անցավ հին հայերենի, -ընդէր սիրէք զնանրութիւն եւ խնդրէք զստութիւն:

Ընկերս թաշկինակը մոռացած՝ մանկան պես վերուվար էր քաշում քիթը: Գրեթե նույն հոգեվիճակում ես էի:

-Հրաչ, քեզ համար չի ասված, -փորձեցի կատակի տալ, սակայն պահը սխալ էի ընտրել, ու խոսքս եկավ մեկ անգամ ևս հաստատելու սաղմոսը:

-Հանդարտվիր: Չեկա, որ պղտորեմ ձեր օրը:

Էհ, Հրաչին ի՞նչ՝ բացվել էր:

-Այ տղա, հազար ենք ասել՝ եթե խմել չգիտես…

-Ո՞վ, -նա կոպերը խոնավ՝ մոտեցավ:

-Ձուկ վերցրեք, -խոսակցությունը շեղելու համար հյուրին դիմեցի:

-Մթնով չեմ կարողանա, փշաշատ է:

Փայլաթիթեղներից մեկը ձկնով մի կողմ դրի:

-Սա թող այդպես էլ փակ մնա, կտանեք տուն:

-Անհարմար չէ՞:

Ի՞նչ կա: Եթե բարեկամացանք, հարգում եք մեր հացը…

-Որ այդպես է, մի սաղմոս էլ երգեմ, -նա բաժակ որոնեց: -Օշարակ, ջուր հանքային, եթե կա:

Շտապով լիմոնադ լցրի: Ըմպեց, պրոֆեսիոնալ երգչի քխկոցով մաքրեց կոկորդը:

Ի տարբերություն նախորդի, այս մեկն ավելի պարզ էր: Այն փառաբանություն էր բնության, օրհնանք արեգակին ու լուսնին, երկնի աստղերին, անձրևին ու ցողին, եղյամին, հիշեցում այն բանի, որ կան տիւք ու գիշերք, լոյս եւ խաւար, ամպք եւ փայլատակունք, լերինք եւ բլուրք, աղբիւրք եւ գետք, որ ջրերում խայտացող ամենայն կայտառք եւ թռչունք երկնի, գազանք, անասունք ու մարդք հավասար են եւ մի ծնունդ:

Ավարտից հետո գավաթում եղածն ումպ անելով՝ ասաց.

-Ես գնամ, ուշ է: Մնացեք խաղաղությամբ:

-Բարի գիշեր, երջանիկ մարդ, -մենք ոտքի ելանք:

Նայեց ընկերոջս, ինձ, ազատ ձեռքով շոշափեց, քաշքշեց կզակի մազերից:

-Երջանիկն այգու պահակն ու իր կինն են, -առպահ տխրեց, թվաց, հիմա կբացվի, իրենից կպատմի: Ժպտաց, -Իսահակյանին, հո, գիտեք՝ Արազի ափին բոստանս լինի…

-Բոստանիս կողքին քողտիքս լինի…

Սխալս ուղղեց.

-Սալվի ուռ տնկեմ, վարդեր ու լալա,

Հով ուռենու տակ քողտիքս լինի,

Օջախիս միջին կրակ բոցկլտա:

Ես, որ բանասեր էի, Հրաչը՝ դերասան, մնջվել, բերանբաց ունկնդրում էինք: Ի՜նչ սրտահույզ, դյութիչ էր:

-…Արազի ափին բոստանս լինի,

Ծով քրտինք թափեմ Շուշանիս համար:

Նա կռացավ, վերցրեց տոպրակը: Շքանշանները, որ երեքն էին, թույլ զրնգացին: Թվաց՝ հասակը երկարել է:

-Բարի գիշեր:

-…

-Բարի…

Նա գնաց: Հանկարծաբար հորինված գրքի հերոսի պես եկավ, ասաց բաներ ու մեկնեց: Ո՞վ էր, կյանքն էլ մեզ կհանդիպեցնի՞, կկայանա՞ ապաշխարանքը, կհետևե՞նք Լույսին, որը որպես կանոն, հաջորդում է խավարին, թե՞ քաղաքը քիչ հետո կուլ կտա մեզ, կօրորի ամենօրյա թմբիրի մեջ, որպեսզի ճպռոտ կոպերս բացել չկարողանանաք, այնքան, մինչև սին փառքի ետքից վազելով՝ մի օր շնչատ ընկնենք, մնանք բացաչք, բայց էլ՝ անկայծ, անկրակ, անէ:

Մենք ևս ելանք: Ես շշերը, պնակներն էի հավաքում, Հրաչն ընթացքում թղթերը, ուտելիքի մնացուկը դրեց կրակին: Ծխալուց հետո թերթերը բռնկվեցին:

-Ձուկը մոռացավ:

Հրաչը, որ խարույկն էր բորբոքում, շտկվելով՝ ափերը մոտեցրեց բերանին.

-Հեեեյ….

Պատասխանն ուժգնացող քամու սույլն էր:


    

ԿՈՒՊԵՈՒՄ՝ ԳՈՂԵՐԻ ՀԵՏ

Յոթ վագոն անցնելով՝ Աշխենեք վերջապես գտան իրենց տեղը: Մնացածը հեշտ էր, ու հիմա քափ-քրտինք մտած՝ կանգնել էին կուպեի դռանը: Ուղեկցորդը չէր երևում: Առաջինն Աշխենը բացեց դուռը: Դեմքին զարնեց ծխախոտի, քրտինքի, խմիչքի գոլ, սրտխառնուք պատճառող հոտը: Ներսում երկուսն էին: Հասցրեց նկատել վերևում պառկածի մազոտ կուրծքը և թավ հոնքերը: Երկրորդը ներքնավարտիքով և անթև շապիկով, յոգի կեցվածք ընդունած՝ ճմռթված անկողնում ծխում էր:

Աշխենը փակեց դուռը՝ հույսով, որ ներսում եղողներն իրենց կարգի կբերեն:

-Հը՞, ի՞նչ կա, -հարցրեց Հասմիկը:

-Տկլոր մեզ են սպասում:

-Տղանե՞ր են:

-Հա, աչքդ լույս:

Այգը նոր էր բացվում: Լույսերն արդեն հանգցրել էին, ու միջանցքում կիսախավար էր: Հայտնվեց ուղեկցորդուհին:

-Ձերը ո՞ր տեղերն են:

-Տասնյոթն ու տասնութը:

Կինը հրեց կուպեի դուռը:

-Աղջիկներ են ձեզ մոտ գալիս, չնեղացնեք:

Նա տեղ տվեց, որպեսզի Աշխենենք անցնեն, հետո, գործն ավարտած համարելով` գնաց:

-Բարև ձեզ:

-Բարև, քիրա, -պատասխանեց վերևում պառկածը:

-Բարի լույս, -ծխախոտից աչքերը կկոցելով՝ արձագանքեց մյուսը: Նա տաբատը մի կերպ վրան քաշած նստել էր՝ բարձը մեջքին հենած:

Հասմիկը, որ Ռուսաստանում էր ամուսնացած և հայերեն վարժ չէր խոսում, ռուսերեն ողջունեց:

Կուպեի ծակուծուկերը նրանց իրերն էին զբաղեցրել: Աշխենի հայացքն ապարդյուն փնտրտուքից հոգնած՝ կանգ առավ ներքևում նստածի վրա: Վերջինս վարպետորեն ծխի օղակներ էր բաց թողնում՝ անտարբեր նայելով պատուհանից դուրս: Նրա ինքնավստահությունը վիրավորական էր:

-Կուպեում չծխեք:

-Օհո՛, Սուրո, լսա՞ր, -դարձավ նա ընկերոջը, հետո կտրուկ շրջվեց դեպի Աշխենը -Էդ խի՞:

-Չի կարելի: Հետո չե՞ք տեսնում, երեխա կա:

-Հա՜, -բառն արտիստիկ երկարելով՝ նա լռեց:

-Ձեր իրերն էլ մի կողմ տարեք՝ ճամպրուկը դնելու տեղ չկա:

-Ինչ ասի՞ր՝ ճամպրու՞կ: Սուրո, ճամպրուկը ո՞րն է:

Վերևում պառկածը չպատասխանեց: Ներքևինն զգալով, որ կատակն արձագանք չգտավ, ցուցադրաբար, բառերը հատ-հատ շեշտելով՝ ասաց.

-Հիմա, քուր ջան, քո ճամպրուկին արժանավայել տեղ կտանք: Տե՛ս, մենք էլ հայերեն գիտենք:

Արագորեն բարձրանալով՝ նա մի քանի զամյուղ այս ու այն կողմ տարավ և, Աշխենի ձեռքից պայուսակը գրեթե խլելով, խցկեց բացվածքը:

-Խնդրեմ, մենակ թե կռիվ չսարքես:

Նա ակնհայտորեն դիտողությունից վիրավորվել էր: Հասմիկը գնաց սպիտակեղեն բերելու: Կուպեում անհարմար լռություն տիրեց, անգամ երեքամյա Ներսիկն էր սսկվել: Վերջապես Հասմիկը վերադարձավ, և լռության մեջ սկսեցին անկողինը պատրաստել: Աշխենը որոշեց վերևի հարթակն զբաղեցնել. ավելի լավ է գործ չունենա ցածում պառկած հետ, բացի դա եղբոր աղջկան փոքրի հետ դժվար կլիներ:

Ընդհանուր մթնոլորտն առաջինը ներքևինի ջղերի վրա ազդեց: Ընդոստ շարժումով վերցնելով ծխախոտը, լուցկին՝ գնաց: Վերևինը, դեմքը պատի կողմն արած, լռում էր: Աշխենը համոզված էր, որ սուտ քուն է տվել: Էհ, իրենց գործն է, միայն թե չանհանգստացնեն: Ընդամենը մեկ օր են միասին ճամփա գնալու:

Գնացքին հասնելու համար ժամը հինգին էին արթնացել, ու հիմա քունը տանում էր: Դուրս նայեց: Ոչինչ չէր երևում: Ապակիները վաղուց չէին մաքրել: Երևի քսանհինգ աստիճան լինի, - որոշեց նա: Կուպեում ևս ցուրտ էր: Չմրսելու համար միայն վերարկուն և սապոգները ներքևում թողած՝ մտավ անկողին:

-Հա՛ս...

Ցածից չպատասխանեցին: Աշխենը գլուխը կախեց: Մայր ու տղա գրկված՝ քնել էին: Ներսիկի այտերին կարմրություն էր հայտնվել: Նայեց դիմացի հարթակին մեկնվածի կողմը: Վերջինս քնի մեջ շարժվեց: Վախեցած՝ Աշխենը փակեց աչքերն ու քնած ձևացավ: Տղամարդն արթնանալու նշաններ ցույց չէր տալիս: Աշխենի քունը փախավ: Տաղտուկը ցրելու նպատակով պայուսակից հանեց գիրքը, որ հատուկ ճամփի համար էր վերցրել: Առաջին էջը չշրջած՝ դուռը բացվեց, և ներս մտավ ներքևի տղան: Աշխենը շարունակեց ընթերցել:

-Լա՞վ գիրք է, -հարցը խաղաղ հնչեց: Նա, ըստ երևույթին, վիրավորանքը կուլ էր տվել:

-Ոչինչ, կարդացվում է, -հաշտ պատասխանեց Աշխենը:

-Ինչի՞ մասին է:

-Ժամանակակից կյանքի:

-Կյանք կա՞ որ:

Աշխենը չարձագանքեց:

-Իմ անունը Գևո է, Գև, ընկերոջս՝ Սուրո:

-Ուրախ եմ՝ Աշխեն: Եղբորս աղջկա անունը Հասմիկ է:

-Տնաշեն, չծանոթացած կռվում ես:

-Տեղիք տվողը դուք էիք:

-Ճի՞շտ, ախպորդ աղջի՞կն է:

Սուրոն էր՝ Սուրենը: Շրջվել, դաստակը գլխի տակ, քննախույզ նայում էր:

-Ի՞նչ կա չհավատալու:

-Հայի նման չէ: Խի՞ ռուսերեն բարևեց:

Աշխենը ժպտաց:

-Ռուսաստանում է ամուսնացած:

-Ռուսի հե՞տ:

-Ի՞նչ կա որ: Ինչու՞ մեր տղաները հազարներով կարող են ամուսնանալ, աղջիկները՝ ոչ:

-Լավ չէ:

-Հիանալի ամուսին ունի՝ ոչ խմում է, ոչ ծխում:

-Դեռ հարց է:

Թե ինչն էր հարց, Աշխենը չըմբռնեց: Այ քեզ փորձանք, արի ու սրանից գլուխ հանիր: Որոշեց զգույշ լինել: Այս երկրորդը, կարծես, ավելի չոր բնավորություն ունի:

-Դե լավ, եկեք գնանք վագոն-ռեստորան: Հաց կուտենք, կծանոթանանք, -Գևորգն էր:

-Շնորհակալություն, ես ուզում եմ մի քիչ քնել:

-Ամբողջ օրը դեմներդ է, էնքան քնե՜ք:

-Չէ, շնորհակալ եմ, դուք գնացեք:

-Քու՛ր, - դարձավ նա Հասմիկին, -գնանք մի կտոր հաց ուտենք, էրեխուն էլ վերցրու:

-Շնորհակալություն, սոված չենք, -ներքևից լսվեց Հասմիկի անբնական երկչոտ ձայնը:

-Դուք գիտեք:

Նրանք դժգոհ գնացին: Աշխենը դռան փակվելուց հետո անմիջապես գլուխը հակեց: Հասմիկը ներքևի շրթունքն ատամների տակ՝ վախեցած նայեց հորաքրոջը:

-Լավ է հայերեն պատասխանեցիր, -կեսլուրջ-կեսկատակ գովաբանեց Աշխենը:

-Աչքերս փակ լսում էի:

-Ոնց ասի՞ր՝ սոված չենք:

-Էլ դու սուս՝ անոթությունից ուշքս գնում է:

-Ուզու՞մ ես հաց ուտենք:

-Չէ, բա որ գա՞ն, -նորից շրթունքը կծեց Հասմիկը:

-Թող Ներսիկն արթնանա, նոր: Ես կարդամ:

Կես ժամ անց տղաները վերադարձան: Նրանց հետ մեկը ևս կար: Երկուսի տրամադրությունն էլ բարձր էր. գլուխները տաքացրել էին:

-Լյով, ախպեր, սրանք մեր քիրիկներն են: Հանկարծ ծուռ աչքով չնայես: Ճիշտ չե՞մ ասում, քիրա, -դարձավ Աշխենին Սուրենը:

Աշխենը գլխով հաստատեց:

-Տեսա՞ր, դե հիմի էն արաղը բաց:

Նորեկը՝ Լևոնը անութի տակից հանեց օղու շիշը: Նրանք նույն բաժակով հերթով խմեցին:

-Ուզու՞մ եք ուտել: Տապակած հավ ունենք, -խղճաց Աշխենը:

-Ոչ մի դեպքում: Դու մեզ հետ ռեստորան չեկար: Լավ չարեցիր, բայց էլի իմ քուրն ես: Ախպեր, -խոսքը Լևոնին ուղղեց, - կուպեում չծխես, եղա՞վ:

-Եղավ, Սուրո ջան:

-Գիտես, չէ՞, ինձ կյանքով ես պարտական:

-Հա, իմ ախպեր:

-Գիտես, չէ՞, Մոսկվայում վրա չհասնեինք, հիմի ուր էիր:

-Գիտեմ:

Նորեկը պատասխանում էր անվստահ: Ակնհայտորեն միայն մի բանով էր մտահոգ՝ հանկարծ դիմացինին չզայրացնի: Ինչ-որ մութ պատմություն կար կապված Մոսկվայի հետ, թե ինչ՝ Աշխենը գլխի չէր: Նրանք շիշը վերջացրել էին և սկսել բացահայտ խոսել:

-Չէ, ինձ ասա, մի հինգ տարի կտայի՞ն:

-Առաջին դեպքն է, պատահական ստացվեց: Բայց որ դու ասում ես...

-Ի՞նչ նշանակություն ունի: Ավել գնո՞վ էիր տալիս՝ վերջ, ուրեմն՝ սպեկուլյացիա է՝ վե-րա-վա-ճառք:

-Դե, դու ինձնից լավ գիտես:

-Հենց հասանք, կբերես: Ժամը տասին, ինչքան պայմանավորվեցինք:

-Խնայբանկը տասին է բացվում, կարող է էդքան փող չունենան:

-Լավ, տասնմեկին: Տես, հետո չնեղանաս:

Խոսակցությունը միջանցքում բարձրացած աղմուկի պատճառով ընդհատվեց: Գևորգը կիսաբացեց դուռը: Օրը մթամած չէր, և մարդկանց մի մասը ձանձրույթը փարատելու համար ելել էր միջանցք:

-Հը, ի՞նչ կա, -զգաստացած՝ հարցրեց Սուրենը:

-Ինչ-որ ժամացույց են թռցրել՝ սալդատի:

-Էլ ի՞նչ է շուխուռ դնում: Թող լավ պահեր, չտանեին:

Առժամանակ լռություն տիրեց: Սուրենի դեմքը շարունակում էր լարված մնալ:

-Հլա սալդատին կանչի:

Գևորգը քիչ անց վերադարձավ զինվորի հետ: Նրա շփոթված դեմքից Աշխենը գլխի ընկավ, որ անփորձ է ու խեղճ, թեև զինվորական հագուստով հասուն տղամարդու տեսք ուներ: Ծնոտին բավական մեծ պզուկ կար, շեկին տվող բեղերը հազիվ էին նկատվում:

-Նստիր, -հայերեն կարգադրեց Սուրենը:

Զինվորը ետ տանելով սավանի եզրը՝ նստեց Գևորգի անկողնուն: Մատներն ինքնաբերաբար շոշափեցին ծնոտի պզուկը:

Ցավում է: Խեղճը հայելու առաջ նոր է պայթեցրել: Օդեկոլոնով էլ մաքրել է, որպեսզի վարակ չանցնի: Զորացրվելուց հետո կամենում է պատշաճ, արժանավայել տեսքով գյուղ մտնել, սիրածին ներկայանալ: Չէ, հարսնացու դժվար ունենա:

-Դե հիմա պատմիր: Ո՞նց եղավ, -արդեն ռուսերենով զինվորին դիմեց Սուրենը:

Վերջինս կցկտուր ներկայացրեց եղելությունը․ քնած ժամանակ թևից հանել էին:

-Բա սալդատը պոստում կքնի՞:

Տղան չարձագանքեց:

-Կորցրել ես, կամ տանը թողել:

-Իրիկունը թևիս էր, -առարկեց զինվորը:

-Կորցրել ես, գողություն-մողություն մտքիցդ հանիր:

Զինվորը գրպանից ծխախոտ հանեց:

-Հլա դիր տեղը: Էն աղջկան տեսնու՞մ ես, -ու մատնացույց արեց վերևում կռթնած Աշխենին:

Տղան ծխախոտը մատների արանքում հանգցնելով՝ հնազանդ նայեց վերև:

-Տեսա՞ր:

Զինվորը գլխով արեց:

-Նա անգամ ինձ ու ընկերոջս արգելեց: Ելանք, համ կծխենք, համ զրույց կանենք:

-Քուր ջան, զգույշ, всесоюзный Սուրոյի հետ ես ճամփա գնում, -Լևոն կոչվածը ևս դուրս գնաց:

Աշխենն այդպես էլ բան չհասկացավ: Թիթիզ, անպետք տղաներ են, -որոշեց:

Կեսօրին, երբ ճաշել էին, Սուրենը ետ եկավ: Առանց խոսքի բարձրանալով մեկնվեց անկողնուն և հայացքն առաստաղին՝ լռեց: Քիչ անց մյուս երկուսը մտան: Գևորգը կաշվե բաճկոնի ներսի գրպանից մի բուռ տասնոցներ հանելով՝ տվեց Սուրենին: Վերջինս բարձրացնելով ներքնակը՝ վայրկենաբար դրամը թաքցրեց: Հետո Լևոնը գնաց: Գևորգը նույնպես պառկեց: Երկուսի դեմքն էլ ներքին լարումից գունատ էր: Կես ժամի չափ այդպես լուռ մնացին: Աշխենն ու Հասմիկը ևս սսկվել էին:

Տեսնես ի՞նչ է պատահել, չլինի՞ կռիվ: Դրանից ամեն բան հավատալու է: Մեղք է զինվորը, գոնե նրան ծեծած չլինեն: Գրողի տարածները հիմա էլ, տես, ոնց են մաղձոտել:

Որոշեց կուպեի կենվորների վրա այլևս ուշադրություն չբևեռել: Լավագույն օգնականը գիրքն է: Խորացել էր ընթերցանության մեջ, երբ կողքից խշրտոց լսեց: Նայեց ձայնի ուղղությամբ: Սուրենի ձեռքին հաբեր կային, ու նա ատամներով փորձում էր պատռել պատիճը: Շարունակեց հետևել: Նա հանածները տեղավորելով բռում՝ վարպետորեն բոլորը նետեց բերանը, ապա, նկատելով կողքի քննախույզ հայացքը, մատը շրթունքներին տարավ և ժպտալով «սը՜ս» արեց: Ժպիտի ետևում Աշխենը լռելու դաժան հրաման տեսավ: Մնացյալը շպրտեց ներքև.

-Գև, բռնի:

Այս անգամ փայլաթղթի անդուր ճռճռոցը ցածից լսվեց: Թմրեցնող, քնաբեր հաբեր են, -գլխի ընկավ Աշխենը:

Քիչ անց նրանք սկսեցին զրուցել. ներքին խռովքն անցել էր:

-Լյովին բաժին տալու՞ ենք, -հարցրեց Գևորգը:

-Չէ մի, -անտարբեր՝ ատամների արանքից նետեց Սուրենը:

-Ահագին գործ արեց:

-Հլա պետք չէ, հետո կտեսնենք:

Կուպեի դուռը բացվեց:

-Пирожки, сосиски горячие, -երգեցիկ՝ ներսում գտնվողներին դիմեց շրջիկ բուֆետապանը:

Աշխենը վճռեց նրբերշիկ գնել: Պատրաստվում էր վճարել, Սուրենը մի ոտյունով հայտնվեց հատակին:

-Ստացիր փողը:

Նպարավաճառը դժկամորեն նայեց պարզած հիսունանոցին:

-Մանր չունեմ, ուրիշ փող տվեք:

-Իմ ի՞նչ գործն է: Չունես, առևտուր մի արա:

-Ինձ մոտ կա, ես կտամ, -մեջ ընկավ Աշխենը:

-Հլա դու սու՛ս, -սաստեց Սուրենը:

-Մանր չունեմ, հո զոռով չէ՞:

-Բա որ չունես, երեկ խի՞ վերասյա արաղ չտվիր, -նողկալի, արհամարհալից տոնով հարցրեց Գևորգը:

Բուֆետապանն ակամա ետ-ետ գնալով՝ ելավ միջանցք:

-Լավ, լավ, տակդ մի լցրու, -նրա ետքից գնաց Սուրենը:

Աղմուկի վրա ինչ-որ մեկը մոտեցավ: Բաց դռնից լսվում էր խոսակցությունը:

-Սպասեք, ի՞նչ է պատահել, -բուֆետպանին պաշտպան կանգնեց նորեկը:

Տղաները հարցն անպատասխան թողին:

-Ի՞նչ է եղել, իմ բարեկամն է, -շարունակեց նույն ձայնը:

-Ես հարցերի չեմ պատասխանում:

Սուրենի ձայնը տիրաբար հնչեց: Աշխենը մտաբերեց հանրահայտ խոսքը՝ Սուվորովը հարցերի չի պատասխանում, նա միայն հարցեր է տալիս: Այ քեզ մեր օրերի զորավար:

-Ինչու դու ո՞վ ես, -համառեց ձայնը:

-Ես՝ ես եմ, բա դու՞ ով ես: Դե գնացեք, թե չէ կջղայնանամ:

Հետո ձայները խառնվեցին իրար: Աղմուկը մեջ առանձնանում էր ուղեկցորդուհունը.

-Հերիք եղավ, -բղավում էր, -ոստիկան կկանչեմ: Ինչ մարդիկ դուրս եկաք: Հագած-կապած մտաք վագոն, ես էլ ասի լուրջ տղաներ են...

Նրանք ուղեկցորդուհու հարձակումից ընկրկած մտան կուպե՝ ետքից գոցելով դուռը:

-Դե թող հիմի գնա հարիֆը:

Սուրենը գրպանից մի քանի թղթադրամ հանեց:

-Արաղ չտալը քթից եկավ, -իրենց արարքից գոհ՝ մարմինը կոտրատելով ընկերոջ ուրախությունը կիսեց Գևորգը:

-Քիրիկ, չնեղանաս, -Սուրենն էր:

-էլ ոնց չնեղանամ: Չի կարելի, չէ՞, անմեղ մարդկանց անպատվել, -համարձակ մարտահրավեր նետեց Աշխենը:

Սուրենը զարմանալիորեն շպրտած ձեռնոցը չվերցրեց:

-Դու չգիտես, -կարճ կապելով՝ նա դիմեց Գևորգին: -Դուրս գանք:

Հագնելով կաշվե բաճկոնները՝ նրանք ելան վագոնից:

Աշխենը կիսվելու պահանջ էր զգում: Զայրացած էր, վիրավորված: Փաստորեն աղմուկն իր պատճառով էր: Թվում էր, ինքն էլ է մասնակից տղաների քստմնելի արարքին:

-Հը, ո՞նց եք:

-Խնդրենք, թող փոխեն: Սրանց հետ ես գիշերը կուպեում չեմ մնա:

-Մի վախեցիր: Եթե երկյուղելու բան կա, թող իրենք մտածեն: Տեսա՞ր, հենց ոստիկանի անուն լսեցին, պոչները քաշած ետ եկան:

-Հլա չվախենա՞մ: Տեսա՞ր փողերը:

Երկուսի հայացքը միաժամանակ ուղղվեց Սուրենի անկողնուն:

-Տեսնես ինչքա՞ն է, -չսպասելով պատասխանի՝ Աշխենը ներսից փակեց դուռը և ձգվելով՝ բարձրացրեց ներքնակի ծայրը:

-Ը՜հ, -ծոր տալով՝ նա արագ վրա բերեց ներքնակը:

-Ի՞նչ էր, -վախեցած հայացքը հորաքրոջը հառեց Հասմիկը:

-Տասնոցներ, քսանհինգնոցներ, ռուբլիանոցներ: Ինչ փող ուզես, կա:

-Որտեղի՞ց:

Աշխենը չկամեցավ վախեցնել եղբոր աղջկան: Մանավանդ երեխայի հետ է, սրտաճաք կլինի: Հիմա գլխի էր, որ գողերի հետ են ճանապարհ գնում:

-Ա՛հ, ձայնին թեթևություն հաղորդելով՝ թոթվեց ուսերը, -ո՞վ գիտի, հերներն ինչ պաշտոնի են:

Աշխենը ելավ միջանցք: Անկյունում մեկը ծխում էր՝ թախծոտ հայացքը պատուհանին հառած: Անցնում էին արևածաղկի մերկ դաշտերով: Համատարած ճերմակության մեջ հատուկենտ չորացած ցողուններ էին երևում: Գծերի երկայնքով տնկած անտառաշերտը ձյան տակ կուչ էր եկել: Այնուհետ տեսարանը փոխվեց: Շինություններ հայտնվեցին: Մոտենում էին մեծ բնակավայրի:

- Ի՞նչ քաղաք է, -հարցրեց Աշխենը միայնակ տղամարդուն, որը ծխելը վերջացրել, շարունակում էր անկենդան հայացքով դուրս նայել:

-Ռոստովը, -չկամ պատասխանեց մարդը:

Չես ուզում, մի խոսիր, -մտովի նեղսրտեց Աշխենը: -Այնքան նայես, հոգիդ դուրս գա:

Կարմիր կղմինդրով առաձնատների մոտով էին անցնում: Կոկիկ, հավաք շինություններ էին՝ փայտից ցանկապատերով, պարտեզներում՝ մերկ ծառեր: Անցորդներ գրեթե չէին նկատվում: Մի կին լվացք էր փռում: Մոտենում էին բնակավայրի կենտրոնին: Սեփական տներին այժմ փոխարինում էին բազմահարկ բնակելիներ, գորշ, անհրապույր ապակիներով գործարաններ՝ հազար ու մի անպետքություններով խճող բակերով:

Վերադարձավ կուպե:

-Գնամ հանքային ջուր առնեմ:

-Շուտ կգաս, -Հասմիկը լրջորեն վախեցած էր:

Վագոն-ռեստորանը, պարզվեց, բավական հեռու էր: Հոգնեց դռները բացել-փակելով: Ամենատհաճը մի վագոնից մյուսն ընկած տարածքն անցնելն էր: Միացման տեղում բացվածքներից նկատվում էին տակից փախչող կոճղերը: Թվում էր, ուր որ է վագոններն իրարից կանջատվեն, և չի հասցնի անցնել սատանի կամուրջը: Սիրտը տեղն էր ընկնում, երբ շրխկոցով փակվում էր դուռը, և ցուրտն ու աղմուկը մնում էին թիկունքում:

Ջուր գնելուց հետո վերադարձավ: Մինչ այդ գնացքը ցնցվելով կանգնել էր: Նոր ուղևորներ էին բարձրանում: Լսվեց Գևորգի ձայնը.

-Յոթերորդը մերն է:

Նրանց հետ երկուսը ևս կային: Վերջիններս եկար թիկնոցներով էին: Մեկի ձեռքին «դիպլոմատ» տեսակի պայուսակ կար: Բարևելով աղջիկներին՝ նստեցին Սուրենի մատնացույց արած անկողնուն:

-Մեր քիրիկներն են, առանց քաշվելու, -տնավարի ներկայացրեց Սուրենը:

Նորեկներից մեկը պայուսակից հարյուր ռուբլիանոցի կապուկ հանեց: Սուրենը վերցնելով փողը՝ քանդեց ծրարը, աչքաչափով ծրարի մեծ մասն առանձնացնելով՝ մնացածը վերադարձրեց: Տղան գոցեց պայուսակը, և նրանք ոտքի կանգնեցին:

-Ե՞րբ կգաք, -հարցը Սուրենին էր ուղղված:

-Երևի գարնանը: Հաստատ խոսք տալ չեմ կարող:

-Նույն հասցեի տակ ենք: Դե, մենք գնացինք: Ցտեսություն, աղջիկներ, -բարեկրթորեն դարձան Աշխենին ու Հասմիկին, այնուհետ սեղմելով Սուրենի ձեռքը՝ ելան: Գևորգը գնաց ուղեկցելու: Աղմուկից Ներսիկն արթանցել էր: Շշմած շուրջն էր դիտում՝ կամենալով ճշտել որտեղ լինելը:

-Զարթնեց, տեսեք ո՞վ ելավ, -ձայնին քնքշանք հաղորդելով՝ Ներսիկին խոսքն ուղղեց Սուրենը:

Նրա տրամադրությունը բարձր էր: Գործերը հաջող էին ընթանում: Երեխան մեկ մորն էր ուղղում հայացքը, մեկ՝ Սուրենին:

-Հը, հեքիաթ կարո՞ղ ես պատմել, -շարունակեց Սուրենը:

-Կարող եմ, -լուրջ-լուրջ պատասխանեց Ներսիկը:

-Ի՜նչ ես ասում: Ո՞րը:

-Երեք խոզուկները, Կարմիր...

Սուրենը չթողեց շարունակի.

-Անունդ ասում ես, ի՞նչ է:

-Ներսիկ:

Սուրենը մի պահ հապաղեց, ապա՝

-Ներսո, քո անունը Ներսո է: Եղա՞վ: սկսիր:

Տղան հարցական նայեց մորը. թույլտվության էր սպասում:

-Պատմիր, -շշնջաց Հասմիկը:

-Լինում է, չի լինում՝ երեք խոզուկ: Մեկի անունը՝ Նիֆ-Նիֆ, երկրորդինը՝ Նուֆ-Նուֆ, երրորդինը՝ Նաֆ-Նաֆ: Նրանք ապրում էին անտառում: ...

-Կարմիր գլխարկի տատիկի մո՞տ:

Փոքրիկը հարցից հանկարծակիի եկավ, սակայն չկորցրեց իրեն.

-Ո՛չ, նրանք ուրիշ անտառում էին ապրում:

-Ո՞ր անտառում:

-Հեռու անտառում:

-Ինչքա՞ն հեռու:

-Շա՜տ: -Ներսեսի հայացքը դարձյալ մորն առավ: Խոսակցությունն անբնական հունով էր ընթանում, և որդին մորից ուղղություն, քաջալերանք էր ակնկալում:

-Հետո՞:

-Մի անգամ մեծ եղբայրն ասում է...

-Стоп, մեծ եղբոր անունն ի՞նչ է:

-Նաֆ-Նաֆ, -զարմացավ երեխան:

-Միջնեկի՞նը:

-Նուֆ-Նուֆ:

-Փոքրի՞նը:

-Նիֆ-նիֆ:

-Քո՞նը:

-Ներսիկ:

-Չեղավ, չեղավ: Ներսո: Ասի՝ Ներ-սո, - հատ-հատ արտասանեց վանկերը: -Սրանից հետո քո անունը Ներսո է:

-Նրա անունը Ներսես է, -այլևս չհամբերեց Աշխենը:

Լռություն իջավ: Սուրենն սկզբում ապուշ կտրեց. այնքան անսպասելի էր դիմացինի զայրույթը: Հետո դեմքը փոխվեց, այտերի մկանունքը լարվեց: Աշխենը տեսնում էր խնձորակի վերուվարելը: Ատամները սեղմել էր իրար և անընդհատ ներքին խռովքից բերանում կուտակվող թուքն էր կուլ տալիս: Աշխենը երկյուղեց: Հանկարծ ու ապտակի, -անցավ մտքով: Այդպիսիններին ի՞նչ կա: Ինքն ո՞վ է նրա համար: Իսկ նա գող է: Ով գիտե, գուցե հենց նոր է բանտից ազատվել: Սովորական գող էլ չի երևում: Այդպես էլ կա՝ մեծավոր է: Բոլորը հետն զգույշ են, պատրաստակամ, զիջող: Բայց ինքը թքած ունի, ինչու՞ պիտի վախենա: Շատ որ բանի տեղ դնես, չափը լրիվ կանցնի:

Աշխենը խռով տեսք ընդունած՝ բարձրացավ: Զայրույթն անցել էր, բացի դա խղճում էր անզորությունից ատամները կրճտացնող տղամարդուն:

-Խի՞ նեղացար, -կիսաշշուկով հարցրեց վերջինս, -ձայնը սիրագորով էր, ներողություն հայցող:

Աշխենը հնչերանգից հուզվեց:

-Չեմ նեղացել:

Երկուսն էլ լռեցին: Աշխենը մեքենաբար ձեռքն առավ գիրքը: Էջերը խառնվել էին, չէր կարողանում տեղը գտնել: Որ գտներ էլ, միևնույն է, ընթերցածից բան չէր ըմբռնի:

Հասմիկն անկողինն ուղղելուց հետո բացեց դուռը:

-Ու՞ր, -հարցրեց Աշխենը:

-Երեխան ծարավ է, տեսնեմ սովորական ջուր կա՞:

Նրանք գնացին: Կուպեում մնացին երկուսով: Մութը կամաց-կամաց ընկնում էր: Աչքերն այլևս չէին ջոկում տառերը, բայց շարունակում էր գիրքը բացած պահել:

-Տխուր է:

Աշխենը նայեց Սուրենի կողմը: Վերջինս անթարթ՝ առաստաղին էր նայում:

-Արի խոսենք, -քիչ անց թմբիրից ելած՝ նրա կողմը շրջվեց Սուրենը:

-Ինչի՞ մասին:

-Ուրիշ ինչի՞:

Աշխենը չհասկանալու տալով՝ թոթվեց ուսերը:

-Տղան ու աղջիկը, որ մենակ ճամփա են գնում, ինչի՞ մասին են խոսում, -համառեց նա:

-Դե, նայած ում հետ՝ արվեստի, գրականության, հայրենիքի, քաղաքականության, -միամտի տեղ իրեն դրած՝ թվեց Աշխենը:

-Քեզ որ նայում եմ, տաքությունս բարձրանում է, -նա մեկից հարձակման անցավ:

-Գնա սառը ջուրը մտիր, -կատակի տվեց աշխենը, հետո լրջացավ: -Սուրեն, պետք չէ: Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ: Վատ մտքերը գլխիցդ հանիր:

Տղան նեղն ընկած՝ լռեց. բացճակատ գրոհը զինաթափել էր:

-Կներես, քուրս, հաշվիր այս խոսակցությունը չէր եղել: Անունդ էլ եմ մոռացել:

-Աշխեն:

-Ես էլ եմ ամուսնացած, երկու աղջիկ ունեմ:

-Կարոտե՞լ ես, -սիրալիր հարցրեց Աշխենը:

-Շա՜տ: Հինգ ամիս չեմ տեսել:

-Մե՞ծ են:

-Մեկն այս տարի դպրոց կգնա: Էն չամադանը տեսնու՞մ ես, -մատնացույց արեց կանաչ գույնի հսկայական ճամպրուկը, -ամբողջը աղջիկներիս համար է: Դպրոցական շորեր են, պայուսակ, տետրեր, ինչ հարմար եմ տեսել: Դաշնամուր էլ եմ առել, ճամփին է:

Լռեց: Դեմքին երազկոտ արտահայտություն էր իջել. մտովի երեխաների հետ էր:

-Խոպանի՞ց եք գալիս, -շարունակեց հարցուփորձը:

Սուրենը հարցն անպատասխան թողեց: Կուպե մտան Հասմիկն ու Ներսեսը, ետքից՝ Գևորգը երկու անծանոթ անձանց հետ: Մեկը սպիտակ մազերով վաթսունին մոտ մարդ էր, հագին՝ հնամաշ վերարկու: Նրանք ձեռքով բարևելով Սուրենին՝ երկու շիշ օղի, երշիկ, պանիր, հաց, մի քանի սառած կոտլետ և չորս խնձոր դրին սեղանին:

-Եկեք միասին ուտենք, -առաջարկեց Սուրենը:

-Շնորհակալություն, ես միայն խնձոր կվերցնեմ, -չնեղացնելու համար չմերժեց Աշխենը:

Սուրենը դանակի ծայրով վերցնելով ամենալավը՝ մեկնեց Աշխենին, ապա դարձավ Ներսիկին ու Հասմիկին:

-Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ:

-Ես... -շփոթվեց Հասմիկը, -ես բան չեմ ուտում:

-Չէ, էդ մեկը չեղավ, -առարկություն չընդունող տոնով նկատեց Սուրենն ու երշիկի մի մեծ պատառ կտրելով՝ հացի հետ մեկնեց Հասմիկին:

-Ներսիկ, ուզու՞մ ես, -ուտեստը որդուն պարզեց մայրը:

Տղան տարուբերեց գլուխը:

-Հիմա ես Ներսիկին լավ բան տամ: Գև, շոկոլադները որտե՞ղ են:

Ընկերն իջեցրեց զամբյուղը: Սուրենը երկու լիքը բուռ կոնֆետ լցրեց սեղանին:

-Ներսես, վերցրու՝ քո ձեռքով:

Տղան երկյուղած երկարելով ձեռքը՝ շոկոլադ վերցրեց: Այնքան թույլ էր բռնել թղթի ծայրից, որ կոնֆետը ձեռքից ընկավ: Փոքրիկը շփոթված՝ կռացավ, որ վերցնի:

-Թո՛ղ, -շոկոլադը ոտքով մի կողմ հրեց Սուրենը: -Առ նորը:

Նա չորս-հինգ կոնֆետ նետեց երեխայի գոգը, ապա դարձավ տարեցին.

-Պախան, ի՞նչ ես բերանդ ջուր առել, բաց:

Հյուրը վարպետորեն թռցնելով շշի փականը՝ բերնեբերան լցրեց հետը բերած բաժակները:

-Մենք Թիֆլիսում ենք իջնելու, հետո ավտոյով Երևան կգնանք: Պախան, չլինեմ-չիմանամ աղջիկներին բան ասող լինի: Պատասխանը դու ես տալու, լսեցի՞ր, -ըմպանակը ափում բռնեց Սուրենը:

Պախան կոչեցյալը լուռ՝ ձեռքը ճակառին տարավ:

Երկրորդ շիշը ևս դատարկեցին:

-Գնամ նորը բերեմ, -ոտքի ելավ մյուսը, որ չորուկ-մորուկ երեսունին մոտ տղա էր:

-Չէ, էլ պըրծ, -դանակի ծայրով մանանեխը հացին քսելով՝ արգելեց Սուրենը: Պախանն ու ուղեկիցը սուսիկ, առանց բարի գիշեր մաղթելու գնացին:

-Զգույշ, չքաշվեք, -ետքից բղավեց Սուրենը:

Լռություն տիրեց:

-Տեսա՞ր Պախանին:

Ընկերը գլխով հաստատեց:

-Տասը տարի կլինի ճանաչում եմ: Մի գործով քիչ մնաց փչացնեի:

-Չես պատմել, -սեղանն արագ-արագ մաքրելով՝ ասաց Գևորգը:

-Օդեսայում էինք: Մոտներս քսան հազար կար՝ էն փողով: Մեկի տանն էինք մնում: Փողը, ուրեմն՝ Պախանի մոտ էր: Գիշերը, քեզ ասեմ, լավ խմանք: Առավոտը Պախանը, թե՝ փողը չկա: Ո՞նց, -հարցնում եմ: Բա՝ հա: Կանչեցինք տանտիրոջը: Սա թե՝ տեղյակ չեմ: Վերջը՝ գիշերը տեղի տղերքից երեքին առած եկա: Դրանք Պախանին՝ դու էլ զակոննի գող չես: Պախանը, բա՝ ինձ հինգ րոպե ժամանակ տվեք: Գնաց խոհանոց, ուր տանտերը խմած քնել էր: Ականջներիս ուժեղ թրխկոց եկավ, հետո ձայնը կտրվեց: Բացինք դուռը: Տեսնեմ Պախանս թախտը շուռ է տվել ու դանակը դեմ արել գետնին ընկած տանտիրոջ բկին: Փողերը բեր, թե չէ կմորթեմ, -ասում էր, բացած դանակի ծայրը սեղմում խնձորակի փոսիկին: Վերջը, պարզվեց, տանտերն էր գիշերը հանել:

-Տանտիրոջն ի՞նչ արիք:

-Կարևոր չէ, -կարճեց Սուրենը:

Աշխենը քնած ձևացավ: Չէր կամենում այլևս խոսք փոխանակել հետը: Ի՞նչ ասեր: Քիչ առաջ հետը խոսողը սիրող, երազուն հայր էր, որը խորտակված իղձերը դուստրերի մեջ էր ուզում կատարված տեսնել: Նրա հետ կարելի էր զրուցել, կարելի էր անգամ սիրել, գթալ: Բայց նույն մարդը րոպե անց փոխվեց՝ ցուցանելով երկրորդ, ավելի շատ տեսանելի դեմքն ու կրկին դարձավ ստոր կրքերի, մտքերի, արարքների տեր՝ ունակ ամեն բանի: Մեղքը զավակներն էին, որ մի օր անպատճառ շիկնելու են հոր արարքների համար, խղճում էր այդ ամուր, առնական անձնավորությանը, որ խրվել էր ճահիճը՝ ելնել չկամենալով: Հարցերի պատասխանը՝ թե ինչու՞, Աշխենը չէր ուզում ստանալ, չէր ցանկանում թաթախվել ինչ-որ տեղ անպայման ողբերգական, գուցե և զավեշտալի անցյալի մեջ...

Քնկոտություն էր իջել վրան, աչքերը փակվում էին: Գնացքը ռիթմիկ տատանվում էր, նինջ բերում: Ուղեղը ջանում էր կառչել որևէ խոհից, սակայն թմբիրը հետզհետե տիրում էր, և Աշխենը քնեց:

Գնացքի ուժգին ցնցումից արթնացավ միայն առավոտյան: Դրսում գրեթե բան չէր երևում: Ներքևից հասնում էր Ներսեսի թույլ ֆսֆսոցը: Տեսնես ժամը քանի՞սն է: Դաստակը դրսից եկող աղոտ լույսի կողմը մեկնեց՝ որոշելու ժամը: Ժամացույցը թևին չէր: Ինչպես թե...

Համոզվելու համար շոշափեց երկու դաստակը: Չկար: Նստելով անկողնում՝ խառնշտորեց գրպանները: Չկար ու չկար: Պատրաստվում էր իջնել, երբ սեղանիկին նկատեց ժամացույցն ու ականջօղերը. իրենն էին: Աշխենը ձգվեց ներքև: Այ քեզ հանելուկ: Տարակուսած՝ շուրջը նայեց, և միայն այդ պահին նկատեց, որ Սուրենն ու Գևորգը գնացել են: Անկողիններն անհանձնել մնում էին: Ճամպրուկներից, զանազան տուփերից ազատ կուպեն մասամբ լքյալ տան տպավորություն էր թողնում: Սուրենի արածն է, -որոշեց Աշխենը: Դա սկզբում միայն ենթադրութւթյուն էր, որ հետզհետե դարձավ համոզմունք: Այդպես էլ կար: Ինչ-որ բան էր դրանով նա կամենում ապացուցել:

Իսկ ի՞նչ:


    

Ա ԳՐԵԹԵ ԴԵՏԵԿՏԻՎ

Մարդը ոտքով պահեց դուռը՝ թույլ չտալով կնոջը մտնել: Անսպասելիությունից Անիկն ընկրկեց: Տեսավ՝ մյուսը նույնպես, թողնելով վերելակը, մոտենում է: Փորձեց դույլը, որ միջանցքում էր մնացել, ուժով ներս բերել: Փեղկը փոքր ինչ հետ գնաց: Բացվածքը բավական էր, որպեսզի քաշի, սակայն անծանոթը ևս ամանի հետ հայտնվեց միջանցքում, ետքից՝ ընկերը:

-Ի՞նչ եք…-չհասցրեց խոսքն ավարտել, երկրորդը նույնքան անսպասելի ափով փակեց բերանը և, մյուս ձեռքը թիկունքի կողմից անութի տակով անցկացնելով, պինդ գրկեց: Ջանաց ազատվել. դեսուդեն տարավ գլուխը, մատներով կառչեց տղամարդու դաստակից, բայց դիրքն անհարմար էր: Աղբամանով, որը շարունակում էր բռնած պահել, հարվածեց դիմացինին, ով ընթացքում կողպում էր դուռը: Գոցելուց հետո վերջինս շրջվեց, ու տանտիրուհին տեսավ նրա ձեռքում հայտնված դանակը: Շեղբը սուր եզրով դեմ անելով կնոջ պարանոցին՝ մարդը ցածրաձայն ասաց.

-Կսպանեմ, եթե դիմադրել, ձայն ես հանել:

Անիկը թուլություն, սրտխառնուք զգաց: Դեպքերի հանկարծակի զարգացումից միտքը հստակ չէր գործում: Կարծես այլ իրականության մեջ լիներ, ու այդ ամենն իրենց տանը, իր հետ չէր կատարվում: Ովքե՞ր են, ի՞նչ են կամենում: Այդպես միայն գրքերում, կինոնկարներում է պատահում: Կարո՞ղ է անգամ սպանեն: Բայց ի՞նչ է արել ինքը:

Գրպանից հանած պարանով առաջինը՝ նա, որ երբ աղբը թափելուց հետո ետ եկավ, հարցրեց, թե՝ Սողոն այս հարկում է ապրում, Անիկի ձեռքերը կապոտելուց հետո վարժ շարժումով կպչուն ժապավենն ամրացրեց բերանին:

-Հը՞, հո քիթդ փակ չէ՞: Շնչել լինու՞մ է…-նա թաղանթը ռունգների մոտ փոքր ինչ ծալեց: -Տանենք զուգարան:

Անիկը սահմռկեց. Չմորթե՞ն հանկարծ: Տուն խուժածները, սակայն, նման մտադրություն չունեին: Նրանցից մեկն Անիկին հրելով տարավ, մյուսը լոգարանի դուռը բաց՝ սպասում էր: Սա արդեն դիմակ էր կրում: Թե երբ էր հասցրել գլուխը քաշել, անկարևոր էր: Երբ մյուսը սանհանգույցին հասնելով Անիկին շրջեց իր կողմը և ուսերից հրելով նստեցրեց կոնքին՝ տեսավ, որ երկրորդը նույնպես դիմակավորված է: Ապա առաջինը դանակի վարպետ հարվածով կտրեց լոգատաշտի վերևում մի քանի շարքով ձգված պարանը, դրանով տանտիրուհուն ամուր կապեց տակառիկից, կոյուղու ելուստից: Ցավից, վիրավորանքից Անիկը հեկեկաց: Ձայն չկար, այտերն ի վար հոսող արտասուքները, գլխի տարուբերումներն անկարող էին լիովին արտահայտել այն, ինչ ապրում էր:

…Լավ է, հասցրեց թոռներին մանկապարտեզ տանել, թե չէ սրանք ով գիտե՝ ինչ անեին: Չէ, ինչպես երևում է, բռնաբարելու մտադրություն չունեն, այլապես չէին կապկպի, համ էլ՝ վաթսունին մոտ կին է, սակայն ի՜նչ իմանաս:

Փորձեց շարժվել: Սրունքի մոտ պարանը մտել մսի մեջ, ցավացնում էր: Ու ոչ միայն այդտեղ. ցավ կար պետքարանին սեղմված ծնկածալում, տակառիկից թիկունքը սողոսկող սառնությունը՝ իր հերթին: Ականջին հատակին թափվող գրքերի ձայն հասավ, ապա, առժամանակ անց մեկը ստվերեց դռան բացվածքը՝ ձեռքին տարիներ առաջ Մոսկվայում գնած պայուսակը: Չխկոցից հասկացավ, որ մարդը բացեց ճամպրուկը. հավանաբար վերջին պահին որոշեց ճշտել պարունակությունը: Իսկ այնտեղ դեռևս պիտակները վրան սփռոցներ, երեսսրբիչներ, վերմակի, բարձի երեսներ էին՝ հանդիսավոր դեպքերի համար պահած:

Իհարկե կտանեն. դրանից լավ ապրա՞նք: Թե՞ նրանց ոսկեղենն է հետաքրքրում, կանխիկ դրամը: Զարդատուփը վերջին շրջանում որտե՞ղ է պահում հարսը: Տեսնես գործի գնալիս դրե՞ց ականջողերը: Դժվար. սովորական օրերի նա միայն ամուսնական մատանի է կրում: Ժամացույցը կապած կլինի. դպրոցում անհրաժեշտությունն ամեն պահ է զգացվում: Կանխիկ դրամը սպասքապահարանում է: Առանձնակի մեծ գումար չէ - ամսվա ծախսը: Օրը հինգշաբթի է, հոկտեմբերի տասը, թե՞ տասնմեկը… Գոնե վարձերը մուծած լիներ:

Երկյուղը տեղի էր տվել, ու Անիկը վերագտել էր դատելու, վերլուծելու ունակությունը, մանավանդ օտար անձանց պահվածքն այլ ենթադրության տեղիք չէր տալիս. աչքաթող էին արել տանտիրուհուն: Հետաքրքիր է՝ հիմա՞ ինչ բանի են: Եթե տունը լավ քրքրեն, տանելու ապրանք կգտնվի: Երևում է, այդպես էլ կա. չեն շտապում:

Դռան զանգը հնչեց: Անիկը հանկարծակիի եկավ: Տեսնես ո՞վ է: Հարևանուհին՝ Էլյան կլինի: Եկել է զանգելու կամ սուրճի հրավիրելու: Անամոթները սսկվել են, իհարկե, չեն բացի: Էլյան մի զանգով չէր գոհանա: Կա, չկա՝ ձուկ ծախողն է: Գալիս է ամենաանպատեհ ժամի: Բացում ես՝ կարծելով բարեկամ է, հարևան, իսկ դրանք՝ բարև, քուրո, թարմը ձուկ չե՞ս առնի: Մի անգամ չդիմացավ, դիտողություն արեց՝ ը-ն ո՞րն է, ասեք՝ թարմ: Տարավ-բերեց ու ի՞նչ ասի՝ թարմը, քուր ջան, ծովուց նոր խանուգն ի:

Ստոծանու մոտ կապն այնքան ձիգ էր, լիաթոք շնչել չէր լինում: Ժամը քանի՞սը կլինի: Ինը դեռ չկար, երբ եկավ մանկապարտեզից: Հանկարծ հիշեց, որ չի սրսկվել: Ամենաուշը եթե մինչև տասնմեկն ինսուլին չընդունի, շաքարը կբարձրանա: Միայն այդ մտքից քրտինքի կաթիլներ հայտնվեցին ճակատին: Նույն պահին էլ մեկը բացեց դուռը: Մարդը կանգնած երկմտում էր, հետո մոտեցավ լվացարանին և, թիկունքով փակելով տեսադաշտը, արձակեց մաշված տաբատի շղթան: Անիկը չռռոցից հասկացավ, թե ինչ բանի է: Անասուն, -մտքում որակեց դիմացինի արարքը: Ավարտելուց հետո մարդը դեմքով շրջվելով դեպի Անիկը՝ աչքով արեց.

-Զուգարանը զավթել ես, -և կատակից գոհ ելավ՝ դուռը թողնելով բաց:

Տխմար, գոնե ձեռքերը լվանա, ապա՝ նոր միտք ծնվեց. դրա նմանները, իբր, սովորական օրերի շատ են մաքրության մասին հոգում, որ հիմա…

Նրա գնալուց հետո դուռն այդպես էլ կիսաբաց մնաց, և քչից-շատից Անիկը տեսնում էր, թե օտարականներն ինչ բանի են: Միջանցքում ծանոթ պայուսակից բացի էլի երկուսը կար՝ բացվող, նրանցից, որ վերջերս են գործածության մեջ մտել, այն էլ մանր առևտրականների շնորհիվ: Շատ և հապճեպ լցնելուց մեկի շղթան կիսով չափ էր փակ, և բացվածքից ցցվել էր կարմիր ստվարաթղթի ծայրը. Գդալ-պատառաքաղների տուփն էր, է՜, տարիներ առաջ գնած: Քանի՜ ժամ հերթ կանգնեց: Չի էլ գործածել: Երանի դստերը նվիրած լիներ:

Որպեսզի լույսն առատ լինի, ամուսինը միջանցքից մեծ սենյակ տանող դուռը բնակարան ստանալու առաջին իսկ տարին ծխնիներից հանել էր: Սպասքապահարանի բաց խորշերից մեկում ժամացույցն էր: Անիկը լարեց տեսողությունը: Մեծ ու փոքր սլաքները մեկ գծի վրա էին, թե՞ մյուսը վայրկենաչափն է…

Ննջարանից միջանցք ելնողը փակեց տեսադաշտը: Գրկին բան կար:

-Ա՛շ, կապելու բան գտիր:

Հյուրասենյակից մյուսը, որ կապույտ ջինսով էր, մատը շուրթերին, սաստող դեմքով ընդառաջ եկավ, ապա, նկատելով տանտիրուհու հայացքը, վրա բերեց դուռը: Խավարը պարուրեց Անիկին, ձայները միանգամից անլսելի դարձան: Մեկի անունը, ուրեմն Աշ է, Աշիկ, Աշոտ: Գորգն են պատից իջեցրել՝ հարսի բերածը: Այսպես եթե գնաց, տունը կսրբեն: Օ՜ֆ, միայն թե գրողիծոցվեն…

Վատ էր զգում: Թեթև դող էր եկել վրան, բերանում դառնություն կար: Գոնե մի ժամ ուշ մտնեին, սրսկված կլիներ: Բա որ չհասցներ հաց ուտե՞լ: Այդ դեպքում ավելի վատ. ինսուլինը կսկսեր ազդել, ու հաստատ կընկներ հիպոյի մեջ, կկորցներ գիտակցությունը: Հիմա եթե շաքարը բարձրանա էլ, առժամանակ կդիմանա: Այ քեզ փորձանք…

Լոգարանի դուռը վերստին բացվեց: Աշիկն էր՝ ձեռքին շաքարի պարունակությունը չափող գործիքը: Անգամ սա են տանում, անզգամներ:

Նա վառեց լույսը:

-Տանը շաքար ունեցող կա՞:

Անիկը գլխով արեց, նույն պահին՝ իր համար իսկ անսպասելի, աչքերից ցայտեց արցունքը: Օտարականը դանակ հանեց:

-Եթե փորձել ես օգնություն կանչել, վատ կլինի:

Երկյուղած՝ բնազդով թեքեց պարանոցը:

-Չշարժվես, -Աշիկը դանակի ծայրը մտցնելով բերանը գոցած թաղանթի մեջ՝ լայնությամբ կտրեց փաթույթը, այնուհետ բավական հոգատար անջատեց մաշկից:

Անիկը շարունակում էր հեծկլտալ՝ արդեն բարձրաձայն:

-Միայն առանց աղմուկի, -շրխկոցով փակված դանակը թաքցրեց ծոցագրպանում: -Ի՞նչ հիվանդ ես:

Անիկն ուսերը թոթվեց, բայց ընթացքում գլխի ընկավ.

-Առաջին կարգ եմ:

-Վաղու՞ց:

-Յոթերորդ տարին է:

-Առանց ինսուլինի, պարզ է, չես կարող: Վերջին սսրսկումդ ե՞րբ է եղել:

-Գիշերը:

-Արդեն ժամանակն է, թե՞ ուշացրել ես:

-Տասնմեկին պետք է սրսկված լինեի:

Այցվորը նայեց ձեռքի ժամացույցին.

-Ինսուլին ունե՞ս, տեղն ասա:

-Սառնարանի դռան վրա է՝ ամենաներքևում:

-Ասե՞ղ:

-Միասին եմ պահում՝ տոպրակի մեջ է:

Նա գնաց: Քիչ անց շշուկ հասավ Անիկի ականջին. մյուսի հետ էր խոսում: Հավանաբար հիվանդության մասին է պատմում, -որոշեց Անիկը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս գլխի ընկավ, ինչ գործիք է:

-Ես սրսկել չեմ կարող, դու ինքդ…-նա վերստին հանեց դանակը:

-Մի կտրի, հետո ինչո՞վ ենք կապելու, -մյուսն էր, որ ևս մոտեցել ու հիմա, շեմին կանգնած, հետևում էր ընկերոջը:

Աշիկը դանակը մի կողմ դնելով՝ արձակեց տանիտիրուհու ձեռքերը:

-Մենք դուրս կգանք, -նա գոցեց դուռը՝ չմոռանալով վառել լույսը:

Անծանոթի նրբանկատ պահվածքը վերստին հուզեց Անիկին: Կոպերի տակ հայտնված արցունքը սրբելուց հետո բացեց դաստակը, այնուհետ, որքան հնարավոր է քշտեց զգեստի թևքը: Սրսկվելն առօրյա էր՝ կարճաժամկետն առավոտյան, երկարաժամկետը՝ երեկոյան - այդպես էր յոթ տարի անընդմեջ: ժամանակ առ ժամանակ փոխում էր տեղերը, որպեսզի մարմնի ծակծկած հատվածի մկանունքը հանգստանա: Ճակատագիր էր…

Ինսուլինի չափաքանակն ազդել կսկսի կես ժամ անց: Ընթացքում ուտել է պետք:

-Կբացե՞ք դուռը, -Անիկն ականջը ձայնի՝ սպասեց արձագանքի ու, երբ այն ուշացավ, դարձյալ կանչեց՝ավելի բարձր: -Խնդրում եմ, բացեք:

Դուռը հետ գնաց:

-Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, -մյուսն էր՝ լվացարանում միզողը:

-Եթե հիմա չուտեմ, կվատանամ, -արդարացավ Անիկը:

-Շատ չեղա՞վ, -մարդն ինչ-որ բանից բորբոքված էր:

-Ես՝ հիմա, - Աշիկը գնաց խոհանոց:

-Հիվանդապահ է դարձել, -քրթմնջալով՝ երկրորդն անցավ մեծ սենյակ:

Քիչ անց Աշիկը վերադարձավ՝ ափսեում հաց, երշիկ, մի շերտ պանիր: Բերածը դնելով լվացքի մեքենային՝ անխոս հեռացավ: Անիկը ճմլկոտեց: Մարմինը կոտրատվում էր: Ցավն առանձնակի ուժեղ էր ոտքերի, փորի հատվածում, որոնք շարունակում էին կապված մնալ սանհանգույցին: Բացուխուփ արեց մատները, շարժեց ծնոտը, այնուհետ երկարելով ձեռքն ու հաց-պանիր վերցնելով՝ սկսեց ծամել: Ուտում էր, հետն էլ փորձում լսել, թե մեծ սենյակում ինչ են խոսում: Բառերը զատորոշել դժվար էր, այդուհանդերձ երբեմն նրանցից մեկը բարձրացնում էր ձայնը, ավելի հաճախ՝ մյուսը. ղեկավարն ասես լիներ, թե՞ առավել փորձառու էր, տեսակն էր այդպես՝ բիրտ:

-Ախպե՛ր, կվառվենք:

Աշիկի բացատրությանը հետևեց ընկերոջ բորբոք ձայնը.

-Էլի իրենն է զոռում: Բայց խի՞…

Պատասխանը դարձյալ չլսվեց:

-Պրծի, հա՞, Կոլիկ:

-Փորձանք է էս տղեն, մերը…

-…

-Հա՛, ախպեր, քրֆում եմ, բան ես ասու՞մ:

Միջանցքում երևաց Աշիկը: Հասնելով լոգարանին՝ վրա բերեց փեղկը: Զայրագին հարվածից դուռը կրկին կիսաբաց մնաց:

-Հանգիստ, հա՞:

-Ի՞նչ հագիստ, արա՛, հանգիստ ե՞ս թողնում:

-Ես կխոսեմ հետը:

-Ու՞մ հետ, էս կնկա՞… Ի՞նչ պիտի ասես: Ինքն ո՞վ ա…

-Հետո կբացատրեմ:

-Հետոն ո՞րն ա, չհասկացանք:

-Կոլիկ, հաշվի՝ էս տունը չենք մտել:

-Բայց ո՞նց…

-Ի՞նչ օր է՝ տասներկու՞սը. մինչև ամսվա վերջ ինչ գործ կպցրինք, քոնն է:

Զիջումը, երևի, ազդեց: Կոլյան տեղում պտույտ տվեց, ապա թե՝

-Մեղքը քո վիզը: Իսկ ցած տարա՞ծը…

-Կհանեմ վերև:

-Հարևան-բան կա, կտեսնեն: Արի քարը փեշիցդ թափիր, Ա՛շ:

-Դու քշի գնա, մնացածն ինձ վրա:

-Դե, տես… Եղած-չեղածը հանի, գոնե մեր ապրանքը տանեմ:

Առժամանակ աղմուկ էր լսվում: Ըստ երևույթին, ճամպրուկներն էին դատարկում, ապա նրանք գնացին: Անիկի համար դեպքերի նման շրջադարձը և սպասելի էր և անակնկալ: Չէր հասցրել տալ-առնել կատարվածը, երբ մուտքի դուռը բացվեց, և ներս մտավ մեկը, ենթադրաբար՝ Աշիկը: Այդպես էլ կար: Իրերը միջանցքում թողնելով՝ մոտեցավ լոգարանին և, նախքան խոսելը, փորձեց շունչը ետ բերել՝ ընթացքում հանելով դիմակը:

-Ընկերս գնաց:

-Գիտեմ:

-Հիմա ձեր կապերը կարձակեմ, բայց խոստովանեք, որ մինչև հեռանալս հարևաններին օգնության չեք կանչի:

-Իսկ ձեր ելումուտը ոչ ոք չի՞ նկատել:

-Կարծում եմ՝ չէ, -նա ընթացքում Անիկին ազատեց կապերից: -Տեսեք՝ ինչ վերցնելու էինք, միջանցքում է:

Անիկը փորձեց առաջանալ: Ընդարմացած մարմինը չէր ենթարկվում, ասես իրենը չլիներ:

-Օգնե՞մ:

-Չէ՝ ինքս:

-Տեղերը լավ չեմ հիշում, թե չէ կդասավորեի, նոր…

-Հարկ չկա:

-Աղջիկս էլ շաքար ունի, -անսպասելի խոստովանեց գողը:

-Կարծեցի՝ դուք եք հիվանդը, -Անիկն ընթացքում ցույց տվեց գորգը: -Սա տարեք ննջարան: Մնացածը կամաց-կամաց կտեղավորեմ:

-Ներող կլինեք: Ընտանիք պահելու խնդիր է:

Անիկը չարձագանքեց: Չարություն չկար անգամ Կոլիկ կոչված անզգամի նկատմամբ:

-Թողնելու եմ, սա գործ չէ:

-Ճիշտ էլ կանես:

-Ես գնամ, եթե կարելի է, -նա ակնհայտորեն նեղվում էր, ամաչում, ապա շփոթմունք հայտնվեց դեմքին: -Փողը մնաց ընկերոջս մոտ… Հետո կբերեմ, հավատացեք:

-Ի՞նչ փող: Եթե դարակից եք վերցրել, տան ծախսի գումարն է, երևի, 20-25 հազար:

-Իրիկունը կբերեմ, ճիշտ եմ ասում:

-Լավ, լավ… Եթե չտա էլ, չպնդեք: Իսկ ձեր աղջիկը քանի՞ տարվա հիվանդ է:

-Երրորդ տարին է՝ հարսանիքից հետո… Գնացել էին հանգստանալու… Կիսատ թողած եկան:

-Պատճա՞ռը: Ինչի՞ց սկսվեց:

-Վախից: Վթարից հետո նիհարում էր, գլխի չէինք:

-Սրանից, երևում է, ունի, -Անիկը ձեռքն առավ արյան մեջ շաքարի տոկոսը որոշող սարքը, որ էլեկտրոնային փոքրիկ չափիչի պես բան էր:

-Չէ, հիվանդանոցում եմ տեսել:

-Սա կտաք ձեր աղջկան՝ իմ կողմից…

Աշիկն ընկրկեց.

-Ի՜նչ եք անում, -նրա աչքերում արտասուք հայտնվեց:

-Եթե ուզում եք ամեն բան խաղաղ վերջանա, վերցրեք: Տղաս հաճախ է արտասահմանում լինում, կասեմ՝ նորը կբերի: Իսկ հիմա գնացեք, մեկ էլ տեսար զանգը տվեց, տուն եկավ:

-Դուք իսկապե՞ս մեզ ներում եք:

-Այդպես է ստացվում:

-Ես աղջկաս կպատմեմ ձեր մասին:

-Ու կասե՞ք ինչպես ենք ծանոթացել, -հետո խոսքը փոխեց: -Միասի՞ն եք ապրում:

Աշիկը խոնարհեց հայացքը:

-Ձեր հեռախոսահամարը թողեք, ես կզանգեմ:

Դիմացինի աչքերում կասկածանք հայտնվեց:

-Մի վախեցեք, ոստիկան չեմ կանչի: Իսկ խորհուրդ տալ կարող եմ: Ասի, չէ՞, յոթերորդ տարին է:

-Եթե դեմ չեք, ես նրա հետ կգամ: Կասեմ՝ համակուրսեցի ենք:

-Դուք մինչևիսկ բարձրագույն կրթությու՞ն ունեք: Ինչու՞ ձեր մասնագիտությամբ չեք աշխատում:

-Կրճատեցին:

-Գուցե որդուս ասեմ՝ մի բանով օգնի՞:

-Ի սեր Աստծո, պետք չէ: Ինքս գլուխ կհանեմ:

-Լավ, այդ մասին հետո կխոսենք, իսկ հիմա գնացեք, Աշո՛տ:

-Ցտեսություն, -վերելակին չհասած՝ հապաղեց.

-Անունս որտեղի՞ց գիտեք:

-Կոլյան՝ Կոլիկն ասաց, -ժպտաց Անիկը:


    

ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ

-Սպասիր, չգնաս, -կինը ձեռնափով զարկեց ավտոբուսի կողին, ապա մուտքի միջնաձողից կախվելով՝ մտավ ուղևորասրահ: -Չէ, դու չէիր, -թիկունքով նստած ուղևորի ուսը բավական կոպիտ ցնցելուց հետո դարձավ մյուսներին: -Այստեղ մեկը կար՝ երեխայի հետ, չտեսա՞ք ուր գնաց:

-Նոր իջավ՝ ձեր ետևից:

-Ձեռքին բան կա՞ր, -նա ընթացքում հայացքն ուղղեց խմբված մարդկանց, սակայն քայլ չարած՝ վերստին դիմեց ուղևորներին.

-Ո՞ր կողմ:

Հարցին արձագանքող չեղավ: Այդ պահին շարժիչը հռնդաց, և ավտոբուսը ճոճվեց տեղում:

-Կանգիր, պայուսակս տարել են, -նրա ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին:

Այդ էր. ավտոբուսում աշխուժացան՝ մանավորապես սրահի միջնամասում եղողները:

-Ձեր բարեկամը չէ՞ր:

Կինը տարուբերեց գլուխը:

-Պիտի վարորդին տված լինեիք, -պատուհանի տակ կանգնած աղջկան դիտողություն արեց նստածներից մեկը:

-Ի՞նչ իմանայի: Ուզում էի հետևից կանչել, էդ մարդը, թե՝ ես կտամ:

-Ճիշտ է աղջիկը: Ասաց, որ ձեզ ճանաչում է, իր ազգականն եք:

-Խաբել է: Ես քաղաքում երկու բարեկամ ունեմ. մեկը հիվանդանոցում է՝ նրա մոտից եմ գալիս, մյուսը Նորագավթում է ապրում:

Ուրիշ ժամանակ նման անկեղծությունը, հավանաբար, ծիծաղ շարժեր, բայց հիմա առաջին պլանում կարեկցանքն էր:

-Պայուսակումդ փող կա՞ր:

-Ոնց չէ, տալիցս եմ պարտք վերցրել՝ հիսուն հազար, քառասունը մնում էր:

-Շարժվիր, վարպետ, շոգից գժվեցինք, -լսվեց առաջին շարքերից. այնտեղ դեռ չգիտեին ինչն ինչոց է:

-Տնաշեն, փող են գողացել, չմեռար:

-Անգութ ժողովուրդ են, հո զոռով չէ՞:

-Իրենցը որ լիներ…

Ուժգին ապրումից կինը կարկամել, այլևս ձայն չէր հանում: Տպավորությունն այնպիսին էր, թե կորցրել է խոսելու ունակությունը:

-Ջուր ծեծելուց ի՞նչ օգուտ: Քուրս, իջիր, իջիր քանի չի չքվել:

-Այնպես չքվեր, ես իմանայի, սրտախորովը, -կողքից մեկն էր:

Կնոջ հայացքում կրկին կյանքի նշաններ հայտնվեցին, խորհուրդը տեղ հասավ. թանկագին վայրկյանները գնում էին: Նա մեկ անգամ ևս անթաքույց կասկածով նայեց սրահում խմբված ուղևորներին, կարծես աչքերին վստահելիս, հավատալիս չլիներ, ապա իջավ:

-Շուկայի կողմը գնա, որտեղ մարդը շատ է, -ետքից հուշեցին:

Կինը պարանոցը երկարած՝ սկսեց շուրջը դիտել, բայց կանգառած տրոլեյբուսին վրա տված մարդկային հորձանքը նրան իր մեջ առավ: Խեղճը փորձեց չենթարկվել հոսանքին, դիմադրեց, սակայն արդյունքը եղավ այն, որ տեղապտույտից հետո երկու ոտքով հայտնվեց նոր ջրած ծառափոսում: Ծեծկված հողը ջուրը չէր հասցրել ****, ու դեղնավուն հեղուկը՝ երեսին ծխախոտի կոթուններ, այլ աղտեղություն, մինչև կոճերը թրջեց նրան:

-Դրա նմաններին պիտի քացու տակ գցես, էնքան տաս, վրան ողջ տեղ չմնա: Տեսնեմ մյուս անգամ…

-Բայց ինչ մարդիկ կան…

-Էն էլ երեխայի հետ, է՜…

Ավտոբուսը չէր հանդարտվում:

-Կարճ-կարճ մարդ էր՝ բարալիկ բեղերով…

-Կարճերին չեմ սիրում՝ դրանց կեսը գետնի տակ է…

-Թե չէ նրանք քեզ համար գժվում են, -հակադարձողը վստահ, որ նետն անվրեպ է արձակել, ճոճելով գլուխը՝ ժպտաց:

-Պահ, պահ, թիզուկեսդ էիր պակաս մնացել, -կինն այնպես քամահրանքով վերից վար չափեց տղամարդուն, որ վերջինիս ինքնավստահությունից հետք չմնաց. շեկլիկ երեսին կարմիր հայտնվեց, դողէրոցքի մեջ չգիտեր ձեռքերն ուր թաքցնի:

-Երևում է՝ ինչ պտուղն ես, -միայն կարողացավ սրդողած նետել:

-Ո՞վ, -կնոջ հայացքը դարձավ շամփուր, -էդ ու՞մ պատվի հետ ես խաղում: Քո իմացածներից չկարծես, հա՜…

-Լավ, լավ, չասինք կռվեք, -նկատողություն արեցին:

-էլ չգիտի, որ իջել ենք…-կինը նոր-նոր արագություն էր հավաքում: -Ստալինն էլ էր կարճ…

Դրությունը փրկեց վարորդը: Նա դիմացն անսպասելի հայտնված մեքենային չբախվելու համար կտրուկ արգելակեց, և մարդիկ մի վայրկյանի չափ իրար վրա եկան, ապա հետհարվածից ուղղվեցին: Ժողովուրդն ուրիշ պարագայում վայնասուն կդներ, բայց վերջին միջադեպը զվարթացրել էր բոլորին: Խոսքուզրույցը վերստին կնոջ շուրջ էր, սակայն չկար նախկին լարվածությունը, բացի դա՝ նոր ուղևորներ էին ավտոբուս բարձրացել, ում համար թեև հետաքրքիր էր, սակայն ոչ ապրված:

-Ինքն է մեղավոր, թող ուշքը վրան պահեր, -առաջին շարքերից եկող ձայնը նյարդային հնչեց, բարկացկոտ:

-Էհ, ասում ես, էլի, -այս մեկը, ըստ երևույթին, շատ բան էր տեսել, դժվար կյանքով ապրել: -Մարդ է՝ իր մտքերի, հոգս ու ցավի հետ: Չլսեցի՞ր, հիվանդանոցից էր գալիս:

Սևեր հագած մի տատիկ ու էլի ուրիշ համախոհներ գլխով հաստատեցին:

-Կյանքը կողերը դեռ չի ջարդել:

Փողկապավոր տղամարդու տեսքը /թե՞ ասածը/ չգիտես ինչու, դուր չեկավ երիտասարդ զույգին:

-…Ասել է Հեմինգուեյը, -ձայնում թեթև ծաղր, մարտահարվեր՝ լրեց տղան:

Փողկապավորը չլսեց, կամ այնքան կիրթ էր, որ չվերցրեց նետած ձեռնոցը:

Բեմահարթակում դարձյալ տարեց կանայք էին:

-Էն քորփեն ի՞նչ պիտի սովորի:

-Պարզ չէ՞. ինչ տեսավ:

-Տղա էր, թե՞ աղջիկ:

-Ո՞վ, գողացո՞ղը: Նա մա՞րդ էր, որ տղա կամ աղջիկ ես հարցնում:

-Հետի երեխան:

_Ջանը՜մ, հիմա աղջիկները տղաներից առաջ են անցել, նրանցից վերան են գողություն անում, մյուսից, հո, էն գլխից են արել, -թեմա առաջարկեց երրորդ մի ձայն:

Վերջին շարքերում երիտասարդական կենսախինդ հռհռոց լսվեց: Կինը, ուշադրություն չդարձնելով, շարունակեց.

-Էն օրը շուկա եմ գնացել: Իրիկվա էլ կողմ էր: Գազար պիտի առնեի: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե: Ծառին ասած, թե դրան՝ չի պատասխանում: Ա՛յ կնիկ, ականջներդ բամբակ ե՞ս խոթել, ձեն հանի՝ քանիսո՞վ ես ծախում: Ինչ սիրտդ կուզի, -ասում է: Տեսա՝ չէ, սրա կամ ծալն է պակաս, կամ մի բան եղել է: Հիվանդ հո չե՞ս, ա՛յ քուրո, -հարցնում եմ: Տեսնեմ՝ աչքերից թափեց: Մեղա քեզ: Վերջը, ի՞նչ երկարացնեմ: Էդ խեղճ կնիկն ամբողջ օրը ոտքի վրա ինչ ծախել էր, տարել էին: Երդում կերավ: Երկու աղջիկ էին, -ասում է, -քսված-կրասկված: Էս ջրատարիս, ուրեմն խոսեցրել են ու թե ոնց՝ խալաթի գրպանից… Որտեղի՞ց էլ իմացել են, որ փողն հենց էդտեղ է… Բա՜, -կինը դարձավ կողքին նստածին, -իսկ դու ասում ես՝ չէ:

Վերջինս, որ ոչ պատմելու շնորհք ուներ, ոչ շարժուն միտք, ուղեղը չարչրկելուց հետո ուշացումով արձագանքեց.

-Դարը փոխվել է, դարը:

Ավտոբուսը դարձյալ կանգառեց, մարդիկ սեմվեցին, տեղ բացվեց նորերի համար, բայց, միևնույն է, մի մասը խցկվել չկարողացավ: Դռները շրխկոցով զարկվեցին մսակույտին, դեմ առան, մեքենան փնչաց, ծուխը լուսամուտների բաց օդանցքերից, այլևայլ ճեղքերից լցվեց սրահ:

-Առաջացեք, մի փոքր էլ…

-Չեք տեսնու՞մ, հնար չկա…

-Մեջտեղն ազատ է…

-Թողեք փակի, այ ընկե՛ր…

-Ի՞նձ ես ասում, ես ե՞մ բռնել…

-Վարպե՜տ…

Վարորդը փակելու նոր փորձ արեց, տեսավ՝ անօգուտ է, անջատեց շարժիչը:

-Եվ ճիշտ է անում:

-Ժամերով չեն երևում, գալու դեպքում էլ…

-Նա է…

Ժխորի մեջ աղջկա ձայնը չլսվեց:

-Ժողովուրդ նա է, ես ճանաչեցի:

-Ո՞վ:

-Պայուսակը տանողը: Հորս արև, հրեն… երեխան…

Մարդիկ ձգվեցին դեպի պատուհանները: Անտեղյակները վարանքոտ՝ տեղի տվեցին:

-Երեխան հե՞տն է:

-Բա ի՞նչ. Առաջ-առաջ գնում է:

-Բայց ո՞նց հասավ էս կանգառը:

-Պարզ չէ՞. հետևի դռնից իջել, առաջինով բարձրացել էր:

-Ուրեմն ամբողջ ընթացքում ավտոբուսու՞մ է եղել, լսե՞լ է խոսքուզրույցը:

-Երևի…

-Այ քեզ սիրտ, ոնց էլ արագ կողմնորոշվել է:

-Էլ ի՞նչ եք սպասում, ոստիկան կանչեք: Վարորդ, դռները բաց:

Առանց այդ էլ հրմշտվելուց, մի ոտքի վրա երկար կանգնելուց հոգնած մարդիկ իջել էին, և ելքն ազատ էր:

-Երկու տղամարդ, թող վազեն, էլ ի՞նչ օրենքի մարդ: Ու՞ր պետք է գնա, փոքրին, հո, չի՞ թողնի:

-Դե, ձեզ տեսնեմ, ջահելներ: Քիչ առաջ ոտքի տակ էիք գցում, -փողկապավորն էր:

Ակնարկն ուղղված էր Հեմինգուեյ կարդացածին: Ավտոբուսում մնացել էին երիտասարդ զույգը, մի քանի աղջիկ և, ովքեր վախենալով տեղը կորցնել, պինդ էին նստած:

-Չիջնե՛ս:

Տղան, չանսալով աղջկա խոսքին, դիմեց ելքի կողմը, սակայն ընկերուհու ձայնն այս անգամ մետաղի սառնությամբ հնչեց.

-Հե՛տ արի:

Երիտասարդը դժգոհ՝ սրահ բարձրացավ:

-Չգիտե՞ս՝ հետո դատարան կկանչեն: Մեկ էլ տեսար վրադ շուռ տվին, բարեկամները վատություն կանեն, -արդարացավ օրիորդը:

-Ի՞նչ անում եք, արեք, բայց միլիցիա պետք չէ: Համ էլ լավ օրից չի գողություն անում, -շուկայի դեպքը պատմող կինն էր: -Ճիշտ չե՞մ ասում:

Կողքի նստածն այս անգամ սպասեցնել չտվեց:

_Էլ մի ասա…

Վարորդը գործի դրեց շարժիչը: Հռնդյուն լսելով՝ մայթին, մուտքերին մերձ ուղևորները խառնվեցին իրար. ամեն մեկը կամենում էր վայրկյան առաջ բարձրանալ: Միայն մի տղա մատները բերանը տանելով՝ ուժգին սուլեց: Մարդը, սակայն, չլսեց: Քիչ անց հասնելով անկյունադարձին՝ նա մտավ մեկ այլ փողոց, իսկ ավտոբուսն արագություն հավաքեց:


    

ՀԻՆԳ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ

Հեռախոսազանգ առաջին: -Ռոբ, այ Ռոբ, շուտ տուն արի, լսու՞մ ես… Բան է պատահել… Հեռախոսով չեմ կարող ասել, անհարմար եմ զգում: Հենց հիմա, տաքսի նստիր ու եկ… Չես կարո՞ղ… Ի՞նչն է դժվար… Էհ, դու էլ կատակի ժամանակ գտար… Հետո ուշ կլինի: Եթե չգաս, ես կգնամ: Լսու՞մ ես, կգնամ ու էլ ետ չեմ գա: Դու ինձ գիտես… Ի՞նչ: Աշխատանքն է կարևո՞ր, թե՞ ես… Հա՛, հա՛: Լալիս եմ, լալիս… Իմ բախտի համար, իմ խաբված, կորած օրերի… Չեմ հավատում, եթե սիրեիր, գոնե… Ուրիշ ի՞նչ պիտի լինի. հերդ կյանքս կերավ, հանգիստ չի տալիս… Ընկել է ետևիցս, քյավթառը… Իմ նեղանալու փոխարեն դու ե՞ս նեղանում: Լավ է, խոսք չունեմ… Մազերն էլ ներկել է, փչացածը… Հենց ըտենց, որ գաս, մանրամասն կասեմ… Հրեն, մեծ սենյակում դիվոտած պտտվում է: Կարծում է՝ պիտի թաքցնեմ… Անառակի մեկը՝ անամոթ, շնամիտ… Ինքը որ չի ամաչում, ես ինչու՞ պետք է… Թող լսեն, թող արար աշխարհն իմանա… Դու էլ ճանաչիր հորդ… Առավոտյան, հիշում ես, չէ՞, տաք ջուր տվին… Հա՛, քո սափրվելուց հետո ես մտա բաղնիք… Մերդ՝ չէ: Նա աշխատանքի է գնացել: Ես ու քյոփակ հերդ էինք… Պիտի ասեմ՝ մեկ է: Ինչքան լեզուս ատամներիս տակ պահեցի, հերիք է: Հա չտեսնելու, չհասկանալու էի տալիս, ինքս ինձ համոզում, որ սխալը ես եմ… Թողնու՞մ ես, որ պատմեմ: Ուրեմն՝ տես, ինձ համար լողանում եմ, մտքումս ուրախանում, որ վերջապես տաք ջուր տվին, ինձնից դուրս երգում, չիմացած եղանակ դնդնում… Ըտենց տրամադրություն վաղուց չէր իջել վրաս: Մեկ էլ աչքս ընկավ դռանը: Ալո՞, Ռո՛բ, դու ինձ լսու՞մ ես… Ա՛յ տղա, ձեն հանի, ես էլ ասի՝ անջատվեց… Ու՞ր հասա: Հա, մեր դռան ապակին, գիտես, արանքներից քիչումիչ երևում է… Էլի սկսեց: Ասենք թե ես եմ փոխել տվել, դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Էդ էլ իմ լավությունը. տունը շնորհքի բերեցի… Ե՞ս… Դու սկսեցիր… Ինքս էլ գլուխ չունեմ… Շնորհակալությունը… Հիմա ասեմ: Նախշերի արանքից, որտեղ փայլը մնացել է, տեսնեմ բան է շարժվում, գնում-գալիս: Լսու՞մ ես… Ապրես, միջանցքում, հա՛, հա՝ կոշիկների կողմը: Սկզբում կաևորություն չտվի: Ասի՝ մարդ է, երևի մի գործ ունի: Տեսնեմ՝ չէ, էդ ստվերը կանգնած մնացել է: Ջուրը կտրեցի, ինձ համար օճառվում եմ, հետն էլ ականջ դնում: Ռոբ, հավատա, քո ձենը հիմա ո՞նց եմ լսում, ֆսֆսոցն ըտենց պարզ… Էլ ի՞նչ պիտի լինի. անամոթն էդ ճեղքից պլշտած ինձ է նայում՝ տեսնի, թե հարսը ո՞նց է լողանում… Հիմա որ հիշում եմ, էլի նման դեպքեր եղել են… Հավատալդ չի գալի՞ս… Իմը ևս… Ուրիշը որ պատմեր, ես էլ կասեի՝ հորինում է… Դու շարունակությունը լսիր. գնացի լոգատաշտի մյուս անկյունը: Իմ հաշվով՝ դրսից չպիտի երևար: Ցնցուղը, ճիշտ է, մնաց կենտրոնում, բայց ասի՝ գրողին, մենակ թե անամոթը մարմինս չտեսնի: Դեմքս էլ շուռ եմ տվել պատի կողմը, դեպի դուռը մեջքով կանգնել: Այդպես մի հինգ րոպեի չափ լողացա, թեև վայ էն լողանալուն: Հլա դեռ կասկածում եմ: Թվացել է, - մտքումս ասում եմ: Բայց ի՞նչ թվալ, ինչ բան: Դրա շունչը մինչև հիմա ականջումս է: Զգում եմ, ոնց է կրքից տապակվում: Հայացքը՝ մի տախտակ էն կողմ, թիկունքս կտրում անցնում է… Լողանում եմ, բայց ամեն րոպե սպասում, որ, հրես, ձեռքերը դռան միջով կերկարի ու կգրկի ուսերս: Էքան էլ շոգ էր անտերը՝ գոլորշին բռնել էր բաղնիքը, հայելին քրտնել, ջուրն առու-առու վազում էր: Ճիլոպը քսմսում եմ մարմնիս, որ մոռանամ էդ բուղի հայացքը, չի լինում: Շունչս կտրվում էր. էլ չգիտեմ՝ շոգի՞ց էր, հուզվելուց… Կարմրել, թոնրի կող էի դարձել… Ի՞նչ… Չլսեցի… Գեղարվեստական եմ պատմու՞մ… Գեղարվեստականը դու հիմա տես: Ուրեմն՝ երգում եմ, որ դրա ընդհատ շունչն ականջիս չառնի, մեկ էլ չրխկոց լսեցի: Դառնամ, ի՞նչ տեսնեմ. երեխեքի քանոնը, ամառվա արձակուրդ օրով ոնց էլ գտել էր, մտցրել դռան արանքը, ուզում է բացել… Բա որ ասում ե՞մ… Երեխաներիս արև: Պատկերացնու՞մ ես իմ վիճակը: Ինձ կորցրի ու ի՞նչ անեմ, որ լավ լինի: Անկյունում ավելն էր՝ էն, որ մաշված է, միայն բաղնիքի ու միջանցքի համար ենք պահում: Դուռը բացեցի ու էդ ավելի կոծոծով՝ գլխին: Քյավթառ շուն… Մե՞րկ… Խալաթը թաց-թաց վրաս էի առել… Ի՞նչ պիտի աներ. սկզբում ձայն չհանեց, պլշած ինձ էր տնտղում: Երևի հույս ուներ, թե կզիջեմ: Մտքում ի՞նչ իմանամ՝ ինչ կար: Մենակ տուն, ես ու ինքը, ամառ օր… Շատ որ նայեց, խալաթիս կոճակներն արձակեցի ու՝ տե՛ս, - ասի, -թող աչքդ կշտանա, մեկ է էսօր-էգուց սատկելու ես… Էդ մեկը լավ չեմ արե՞լ… Կներես, շատ էլ տեղին էր: Տեսնեիր դրանից հետո ոնց գոռգոռոցը դրեց, մինչև հիմա ընկնավորի պես ման է գալիս: Էնքան գա՜… Ռոբ, թե մեր ընտանիքը թանկ է քեզ համար, թե ինձ սիրում, գոնե մի քիչ հարգում ես, հենց հիմա եկ: Պահ, պահ, պահ… Էլ ո՜նց կլիներ… Հերդ դուռը շրխկացրեց, գնաց… Կարծում է՝ վախեցող կա… Գալիս ե՞ս… Արի, արի էդ կապը կտրածին, էդ անատամ ցուլին խելք սովորեցրու: Ձեռից լրիվ գնացել է… Եղավ, եղավ… Դնում եմ: Ալո. Ալո… Դրեց…

Հեռախոսազանգ երկրորդ: - Ալո՞… Ուսուցչանոցի՞ց է… Սեդային հեռախոսի մոտ կանչեք, խնդրում եմ… Շնորհակալություն, կսպասեմ: Եկա՞ր… Ես եմ: Դու պետք է տուն գաս… Թույլտվություն խնդրիր. երեսուն տարվա աշխատող ես, կհարգեն… Չեմ կարող բացատրել… Հուզվա՞ծ, դա այն բառը չէ… Ասում եմ՝ անպատշաճ է, ի վիճակի չեմ… Դրսից՝ անկյունի ավտոմատից… Մտաբերելիս անգամ սրտխառնուք եմ զգում: Ինչպե՜ս կարելի է, ինչ աստիճան կարող է մարդն իջնել… Ում - մեր հարսի, քո սիրասուն Սոֆիի մասին է խոսքը… Ալո, ալո… Սեդա, այդ ի՞նչ աղմուկ է… Ի՞նչ դասամիջոց. արձակուրդներ են… Տարօրինակ է, դաս չկա, բայց քառասունհինգ րոպեն մեկ զանգը տալիս են… Եթե այդպես է, ինչու՞ են զուր տեղը կանչում, մի քանի օր էլ թող համբերեն՝ մինչև դասերն սկսվեն… Ժողկրթբաժնի՞ց… Դե, ի՞նչ ասեմ, քեզ ոչ ոք չի՞ լսում… Եթե այդպես է, երկու բառով կպատմեմ… Հիմա՛, հիմա՛… Չէ… Ինչու եմ լռու՞մ… Չգիտեմ… Հիմա… Ձեր գնալուց հետո պատրաստվում էի շուկա գնալ… Չէ, Սեդա, չկարողացա, թողե՞ց, որ… Ասի՝ կոշիկները մաքրեմ, երեկվանից մնում էին… Դե, ոչինչ, չեմ նեղանում. Դու առանց այդ էլ շատ ես հոգնում: Հարսը… Անունն անգամ չեմ ուզում տալ, լոգարանում էր: Քեզնից հետո տաք ջուր տվեցին: Մտել էր ցնցուղի տակ ու… երգում էր… Բարձրաձայն, իհարկե… Դե, դա ոչինչ, թող երգի, որքան կամենում է… Ամենևին: Ես ևս սկզբում այդպես էի կարծում: Մտածում էի՝ կարոտել է երեխաներին… Վաղն առավոտյա՞ն… Իրենց ավտոբուսներո՞վ… Խայտառակություն. նա ի՞նչ կերպ պիտի նայի Արմենի ու Արմանի աչքերին… Նա մայր չէ, այլ… Ներիր ինձ, Սեդա, փորձիր դրությանս մեջ մտնել… Ես… Ո՜նց հիմարացրեց… Ձայնն սկսել էր ազդել վրաս… Տխմար երգեր էին՝ բառերը հարմարեցրած: Մեկ էլ տեսնեմ՝ ինձ է կանչում: Հարցրի՝ ի՞նչ է պատահել: Սիրտս նվաղում է, -ներսից ասում է: Ջուրն այդքան տաք մի արա, -խորհուրդ տվեցի: Սեդա, լսու՞մ ես… Ուրեմն՝ հիմա էլ սկսեց տնքալ: Վախեցա, մտածում եմ՝ ի՞նչ պատահեց, սի՞րտը թուլացավ: Ձայն եմ տալիս՝ Սոֆի, Սոֆի… Չի պատասխանում… Ու՞մ մտքով կանցներ: Պոռնիկը… Ներիր, Սեդա… Իմ ապուշ խելքն ասա… Հեռախոսի մոտ քանոն կար, ասի՝ արանքից մտցնելով կիսաբաց անեմ: Թող գոնե մաքուր օդ խաղա, -մտածում եմ: Իմ՝ կեռիկը գցելն ու դրա՝ դուռը լրիվ ետ տանելը մեկ եղան: Տեսնեմ՝ գոլորշու մեջ կանգնել, ժպտում է… Մերկ, վրան հատիկ-հատիկ ջուր… Հրավիրող հայացքով… Աննամուսը քիչ է… Ամոթից գլուխս կորցրած՝ քարացել էի… Ուզեցի դուռը փակել, ձեռքը երկարեց, չի թողնում… Ինձ, իմ թևն է բռնել… Աչքերում մշուշ… Պատկերացնու՞մ ես… Շունչս կտրվում է, -ասում է, հետն էլ վավաշոտ ժպտում… Չգիտեմ՝ երբ խելքս գլուխս եկավ, թափով ազատեցի դաստակս ու դուռը շրխկացրի վրան… Դու հետոն լսիր: Կոշիկներս եմ հագնում, մեկ էլ տխմարը դուռը բացեց և ավելով… Սեդա, դու ինձնից սուտ խոսք հավատու՞մ ես… Լկտի… Զարմանում եմ, թե կաթվածն ինձ ո՞նց տեղնուտեղը չխփեց… Ապշած ուղղվեցի, իսկ դա ձեռքերով ամոթատեղն է ցույց տալիս: Էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է, -ասում է, -էսօր-էգուց սատկելու ես: Խայտառակություն… Տականք է, դև… Կեղտը… Տեղով ցանկասիրություն… Ի՞նչ պիտի անեի. ինձ կորցրած՝ բերանս ինչ խոսք, մանկությունիցս մնացած հայհոյանք մտքիս, լեզվիս եկավ, ասի… Շանտաժիստի մեկը… Այդքանից հետո ինքն է մեղադրում: Զանգել է Ռոբերտին, տեսնեիր ինչպես էր ամեն բան շրջած ներկայացնում… Տնից ուղղակի փախա, թե չէ մի բան կտայի գլխով, կսպանեի… Հանդարտվե՞մ… Ես նրա հետ այլևս տանը վայրկյան չեմ մնա: Կամ մենք, կամ՝ ինքը… Մեր զավակը… Եթե նա իսկապես տղամարդ է, պետք է հասկանա. Սոֆին իմ գլխին որ էդ օյինը խաղաց, ուրիշի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում նկուղ կիջնի, կպառկի թփի տակ, մարմնավաճառությամբ կզբաղվի, թե որ արդեն… Սեդա, էլ՝ վե՛րջ: Հետս համամիտ չե՞ս… Նրանից ամեն ինչ սպասելի է… Լավ, սպասող կա, առանց այդ էլ երկար խոսեցինք… Քստմնելի, էն էլ որքան… Ես տուն չեմ գնա, էս կողմերը կթափառեմ, մինչև գաս… Եղավ, Սեդա, եղավ… Եկ… Կջանամ… Առողջությու՞ն… Սրանից հետո ապրելն անիմաստ է… Լավ, լավ… Դու ճիշտ ես. չեմ խոսի… Եկ:

Հեռախոսազանգ երրորդ: -Հայկազ, դու էլի քրեական բաժնու՞մ ես… Տեղափոխել են քաղաքային վարչությու՞ն… Շնորհավորանքներս… Չգիտեի, որտեղի՞ց իմանայի… Ավելի լավ՝ կկարողանաս օգնել... Հիմար պատմության մեջ եմ ընկել: Թե մանկության ընկերս չլինեիր, չէի դիմի… Ճիշտն ասած՝ ուզում եմ մոտդ գալ. ինչ պիտի ասեմ, հեռախոսի բան չէ… Գործուղու՜մ… Քանի՞ օրով… Դե, դա ոչինչ: Լսիր, դու քննիչ Մահտեսյանին ճանաչու՞մ ես… Հա, մեր շրջանի… Ի՜նչ ես ասում: Գործս նրա մոտ է ընկել… Առանձնապես մեծ բան չէ… Ընտանեկան վեճ… Հորս… Հիմա թոշակի է անցել… Ահագին՝ հարյուրից ավել… Ցնդել է, Հայկազ ջան, խելքը գցել… Կատակ չեմ անում՝ ամբողջ կռվշտոցը նրա պատճառով է… Բիձեն կնոջս վրա է աչք դրել… Էլ դու՝ սուս… Ի՜նչ ես ասում, ուրեմն՝ մենք մենակ չենք… Հետո՞, ու՞մ օգտին դատը վճռեցին… Իմը գժի թուղթ չունի… Հիմա, հենց հիմա կպատմեմ, դու մեր դատն արա… Հայկա՞զ… Անջատվե՞ց… Ի՞նչ եղավ, Հայկա՛զ… Դրեք, այ ընկեր… Հայկազ, գծի մեջ մարդ է ընկել… Ախ, հա՜, մյուս հեռախոսով էիր խոսում… Քարտուղարուհի չունե՞ս… Բա լսափողն ո՞վ սկզբում վերցրեց… Հասկացա: Լսիր, դու քանի՞ երեխա ունես, մոռացել եմ… Իմն էլ են երկուսը, միայն թե մերը տղա են… Այնպես որ՝ աղջիկներիդ լավ պահիր, ընկեր, մեկ էլ տեսար՝ խնամի դարձանք…

Գործի՞ց… Լսիր՝ երեկ չէ մյուս օրը կինս… Հա՛, հա՝ Սոֆին, զանգեց գործի տեղը… Կարճ ասեմ՝ նրա բաղնիքում եղած ժամանակ հերս դուռը բացել, մտել է ներս… Հիմա չգիտեմ… Վեճ, խոսակցություն… Սոֆին զանգեց, թե՝ արի: Մինչև տուն հասա, մերս էլ էր եկել… Դարձյալ դպրոցում է… Թոշակ, հա՛, ստանում է, բայց շարունակում է աշխատել: Առանց երեխաների, -ասում է, - չեմ կարող… Ես էլի կնոջս չէի հավատա, եթե հերս իրեն կարգին պահեր… Իմ ներկայությամբ, պատկերացնու՞մ ես, կնոջս ասում է՝ պոռնիկ, պոռնիկի ծնունդ… Դե լավ, էլի, չափ ու սահման կա, չէ՞: Եթե մինչևիսկ Սոֆին է մեղավորը… Այ Հայկազ, ի՞նչ հասկանամ. ամեն մեկը մի բան է ասում: Կնոջս պատմելով՝ հերս է ապակու արանքից նայել, հետո փորձել քանոնով դուռը բացել: Թե որ հորս լսես՝ ինքը կոշիկները մաքրելիս է եղել, երբ Սոֆին, իբր, ներսից կանչել է, բա՝ սիրտս կանգնում է, դուռը բաց… Ես էլ եմ ասում՝ առանձնակի բան չկա, բայց դու մնացածը չգիտես… Դուռը բացելուց հետո կինս ավելի պոչով տվել է հորս գլխին… Երկուսի արարքն էլ մի բան չէ: Թե մերս, թե ես սկզբում ասում էինք՝ հարևան, բարեկամ կա, խոսակցությունը թող մեր չորս պատից դուրս չգա, բայց… Խրվեցինք… Վրաներս գործ է բացվել… Ինձ ասում է՝ դուրս արա. կամ ես, կամ՝ ինքը… Խենթի մեկը… Տեսավ՝ իր խելքին չեմ, հիմա էլ կպավ երկուսիս: Օդն ազատեք, -գլխից դուրս գոռում է: Է, ինչքա՞ն համբերեմ… Կնոջս թևից ընենց քաշեց, քիչ մնաց գլուխը պատին առնի… Բա ո՜նց… Ցնդել է, բան եմ ասում, խելքը լրիվ թռցրել… Մեկ էլ էն տեսա՝ վազեց ննջարան: Մեր տանը պապիցս մնացած դաշույն ու հրացան կա՝ փամփուշտներով… Ատրճանակ էլ. ծառայությունը փոխելուց հետո չհանձնեց: Մեր մանկության տարիներին, երևի, հիշում ես, մեր թաղայինն էր… Հա, հա, էն, որ մի անգամ հետս էի վերցրել… Իրենց սենյակում է պահում՝ պահարանի ետևը… Գոռոցով վազեց ու՝ կսպանեմ, -ասում, -անառակին: Ձեռքը գցեց, որ հրացանը հանի… Բա՛… Հաստառ կկրակեր, եթե թողնեի… Էլ չհամբերեցի՝ ետևից հասա ու մի հատ ուզածիդ պես հասցրի… Էդ անառակ խոսքի վրա… Ճիշտն ասած, չէի սպասում, թե հարվածն էդքան ուժեղ կստացվի… Ուղիղ՝ քիթ-բերանին… Արյունը գցեց… Հայկազ, լսու՞մ ես… Տհաճ պատմություն է, իհարկե: Սակայն, երևակայիր, հիմա որ մտածում եմ, ճիշտ արեցի. միակ ելքը դա էր… Չես պատկերացնի… Չնայած տարիքին՝ ուժը տեղն է, հազիվ էի պահում… Երկուսս էլ հատակին… Սոֆին սփրթնել, միջանցքում մնացել էր… Տեսավ՝ չի կարողանում ազատվել, ձեռքս առավ բերանը… Ամբողջ ուժով կծում է… Մինչև հիմա բինտած է… Կապտել, դհոլ էր դարձել… Էլ դու սուս… Ինչ անում եմ, չի թողնում, սեղմում է, ինչքան ուժը պատի… Ի՞նչ պիտի. մատներս կոխեցի բերանն ու ուժի զոռով ծնոտը բացեցի… Ուրիշ հնար չկար, թողնեի՝ կսպաներ… Ուզում էի փախչել, հեռանալ, բայց վախենում էի ետևիցս հասցնի կրակել, կամ թե՝ խանչալով… Ստիպված մորս ձեն տվի… Մեր տներն էլ, գիտես, չորս սենյակ. մեկում մարդ մորթեն, մյուսում չեն իմանա: Նա էլ, փոխարենը մեզ բաժանի, հատակի փայտը՝ դրանով պատշգամբն էր փայլեցնում, տարավ-բերեց ու՝ մեջքիս… Վաթսունհինգ տարեկան հորդ ծեծու՞մ ես, գազան, -ասում է, -քեզ տղա ասողի… Հասել խփում է, չանգռում… Հորս քարշ տալով մի կերպ բերել եմ միջանցք, հետո նոր Սոֆիին դուռը բացել տվել… Ընթացքում հարևանները հավաքվել, զանգը տալիս էին… Փակը ետ արեց, թե չէ, դուրս թռա… Ժողովուրդ, բռնեք, սպանում է, -ասի… Որ հիշում եմ, մազերս բիզ-բիզ են կանգնում: Կյանքի խնդիր էր. ամոթ-բան մի կողմ էի դրել: Պատկերացրու, հարևանները հացի դանակը հազիվ ձեռից առան… Էդ արանքում ո՜նց հասցրեց խոհանոցից վերցնել… Շարունակությու՞նը…

Դրանից հետո կնոջս հետ դիմեցի ուղիղ քաղմաս, ապա՝ դատական բժշկի… Ձեռքիս համար… Ի՞նչ… Կարծեմ՝ առողջությանը չվնասող մարմնական վերքեր… Ոչի՞նչ… Ինչու՞… Կարիք չկա՞ր… Ես հաստատ համոզված էի, որ հերս իր հերթին կբողոքի. տարբեր պաշտոնների է եղել, ջրից չոր դուրս գալու եղանակները գիտի: Կարծում… Ոչ թե կարծում եմ՝ այդպես էլ եղավ, ու ճիշտը ես էի: Մյուս օրն է իմացա, որ ինքն էլ է դիմել, դատական բշիշկ պահանջել… Իրենը՝ չգիտեմ… Աչքն է ուռել, տակը սևացել… Հա, մի թեթև էլ շրթունքի անկյունն է պատռվել: Երևի ձեռքս ազատելու համար ուժեղ եմ հուպ տվել… Ստացվել է… Եթե լուրջ չլիներ, Հայկազ, քեզ չէի դիմի: Լավ կլիներ, իհարկե, մոտդ գայի, բայց որ հեռախոսով եմ սկսել, մանրամասն պատմեմ, որպեսզի իմանաս: Բացատրություն գրելուց հետո երկու ոստիկան առած ետ եկա: Կհավատա՞ս՝ ատրճանակը չգտնվեց… Դտախազությունից թույլտվությու՞ն… Երևի… Հրացանը հանեցին, բայց որսորդական դուրս եկավ: Դաշույնը, պարզվեց, ժամանակին գրանցել է տվել, իբրև տոհմական հիշատակ, պապերից մնացած ժառանգություն, նվեր… Միակ բանը, ինչից կարելի էր բռնել, ատրճանակի փամփուշտներն էին… Վեց՝ բոլորը մարտական… Ինչ եմ ուզում անե՞լ. ինքս էլ լավ չգիտեմ: Թե բանը նստելուն հասավ, զիջող չեմ: Դպրոց գնացող երեխաներ ունեմ, ջահել կին, կյանքը դեմս է: Հո՞ չեմ խայտառակվելու: Գործի տեղն ի՞նչ կմտածեն… Անհանգստանալու պատճառ չունեմ, թող ինքը վախենա… Կնոջս նկատմամբ բռնաբարության փորձ արե՞լ է - արել է, տանը զենք պահու՞մ է - պահում է… Ինձ ասին, որ փամփուշտն էլ քիչ չէ: Բացի դա՝ որսորդների ընկերության անդամատոմս չունի և հետո՝ իմ բոլոր քայլերն ինքնապաշտպանական նպատակ են հետապնդել… Հա՛, ճիշտ նկատեցիր. երկու օրում հասցրել եմ քրեական օրենսգիրքն անգիր անել… Հո հիմա՞ր չեմ. ես միայն պաշտպանվել եմ, ոչ մի խփել… Նույն բացատրությունը կինս է տվել… Ինչու եմ քեզ դիմու՞մ… Ի՞նչ իմանամ, այ Հայկազ, վախենում եմ. մեկ էլ տեսար գործն ուրիշ բնույթ ստացավ… Եվ հետո՝ մարդկանց չգիտե՞ս, կսկսեն բարոյական բաներ փնտրել մեջը… Քո անելիքը… Մահտեսյանին ասես, որ մի լավ վախեցնի խևին, համոզի, որ դիմումը ետ վերցնի, որովհետև… դատվողն ինքն է լինելու: Ես պատրաստ եմ հաշտվել, եթե ինքը չբողոքի: Վերջին հաշվով հայրս է, Հայկազ: Կարծում եմ ինձ հասկանում ես. Ես ևս որդիական զգացմունքներ ունեմ… Տարիքն էլ… Բայց եթե չհաշտվեց, թող չնեղանա, բանտ չընկնելու համար ամեն բան կանեմ… Գուցե քո օգնության կարիքն իսկապես զգացվի… Կխոսե՞ս… Ե՞րբ, Հայկազ… Գործուղումից գաս, նո՞ր… Ուշ չլինի՞ հանկարծ… Երկու ժամ հետո… Ինքնաթիռո՞վ… Ասում ես՝ առանձնակի փոփոխություններ չեն լինի՞, գործը չեն հանձնի դատարա՞ն… Եղավ, Հայկազ ջան… Շատ լավ… Քեզ բարի ճանապարհ… Մոռացա հարցնել՝ ե՞րբ ես գալու… Քսանհինգի՞ն… Ես կզանգեմ… Ցտեսություն…

Հեռախոսազանգ չորրորդ: -Վերջապես… Քանի օր է զանգում եմ՝ զբաղված, զբաղված… Սիրտս տրաքվեց, հարազատ մեկը չկար, պատմեի… Սոնա, աղջիկս… Ահավոր պատմություն է, լեզուս չի պտտվում… Ո՞վ կհավատար… Տղա՞ն էլ հոր վրա ձեռք բարձրացնի, տեսնվա՞ծ բան է… Չորանար արգանդս, էդ գազանին չծնեի… Թե վրա չհասնեի՝ կսպաներ: Այդքա՞ն էլ անհոգի մարդ… Պատճառը… Մեր տան խառնակիչը չգիտե՞ս ով է: Որտեղի՞ց եկավ կավատը… Այ ցավդ տանեմ, դրա նմանը աշխարհը չի ծնել… Ի՞նչ պատմեմ. բանը բանից անցել է… Ներսումս էնքան եմ պատմել, կռիվ տվել… Մեր աշխատանքի գնալուց հետո Սոֆին, ոչ բարով տաք ջուր տային, մտնում է լողանալու: Հերդ էլ շուկա պիտի գնար, բայց… Բացել է դուռն ու մտել ներս… Հարսի խոսքերն են… Ի՞նչ իմանամ… Թե ջահել լիներ, կհավատայի: Մյուս կողմից… Իգամոլ, որ հիշում եմ… Ժամանակին քույրերիս էլ էր ծուռ աչքով նայում: Գիշերը ցերեկ շինած՝ պահակություն արեցի, որ, բան է, ծոցները չմտնի, սակայն հիմա… Էդ բանին վերջ ենք տվել… Մեր հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել… Հե՞րդ… Այդ մասին խոսել չի ուզում… Իր ասելով՝ Սոֆին հիմարացրել է, սուտի տեղը օգնություն կանչել: Ինքն էլ միամիտ՝ դուռը բացել… Չէ՝ հա. ոչ մի բան… Տականքը… Էդքանից հետո ավելով խփել է հորդ… Ռոբերտն էլ էդ է ասում՝ գայթակղողն ինչու՞ էր ավելով գլխին… Այդպես էլ կա, ճիշտ ես. պարկեշտ է ձևանում… Մի պահ ինքս էլ հավատացի, բայց հիմա… Դու հորդ բերանից հայհոյանք լսած կա՞ս: Միշտ զուսպ, չէիր ասի ոստիկանական համակարգից է: Ուրեմն՝ ի՞նչ աստիճան է վիրավորված, որ իմ ներկայությամբ Սոֆիին պոռնիկ ասի… Ռոբերտը կնոջ փեշը կթողնի՞ որ: Իբր, ախպորդ չգիտես… Խանդում է. ինքնասիրությունը վիրավորվել է… Անտեր մնար էդ հատակը. սատանի մատը, ասես, խառը լինի… Անտեղյակ՝ ինձ համար պարկետն եմ փայլեցնում, դու մի ասի՝ դրանք միջանցքում կռվում են… Աղջի՝ հեչ… Հերդ ասում է, որ միասին ապրելն արդեն անիմաստ է, լավ կլինի իրենց համար տուն վարձեն: Սրանք էլ, թե՝ մենք երեխաներ ունենք, դուրներդ չի գալիս, դուք գնացեք… Ու հասնում են հորդ վրա… Ես դրան զավակ ասողի… Բացատրության մեջ գրել է, թե հերդ ուզում էր հրացանով խփել… Սու՛տ… Թշնամին, օտարը նման բան չէր անի… Ոստիկան բերեց տուն, բա… Տակնուվրա արեցին… Էլ դատական բժշկի գնալ, էլ հազար ու մի պոչով ստեր… Գործ են կազմել… Բա ի՞նչ ես կարծում… Տո՛, դա քննիչներին, ճիշտ ես ասում, փող էլ կտա, որ հորը բանտ դնեն… Տեսնեիր ոնց տարավ հրացանի ու դաշույնի գլխին կանգնեցրեց… Իրեն ուտում էր, որ ատրճանակը չգտան… Ես եմ տասը տարի առաջ աղբի հետ գցել մեքենան… Իր մասին էի մտածում… Չե՞ս հիշում՝ դրել գրպանը, գնացել էր կռիվ անելու: Ասի՝ ջահել է, հանկարծ մի ուրիշ անգամ կտաքանա, մեկին կվնասի… Էդ էլ իմ լավությունը… Այսօրվա օրը կհիշի՞ որ… Տեսնես՝ քո պատճառով ինչ օյիններ է հանում մեր գլխին… Ասում է՝ ամուսնացել է, գնացել, էլ ի՞նչ եք օգնում: Այ տղա, -ասում եմ, - դու լենուբոլ չորս սենյակի մեջ ապրում ես, ամեն ինչդ՝ տեղը տեղին, իսկ էն խեղճերը ոչ տուն ունեն, ոչ աշխատավարձերն է մի բան… Չէ որ չէ՝ չպիտի օգնեք, ամուսին ունի, - թող պահի, -ասում է: Ձուն ի՞նչ է, որ վրայից մեկը վերցնեմ, կնկատի… Էլի՛ տարար, - կասի: Էհ, դու ինձնից լավ գիտես… Հիմա էլ գործ է բացել վրաներս… Էսօր-էգուց դատը լինելու է… Չես հավատու՞մ. խաչը վկա… Էդ անտեր փամփուշտները ո՞նց աչքովս չէին ընկել… Գիտեիր ու չէի՞ր ասում… Տես, է… Դարակում … Գտան, բա ինչ արին… Հերդ չի ապրի, բանտ որ ընկավ՝ վերջ… Դու նրան լավ գիտես. նյարդերն առանց էդ էլ… Կամ ես, կամ՝ նա, -կրկնում ու կրկնում է… Բարսեղ, -ասում եմ, -փաստերը քո օգտին չեն… Լսել չի կամենում… Վախենում եմ կողքից հեռանալ, հանկարծ ու իրեն փորձանքի բերի… Դպրոց՝ չէ… Դիմում եմ գրել… Աշակերտների աչքին այսքանից հետո կարո՞ղ եմ երևալ, ազնվությունից, մարդասիրությունից խոսել… Արմանն ու Արմենը… Եկած պիտի լինեն… Չէ՝ աներոջ տուն են գնացել… Էլ սուս… Գնամ ժողկրթբաժին, խնդրեմ, երեխաների համար ուղեգիր վերցնեմ, իսկ իրենք… Դրանից էն կողմ բա՞ն կա, որ լինի: Ինձ գիտե՞ս ինչ է ասում, թե՝ տները փոխենք երեքի ու մեկի հետ, երեքը՝ մեզ, մեկը՝ ձեզ… Հորդ չեմ ասել. լրիվ կցնորվի… Ասում է՝ միայն էդ դեպքում կներեմ, բանտ չեմ նստեցնի… Պետք չէ, աղջիկս, ի սեր Աստծո… Ինձ որ մնա, ամեն բան կթողնեմ, կգնամ… Մեղքը հերդ է. տեսնես ինչ է դարձել… Ես էլ եմ այդպես կարծում… Ու՞մ խիղճը կգնա այդ տարիքի մարդուն բանտ կոխի… Ով լսում, ամոթանք է տալիս… Էդ կարգի տղային պիտի օրորոցում խեղդած լինեիր, -ասում են… Գնալու եմ ոտքերն ընկնեմ, թող դիմումը ետ առնի… Թաքուն, որ լսեց՝ կսպանի… Թե կարողանաս, դարձյալ դու… Հիմա մենակ ենք, կուզես՝ եկ, վրադ արդեն ֆշշացող չի լինի… Հորդ խղճա, աղջիկս… Թող հաշտվեն… Աշխարհով մեկ խայտառակ եղանք… Կգա՞ս… Իրիկու՞նը… Ամուսնուդ բան չասես, պետք չէ իմանա. ոնց լինի, մի օր երեսովդ կտան, թեև քոնը, գիտեմ, քաղցրարյուն տղա է… Չէ՝ մերի պես… Չունենայի… Սոնա… Էս ի՞նչ էր… Ի՞նչ Կապան… Ընկերուհի, մենք Կապան պատվեր չենք տվել… Դուք դրեք. Ես աղջկաս հետ էի խոսում… Սոնա՛… Անջատեցին… Սոնա…

Հեռախոսազանգ վերջին: -Բարև Ձեզ, քննիչ Մահտեսյանն է, Հայկազ Գուրգենիչ… Կարգադրել էիք, որ զանգեմ… Նույնիսկ չգիտեի… Երեկոյա՞ն եք վերադարձել… Մեր աշխատանքի բնույթն է, ի՞նչ կարող ենք անել… Լսում եմ… Ձեր մանկության ընկերո՞ջ… Անունը… Հոր ու տղայի՞… Այո, այո՛, ինձ էր հանձնարարած… Ինչպես չէ… Ամբողջ քաղաքն է խոսում… Երեքն էլ զուր տեղը մեռան… Հայրը տղային ու հարսին սպանելուց հետո կախվեց… Իսկապե՞ս չգիտեք… Անգամ ինձ են մեղադրում. ավագությունից հանելու հարց է դրված… Չգիտեմ… Զգոնության պակաս՝ չեմ կանխատեսել դեպքերի հետագա ընթացքը… Դե, տեսնու՞մ եք՝ ո՞վ կսպասեր… Ձեզ ե՞րբ է զանգել… Տասնութին… Դրա հաջորդ օրն է բոլորը եղել: Կինը՝ Սոֆին ցանկացել է հաշտեցնել հորն ու տղային… Վախեցել են դատվեն: Ձեր ընկերոջ՝ Ռոբերտի պատմելով, մայրը տղային ցույց է տվել դատաբժշկական հնձնաժողովի եզրակացության պատճենը… Առանձնապես ոչ մի լուրջ բան… Դրանից հետո է հարսը գնացել սկեսրայրի հետ խոսելու… Ալո՛, ալո՛… Ռոբերտը, մյուսները համաձայնել են… Հակառակի պես մայրը՝ Սեդան տանը չի եղել, թե լիներ, երևի հաշտվեին, պրծներ գնար: Չնայած՝ ի՞նչ գիտենաս… Վերջը՝ կինը շատ է ուշացել՝ հավանաբար, երկու ժամ: Անհանգստացած՝ Ռոբերտը փորձել է զանգել: Ասես դիտմամբ՝ հեռախոսներն այդ օրը չեն աշխատել: Մենք ճշտեցինք՝ կաբելը շինարարների մեղքով երկու օր կտրված է մնացել՝ երեք հարյուր զույգ… Հետո տղան գնացել է տուն՝ պարզելու ինչն ինչոց է: Բացատրության մեջ զոքանջը գրել է, որ փեսան շատ անհանգիստ էր… Կարծես թե ամեն ինչ հեռվից հեռու տեսնելիս է եղել… Խանդել է… Անտարկույս… Ձեր զրույցի ժամանակ և՞ս զգացվում էր… Եթե նախքան գնալը զանգեիք, գուցե ինչ-որ բան հասցնեինք կանխել… Կներեք… Թե նրա, թե կնոջ մոտ բանալի կար: Բացել է դուռը և մեծ սենյակում տեսել հորն ու կնոջը համբուրվելիս… Բազմոցին… Սոֆիի բացատրության մեջ այդ մասին թռուցիկ ակնարկ կա՝ ինքը լսել է փականքի ձայնը, սակայն… Երեք օր ապրեց… Հիվանդանոցում… Խոսքը ժապավենին առանք… Թույլ չէին տալիս, բայց ես գլխավոր բժշկին կարողացա համոզել, բացի դա՝ վերջին պահին ինքը ցանկություն հայտնեց… Սկզբում ոչինչ չէր ասում: Հարկադրված՝ վերջին միջոցին դիմեցի: Գուցեև մարդկային չէր, բայց հայտնեցի, որ սկեսրայրը՝ Բարսեղը, կախվել է… Հա.. Ամենավիճելին, խախուտը գործի այդ մասն է: Ձայնագրության մեջ ասված է, որ Ռոբերտը թքել է հոր վրա, ապա՝ ապտակել կնոջը: Սոֆին արդարացել է, թե ստիպված է դիմել այդ քայլին, իբրև վարձատրություն հաշտության… Դրանից հետո ծերունին մոլեգնել է, դաշույնը դարակից հանել ու խրել է հարսի որովայնը… Իմ պրակտիկայում առաջին դեպքն է… Մղձավանջային… Ապա… Ռոբերտը վրա է հասել, որպեսզի ընկնող կնոջը բռնի, այդ պահին հայրը թիկունքից խփել է նաև տղային… Խելագար ասիր ու թողի՞ր… Ամենևին սպասելի չէր: Դուք հարցաքննությունների ժամանակ տեսնեիք՝ այնքան լուրջ, ամեն բան տեղը տեղին… Ի վերջո, վարչության պետ է եղել, ինձնից լավ գիտեք… Ի՞նչ… Բացառված էր, թեև, կարգի համաձայն պոլիկլինիկայի քարտը ստուգել տվի, հարցում արեցինք դիսպանսեր ծառայությանը… Դատական բժի՞շկը… Նրա՞ն ինչ, ձևականության համար գուցե պատժեն… Ամենաշատը՝ նկատողություն, համամիտ եմ… Պահի տակ ամեն բան հնարավոր է… Ձայնագրության այդ մասն անկարելի է անտարբեր ունկնդրել… Բաժնի պետի մոտ է պահվում… Կտան, իհարկե, դուք դրա իրավունքն ունեք… Խփելուց հետո դաշույնի ծայրը դուրս է եկել որովայնից… Ռոբերտը, -ասվում է, - զարմացած մի քանի վայրկյանի չափ շոշափում էր, ասես շեղբի սրությունն ստուգելիս լիներ… Տեղնուտեղը մահացել է… Տասը րոպե հետո սկեսուրը՝ ուսուցչուհին է տուն մտել… Նա էլ մեզ տեղյակ պահեց… Սոֆին արյուն շատ էր կորցրել, կապրեր, եթե դաշույնը երիկամներով անցած չլիներ… Համենայնդեպս՝ երեք օր դիմացավ: Հոր դիակը քսանմեկի առավոտյան գտնվեց: Օրուկես մնացել էր անտառում, որտեղ հեռուստաաշտարակն է… Կախվել էր… Բացառված է… Ուրիշ ոտնահետք, մատնահետք չհայտնաբերվեց… Ծոցագրպանում յոթանասուներկու ռուբլի կար: Սպանողը, եթե թալանելու նպատակով լիներ, կտաներ, բացի դա՝ ժամացույցը… Ոսկյա… Սոֆիի բարեկամնե՞րը… Չէ, աչքերը բաց էին, եթե կախած լինեին, բիբերում կպատճենվեր… ոչ մի հարվածի հետք, միայն ոտքերին չանգռվածքներ կային, ու մի տեղ միսը թեթև կերված էր… Թափառող շների արածն է. վայրենացել են, գայլից չես տարբերի… Հատուկ գրություն է կազմվել՝ հասցեագրված քաղաքային իշխանություններին… Արդեն պատուհաս են դարձել… Հեռուստատեսության աշխատակիցները, մերձակայքի բնակիչները չեն համարձակվում գիշերով տասը քայլ անել… Այդ հարցն է, որ չհասցրինք պարզել… Ճիշտ են ասում՝ մեր աշխատանքում նրբանկատությունը գործին խանգարել միայն կարող է: Սկզբում չհարցրի՝ խնայելով մահամերձին, հետո, ինքներդ եք հասկանում, ուշ էր… Կարծում եմ, նրանց միջև անցյալում նման կապ չի եղել. Միմյանց նկատմամբ գուցե կիրք տածել են, ցանկացել իրար, սակայն սիրային կապ՝ դժվար թե. բաղնիքի պատմությունն էլ դա է ապացուցում… Համբուրվելը, ըստ իս, նրանց մեջ ծնվել է հանկարծաբար… Ատելությունի՞ց… Հետաքրքիր է… Ատելությունը պահի տաք, - ասում եք, - կարող է փոխարկվել կրքի՞… Այդ ուղղությամբ, խոստովանում եմ, երբևէ չեմ մտածել: Համենայնդեպս, մահից առաջ նա սկեսրայրին չէր մեղադրում… Բռնաբարելու փո՞րձ… Դա արդեն հաստատ բացառված է՝ մանրակրկիտ զննություն է գնացել… Երեխաների հարցը… Անշուշտ, դժվար կլինի նրանց համար: Միակ լուսավոր կետն այս պատմության մեջ այն է, որ տատը երեխաներին բերել է տուն, ստանձնել խնամքը: Փեսան ու աղջիկը ևս հետներն են ապրելու: Նրանք երեխա չունեն… Ինչ խոսք, դա մի կողմից լավ է. սրտները տաք կլինի փոքրիկների վրա, ծնողի դեր կկատարեն… Ի՞նչ… Եթե դեպքերը նման ընթացք չստանային… Ռոբերտի անհանգստությունն անտեղի էր. նրա արարքում պատժելի ոչինչ չկար… Ինքնապաշտպանության փաստարկը լիուլի բավարար էր, թեև մյուս կողմից՝ տարիքի խնդիր կար… Հայրը վաթսուհինգ տարեկան էր, ինքը՝ քառասուն, կարող էր հեշտությամբ վնասազերծել: Սակայն, չեմ կարծում դա որոշիչ նշանակություն ունենար… Հոր հարցն ուրիշ… Փամփուշտները մարտական էին, հետո՝ հիմնավոր բացատրություն չէր տալիս, թե ինչ է արել անվանական պարգևատրում-ատրճանակը: Սոֆիի բացատրությունն իր հերթին… Բայց թե՝ հավանաբար, դատարանը գոհանար թեթևակի պատժով՝ հարգելով տարիքը, պատերազմին մասնակցությունը, համակարգին ծառայությունները… Բոլոր դեպքերում՝ բանը բանտային ռեժիմի չէր հասնի, սյնպես որ… Եթե միայն գիտենայինք… Թեկուզև ի պաշտոնե իրավունք չունեի, կբացեի խաղաթղթերը, կասեի, որ վտանգ չկա… Հիմա՞… Գործն օրենքի համար, ինքներդ հասկանում եք, այլևս հետաքրքրություն չի ներկայացնում… Բարոյական կողմը… Թերևս, դա հոգեբանների, սոցիոլոգների բնագավառն է… Ի՜նչ եք ասում, շնորհակալության հարկ չկա… Հայկազ Գուրգենիչ, համարձակությանս համար կներեք, ես սա… ոչ ի պաշտոնե… Ի՞նչ պետք է խնդրեիք, եթե ձեր ընկերը… Ինքներդ էլ չգիտե՞ք… Այո, թե որ կենդանի լինեին, ավագությանս հարցը ևս վտանգի տակ չէր դրվի… Ձեզ դիմե՞մ… Շնորհակալություն, Հայկազ Գուրգենիչ, դուք շատ բարի եք… Փոքրիկ, աննշան իրադարձությունները… Ճիշտ եք ասում… Ու՞մ կյանքը, եթե հատվածների, մասերի բաժանես, չի դառնա մանրիկ, առօրյա դեպքերի շարան, որոնք, սակայն, ճակատագիր են վճռում… Ցտեսություն… Այո՛, բումերանգի օրենքը…


    

Թ Ա Ղ ՈՒ Մ

Նվագողներն ուշանում էին: Ինչպես հետո պարզվեց, շփոթել էին դարպասն ու գերեզմանոցի հակառակ ծայրը գնացել: Իսկ անձրևն ուր որ է թափվելու էր: Դիակը շրջապատած բարեկամները լռում էին, թաղման արարողությունն ուսերին առած մոտիկներն անհանգիստ՝ ժամացույցին հայացք գցում, երկնքին, մի ոտքից տեղափոխվում մյուսը: Ով հեռու էր՝ սոսկ պարտք կատարելու համար եկած, անորոշության մեջ չգիտեր բռնելիք դիրքը: Լուռ էր և գերեզմանափորը: Հողաթմբին կանգնած՝ անկաշկանդ կեցվածքով սպասում էր իր ժամին: Կողքին պարանն էր, որով պիտի դագաղը փոսն իջեցնեին, քիչ հեռվում՝ երկու սուրծայր և երեք լայնբերան բահ՝ բոլորը գործածությունից ողորկ կոթերով: Մի քանի աներես ճանճ շարունակ պտտվում էին հեռացողի գլխավերևում: Թմբին ծնկած աղջիկը հա քշում էր, փորձում հեռացնել, բայց մեկին չթռցրած՝ մյուսն էր նստում: Տարված խաղով՝ նա մոռացել էր հանգուցյալին, անջրպետվել աշխարհից: Հանկարծ, թե ինչ անցավ մտքով, երևակայությունն ինչ պատկեր գծեց, սկզբում հանգիստ, նախադասության ավարտին՝ ողբաձայն ասաց.

-Իմ մաքրասեր մայրիկ, այստեղ ո՞նց ես ապրելու:

Մահացածի հավանաբար քույրը, որ տարիքով կին էր և վշտից, հոգնությունից ուժասպառ՝ հողին փլվել, ննջում էր, ցնցվեց, ավելի անբնական բարձր նոտա վերցրած՝ ձայնակցեց քրոջ դստերը, սակայն ոչ երկար. Ձայնը քիչ-քիչ իջավ, այնուհետ միայն հոգոցներ լսվեցին, վերջում դա էլ չկար, դագաղին կռթնած մարմինն էր թեթևակի տարուբերվում: Եթե իրադարձությունները նույն հունով ընթանային, նրա փափլիկ մարմինը հաստատապես քուն կմտներ, որքան էլ միտքն ընդվզեր, չկամենար: Աղջիկը նույնպես դադար տվեց: Առաջին անգամ լինելով՝ նա լավ չէր պատկերացնում իր դերը: Մի պահ, օրինակ, չթաքցրած զարմանքով հայացքը սահեցրեց հավաքվածների վրայով, կարծես ծանոթներ փնտրելիս լիներ, հետո կողքին կանգնած եղբորն ինչ-որ բան հարցրեց, սակայն պատասխան չստանալով՝ այս անգամ սկսեց քաշքշել մեխակի արնագույն թերթերը, խաղալ հանգուցյալի գլխատակի ժանեկազարդ ծածկոցի ծոփքերի հետ:

Հարավում ամպերը որոտացին, երկինքն ավելի մթնդեց, նոր ելած քամին թուղթ էր թռցնում: Ի վերջո հարազատներից մեկի նյարդերը չդիմացան, ու նա մեքենան գործի գցելով՝ գնաց նվագախմբի ետևից: Հանգուցյալի ամուսինը՝ յոթանասունամյա կարճլիկ մի ծերուկ, քիթը թաշկինակում պինդ-պինդ, հիմնավոր մաքրելուց հետո ծխախոտ վառեց: Տղան հետևեց հորը: Մյուսները, ասես, դրան էին սպասում, սկսեցին կիսաձայն զրուցել, մի քանի կին անձրևանոց հանելու մտադրանքով ձեռքերը պայուսակները տարան: Գերեզմանափորն անվրդով, տիրակալ շարժումով բան հասկացրեց պատի տակ կանգնած մարդկանց: Նրանցից երկուսը խմբից զատվելով՝ առաջացան: Նվագածուներ էին: Սկզբից ևեթ այդտեղ էին, թե նոր եկան, հայտնի չէր: Դուդուկի ու զուռնայի մեղեդին արցունք կորզելու իմաստով փողայինի համեմատ առավել շահեկան է: Դիակի շուրջ խմբված կանայք աշխուժացան, ամուսինը շպրտեց նոր վառած ծխախոտը, տղան ավելի խոր քաշեց ծուխը: Ուրիշ լացողներ չեղան:

Այդ պահին էլ տեղ հասած «Երազից» իջավ նվագախումբը և, երաժշտության ձայն լսելով, մոլոր շարվեց մեքենայի առաջ:

-Գնացեք, չերևաք, -զայրացկոտ նետեց հուղարկավորության կազմակերպիչներից մեկը: -Էլ պետք չեք:

Նրանք մեկմեկու երեսի նայեցին, սաքսաֆոնահարին, որը, երևի թե, գլխավորն էր, վայրկենաբար տվին-առան, համեմատեցին գնալու դեպքում կրելիք վնասը՝ գլուխներն անախորժությունից, բացառված չէ՝ ծեծից պրծացնելու շահի հետ ու, դիմացինի զայրույթի չափը մեկ անգամ ևս որոշելուց, իրենց հացը գերեզմանոցում վաստակողների անգրավ գործիքների հանդեպ սեփական գերազանցությունը գիտակցողի կեցվածք ընդունած՝ լցվեցին ավտոն: Մինչ այդ եկավ նաև վերջիններիս գտնելու գնացած մեքենան:

Կարկտաբեր ամպերը պարտադրում էին կարճել արարողությունը: Վաղորոք պատրաստած մահախոսականը խիստ կարճ հնչեց, հեռագրերը չընթերցվեցին, ուշագնացություն, սրտաճմլիկ ողբեր չեղան: Ասպարեզն այնուհետ տրամադրվեց գերեզմանափորին: Մինչ տղամարդիկ կմոտենային, նա խրձելով մի կողմ տարավ ծաղիկները, հանեց հանգուցյալի գլխատակի բարձը, դագաղի եզրերից դուրս մնացած մետաքսաշորի ծայրերը կոկեց, չգիտես որտեղից խեժաբույրը վրան տախտակ բերեց, ինչին հողը ոտքի հետ ցած չթափելու համար տղամադիկ կանգնեցին: Այնուհետ պարանն անցկացվեց դագաղի տակով, և բոլորը միասին, մեկմեկու խորհուրդ տալով, օգնելով, թոկը թուլացնել-ձգելով, հավասարակշռություն պահելով՝ հանգուցյալին համերաշխ վերջին հանգրվանն իջեցրին: Ամեն բան ավելի հարթ, հանդարտ կընթանար, եթե եղանակը չխանգարեր: Բայց էլի վատ չէր, գոհ էին բոլորը:

Անձրևի առաջին կաթիլների հետ առաջին բուռ հողը վախվորած ընկավ կափարիչին, հարազատներին հետևեցին մոտիկ-հեռու բարեկամները, ով ավանդապահ էր, ապա գործի դրվեցին բահերը: Ամպերը դարձյալ որոտացին, անձրևն ուժգնացավ, փոխվեց մանրահատիկ կարկտի: Տղամարդիկ ավելի եռանդուն բանեցին, անձրևանոցներ հայտնվեցին, մյուսները, ամոթ-բան կողմ դրած, փախան: Վերջապես փոսը լցվեց, հողի ավելցուկը թմբեցին, մեջտեղ եկան տեսքը կորցրած ծաղիկներն ու ծաղկեփնջերը, պսակները, ուտեստի զամբյուղը, շշերն ու բաժակները: Կարգ էր, ապահովվեց, ինչից հետո բոլորը վազեվազ լցվեցին մեքենաները:

Իսկ թե ճանճերն ինչ եղան, չիմացվեց:


    

ՀԱՅԵԼԻՆ

Վահրամը վերջին իրերն էր խցկում ճամպրուկը: Մնացել էր հայելին՝ էժանագին, մեկ ռուբլի արժողությամբ, որը գնել էր առողջարանային քաղաք գալու հաջորդ օրը, և երեք կենվորն էլ հավասար օգտվում էին: Գնել էին միասին, բայց փողը տվել էր Վահրամը, ու հիմա, երբ եկել էր գնալու ժամանակը, չգիտեր՝ վերցնի, թե՞ թողնի: Մյուս երկուսն իրենից մի քանի օր ուշ էին մեկնելու: Հայելին նրանց դեռ պետք էր գալու: Եղածը մի բան չէր, ինքը թքած ուներ մեկ ռուբլու վրա, բայց, դե, հայելի էր, էլի, գուցե ուրիշ անգամ ևս պետք գար: Բացի դա, ի՛ր հայելին էր: Ի՞նչ անենք, որ միասին էին գնել, փողը, հո, ի՞նքը տվեց: Թե որ այդքան առատաձեռն էին, թող առաջինը ձեռքները գրպանները տանեին: Թե չէ՝ սպասում էին: Այդպես էլ կա: Դիտմամբ ձգձգեցին, այնքան, մինչև ինքը փողը տար: Հետո նոր, երբ հանել էր ռուբլիանոցը, հիշեցին, որ ոչ մի վաճառող ձրի ապրանք չի տալիս:

Հիմա էլ, կարծում են՝ միամիտ է: Պառկել են, անխռով տեսք ընդունել, մինչդեռ համոզված է, սրտերը տրոփում են, ու մի հարց է հուզում՝ Վահրամը հայելին կվերցնի՞: Աչքի պոչով էլ հետևում են, կարծում են՝ չի նկատում:

Եվգենի Պավլովիչ, ասա մեծ մարդ ես, կարգին պաշտոն ունես, քո ինչի՞ն է պետք ռուբլիանոց հայելին: Ամոթ չէ՞, սուտ քուն ես մտել, թերթով էլ ծածկել ես դեմքդ: «Литературная газета» կարդացողը նման մանր հարցերին ուշադրություն կդարձնի՞: Ամոթ է, ամոթ: Կթողնեմ, հաստատ եմ ասում: Դրա եղա՞ծն ինչ է: Ոչինչ, մյուս տարի, որ կենդանի մնացի ու դարձյալ առողջարան եկա, նորը կառնեմ:

Պակասը մյուսը չէ: Յուրկա, երիտասարդին վայե՞լ է: Մի ամիս առողջարանում մնացիր, ողջ օրը մազերդ պլպլացրած աղջիկների ետքից էիր վազում, կողքից նայողը կասեր՝ կարգին տղա ես: Ընկած-ելածն աչքն ուրիշի ապրանքին կգցի՞: Դա ի՞նչ սովորություն է, չեմ հասկանում: Հիմա որ վերցնեմ, դնեմ պայուսակս, ի՞նչ կանես, ինչպե՞ս պիտի մազերդ սղալես, հը՞: Դու չէի՞ր ինձ և Եվգենի Պավլովիչին ասողը, թե՝ ոչ զուգարանում հայելի կա, ոչ միջանցքում: Այդքանն իմանալով հանդերձ, խանութում ինչու՞ ձեռքդ չտարար գրպանդ ու չհանեցիր փողը: Կարծում ես գլխի չընկա՞, որ ժամանակ շահելու համար էիր թաշկինակով երկար-բարակ մաքրում քիթդ: Եթե այդպես է, հիմա ինչի՞ վրա ես դրել հույսդ: Ինչու՞ թողնեմ, որ հետո ասես՝ միամիտ է, հա՞: Որ իմանամ չունես՝ ուրիշ: Ինչու՞ աղջիկների վրա ծախսելու փող գտնում ես, հայելու համար՝ չէ: Չունե՞ս, թող ուղարկեն: Ամբողջ օրը պարծենում ես՝ սա ունենք, նա ունենք, հայրս այստեղ է աշխատում, զահրումար է անում: Լավ մարդ որ լիներ, քեզ նման փսլնքոտին այստեղ չէր ուղարկի:

Վահրամը նայեց ժամացույցին: Ինքնաթիռի թռչելուն մնում էր երեք ժամ: Տասնհինգ րոպեից կժամանի տաքսին: Դեռ պետք է ցտեսություն ասի հերթապահ բժշկին, բուժքրոջը: Լավ է, անկողինն առավոտյան հանձնեց: Ինչևէ, հարկավոր է որոշում կայացնել: Ձեր հերն էլ անիծած: Գոնե ձայն հանեք, ասեք՝ Վահրամ Արտաշեսովիչ /հայրանունը ձեզ մնա, Վահրամ ասեք/, չմոռանաս հայելին ճամպրուկը դնել: Հեչ կասե՞ն: Բերանները ջուր են առել, լռել: «Литературка» ընթերցողիս տե՜ս, ման եկողիս մտի՜կ:

Նա ձեռքը տարավ հայելուն, հետո կեսճամփին կանգ առավ: Լացն ուղղակի գալիս էր: Ճիշտը որ խոսենք, վատ մարդիկ չեն: Առողջարանում ձանձրույթից կմեռներ, եթե Ժենյան ու Յուրկան չլինեին: Կարգին ընկերություն էին անում: Վերջին պահին ի՞նչ եղավ: Գրողի ծոցը գնա հայելին: Եղածը մի ռուբլի չէ՞, արժե՞ դրա համար սուգ կապել: Բայց հարցը դրամը չէ․ լավ ընկերոջ համար ինքը պատրաստ է ամեն բանի…

Դուռը թակեցին. հերթապահ քույրն էր:

-Արդե՞ն:

-Այո, տաքսին ներքևում սպասում է:

Վահրամը կտրուկ շարժումով վերցնելով հայելին՝ արագ-արագ փաթաթեց վերնաշապկով և դրեց ճամպրուկը: Վե՛րջ: Հիմա կարող է ճամփա ընկնել:

Մինչ այդ Ժենյան, Յուրկան ոտքի էին կանգնել:

-Դե, գնացի, Եվգենի Պավլովիչ:

-Բարի ճանապարհ, Վահրամ, թե բան է, մեր կողմերը եկար, չմոռանաս զանգահարել:

-Կզանգեմ, հանգիստ մնա, Ժենյա, անպայման:

Չէ, հայելին իզուր վերցրեց: Տխմար է ինքը, ավանակ: Եղածը մի բան չէր, բայց խայտառակ եղավ: Ի՞նչ կմտածեն իր մասին:

-Գնում եք, էլի, Վահրամ Արտաշեսովիչ, մեզ լքում եք, -Յուրկան էր:

-Հա, Յուրկա, այդպես է ստացվում:

-Բարի ճանապարհ, Վահրամ Արտաշեսովիչ:

Հուզվել էր: Գիտեր՝ Յուրկան սրտանց է ասում: Անմիջական է: Այդպիսիք, ճիշտ է, այնքան էլ խորք չունեն, բայց հաջողությունը նմաններին միշտ գտնում է: Ոչ թե իր պես՝ հայելիս, հա հայելիս: Կարծես կով լիներ, ոչ թե գրոշների ապրանք: Խայտառակություն, այլ կերպ չես բնութագրի:

-Յուրկա, տես, հարսանիքիդ չմոռանաս ինձ ու Վահրամին հրավիրել, -կոշկաթելերը կապելով՝ հուշեց Ժենյան:

-Ճիշտ, եթե հեռագիր տամ, կգա՞ք, Վահրամ Արտաշեսովիչ:

-Սիրով, Յուրկա, -խռովքի մեջ պատասխանեց:

--Բան չմոռացա՞ր, մեկ անգամ ևս նայիր:

Ժենյան էր: Չլինի՞ պահն ընտրելով՝ խայթեց: Վահրամը թուլություն և սրտխառնուքի պես բան զգաց: Յուրկան գետնից կտրեց ճամպրուկը:

-Պետք չէ, ինքս: Դուք սենյակից մի ելեք, -շփոթված՝ ասաց:

-Չեղավ, չեղավ, Վահրամ Արտաշեսովիչ, ինչպե՞ս թե: Մեկ ամիս է միասին ենք, -նա ճամպրուկն ուսած՝ աստիճաններով թեթևաքայլ իջավ:

Ժենյան ու Վահրամը հետևեցին: Բարակ անձրև էր մաղում: Տաքսու վրա հատիկ-հատիկ շարվել էին կաթիլները: Սոճիներն անգամ կուչ էին եկել անձրևի տակ: Սանդղահարթակին կանգած բուժքույրը ձեռքը մեկնելով Վահրամին՝ ժպտաց.

-Մյուս տարի նույնպես եկեք, Վահրամ Արտաշեսովիչ, միայն թե ամռանը: Ամառը մեզ մոտ հրաշալի է:

-Անշուշտ, անշուշտ: Աշնանն էլ վատ չէ, երախտապարտ եմ բոլորիդ: Իմ գոհությունը փոխանցեք հերթապահ բժշկին:

-Անհոգ մնացեք, Վահրամ Արտաշեսովիչ: Նա հիմա մյուս մասնաշենքում է, անպայման կասեմ:

Վարորդը մատնացույց արեց ետևի նստարանը: Յուրկան ճամպրուկը խցկելուց հետո ճարպիկ շարժումով փակեց դուռը: Վահրամը կրկին սեղմեց ճանապարհող տղամարդկանց ձեռքերը, գլխի շարժումով ցտեսություն ասաց բուժքրոջն ու բացեց վարորդի կողքի դուռը: Մեքենայում բենզինի թեթև հոտ էր կանգնած:

-Դուռը լավ չծածկեցիք, -նկատեց վարորդն ու ձգվեց, որպեսզի փակի:

Յուրկան վրա հասավ, բացեց և սահուն, մի տեսակ լողացող շարժումով հրեց: Դուռը շրխկոցով փակվեց:

Ոլորանին չհասած՝ Վահրամը շրջվեց: Բուժքույրը, Ժենյան ներս էին գնացել, Յուրկան մուտքի խսրին կոշիկներն էր ցեխից մաքրում: Ահա, նա ևս մտավ: Հիմա կանցնի միջանցքով, կբարձրանա երրորդ հարկ /ձախից երկրորդն իրենց սենյակի դուռն է/, կբացի, կմտնի, կհանի սանրը…

Վահրամը կուչ եկավ նստարանին: Դառնություն կար սրտում: Ամեն բան կտար, որ հայելին վերցրած ճլիներ: Ինչի՞ն էր պետք: Հարամվեց ամբողջ հանգիստը: Տես, թե կարճամտությունն ուր կարող է հասցնել մարդուն: Ի՞նչ կմտածեն իր մասին: Կասեն՝ мелочный մարդ էր:

Նա տնքաց: Վարորդը կողքանց նայեց ուղևորին: Վահրամը չնկատեց. մտովի առողջարանում էր: Յուրկան հիմա դես-դեն ընկած հայելին է փնտրում, ապա կհարցնի Ժենյային: Հետո՞: Հետո նրանք գլխի կընկնեն, որ ինքը տարել է: Թյու՛, քեզ մարդ ասողի, Վահրամ: Եթե մինչևիսկ հարյուր ռուբլիանոց լիներ, իրավունք չունեիր: Բա դու հայ չե՞ս, վերցնես ու այդքան հեշտ պատիվդ գետնով տա՞ս: Ազգուտակդ խայտառակեցիր: Ինչու՞ Յալթայից Սիմֆերոպոլ տաքսի կվարձես, բայց հայելին ի՞նչ է, ափսոսացիր թողնել: Կարող էիր տրոլեյբուսով գնալ, ճի՞շտ է: Մինչև օդանավակայան հասցնում է: Երկուսի փոխարեն քսան ռուբլու ծախսի տակ մտար, ասա՝ ինչու՞: Պատասխանեմ՝ որ չասեն փող չունի, տրոլեյբուսով է գնում: Ապրես, լավ արեցիր, բայց թե տաքսու գումարով քանի՞ հայելի կառնեիր: Քսան, ճի՞շտ է: Էհ, Վահրամ Հովակիմյան, ուշ ես գլխի ընկնում, ու՛շ:

Լավ, հանդարտվիր, ոչինչ էլ չի պատահել: Քոնն էր, վերցրիր, հապա ինչպե՞ս: Հո չէի՞ր թողնի: Տղաներին չգիտե՞ս, կվազեին ետքիցդ, հայելին կտային՝ զոռով, կստիպեին, ու ավելի անհարմար վիճակի մեջ կընկնեիր:

Չէ, Վահրամ, իզուր արդարացուցիչ հանգամանքներ մի փնտրիր: Թքել ես, տեր կանգնիր: Միասին էիք գնել, ուրեմն՝ վերջ: Ի՞նչ անենք, թե դրամը դու էիր տվել: Իսկ երբ նրանք իրիկունները քեզ համար կինոյի տոմս էին վերցնում, հե՞չ: Իսկ երբ քաղաքից առողջարան դառնալիս տաքսի էիք բռնու՞մ: Դարձյա՞լ հեչ: Ի՞նչ: Ընկերության մեջ չգիտե՞ս, որ փողը հաշիվ չէ: Ճիշտ է, դու ավելի հաճախ էիր վճարում, ոչ ոք չի կարող ժխտել, բայց հանկարծ ի՞նչ եղավ քեզ, մեր տղա: Բախտդ բերել էր, կարգին մարդկանց էիր հանդիպել, ինչու՞ ամեն բան ջուրը լցրիր: Չամաչեցի՞ր, նրանք ո՞ր օրվա աչքն ուրիշի ունեցածի վրա գցող էին: Աշխարհում մեղք չմնաց, նրանց վրա բարդեցիր: Հայելուս են աչք դրել… Չէ մի՝ պոզեր: Այդպես չի կարելի, հարգելիս: Սովորիր մարդկանց մեջ տեսնել ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ՝ ինչ կա: Թե չէ՝ թունավորեցիր հոգիդ, նրանցն էլ հետը:

Ինչ ուզում է լինի, հետ է ուղարկելու: Մի բան կհորինի, կգրի, որ պատահաբար է հայտնվել ճամպրուկում: Չեն հավատա՞: Կհավատան: Նրանք կարգին մարդ են, ոչ իր պես: Բայց, դե, մինչև ուղարկի, մինչև դես, մինչև դեն, գնացած կլինեն: Երկու օր անց Պավլովիչն է մեկնում, մեկ օր հետո՝ Յուրկան: Խրվեցիր, Վահրամ: Ով՝ ով, բայց դու այդ մարդը չէիր, ի՞նչ պատահեց, ի՞նչ սատանա մտավ մեջդ: Հասնի, թե չէ, կհանի հայելին, կտա ասֆալտին, ջարդուփշուր կանի: Մեկ է, սիրտը հանդարտեցնելու այլ միջոց չունի:

Մութն ընկել էր, երբ հասավ Սիմֆերոպոլ: Օդակայանում հազարավոր ուղևորներ խռնվել էին իրար: Ճամփի միօրինակությունից, թրջված, լռիկ անտառից հետո անսովոր էին աղմուկը, հրմշտոցը, լույսերի առատությունը: Բարձրախոսն առանց ընդմիջման ազդարարում էր հերթական չվերթի ուշացումը. եղանակը թռիչքային չէր:

Ժամանակ մեռցնելու համար մտավ ռեստորան: Ազատ տեղեր չկային: Մատուցողը սեղաններից մեկի մոտ աթոռ ավելացրեց: Նրա պատրաստակամությունը Վահրամին դուր չեկավ. պարզ էր մտքինն ինչ է: Տապակա պատվիրեց, հարյուր գրամ կոնյակ և սուրճ:

Ե՞րբ պիտի Երևան հասնի - մի բաժակ կարգին սուրճ կըմպի: Եղածն ի՞նչ է, պատրաստել չգիտեն: Նոթերը կախ նստել էր: Դիմացի երիտասարդ զույգը գեղգեղում էր: Մյուս երկուսը Միջին Ասիայի կողմերից էին: Տղամարդը հիսունին մոտ էր՝ գեր, կախ ընկած կզակով: Լկտի հայացք էր գցում սիրունիկ աղջկա ուղղությամբ, հետո ժամանակ առ ժամանակ մտաբերելով, որ կողքին իր կինն է, ատամների արանքից ինչ-որ բառ էր նետում՝ շարունակելով մտովի մերկացնել դիմացը նստածին: Երիտասարդը, զրույցով տարված, չէր նկատում, մինչդեռ ընկերուհին ակնհայտորեն նեղվում էր ու, որպեսզի պաշտպանվի ցանկասեր հայացքից, ցուցադրաբար ժպտում էր տղային՝ այդ կերպ հավաստելով իր հավատարմությունը:

Կոնյակը բերեցին: Կեսը մի ումպով խմեց: Լցրեց մնացածը: Հաստակզակն օշարակ առաջարկեց:

-Շնորհակալություն, -չոր մերժեց:

Նյարդայնացել էր: Եթե քիչ էլ մնար, վախենում էր նյարդերը տեղի տան: Շուն-շանորդի, մարդ եղիր: Կողքիդ կինդ է նստած:

Խմեց մնացյալ կոնյակը, հետո, ներքին լարվածությանը չդիմանալով՝ տասը ռուբլիանոցը դրեց սեղանին, վերցրեց ճամպրուկն ու ելավ:

Սրահներում նստելու տեղ բնավ չկար: Ոմանք ննջում էին, մի քանիսը տեղ էին զբաղեցրել պատուհանագոգերին, պառկել ոտքից հեռու խորշերում: Վահրամը, քանի որ թռիչքն ուշանում էր, վճռեց ճամպրուկը տեղավորել պահախցում: Այդ պահին էլ հիշեց հայելին: Հարկավոր է դեն շպրտել: Որոշեց մտնել զուգարան. Ավելի հարմար տեղ չկար:

Նախասրահը լեցուն էր: Ծխախոտի ծուխը, դառնահոտը բռնել էին օդը: Մի անկյունում էժանագին գինի էին խմում: Երկմտեց, չգիտեր ուր դնի ճամպրուկը. հատակը կեղտոտ էր, թքոտած: Ստիպված հենեց կոշիկներին, շղթան ետ տանելով՝ հանեց վերնաշապկում փաթաթած հայելին, զգուշորեն բացելուց հետո վարանքոտ շուրջը նայեց: Քիչ այն կողմ մեկը սափրվում էր: Կոտրած, տեսքը կորցրած հայելու կտորը հենել ջեռուցման մարտկոցին, համբերատար քերթում էր դեմքը:

Սրանից հարմար չկա: Կտամ, կպրծնեմ:

-Առ, սափրվիր:

Օտարականը վերցրեց պարզած հայելին, ուշադիր տնտղելուց, շուռումուռ տալուց հետո հենելով մարտկոցին՝ ժպտաց:

-Չծխե՞նք, -առաջարկեց մարդը:

Վահրամը հանեց ծխախոտի չբացած տուփը:

-Օհո՛, ձերն ի՞նչ ծխախոտ է:

-Հայկական՝ Արին Բերդ:

-Երևում է, լավն է: Մեկը կարելի՞ է:

-Կարելի է, խնդրեմ: Տուփը քեզ վերցրու, էլի ունեմ:

Մարդը գնահատող հայացքով տուփը զննելուց հետո գրպանը դրեց:

-Կտանեմ տուն, ափսոս է, չեմ բացի: Շնորհակալություն, այ թե կինս կուրախանա:

Նա գրպանից հանելով ճմռթված «Դիմոկի» տուփը՝ ծխախոտ վառեց: Վահրամը ճամպրուկից նորը հանեց: Ծխող չէր: Հենց այնպես օրը մի քանիսը հավեսի համար կպցնում էր՝ առանց ծուխը ներս քաշելու: Հետը բոլ-բոլ տարել էր, մեծ մասն այլոց տվեց, մի քանիսը դեռ մնում էին:

-Սրանից ծխիր, համեմատաբար անվնաս է, -ու բաց տուփը դեմ արեց:

Մարդը մեկ անգամ ևս ծուխը ներս քաշելով՝ այրվող ծխախոտը շպրտեց ոտքերի տակ և, երկարելով ձեռքը, նորը վերցրեց:

-Ֆիլտրո՞վ է:

-Այո, էլի վերցրու:

-Չէ, շնորհակալ եմ, -հրաժարվեց մարդը:

Մի բանով հատուցելու համար չրթացնելով լուցկին՝ օգնեց, որպեսզի Վահրամը կպցնի, հետո իրենը վառելով՝ ներս քաշեց ծուխը, փչեց այրվող ծայրին:

-Իրոք լավն է: Վրացի՞ ես:

-Հայ եմ՝ Երևանից:

-Ճիշտ որ, գլխի չընկա: Ծխախոտն ասիր ինչպես է կոչվու՞մ, -հարցրեց ու, չսպասելով պատասխանին, գրպանից հանեց չբացած տուփը:

-Արին Բերդ:

-Արին Բե՞րդ: Դա ի՞նչ է:

-Բլուր է, գագաթին՝ Էրեբունի-Երևան ամրոցի ավերակները:

-Ճի՞շտ է, որ Երևանը հին քաղաք է:

-Ավելի հներն էլ ունենք:

-Ինչքա՞ն հին, Նովգորոդի՞ց էլ:

-Հա:

-Ծը՛, ծը՛: Այ թե բան ասիր, -մարդն օրորեց գլուխը:

Վահրամն սկսեց ձանձրանալ:

-Դե, դու շարունակիր սափրվել, ես գնամ:

-Սպասիր, ես՝ հիմա: Գուցե վերջացնելուց հետո գնանք հարյուր-հարյուր գցե՞նք՝ կիսովի, տեղը գիտեմ:

Վահրամը ժպտաց.

-Չէ, ես այդպես սովոր չեմ: Բացի դա, ուշանում եմ: Զգացված եմ:

Լավ էր, շուտ դուրս եկավ: Ականջին հասավ բարձրախոսի ձայնը, որն ազդարարում էր՝

-Սկսվում է Սիմֆերոպոլ-Երևան երթուղու ինքնաթիռի ուղևորների հաշվառումը:

Անձրևը դադարել էր:


    

ՊՈՍԵՅԴՈՆԻ ԵՌԱԺԱՆԻՆ

Ծովափ գալու երրորդ օրն էր, բայց Արմենը դեռ աղջիկ չէր «բռնել»: Եվ հույս էլ չկար: Մորից հարյուր հիսուն ռուբլի խնդրեց ու ընկերոջ՝ Դերենիկի հետ եկավ հանգստանալու: Սուտ, ի՞նչ հանգստանալ, ի՞նչ բան: Եկել էին «ձուկ» որսալու: Դերոյի հաշով, իսկը ժամանակն էր: Դպրոցն ավարտել էին: Ինքն ընդունելության քննությունների խութերը հաջողությամբ հաղթահարեց, ընկերը՝ չէ. հենց առաջին քննությանը դեմ առավ: Բայց նրան ի՞նչ կա. համոզեց ծնողներին, թե՝ հոգնած եմ, սա եմ, նա եմ, վերջը՝ երեք հարյուր կլպեց, հարյուրի չափ էլ դեսուդենից ուներ պահած: Ինքը՝ քիչ, մեկ շաբաթ էր մնալու, Դերոն՝ մինչև փողերը պրծնեն:

-Աղջիկներ՝ ինչքան ասես, -ասում էր Դերոն, խոսքն առավել համոզիչ դարձնելու համար, ձեռքով ցույց տալիս կոկորդը, -մինչև այստեղ: Կթափվեն վրադ, չես իմանա, որի հետ ման գաս:

Ուրիշներից էլ էր լսել: Հավաքվում էին պատի տակ, թառում ճաղաշարին, դասամիջոցներին գլուխ գլխի կուտակվում զուգարաններում, թաքուն ծխախոտ վառում՝ սկսելով փչոցները՝ սրան խոսեցրի, նրանից խոսք առա, ամսի այսինչ օրը ժամադրված եմ և այդ կարգի զանազան ստեր՝ հարյուր պոչանի, հազարագլուխ: Ծովափում եղածներն է, հո, քար քարի վրա չէին թողնում: Ամեն մեկը մի Դոն Ժուան էր, միայն թե փսլնքոտ, երեսները շատ քերթելուց, ցանկասիրությունից դուրս տված: Մարդ կար, օրը երկու անգամ էր սափրվում, ինչ է թե երեսին շուտ մազ դուրս գա: Կային, որ կուրծքը, թևատակերը, անգամ ամոթատեղն էին ածելիի տալիս՝ դարձյալ նույն նպատակով:

Արմենը չէր խառնվում խոսակցություններին: Լսում էր: Ճիշտ է, հավատալը չէր գալիս, բայց ձգող, գրավիչ բան կար պատմածներում: Ու հիմա ընկերոջ հետ եկել էին ծովափ: Դեռ ճամփին՝ գնացքում Դերոն սրան-նրան խոսք էր գցում, էժանանում: Արմենը գարշում էր նրանից, քիչ էր մնում առանձնանա: Հետո, լավ էր, ընկերոջ փուքսն իջավ: Կիսակայարաններից մեկում չորս շիշ գարեջուր գնեց: Ինքը մեկը զոռով կես արեց, Դերոն աքլորանալով՝ երեքն էլ քաշեց գլուխը: Տեսնում էր, որ նա զզվանքով է խմում, քիչ է մնում ործկա, բայց իրենցից բացի կուպեում մայր ու աղջիկ կային: Հենց բերանից քամեց շշերը, ապա՝ մի կես ժամ դատարկաբանելուց, բոլորին ձանձրացնելուց հետո մինչև լուսաբաց քնեց:

Առավոտյան հասան ծովին: Գրեթե բոլոր ուղևորները միջանցք թափվեցին: Առաջին անգամ էր ծով տեսնում, սակայն չզարմացավ: Գրքերում շատ էր կարդացել, գիտեր օրվա որ ժամին ինչ երանգ է ունենում: Նրան միայն մարդկանց շատությունն ապշեցրեց. համատարծ մսեղիք էր:

Գնացքը սահում էր լողափով, մտնում սարի տակ, դղրդյունով դուրս պրծնելով գետնուղուց՝ թափով ընթանում նպատակակետը: Աչքը որսում էր հայացքի առջևով սահող տպավորիչ պատկերները: Մի կին՝ իսկը մսագունդ, թփի տակ թաքնված, փոխում էր լողազգեստը: Մոտեցող գնացքի դղիրդը նրան հանկարծակիի բերեց. շփոթահար՝լողավարտիքը քաշելով վրան, ասես ոչինչ չի պատահել, ուղղվեց ափի կողմը: Դերոն տարերքի մեջ էր. պատուհանը կիսաբաց արել, կախվել ներքև, ճչում էր, աղմկում, օդային համբույրներ հղում, ում հայացքը բռնում էր՝ ծեր լինի, թե ջահել, գեղեցիկ, թե տգեղ՝ առանց խտրականության:

Կեսօրին տեղ հասան: Տուն վարձելու վրա երեք-չորս ժամ կորցրին: Ընկերը մոտենում էր, սրա-նրա հետ սակարկում, համոզում, քթի տակ հիշոցներ տալով՝ ետ գալիս:

-Ընտանիքավոր են ուզում, կարծում են՝ կուտենք:

Վերջապես քառասունին մոտ մի տղամարդ՝ գինովությունից կարմիր քթով, համաձայնեց: Ճանապարհին տանտերը շատախոսում էր: Ողջ պատմածից Արմենը մի բան գլխի ընկավ. տիրուհին խիստ կին է, հարկավոր է զգոն լինել: Սեփական տուն էր՝ նոր ներկած լուսամուտներով, լավ մշակած բակով, խորքում՝ խցակերպ փոքրիկ շինություն, ուր և առաջնորդեց մարդը: Տնակը ներսից ավելի անշուք էր: Պատուհանին մերձ կոշկակարի կարճոտն սեղանիկն էր՝ վրան մեխեր, կաշվի կտորտանք, ներկամաններ, պատն ի վար կոշկաքուղեր: Խորքի մահճակալի կեղտակուր, հնամաշ ծածկոցի տակից կախվել էր գունաթափ սավանի ծայրը: Անկողնուն, իրերին, պարզ նկատվում էր, վաղուց կնոջ ձեռք չէր դիպել: Տանտերը մատնացույց արեց մահճակալը.

-Այստեղ կքնեք:

Արմենը նողկանքով շրջեց գլուխը: Դերոն ուշքի էր եկել.

-Մեզ խոզի տեղ ես դրե՞լ: Ու՞ր բերիր:

Տղամարդը մատները տարավ բերանին՝ սը՜ս:

Դերոն չէր հանդարտվում.

-Սրա մեջ քնել կլինի՞, -նա բացեց ծածկոցը:

Ժողովրդական խոսքը՝ քամես օձի բերանը, կսատկի, տեսած պատկերից էր ծեփած: Հավանաբար շատ ժամանակ տանտերն առանց հանվելու, անգամ կոշիկներով էր անկողին մտել: Սպիտակեղն այն աստիճան աղտոտ էր, որ կտորի երիզները միագույն էին դարձել:

-Սպասիր, մի աղմկիր: Հիմա լեժանկա, սավան կխնդրեմ տիրուհուց:

Ծալովի մահճակալ, -բառը մտքում անմիջապես թարգմանեց Արմենը: Տանտերն օրորվելով գնաց:

-Գնանք, ես այստեղ քնող չեմ:

-Մի քիչ էլ սպասենք, -առաջարկեց Դերոն:

Ժամանակ շահելու համար սկսեցին ծակուծուկերը զննել: Ընկերը սեղանի տակ դատարկ շշերի կույտ նկատեց, երևի հիսունից ավելի, բոլորը՝ «Պորտվեյն», ընդ որում՝ երևանյան:

-Խիղճդ կտրվի, ուրիշ խմիչք չկա՞, դոշաբ ես խմում:

Դրսում աղմուկ լսվեց: Պատուհանից երևում էր տան կեսը, դեպի ուր գնացել էր տանտերը: Մի կին հայհոյանքներ էր տեղում: Դերոն դուռը կիսաբաց արեց: Ամուսինը կամենում էր ինչ-որ բան բացատրել, սակայն շեմքին կանգնածն այդպես էլ խոսելու հերթ չէր տալիս: Հետո թողնելով ամուսնուն՝ կինը ներս գնաց: Տնատերը վիզը ծուռ՝ վերադարձավ:

-Կատաղել է անիծածը, շան լափը թափեց գլխիս: Ի՞նչ անեմ, - խեղճուկրակ ժպիտ ծաղկեց գինով դեմքին:

Պատրաստվում էին հեռանալ, երբ ներս մտավ կինը: Նա քաղաքավարությամբ բարևելով՝ առաջարկեց տուն գնալ: Արմենն անհարմար զգալով՝ ներողություն խնդրեց անհանգստացնելու համար:

-Ի՜նչ եք ասում: Եկեք, եկեք: Ես սրա վրա եմ զայրացած, -ու դարձավ ամուսնուն: -Սրիկա, ասե՞լ եմ՝ ոտդ շեմից ներս չդնես: Հյուրեր է բերել, քոսոտ էծ:

Իսկական տունը Վանյայի /այդպես էր տանտիրոջ անունը/ խոզաբնի հակապատկերն էր՝ ձյունափայլ վարագույրներ, պլպլան հատակ, ասեղնագործ ծածկոցներ, տան անկյունում՝ տիրամոր սրբանկարը: Վալյան փոխեց սավանները, ծածկոցները ծրարի մեջ առավ, առաջարկեց տեղավորվել, հանգստանալ:

-Չլինեմ, չիմանամ վիժվածքին տուն թողնեք: Քանի՞ օր եք մնալու:

Հարցն անսպասելի հնչեց, Դերոն սակայն չկորցրեց իրեն.

-Քսան:

-Տասն օրվա փողը սկզբից կտաք, մնացյալը՝ վերջում: Չմոռանաք անձնագրերը՝ գրանցելու համար է:

Տղաները շվարեցին:

-Անձնագիր չենք վերցրել:

Տանտիրուհին քննախույզ հայացք գցեց նրանց վրա.

-Այդ դեպքում գլախանց լրիվ գումարը տվեք. այդպես առավել ապահով կլինի:

Համարյա արևմտոց էր, երբ ծով գնացին: Լողափը ծեփած էր մարմիններով: Արմենն սկզբում կաշկանդված էր, հուզմունքից հայացքը ոչ մեկի վրա կանգ չէր առնում: Դերոյի մոտ շփոթվածությունն արտահայտվում էր ցուցադրական ինքնավստահությամբ: Վերջապես ոտնաչափ ազատ տարածք գտան: Ընկերը հանվելով՝ չտեսի պես նետվեց ջուրը, աղմուկով լողաց առաջ, նույնպիսի չմփչլմփոցով ետ եկավ. լավ չէր լողում:

Արմենը բացեց աչքերը: Միջօրեի ժամն անցել էր: Կիզիչ արևի տակ երկար պառկելուց կոպերի տակ գոլած քրտինքի կաթիլները մրմռացնում էին աչքերը: Թեթև քամի էր բարձրացել: Լողափին մարդիկ պակասել էին: Ծուլանում էր տուն գնալ, թեև գիտեր՝ արևի տակ տևաբար մնալը վտնագավոր է: Փրկությունը ծովն էր: Գոնե, երբ լողանում էր, ինչ-որ չափով իմաստավորվում էր ծովափ գալը: Թե չէ անմիտ բան էր ստացվում: Եվս չորս օր, և տուն կգնա: Դեմը սեպտեմբերն է: Կհասցնի՞ որևէ աղջկա հետ մտերմանալ: Քանի գնում, այնքան հուսալքվում էր, անվստահությունը սողոսկել մարմինը, դուրս չէր ելնում: Չէր կարողանում խոսեցնել ու՝ վերջ:

Հալալ չէ՞ր դերոյին: Հենց առաջին օրը, երբ ինքը մտավ ջուրը, ելավ, արդեն ծանոթացել էր: Միանգամից երեքի հետ: Ծանոթանալը ո՞րն է: Աղջիկներն թուղթ էին խաղում: Ընկերը տեղավորվեց նրանց միջև, սկսեց խաղալ: Մեջընդմեջ անեկդոտ էր պատմում, աղջիկները քրքջում էին: Երբ ձանձրացան, գնացին լողալու: Դերենիկն արդեն Դիմա էր դարձել ու նրանց հազար տարվա ընկերը: Չէ. Արմենը նեղանալու իրավունք չունի: Դերոն երկու-երեք անգամ առաջարկեց մոտենալ: Աղջիկներն էլ, կարծես, դեմ չէին: Մոտ չգնաց.

-Լավը չեն, -ասաց՝ շարունակելով մեկնված մնալ ավազին:

Հայերեն ասաց, որ մյուսները չհասկանան: Բայց, հո, հիմա՞ր չէին, լավ էլ գլխի ընկան: Ուրիշ ի՞նչ պետք է մտածեին: Չտեսա՞վ, ինչպես փոխվեց դեմքերի արտահայտությունը: Լավը չեն… Շատ էլ ընտիր էին: Աղվեսի բերանը որ խաղողին չի հասնում, ասում է… Համ էլ ո՞վ էր ասում, առաջին ծանոթացածի հետ պաչ-պռոշտի եղիր: Ուրիշ ժամանակ բարեկրթությունից կխոսես, ընկերոջդ ամեն քայլը կքննադատես: Իսկ քո արա՞րքը: Գնայիր, խոսք փոխանակեիր, դուրդ չէ՞ին գա, չէիր շարունակի: Լա՞վ եղավ, երրորդ օրն է՝ Դերոն իր քեֆին ման է գալիս, իսկ դու մնացել ես ավազին մեկնված: Լավը չէին… Ասա՝ ամաչեցի: Լավը չէի՞ն, լողափը, հո, դեմդ էր, ջոկեիր: Հազար աղջիկ կա՝ մեկը մեկից ջահել, մեկը մյուսից գեղեցիկ: Նրանք էլ սրտովդ չէի՞ն, ոչ մեկին չհավանեցի՞ր: Էհ, բա վե՞րջը: Եթե աղջիկ չէիր խոսեցնելու, ինչու՞ եկար: Հետո՝ երբ գնացիր տուն, տղաներին ի՞նչ ես պատմելու: Քեզ, հո, լա՞վ գիտես. բերանդ ջուր ես առնելու, մնաս: Չե՞ն ասի՝ դու ի՞նչ տղա ես, որ ծով աղջիկների մեջ ոչ մեկին չես կապել: Իհարկե, հաշվետու չես: Գիտեմ, գիտեմ՝ դու քո սկզբունքներն ունես, քո համոզմամբ, կանանց մասին բացեիբաց արտահայտվելն անբարոյականություն է: Ինչպե՞ս կարելի է սիրել, համբուրվել, կնոջ հետ մերձենալ, հետո մյուս օրը ողջը ծաղկեցրած, գույն տված պատմել ընկերներին, ծանոթ-բարեկամներին: Չի կարելի, հարկավ:

Անտանելի շոգ էր, օդը, չնայած ծովից փչող քամուն, հեղձուցիչ: Փոթորկից առաջ է այդպես լինում, -կարդացած գրքերը մտաբերեց Արմենը: Ոտքի ելավ: Երկու քայլ այն կողմ աղջիկ էր պառկած: Գեղեցիկ մարմին ուներ, հյութալի շուրթեր: Մազերն ավելի շուտ սև էին, աչքերը՝ մեծ, նշաձև: Ինչ-որ ձգող բան կար հայացքում: Վերջին երկու օրն աղջկա հարևանությամբ էր տեղ ընտրում: Գալիս էր, հայացքով փնտրում, ու թե եկած չէր լինում, սպասում էր: Նրա ներկայության կարիքն ուներ, համարյա իրենն էր հաշվում: Խանդում էր, եթե պատահաբար նկատեր նրան ուղղված մեկնումեկի հայացքը: Երկու օրվա մեջ բազմիցս փորձել էր մոտենալ, բայց վերջին պահին արիության պակասը խոչընդոտել էր: Աղջիկը ևս, թվում էր, սպասումի մեջ է: Մտքում հազար ու մի տարբերակ էր հորինել, ամեն բան՝ համաձայն գրքերի: Մոտենալու մեկ-երկու փորձ ծովում արեց, բայց բերանն այդպես էլ չբացվեց, բառ դուրս չեկավ: Հույսը դիպվածի վրա էր, որն այդպես էլ չէր ժամանում, դիպվածն նրա նման վեհերոտին չէր գտնում:

Օրն իրիկնանում էր, օրիորդը ծալում էր սրբիչը, գնում: Լողափը կորցնում էր հրապույրը, ամայանում, ու տղան ևս հագնվելով՝ գնում էր քաղաքում թափառելու: Մտովի էլի նրա հետ էր: Պարահրապարակ էր մտնում՝ հույսով, թե այնտեղ կլինի: Նույնը՝ տանը. տարբերակներ էր հորինում, այնքան, մինչև աչքերը փակվեն ու քնում էր՝ առավոտյան վերստին նրան տեսնելու հույսը փայփայած:

Երբեմն հայացքներն առնում էին իրար: Աղջիկը, թվում էր, նախատում է՝ ի՞նչ ես հապաղում, եկ, ես էլ քեզ եմ սիրում, դու էլ ինձ ես դուր գալիս: Արմենը շփոթված՝ շրջվելով նայում էր ծովին, իբր, չի նկատել, իբր, պատահաբար էր դեմքն այդ կողմն ուղղել, մինչդեռ սիրտը զարկում էր:

Գողունի նայեց: Օրիորդն աչքերը գոց պառկել էր՝ անտարբեր անցուդարձին: Արևի տակ երկար մնալուց մարմինը հարդագույն էր, ոտքերը, կուրծքը, ազդրերը, ամեն բան՝ ողորկ, կրքահարույց: Տղային հիմա խեալագարեցնելու չափ ձգում էր այդ մարմինը, պատրաստ էր երկրպագել, աստվածացնել: Աշխարհում այլևս ոչինչ չէր հետաքրքրում և արժեք չուներ: Միայն թե ծանոթանա, միայն թե սիրելու իրավունք ունենա: Ինչե՜ր կանի Արմենը նրա համար: Կքանդի հոգու չբացած ծալքերը, կտանի իրենց տուն, իսկ եթե վերջինս չկամենա, հետը կգնա երկրագնդի ցանկացած ծայրը: Նրա հետ Արմենը հզոր կլինի, համարձակ, առնական, անպարտելի:

Տղան սիրահարվում էր, սիրահարվում՝ ժամ առ ժամ, անհուսալիորեն: Բոլորից շատ կորցնելուց էր վախենում: Հանկարծ ու վճռի փոխել լողափը, հանկարծ ու ավելի ճարպիկը խոսեցնի, հանկարծ ու գնալու ժամանակը գա: Մեկից կդատարկվի ծովափը: Սակայն ավելի լավ է այդ մասին չմտածել: Ամենաճիշտը լողանալն է: Երևում է, փոքր ինչ շոգն է ազդել:

Մինչև ծնկները մտավ ջուրը: Երեք-չորս քայլ այն կողմ մեկն ափով մեդուզաներն էր հեռացնում: Խճերին երկար պառկելուց դիմացինի թիկունքը յուրօրինակ խճանկար էր հիշեցնում: Լողափն այնքան էլ հարմար չէր. խիճն ավել շատ էր, քան ավազը: Ինքն էլ էր նողկում մեդուզաներից: Անդուր արարածներ էին՝ լպրծուն: Մինչև ճեղքում էր ջրի երեսը բռնած դոնդողանման շերտը, լողալու հաճույքը կորչում էր: Խորքում լղպոր կենդանիներն ավելի հազվադեպ էին հանդիպում:

Արգելող լողանշանին հասնելով՝ շրջվեց: Ափի աղմուկը համարյա չէր հասնում: Դիմացը կանաչի մեջ թաղված գյուղաքաղաքն էր, ավելի դենը՝ լեռներ: Մշուշ կար սարերում: Խորովված մարմիններից ծովեզրը կիլոմետրերով կարմրել էր:

Ետ դարձավ: Հայացքով աղջկան էր որոնում։ Ջրից դուրս գալիս ուշադրությունը գրավեց նորեկ երիտասարդը, որ տեղ էր զբաղեցրել իր ու աղջկա միջև: Տղան գեղեցիկ էր՝ մարզիկի կեցվածքով: Արմենը մեկից թշնամանք զգաց նրա նկատմամբ: Ինչու՞ է այդքան ինքնավստահ, աքլորի պես ետուառաջ է քայլում, որ ի՞նչ: Չլինի՞ օրիորդի վրա է աչք դրել: Թույլ չեմ տա, նա իմն է: Նա ինձ է սիրում, ինձնով է տարված, ես՝ իրենով: Գիտեմ քեզպեսներին. քայլում, խոսում, ուտում եք, ինչպես բեմում՝ կարծելով, բոլորն են հիացած ձեր խոզանակած շարժումներով: Օրնիբուն կեղծում եք՝ կեղծ քայլում, կեղծ խոսում, ժպտում: Տեսնես մենակ մնալի՞ս էլ դիմակը չեք նետում: Չէ՞որ զուգարան էլ եք գնում, խնչում էլ եք: Փորացավի ժամանակ անգամ նմանները իրենց չեն կորցնում՝ օ՜, մամա... Հենց սկզբից զգուշացնում եմ՝ ավելի լավ է, չփորձես: Քեզպեսներին նա հեռվից-հեռու է ճանաչում: Ազնիվ, բյուրեղյա հոգու տեր Արմենին թողած՝ քո շփացած տեսքո՞վ պիտի զմայլվի: Հույս չունենաս: Ի՞նչ անենք, որ գեղեցիկ ես: Ի՞մ ինչն է պակաս. հասակս, թիկունքս՝ տեղը, մնում է մի քիչ լցվեմ: Քիթս է երկա՞ր, ոչի՜նչ. կանայք երկարաքթի համար խենթանում են:

Բայց նորեկն այդ կարծիքին չէր: Նա հարձակման էր անցնում: Արմենն աչքի տակով հետևում էր: Տղան այնպիսի դիրք ընդունեց, որ ստվերն ընկնի օրիորդի վրա: Վերջինս բացեց կոպերը, հետո վերստին գոցեց: Տղան շարունակեց կանգնած մնալ: Աղջիկը, ոչ այն է՝ գոհ, ոչ այն է՝ դժգոհ, նստեց:

-Как наши-ваши дела?

Այ քեզ տխմար հարց: Հայ է, կամ վրացի: Այդպես են աղջիկ խոսեցնու՞մ: Արմենը քո տեղը գետինն է մտնում: Հիմա տես, ինչպես է շշպռելու:

Ի՞նչ: Առանց քեզ տխուր է՞: Օրիո՞րդն ասաց: Չի կարող պատահել: Ուրեմն՝ ձեռք է առնում: Թե՞… Բա ե՞ս: Երեք օր է, կողքիդ եմ, քո մասին եմ մտածում, քեզ հետ զրուցում, սիրում, սիրվում, աշխարհի բոլոր ծայրերում լինում: Ինչու՞ հանկարծ տրտմեցիր: Ուրեմն՝ պիժոնի՞ն էիր սպասում, նրա՞ն էիր տենչում, առանց նրա՞ էր օրդ մռայլ: Ասա ինչու՞ եմ զարմանում. Բոլորդ մի սանրի կտավ եք: Ինձ պետք չէ քո սերը, գնա նրա հետ լկստվիր, թփի տակ պառկիր:

Տղան առաջ էր գնացել: Անկետային հարցերին հետևում էին նույնքան պրոզայիկ պատասխանները: Անունը Նատաշա է՝ Ուրալի կողմերից: Ականջին ինչ-որ ուսումնարանի անուն հասավ: Նմանները հազիվ էլ ուսումնարանում սովորեն: Թե ի՞նչ էր գտել մեջը: Ամենևին էլ գեղեցիկ չէ: Անգամ պեպեններ ունի, բայց մարմինը, Արմեն, խղճիդ դեմ բան մի ասա, իրոք հոյակապ է: Չկարողացա՞ր խոսեցնել, քթիդ տակից փախցրի՞ն: Քեզ ո՞վ էր ասում հապաղես: Տեսա՞ր ինչ հասարակ աղջիկ էր, իսկ դու գեղարվեստական տարբերակներ էիր մտմտում: Այդպես կխոսեցնեն: Թրի մի հարվածով կտրեց. կամ դես, կամ դեն: Հաստատ հայ է, գուցե նույն քաղաքից: Գոնե այլազգի լիներ:

Արմենը շուրջը նայեց: Ալեկոծություն կար ծովում, որ անշտապ ուժգնանում էր: Ջրի ափամերձ շերտը գույնը փոխել էր, պղտորվել: Կարգուկանոնի սիրահարները տուն էին գնացել, որպեսզի արևմտոցին ետ գան: Դեպքերի ընթացքը գրգռել էր տղային, թշնամացրել բոլոր հանգստացողների, այդ թվում և՝ Դերոյի հետ: Իրիկունները գալիս է, հազար ու մի ստեր փչում: Իսկ ինքը չի հավատում: Թե որ աղջկա հետ պառկել ես, ինչու՞ ես աճուկներիդ ցավից բողոքում: Դե ձայնդ կտրիր: Այդպես էլ կգնա Երևանում կպատմի, և բոլորը կհավատան: Ի՞նչ, չեմ կարողանում խոսեցնել, դրա համա՞ր եմ նախանձում: Հիմա, հենց հիմա կապացուցեմ, որ ձեզնից լավ գիտեմ նուրբ սեռի հետ մտերմանալու կերպը:

Ոտքի ելավ: Ամենագեղեցիկին, միայն ու միայն ամենագեղեցիկին: Աչքն ընկավ կակղամորթների շերտից այն կողմ լողացողին: Աղջիկը ճողփում էր ջրերեսին, մեկ ալիքի կատարը ելնում, մեկ իջնում փոսորակը: Ծովի վրա փրփուր էր հայտնվել: Այդչափ վստահ իրեն ջրում պահողը վատը լինել չէր կարող:

Մտավ ջուրը, թևեց նրա ուղղությամբ: Ալիքների հետ կռվող մանուկների, լողալ չիմացող կանանց ու տղամարդկանց ճիչերը մնացին հեռվում: Ալեբախության ժամանակ լողալը հմտություն էր պահանջում: Նա բնազդով հարմարվեց ծովի ռիթմին, գլխի ընկնելով, որ ալիքի վրա հասնելու պահին պետք չէ առաջ լողալու ճիգեր գործադրել: Դա հոգնեցնում է: Ուղղակի անհրաժեշտ է սահուն ելնել ալիքի կատարը՝ նույնը կրկնելով հաջորդ հորձանքի վրա տալու պահին:

Քիչ առաջվա նվնվացող Արմենը մնացել էր ափին: Դեմը ծովն էր՝ հզոր, բաբախուն, կյանքով լի, որը թուլակամներին չի ների, և սևին տվող երախը կուլ կտա ամեն մի փնթփնթանի: Ծովն ուժեղներինն է: Հերթական հորձանքի անցնելուց հետո ջրի վրա հսկայական գոգավորություն էր առաջանում, և նրա ամենաստորին հատվածում թպրտացող Արմենն առպահ մենակ էր մնում՝ անջրպետված աշխարհից, հանգստացողներից, լողորդ աղջկանից: Ականջին հասավ մարդկանց ջրից դուրս հրավիրող բարձրախոսի խռպոտ ձայնը: Աղջիկն ափ էր լողում: Նրանք հավասարվեցին:

-Կարելի՞ է ձեզ խոսեցնել:

Ասածն անհեթեթ թվաց: Այդքան համբերելուց հետո համա թե ծանոթանալու տեղ ու ձև գտար, Արմեն: Սակայն ծանոթանալու եղանակը, ըստ երևույթին, դիմացինին բնական թվաց, գուցեև՝ ինքնատիպ:

-Բա ինչու՞ ենք հասել խորքերը:

Արմենը կարկամեց: Պատասխանը հանդուգն էր՝ ջուր ծեծելու ժամանակ չթողնող: Հորինած տարբերակներից ոչ մեկին նման չէր:

-Ձեր անունն անպայման Նատաշա է:

Աղջիկը դեմքով շրջվեց տղայի կողմը.

-Ձեզ Պոսեյդոնի եղանն է պակասում:

Օհո, Պոսեյդոնին էլ գիտի: Հրաշք, միայն թե, սիրելիս, եղան չէ, եռաժանի ասա: Ի՜նչ լավ արեց, որ ամռանը «Հին հունական առասպելները» կարդաց: Թե՞ հեգնում է: Համենայնդեպս մակարդակ կա:

-Ծովերի աստվածը ձեզ այսօր ռեստորան է հրավիրում:

Ապրես, Արմեն: Այդ ոգով էլ շարունակիր: Ծանոթությանը կենցաղային թեքում տուր, թե չէ կսկսես գրքերից ու նկարիչներից խոսել: Մոտեցող ալիքը բաժանեց նրանց: Բերանը լցվող աղաջուրը տղային իրականություն վերադարձրեց: Չէ, ծովը խանդոտ է, ծովին մոռանալ չի կարելի: Տեսնես աղջիկը նկատե՞ց: Ստամոքսում ճողփացող ջուրն ուզում էր ետ գալ: Կրկին լսվեց բարձրախոսի ձայնը:

-Մեզ հետ են, -աղջիկն արագացրեց լողը:

Առժամանակ լուռ կռիվ էին տալիս ալիքների հետ: Այս անգամ խայծն առաջինը աղջիկը գցեց:

-Որտեղի՞ց իմացաք, որ անունս Նատաշա է:

-Ափին մի հրաշալի օրիորդ կա: Ուզում էի ծանոթանալ, քթիս տակից թռցրին: Անունը Նատաշա էր:

-Համա թե կատակ անել գիտես, - նա քրքջաց:

Այդպես է. հենց ճշմարտությունն ես բարբառում, չեն հավատում, թե հորինես, հալած յուղի տեղ կընդունեն:

-Ես նրան սիրում էի:

-Հիմա՞ էլ:

-Այժմ քեզ եմ սիրում:

-Ե՞րբ հասցրիր սիրահարվել, որ արդեն բացատրվում ես:

-Իմն այդպես է: Մի վայրկյանում կարող եմ և սիրել, և ատել, եթե քեզ լավ չպահես:

Մոտենում էին ափին: Ալեբախությունը սաստկացել էր: Ետքից աճապարող ալիքներն ափ էին հրում, ցամաքինը՝ նույն ուժով ետ շպրտում: Առպահ վախ սողոսկեց մարմինը. եթե չկարողանա դուրս գա՞լ: Թիկունքից հերթական կոհակը հասավ տղային: Նա թևերի ուժգին շարժերով կտրեց ծովի փրփրակալած հատվածը, և երբ ջուրը ետ գնաց, ոտնատակից սորացող խճերի վրայով ափ վազեց:

Նատաշան ջրից ելել, ծամերն էր մզում: Հագուստը տասնհինգ-քսան մետր հեռու էր, ու նա չգիտեր՝ մնա նոր ծանոթի մոտ, թե՞ գնա նախկին տեղը: Հուսահատեցնող վիճակ էր: Հանկարծաբար հայտնված մտքից ուրախացած՝ ասաց.

-Ես՝ հիմա, գնամ ծխախոտ բերեմ:

Պիրկ, սլացիկ մարմնով օրիորդը դեռ այնտեղ էր: Ստեպ-ստեպ կռանալով՝ խիճ էր վերցնում և սեռին բնորոշ անվարժ շարժումով շպրտում ծովը: Փրփուրը երբեմն հասնում էր նրան, համբուրում ոտքերը՝ կրկին շտապելով ստնտուի գիրկը: Մարզիկի կազմվածքով երիտասարդը կողքին էր: Խանդի զգացումը վերստին գլուխ բարձրացրեց: Արագորեն հավաքելով շարերը՝ վերադարձավ: Կեսճամփին նկատեց, օրիորդը քար նետելը թողած՝ իրեն է հետևում: Տղան ինչ-որ բան հարցրեց, հավանաբար՝ Արմենի մասին:

Նախանձեցի՞ր: Կարծում էիր հե՞շտ է սիրած աղջկան փախցնելը: Իսկ դու՞, ինչպե՞ս չամաչեցիր. երեք օրվա սիրահարներ էինք, և կարողացար այնքա՜ն հեշտ ամեն բան մոռանալ: Սիրատենչ հայացքս մի՞թե ոչինչ չէր հուշում: Անհոգի: Այլևս անդարձ կորած ես ինձ համար: Մինչդեռ որպիսի՜ հրաշագեղ օրեր էին սպասվում: Ոչինչ, ես նորից եմ հրապուրվում՝ ի հեճուկս քեզ, մրմուռը սրտումս:

Ծխախոտ վառելով՝ մի բան արած լինելու համար տուփը մեկնեց աղջկան:

-Ծխեք:

Նատաշան չհրաժարվեց: Տեսա՞ր: Թե ծխախոտ չառաջարկեիր, կմտածեր՝ դանդալոշի մեկն է: Այդպես, այդպես: Զգույշ Արմեն, նա դեռ սպասում է: Լուցկին չտաս ձեռքն ու գործդ ավարտած համարես: Օգնիր, որպեսզի քրմական բարձունքից վառի ծխախոտը. դա է պահանջում քաղաքակրթությունը:

-Որքան հասկացա, հունական գրականություն շատ եք սիրում:

Չեղավ, զրույցը դարձյալ սխալ հունով ես տանում: Իջիր ամպերից:

-Սխալվում եք, հույն ոչ մի գրողի անուն չգիտեմ:

-Ուրեմն՝ «Հին հունական առասպելներն» եք կարդացել:

Զրուցակիցը տարուբերեց գլուխը:

-Բա Պոսեյդոնին որտեղի՞ց գիտեք:

Նա քրքջաց.

-Պոսեյդոնը մեր հարևանի շան անունն է: Մի անգամ քեռուս հարցրի՝ ի՞նչ անուն է: Մորեղբայրս շատ կարդացած է, հասարակ մարդ չգիտենաք: Տունը՝ իսկը թանգարան: Նա մի գիրք բացելով՝ ցույց տվեց նկարը, հետն էլ պատմում էր, թե ինչ, հիմա չեմ հիշում: Դու այդ գիրքը տեսե՞լ ես: Ձեռքին եղան կա…

Աղջիկը բացվել էր, մեկ-երկու խոսք չփոխանակած՝ անցավ դու-ի: Չէ, բարեկամ, սպասելիքներդ չարդարացան, սրանից թագուհի դուրս չի գա:

-Ուշ է:

Նեղանում է, նեղանա, համ էլ իսկապես ուշ է: Պիտի ենթադրել, ծովը վաղը ևս խաղաղ չի լինի: Ծանոթուհին, սակայն, մտադիր չէր որսը ձեռքից հեշտ թողնել.

-Ռեստորանի համա՞ր ես ասում: Ճիշտ որ, ես պիտի փոխվեմ:

Տես, է, մտապահել է: Իմ փոխարեն ինքն է հարձակման անցել: Կտանեմ, մի վախենա: Արմենը քո իմացածներից չէ, պատիվ, ինքնասիրություն ասածը շատ հիվանդագին է ընդունում:

-Ուղիղ ժամը յոթին կսպասեմ կայարանի դիմաց:

Տուն գնալ չէր կամենում: Չէ մի՝ կոստյում, փողկապ: Հավես չկա: Կթափառի, մինչև գա: Թե՞ գնա տուն: Արմեն, քեզ ջենտլմենի պես պահիր: Աղջիկն ի՞նչ անի, որ եռաժանու փոխարեն բերանից եղան բառը թռավ: Գնա տուն, փոխվիր: Ամառային կոստյումդ ո՞ր օրվա համար ես բերել: Մի մոռացիր՝ սա քո առաջին ժամադրությունն է: Այնքան էլ սրտովդ չէ, բայց ինչ արած: Պարզասիրտն է, էլ քիթդ մի կախիր: Ի՞նչ էիր ուզում: Վեհ գաղափարների տեր ո՞ր օրիորդը մի սուլոցով մոտդ կգար: Համ էլ հարց է՝ ո՞վ է առավել ազնիվն ու բարհոգին, դու, թե՞ նա:

Պայմանավորված ժամին տղան տեղում էր՝ ճերմակ կոստյումով, նույներանգ վերնաշապկով, ածիլված: Նատաշան ընկերուհու հետ էր:

-Ծանոթացեք, ընկերուհիս է: Գլխացավի պատճառով այսօր լողափ չէր եկել: Հազիվ համոզեցի:

Արմենն ասաց անունը, մինչևիսկ ժպտաց, բայց թե դա ինչ ժպիտ էր, լավ գիտեր: Ընկերուհին էլ իր անունը տվեց: Արմենը տեղնուտեղը մոռացավ:

Հազիվ համոզեցի… Ասա քեզ ո՞վ էր խնդրել համոզել: Ծանոթացեք… Իբր, մենք ծանոթ ենք, հիմա՝ ընկերուհիդ: Ուշքդ գլուխդ հավաքիր, տղա, լավ հոտ այս պատմությունից չի փչում: Անու՞նն ինչ էր:

-Հիմա ու՞ր ենք գնալու, -հարցնողը Նատաշան էր:

Դիմացը հյուրանոցի բարձրահարկ շենքն էր: Դերոն ասել էր, որ առաջին հարկում ռեստորան կա:

-Հյուրանոցի տակ լավ ռեստորան կա:

-Հաճա՞խ ես գնում:

-Ամեն օր:

Կարծես, չհավատաց: Իր գործն է: Ու՞ր է քիթը խոթում:

Մուտքի առաջ մարդիկ էին խմբվել: Արմենը հրեց դուռը. փակ էր: Գլխի չընկներով՝ ինչն ինչոց է, մի քանի անգամ թակեց: Միայն վերջին պահին տեսավ ներսից կախած ցուցանակը՝ ազատ տեղեր չկան: Թակոցի վրա հայտնված բարապանը բացեց դուռը.

-Տեղ չկա:

-Թող, թող:

Արմենը մուտքի իրավունքն աղջիկներին զիջեց: Դռնապանը ետևներից ուժով փակեց փեղկը, հետո ճեղքից նետեց.

-Նրանք սեղան են պատվիրել:

Արմենը հասկացավ՝ վճարել է պետք: Երեք ռուբլիանոցը թաքուն խցկեց շվեյցարի գրպանը:

Շփացածի պես ես քեզ պահում, հա՜, հիմա հաստատ կհավատան, որ ամեն Աստծո օր ռեստորանում ես: Բայց լավ էլ գլուխդ չկորցրիր: Молодец քեզ, մնում է մինչև վերջ նույն ոգով շարունակես:

Արմենը խաղի մեջ էր մտնում, ընկերուհիների ուզածն էլ դա էր: Նրանց խնդրեց դռների մոտ սպասել, ինքը մոտեցավ դեմն ելած մատուցողին:

-Մենք երեքով ենք:

-Ազատ սեղաններ չկան:

Տղան տարակուսանքով շուրջը նայեց. սրահի կեսն ազատ էր:

-Դրանք պատվիրված են:

-Ես էլ եմ պատվիրում:

Համոզված էր, որ ճիշտ է տանում խոսակցությունը: Ներքին ձայնն ասում էր, որ դա միայն պատրվակ է, մարդկանց կախյալ դրության մեջ դնելու, դրամաշորթության եղանակ:

-Մի րոպե սպասեք:

Քիչ անց այլ մատուցողուհի մոտեցավ: Միջահասակ կին էր:

-Անկյունի սեղանը հարմա՞ր է, այն երիտասարդ զույգի կողքին: Ուրիշ ազատ տեղեր չկան:

-Ոչինչ, կտեղավորվենք:

Հետո թվաց, թե անհրաժեշտ է լրացուցիչ վճարի ակնարկ անել. մեկ էլ տեսար մարդավարի չսպասարկեցին:

-Բա ինչու՞ էր ասում՝ տեղ չկա: Ավել պատառը ա՞չք կհանի:

-Հանգիստ մնա. ավագն այստեղ ես եմ:

Չէ, հարգելիս, մի փոքր վրիպեցիր: Վերջին խոսքը պետք չէր: Նրանք իրենց գործը գիտեն: Գնա աղջիկներին հրավիրիր: Շատ չբացվես, այլապես բերանիցդ կաթնահոտ առնելով՝ կկլպեն:

Ընկերուհիներին հրավիրեց սեղանի մոտ: Նախքան տեղավորվելը չմոռացավ ողջունել զույգին՝ ներողություն խնդրելով անհանգստացնելու համար, ապա թույլ տվեց, որ ճաշացուցակին առաջինն աղջիկները ծանոթանան: Գլուխ գլխի ուսումնասիրելուց հետո վերջիններս գրքույկը հրեցին տղայի կողմը:

-Դե, ի՞նչ որոշեցիք:

Նրանք սկսեցին նազ անել: Արմենը հարկադրված էր որոշում կայացնել: Աչքերը գնացին-եկան անդրանիկ էջի անվանումների վրայով: Դե եկ ու գլուխ հանիր, դիտմամբ են անհասկանալի գրում, որպեսզի չկողմնորոշվես: Խմիչքին չէր հասել, երբ մոտեցավ մատուցողուհին:

-Լսում եմ:

Արմենը նայեց աղջիկներին: Դե խոսեք, բա ու՞ր էիք մի ժամ քիթ քթի տվել: Անհարմար վիճակ էր:

-Ի՞նչ ունեք ուտելու:

Այդպես ավելի լավ էր, տնավարի:

-Տապակած հավ, Բեվստրոգանով, բիֆշտեքս՝ ուկրաինական:

Ասա բիֆշտեքս, պրծի, էլ ուկրաինականս ո՞րն է: Բեվստրոգանովն ամենևին չհասկացանք: Տապակած հավը պարզ է: Չնայած հավ չեմ սիրում, բայց փորձած թանն անփորձ մածնից լավ է: Տապակա պատվիրեց:

-Քանի՞ բաժին:

Օֆ, գլուխ տարար քո հարցերով, ես ի՞նչ գիտեմ:

-Երեք:

Հասցրեց նկատել, թե Նատաշայի ընկերուհին հաճույքից ինչպես ճմլկոտեց: Արմենը խղճաց՝ միանգամից գթառատ դառնալով:

-Սառը խորտիկներ ուզու՞մ եք:

-Ի՞նչ ունեք, բերեք:

Թռչնակները մեկմեկու նայեցին:

-Իսկ խմի՞չք:

Արմենը դարձավ աղջիկներին.

-Ի՞նչ կխմեք:

-Ես շամպայն, դու՞, Լյուբա:

Ախ, ուրեմն՝ անունդ Լյուբա է: Շատ ուրախ եմ, Լյուբով: Իսկը սիրելու ապրանք ես: Եկել ես ուրիշի հաշվին ուտելու՞, ոչինչ, մենակ թե հետո չասես՝ հային լավ ֆռցրինք:

-Նույնը՝ ես:

-Շամպայն բերեք, մի շիշ էլ օղի՝ Սիբիրյան, եթե ունեք:

-Հացի օղի է՝ пшеничная:

-Ոչինչ:

Կարծես ինձ համար մեկ չէ, ուզում եմ աչքիդ ընկած-ելած ներակայանալ:

Մատուցողուհին գնաց: Դեմուդեմ նստած զույգը, որ ակամա սսկվել էր, սկսեց կենդանության նշաններ ցույց տալ: Արմենը վաստակած մարդու իրավունքով շուրջը նայեց: Նվագախմբի անդամներից երկուսը գործիքներն էին ստուգում: Գոնե շուտ սկսեն, լարվածությունը կանցնի: Մատուցողուհին, ի զարմանս տղայի, բավական շուտ վերադարձավ: Նա խմիչքը դնելով սեղանին՝ պատրաստվեց գնալ:

-Լիմոնադ բերեք, մեկ էլ ջուր, խնդրում եմ:

-Սովորակա՞ն, -մատուցողուհու դեմքին զարմանք կար:

Տեսնես կատակ է անու՞մ, թե իրոք չըմբռնեց:

-Հանքային: Սովորական ջուր մեր տանն էլ կա:

Հումորը, կարծես, ստացվեց: Բոլորը ժպտացին, անգամ անծանոթ զույգը: Լարվածությունն անցավ:

-Հանքային ջուր չունենք, լիմոնադը՝ հիմա:

Արմենը ձեռքն առավ շամպայնի շիշը: Գիտեր՝ փորձանքաշատ խմիչք է: Տանը, դպրոցական երեկույթների ժամանակ շատ էր բացել, և որոշակի հմտություն ուներ: Կարող էր և այնպես անել, որ պղպջակ դուրս չգա ու թե խցանը հասցնել առաստաղին: Իհարկե, վերջինն ազդեցիկ է, բայց եթե գինին թթված, գազաշատ եղավ, սեղանը կայլանդակվի: Մյուս կողմից վստահ չէր, գեղեցի՞կ է հասարակական վայրում շամպայն տրաքացնելը: Բնազդն ասում էր՝ ոչ: Զգույշ Արմեն: Ձեռքդ սեղմիր բերանկալիչին, թե չէ կողողես սեղանն ու խայտառակ կլինես: Նա ետ տարավ մետաղալարը, հանեց խցանն ու աղջիկներին շամպայն լցրեց, ապա բացեց օղու շիշը:

-Աղջիկներ, լցնե՞մ:

-Կարելի է:

Դե այդպես ասեք, թե չէ ձևեր եք թափում. Չգիտե՞մ ձեր մակարդակը:

Առաջին բաժակը ծանոթության կենացն ըմպեցին: Մինչ մատուցողուհին ուտելիք կբերեր, Արմենը երկրորդ բաժակը դատարկեց: Աղջիկներն օղուց հետո անցան շամպայնի: Տղայի ներսը տաքացել էր, իրար ետևից խմելուց՝ գլուխը մշուշվել: Հիմա Դերոն տեսներ, հո չէ՞ր զարմանա: Այլևս քիթդ չկախես: Պետք չէ ամեն բան ծանրութեթև անել: Ի՞նչ անենք սրտովդ չէ, փոխարենը սիրո գիշեր է սպասվում: Երևանում պատմելու մի բան էլ դու կունենաս, կասես՝ տղերք, հո կայֆ չարի՞:

Ռեստորանում գնալով աղմուկը շատանում էր: Պարող նոր զույգեր էին հայտնվել Սեղանակիցները երրորդ անգամ էին գնում պարելու: Նրանց խմածը սպիտակ, էժանագին գինի էր՝ մոլդովական: «Զկռաջուր», -կասեր փեսան:

Քաղաքավարությունից ելնելով՝ առաջինը Լյուբային պարահրապարակ առաջնորդեց: Ընթացքում նկատեց, որ հարևան սեղանից Նատաշային ևս հրավիրեցին: Չէ, նատաշուչկաները վրան չեն գալիս:

Երբ ետ եկան, մտքով անցավ ձեռքը գցել աղջկա վզով. թող չափերը ճանաչեն, իմանան, որ իրենն է: Հետո զղջաց՝ պետք չէ լկտիանալ: Երեք գավաթներն էլ օղի լցրեց: Առաջարկեց նաև դիմացի զույգին: Տղան չմերժեց, ընկերուհուն շամպայն լցրեց՝ մատուցողուհուն պատվիրելով նորը բերել:

-Հյութեր էլ, եթե կարելի է, -ականջի տակ փսփսաց Նատաշան:

-Հյութ ևս, -մատուցողուհուն ձայնեց Արմենը:

Կարծես թե հարբում եմ: Զգույշ, վերմակիդ չափսը ճանաչիր: Չմոռանաս, ընդամենը հարյուր ռուբլի ունես: Հետդարձի տոմս անգամ չես գնել:

Մատուցողուհին մանգոյի հյութ, շամպայն բերեց: Քիչ այն կողմ նստած կինն աչքերով Արմենին էր ուտում: Սեղանին թանկարժեք, անծանոթ պիտակով կոնյակ կար, մրգեր, շակոլադի սալիկներ: Ոչ մեկին ձեռք տված չէր: Ակնհայտ էր, որ ռեստորանում տանու մարդ է: Մատուցողները մոտենում էին, հետը մեկ-երկու նախադասություն փոխանակելուց հետո վերստին գնում իրենց գործին: Կինն ինչ-որ մեկին սպասում էր: Ախ, հա, - անսպասելի գլխի ընկավ Արմենը, -ինձ նման հորթուկների ես դարանել: Խայծ ես, սեղանի մոտ հետամտում ես, թե ով առաջինը կսխալվի: Կտցողին պրծում չկա: Կհրապուրես, բացել կտաս կոնյակը, նարինջ կկլպես: Պարզ է՝ ում հաշվին: Մատուցողներին նույնպես ձեռնտու է: Չէ, քույրիկս, հույսդ ինձնից կտրիր, այս մի սեղանի հաշիվը ես հազիվ փակեմ:

Երբ նրա ու կնոջ հայացքները մեկ անգամ ևս իրար առան, ժպտացող Արմենը գլխով ցույց տվեց Նատաշային, այսինքն՝ հասկացիր, մտիր վիճակիս մեջ: Հետո մոռացավ կնոջը: Նատաշան կենաց էր առաջարկում:

-Կյանքում թող մեզ այնքան դառնություն բաժին ընկնի, որքան կաթիլ կմնա այս բաժակում, -ասաց, մինչև վերջ ըմպեց:

Արմենը հիացած էր. նման կենաց չէր լսել: Հետո կյանքում նրան պիտի ձանձրացնեն նաև այդ խոսքերը: Առաջին անգամ ուշադիր նայեց աղջկան: Կարծես, ոչինչ, միայն թե շպարված դեմքին կենդանություն, կայծ չկար: Նա Նատաշային պարի հրավիրեց: Տանգո էր՝ իր սիրած պարը, թե չէ՝ շեյկ, չես իմանում, ով ում հետ է: Տանգոն ավարտվեց: Կեսճամփին աղջիկն առաջարկեց էլի պարել: Այս անգամ շեյկ էր: Պարողները խռնվեցին իրար: Մի տղա համառորեն փորձում էր խցկվել իր ու Նատաշայի արանքը: Թքած, պարում ես, պարիր, այստեղ ինչն է շատ՝ աղջիկը: Արմենը հիմա քառասունին մոտ կնոջ հետ էր պարում: Կինը ջանադիր մարմինն էր կոտրատում, սակայն ջահել երևալու նրա տվայտանքներն առայժմ ոչ ոք հավուր պատշաճի չէր գնահատում, առավել ևս՝ Արմենը: Թող, Աստծո սիրուն, գնա տեղդ: Վալս պարիր, շեյկը քո ի՞նչ բանն է:

Երաժշտության ավարտից հետո Նատաշայի հետ պարող տղան նրա ականջին ինչ-որ բան փսփսալով՝ ուղեկցեց դեպի սեղանը: Արմենը չէր խանդում, ուրիշ բան, եթե ծովափի մյուսը լիներ:

Քառասնամյա տիկնոջը թևանցուկ արած՝ տարավ նրանց սեղանի կողմը: Այնտեղ երկու կին ևս կային: Բարեկրթորեն բարևեց: Շնորհակալություն հայտնելուց հետո պատրաստվում էր հեռանալ, երբ կինը դիմեց նրան.

-Կընկերակցե՞ք մեզ:

-Սիրով:

Արմենը նստեց: Կինը գինի լցրեց: Չէր կամենում խառնել, բայց սեղանին այլ խմիչք չկար: Ի՜նչ մեղք են այս կանայք: Երեքով ելել, եկել են ռեստորան:

-Ըմպում եմ իմ հրաշալի պարընկերուհու և նրա գեղեցկադեմ ընկերուհիների կենացը:

Կանայք ոգևորված՝ զրնգացրին գավաթները: Տղան նկատեց՝ միայն ինքն է խմում: Հարբում եմ: Հարկավոր է այս սեղանից վեր կենալ, Նատաշան, Լյուբան կնեղանան: Ոտքի ելավ: Կինը բռնեց ձեռքից.

-Գուցե մեր սեղանի համար վճարե՞ս:

Այլ պարագայում կզայրանար, բայց հիմա կնոջ ասածը բնական թվաց:

-Մեկ ուրիշ անգամ, երբ երկուսով լինենք, սիրով, -ու գնաց:

Խղճում եմ ամուսնուդ, եթե, իհարկե, ունես: Հետո զայրացավ՝ անառակներ, եթե տնից հեռու եք, ամեն բան կարելի՞ է:

Հասավ իրենց սեղանին: Նատաշան ու Լյուբան չկային: Ծխախոտ վառեց: Սեղանի անծանոթ զույգը գնացել էր: Նոր նկատեց, որ աղջիկների պայուսակները ևս չկան: Չլինի՞ ավելի առատ սեղան են գտել: Ոտքի ելնելով՝ նայեց: Շեյկի ժամանակ իր ու Նատաշայի արանքը խցկվող տղան գլուխը քարշ միայնակ պարում էր: Ընկերուհիների հետքը չկար: Ուրեմն՝ փախել են: Կերան, խմեցին, պարեցին, ուրիշ ի՞նչ էր պետք: Լսել էր, կանանց այդպիսի տեսակ կա. Տղամարդկանց ֆռցնում, տանում են ռեստորան, կերուխումից հետո ծլկում: Դինամո են ասում դրանց: Տեսնես «Դինամո» մարզընկերության հետ կապ ունի՞:

Ռեստորանում աղմուկը գագաթնակետին էր հասել: Երեք կանայք, որոնց կենացն Արմենը խմել էր, ուրախ ճռվողում էին: Երկու հարբած տղամարդ ընկերակցել էին նրանց: Կանանցից մեկը բան էր պատմում, մյուսներն ուշադիր ունկնդրում էին, մեջընդմեջ հնչուն ծիծաղում: Տղամարդկանցից ճաղատը թևն անցկացրել էր կնոջ վիզը:

Շշում մնացած օղին լցնելով գավաթը՝ մի ումպով դատարկեց: Մոտեցավ մատուցողուհին:

-Մի ժամ հետո ռեստորանը փակվում է:

Նա ոտքը կախ գցեց, Արմենը չհասկացավ:

-Լավ կլինի հաշիվը հիմա փակեք:

-Որքա՞ն է:

-Վաթսունյոթ ռուբլի երեսուն կոպեկ:

Տղան ձեռքը գրպանը տարավ: Մեկից վաթսունութ ասա, պրծի: Մի վախենա, չեմ փախչի: Ինձ ու՞մ տեղն ես դրել՝ Նատաշուլիկի՞: Սա քեզ՝ հիսուն, սա՝ վաթսուն, սա էլ յոթանասուն: Միայն թե չդժգոհես:

-Խնդրեմ, յոթանասուն ռուբլի է, ստացեք:

Ելավ: Շուտ, որքան հնարավոր է շուտ: Փախչել այստեղից: Տուն: Դեպի Երևան: Էլ ոչ մի օր չի մնա: Գերկուշտ է: Դեռ կհասցնի: Որքան հիշում է, երեկ այս ժամերին կայարանում Մոսկվա-Թիֆլիս ճեպընթացն էր կանգնած: Մոսկվա-Երևանը շուտ է մեկնել: Ոչինչ: Թիֆլիսից հեշտ է՝ մի կերպ տուն կհասնի:

Փողոցում տաքսի կանգնեցրեց:

-Դեպի աջ, փողոցով մինչև վերջ: Հետո կայարան ենք գնալու: Միայն թե արագ, գնացքից ուշանում եմ:

Տանը ոչ ոք չկար: Թերթի պատառի վրա գրեց՝ Դերենիկ, ես Երևան եմ գնում: Գործ պատահեց, չանհանգստանաս: Ամենահարմար տեղն անկողինն է. աչքից չի վրիպի: Սրբիչը, վերնաշապիկները, հողաթափրը խցկեց ճամպրուկը, ելավ: Վանյայի կոշկակարանոցում լույս էր վառվում:

Մոսկվա-Թիֆլիս գնացքը երկրորդ գծում էր կանգնած: Հակառակ ուղղությամբ մեկնող մեկ ուրիշն զբաղեցրել էր առաջին գիծը: Վագոններից մեկի հարթակին ուղեկցորդուհի երևաց:

-Բաց արա, ուշանում եմ, -գոռաց Արմենը՝ ձեռքով հասկացնելով, որ մյուս կողմն է անցնելու:

Ուղեկցորդուհին բացեց դուռը:

-Հոգաչափ շնորհակալ եմ: Ափսոս, մեր ճամփաներն ուրիշ են:

-Գնա, գնա, -ժպտաց կինը, -թե չէ կսկսես սեր բացատրել:

Արմենն անցավ մյուս կողմը և, բաց դուռ գտնելով, բարձրացավ Թիֆլիս մեկնող գնացքը: Ուղեկցորդն ինչ-որ բան ասաց, հավանաբար հարցնում էր՝ ու՞ր ես գնում:

Վրացու տեղ է դրել:

-Հայ եմ, մինչև Թիֆլիս վերցրու:

-Բարձրացիր:

Միջանցքում դնելով ճամպրուկը՝ թեթևացած շունչ քաշեց: Նույն պահին տեսավ դիմացի վագոնի բաց պատուհանի մոտ կանգնած աղջկան: Նատաշան էր՝ իր Նատաշան, սլացիկ մարմնով Նատաշան: Շուրթերն ինքնաբերաբար ետ գնացին.

-Նատաշա՜…

Աղջիկը շրջվեց ձայնի կողմը: Նկատեց Արմենին: Ժպիտը ողողեց դեմքը: Ճամպրուկը թողնելով միջանցքում՝ տղան թռավ ներքև:

-Հիմա կշարժվի, -ետքից հասավ ուղեկցորդի ձայնը:

Մոտեցավ այն պատուհանին, որտեղ օրիորդն էր:

-Ես հենց նոր քո մասին էի մտասծում:

Արմենի շունչը կտրվեց.

-Ուրեմն՝ դու ինձ նկատե՞լ ես:

-Առաջին օրվանից: Սկզբում ընկերոջդ հետ էիր:

-Բա այսօրվա տղա՞ն, -հարցրեց ու փոշմանեց:

Ժամանակ գտար: Քեզ մնա, դուք-ի կանցնես:

-Պիժոնի մեկն էր:

Սակայն Արմենին այլ հարց էր հուզում. Հիմա կշարժվեն ու անդարձ կկորցնի Նատաշային:

-Տուն եմ գնում՝ Երևան:

-Երևանի՞ց ես: Ի՜նչ ես ասում: Իմ մայրն էլ հայ է, բայց Ռոստովից: Իսկ ինչու՞ ես Թբիլիսիի գնացքը նստել, -հետո մոռացավ հարցը: -Երրորդ օրն է տանը սպասում են: Հա ոտքս կախ էի գցում, իսկ դու այդպես էլ ոչ մի խոսք չասացիր: Այն աղջիկն ո՞վ էր:

Արմենը թափ տվեց ձեռքը.

-Ես քեզ եմ սիրում:

Նատաշան ժպտաց, հետո թե՝ հիմա: Նրա նշաձև աչքերում փայլ էր հայտնվել: Քիչ անց վերադառնալով՝ թղթի մի կտոր մեկնեց Արմենին.

-Իմ հասցեն է:

Երկարեց ձեռքը: Մատները դիպան Նատաշային: Մարմնով, ասես, էլեկտրական հոսանք անցավ: Ի՜նչ հրաշալի օրիորդ է, շրջահայաց: Չէ, Արմենին այլևս ոչինչ պետք չէ: Արմենը շնորհակալ է բախտից, իր բաժին երջանկությունից: Շնորհակալ է այս ծովափնյա քաղաքից, հնագստացողներից: Արմենը ետ է առնում իր ասածները: Անփորձ էր, ջահել, մաղձոտ պահին բան էր, ասաց, թող ներեն: Կանգնել, զմայլված աղջկան էր նայում:

-Քո գնացքը շարժվեց, գնա:

-Ցտեսություն, Նատաշա: Ես քեզ կգրեմ, անպայման կգրեմ:

-Ցտեսություն, անունդ չասացիր:

-Արմեն է անունս, Արմեն:

Գնացքն արագացնում էր ընթացքը: Տղան ցատկեց վագոն հանող աստիճանին:

-Բարձրացիր վերև:

Ուղեկցորդը նրա ետքից փակեց դուռը: Տղան թղթի պատառը խնամքով ծալելով՝ դրեց գրպանը, ապա, ուղեկցորդից թաքուն, համբուրեց մատների ծայրերը:

Որտե՞ղ ես, Երևան, գալիս եմ:


    

ԵՎ ՑԱՎ ԵՎ ՍԵՐ /պատմվածք/

Սրճարանում էինք՝ անհաղորդ շրջապատին: Մեր միջև ընդամենը սեղանիկ էր:

-Գավաթս կնայե՞ս, - խոսքում զրույցն առավել մտերմիկ հուն մղելու ակնհայտ ցանկություն կա:

Գլխով բացասական շարժում արեցի:

-Ինչու՞:

-Ավելի լավ է ծով աչքերիդ նայեմ, թե չէ՝ սուրճի գավաթ…

Հայացքն ավելի ջերմացավ, ցոլքեր հայտնվեցին:

-Հետո՞, ի՞նչ ես տեսնում:

-Սեր, -երեք հնչյունանոց բառը թախիծով է պարուրած:

-Սխալվում ես:

-Լեզուն կարող է այլ բան ասել՝ ոչ սրտում եղածը, սակայն աչքերը չեն խաբում:

-Կարծու՞մ ես:

-Համոզված եմ:

-Երազկոտ ես, չնայած տարիքդ…

Թույլ չեմ տալիս ավարտի.

-Մի շարունակիր, հա՞:

Գիտի՝ ցավագին եմ ընդունում տարիքի մասին անգամ կատակով հիշեցումը: Լռեց: Ես՝ նույնպես: Տևեց, երևի, մեկ րոպե: Բարձրացրի հայացքս: Նա՝ ևս: Էլի՝ աչք աչքի: Մեզ ընդամենը սեղանիկ է բաժանում:

-Որքան էլ խուսանավենք, մեր մարմիններն իրար են ձգտում:

-Չի երևում:

-Զգալ է պետք:

-Շատ չե՞ս զգայուն:

-Մի հեգնիր:

Լրջացավ: Լռությունը խախտել է պետք.

-Երբևէ սիրած կա՞ս:

-Թե՞ սիրահարված:

-Տեղին շտկեցիր:

-Իսկ սեր կա՞:

-Պատասխանը գիտես:

Չարձագանքեց:

-Ինձ թվում է, մեծ սեր ես կորցրել, կամ՝ մեծ սիրո ես կարոտ:

Երևի նշանակետին էի դիպել, որովհետև թեթևակի ցնցվեց:

-Արի փոխենք թեման:

-Եթե ավելի վաղ հանդիպեինք, քեզ կերջանկացնեի, -ոճս շատ է գրքային, բայց ճշմարտության ծալքն էի թեթևակի բացել:

-Թողած ներկան, անցյալում ես դեգերում:

Հայացքս թաղեցի աչքերի մեջ:

-Մի լրջացիր:

-Խորհրդավոր արարած ես:

Դեմքը ողողվեց ժպիտով: Մեզ խանգարողը սեղանիկ չէր, այլ ճակատագիրը, որ ուշ էր ժամադրել: Ես տարիքով նրանից մեծ էի՝ երեխաների, ընտանիքի տեր: Նրանք ինձ սիրում էին, հավատում: Իմ դաստիարակությունն ուրիշ էր. անկարող էի թեթև սրտով տրվել զգացմունքին, այլոց ցավի վրա կառուցել իմ երջանկությունը, չէի կարող փշրել նրանց հավատը մարդու, ընդհանրապես աշխարհի հանդեպ, իրավունք չունեի քանդել կառույցը, որի սյունը, ողնաշարն էի:

-Տխրեցիր: Ինչու՞ ես թեքել հայացքդ:

-Վախենում եմ աչքերիդ նայել:

-…

-Որպեսզի վերջնական չսիրահարվեմ:

-Իմ կողմից երաշխավորում եմ:

--Ես աչքերիդ եմ հավատում, ոչ լեզվիդ, -չոր կանխեցի:

-Բայց դու սովորություն չունես խոսելիս մարդկանց նայել:

-Պատճառ կա:

-…

-Ամաչում եմ դիմացինի մեղքերի համար:

-Գործածս մեղքերի համար դու՞ ես ամաչում, -ժպտաց:

-Կոնկրետ մի հասկացիր. մարդկային մեղքը նկատի ունեմ:

-Իջիր հողին, հա՞: Իսկ ե՞ս:

Երկար, խորասույզ նայեցի:

-Ես քեզ գրեթե սիրում եմ:

-Գրեթե…

Հայացքս փախցրի, նա՝ նմանապես:

Ի՞նչ էր մտորում, տալիս-առնում: Գիտեի՝ եթե շարունակեմ նույն ոճով, կզիջի: Բայց խիղճս թույլ չէր տալիս. անազնիվ կլիներ: Նա՝ երիտասարդ, անփորձ, անսանձ, հասունացումը զսպաշապկում անցկացրած, որպեսզի երբ ժամը գա, սիրի, ամուսնանա, երջանկանա, բացերես նայի բարեկամներին, ընկերներին, հարևաններին… Ես կարո՞ղ էի նրան պարգևել դույնը, պատրա՞ստ էի ընկղմվել սիրո խորխորատը, կիզվել նրա բոցերում, մոռանալ աշխատանք, ընտանիք, հանրային կարծիք: Նաև ֆիզիկապես՝ տևական կլինե՞ր սերս, գուցե ընդամենը կի՞րք էր, մտասևեռում, պիրկ մարմնի կարո՞տ…

-Ի՞նչ ես մտածում:

-Քո մասին:

Թվաց, ձեռքը հիմա կերկարի, կբռնի դաստակս: Ես, եթե անցյալի հետ կապերս խզելու, ապրածի վրա խաչ քաշելու, հորձանուտը մտնելու քաջություն ունենայի, կարձագանքեի: Ավաղ:

-Ներողություն, -ասացի:

-Դու նույնպես ներիր:

-Կյանք է, պիտի ապրենք:

Ժպտացինք միաժամանակ: Արտասուք թափելու չափ տխուր, անամոք ժպիտ էր:


    

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Տաքսուն վճարեց, իջան: Մուտքը փողոցից էր՝ ոչ մյուսների նման, և պարապ հարևաններից տեսնվելու վտանգ չկար: Ուրիշ ժամանակ կնեղսրտեր անապակի դռան, խազխզած դժգույն պատերի տեսքից, իսկ հիմա ուշադրությունն այլ տեղ էր, թեև ջանում էր ցույց չտալ:

Վերելակը ժամանակին եկավ: Փոքր ինչ ընկրկեց, որպեսզի հյուրն առաջինը մտնի, սեղմեց կոճակը: Տասներորդ հարկ էին բարձրանալու, և երկար լռելը պատշաճ չէր:

-Մրսե՞լ ես, -այլ հարմար բան չգտնելով՝ հարցրեց:

Ձա՞յնն էր սիրագորով, տեսադաշտ չլինելու պատճառով հայա՞ցքն ակամա հառեց աչքերին, թե… Համենայնդեպս պատասխանը, որ ընդամենը գլխի մեղմիվ տարուբերում էր, մեկից հուզեց տղամարդուն: Համարձակությունն ընդամենը հերիքեց վերելակից ելնելիս ձեռքը հպել ուսին, սակայն ոչ այնքան ուժգին, որպեսզի ուղեկիցն զգա:

Հանկարծահաս խռովքի մեջ էլ բացեց դուռը: Ամոթխած բնավորություն պատճառով վերարկուն հանելիս չկողմնորոշվեց և, բաց թողնելով պահը, հույսը հետոյի վրա թողեց՝ իբրև արդարացում մեջտեղ հանելով պատրաստի փաստարկը. չարժե խրտնեցնել: Այդ կերպ մտածողը ցանկասեր արուն էր, իսկ մյուսը, որ ներս՝ հյուրասենյակ էր հրավիրել կնոջը, որպեսզի իր իսկ աչքին ապաբարոյական չերևա, այլ պատճառաբանություն գտավ. գործընկերներ են, շաբաթ օրով պատահաբար հանդիպեցին փողոցում, հրավիրեց սուրճ ըմպելու, չմերժեց: Դա իրավունք տալի՞ս է խենեշ բաներ մտածել, ո՞վ ասաց, թե երբ տղամարդն ու կինը մենակ են, պետք է պարտադիր առաջին պլան մղվի կիրքը:

-Մեկ սենյականո՞ց է, -հյուրը դիտում էր կահավորանքը:

-Եթե պատշգամբը չհաշվենք, հա: Ապակեպատել եմ, ննջասենյակ դարձրել, -տանտերը վարժ շարժումով մի կողմ տարավ վարագույրը: Նույն պահին աչքով ընկան նախորդ օրվա գուլպաները, որ մոռացել էր հատակին: Ոտքով հրեց մահճակալի տակ: Կինը, սակայն, չառաջացավ, հավանաբար չուզեց կամ հարմար չգտավ:

-Դու տեղավորվիր, ես՝ հիմա, -միացրեց էլեկտրասալիկը, եկավ: -Սոված կլինես: Թե՞ սրճենք՝ նոր…

Գործընկերուհին վերստին դիմախաղի անցավ, ինչը կարելի էր և «այո» հասկանալ և «ոչ»:

-Կոնյակ էլ ունեմ, -ժպտաց:

-Վատ չես ապրում:

-Քեզ դու՞ր է գալիս, -հարցը դրական պատասխան էր ակնկալում:

-Կարևորը՝ անկյուն ունես:

-Եթե մեռնեմ, ուրիշի տնից չեն հանի, -տեղին չէր, բայց բերնից թռցրեց:

-Չեմ ծիծաղում:

-Ուրեմն՝ անհաջող կատակ էր: Ներողություն և՝ փակենք թեման: Դու սուրճ դիր, իսկ ես տեսնեմ ինչ կա ուտելու:

Մտան խոհանոց: Աղացում պատրաստի սուրճ կար: Սեղանին դրեց շաքարամանը, գավաթներ, գդալ: Սրճեփն անլվա էր, պտտեց ծորակը:

-Վստահեցիր, ուրեմն՝ ինձ թող, -խոսքի տոնը հեգնանքի թեթևակի երանգ ուներ, սակայն ոչ վիրավորական:

-Սխալ սխալի հետևից եմ թույլ տալիս: Շփոթմունքից է, -անկեղծացավ:

-Ես էլ հավատացի: Այս խոհանոցում քանի՞ կին է սուրճ եփել:

Գայթակղիչ էր առաջարկված փորձառու տղամարդու դերը, բայց խառնվածքը թույլ չտվեց:

-Ոչ ոք: Քրոջս, բարեկամներիս եթե նկատի չունենանք:

-Առանձի՞ն են ապրում:

-Տունը քանդելիս երկու պայմանագիր կնքեցինք: Եթե ամուսնացած լինեի, երկսենյականոց կհասներ:

-Զղջու՞մ ես:

- Չէ, բայց էլ իմաստ չունի ձգելը:

-Մեկը ևս վատ չէ, -կինը շաքարը երկու կես արեց: -Սպասիր հիշեմ՝ դու դառն ես խմում:

Խոսակցության նման ընթացքն անսպասելի էր: Դիմացինի ուշադրությունից քիչ էր մնում նվաղի: Հուզմունքը թաքցնելու համար բացեց սառնարանը: Ապխտած երշիկ ուներ, պանիր: Բախտը բերեց. մնում էին ամանորի առիթով մոր ուղարկած ձիթապտղի մի մասը, պասուց տոլման և շերտավոր գաթան, որ շատ փուխր լինելով՝ երեսից փշրվել էր, կորցրել տեսքը: Մտմտում էր՝ տոլման ևս դնի՞ սեղանին: Ի վերջո, հրաժարվեց: Վատն այն էր, հաց չկար՝ ոչ մի պատառ:

-Հաց չունեմ:

Այնքան անմիջական, անճարակ հնչեց խոսքը, որ կինը քրքջաց.

-Ինչպիսի՜ ողբերգություն:

-Գնամ խանութ:

-Կարիք չկա:

-Մոտիկ է՝ շենքի մյուս ծայրին:

-Սովա՞ծ ես:

-Հա:

-Եթե պնդում ես… Չուշանա՛ս:

Մինչ կգար, գործընկերուհին սեղանին սփռոց էր գցել՝ զետեղելով ուտեստը, ափսեները: Թաղարով մանուշակը՝ նոր բացված, տեղավորել էր անկյունում: Սիրուն, ջերմ բան կար ողջում և ճաշակ, ինչը նման խառնվածք ունեցողը՝ զգայուն, նկատել, գնահատել կարող էր: Կոնյակ լցրեց: Հիշեց՝ ծիրանի հյութ ունի: Բերեց, հենց երեք լիտրանոցով դրեց սեղանին:

-Երևում է՝ միայնակ արջի կենցաղով երկար ես ապրել:

-Հինգ տարի:

-Ու չէիր ասում, -զգաց՝ շատ է, մեղմեց տպավորությունը: -Կոլեկտիվով քանի՜ անգամ ենք շվարած կանգնել՝ չիմանալով ուր գնալ:

-Չեմ սիրում նման հավաքներ: Եթե նկատել ես, հնարավորինս խուսափում եմ:

-Ես նույնպես:

Խմեցին: Տանտերը վերստին լցրեց:

Խոսակցությունը գրոծընկերների շուրջ էր, աշխատանքի: Ժամանակն անցնում էր, իսկ թեման փոխել, վերստին մտերմիկ հուն մղել չէր լինում: Դրանից տրամադրությունն ընկել, ունկնդրի դերում էր: Չէր օգնում և կոնյակը, շիշը որի կես էր ընկել: Երկուսն էլ, թվում էր, ինչ-որ բանի էին սպասում:

-Երաժշտություն, եթե կարելի է, ի՞նչ ունես:

-Սովորական նվագարկիչ է: Միացնե՞մ, -ու չսպասելով պատասխանի՝ ելավ:

Ունեցածը դասական երաժշտություն էր, ազգագրական և հին երգեր՝ հիմնականում մոռացված էստրադային երգիչների, որոնք նրա ուսանելու տարիներին էին մոդա: Երկմտանքի մեջ չէր կարողանում ընտրություն կատարել:

-Պիաֆ, Վիսոցկի, Բիթլզ… ի՞նչ դնեմ, -հերթով շրջում էր ձայնապնակները:

-Մեղմ բան, թեկուզ՝ պարեղանակ:

Հարմար բան չգտնելով՝ Ազնավուր միացրեց:

-Բոլորովին չես ուտում:

-Անհոգ մնա:

Ամեն ինչ կտար՝ կարդալու դիմացինի մտքերը: Դաստիարակությունը տանտիրոջ պահվածք էր պարտադրում, կիրթ վարմունք, բայց կար սեռի բնազդ, որի թելադրած լուծումն այլ էր: Հեշտ չէր, անշուշտ: Եթե հավատալու լիներ գրքերին, առաջնորդվեր ընկեր-ծանոթների պատմածով, պիտի նախահարձակ լիներ, սակայն դրա համար փորձ էր հարկավոր, վճռականություն, նաև վստահություն, որ հիմար վիճակում չի հայտնվի: Մինչ նա երկվության մեջ էր, հյուրը քայլ առաջարկեց.

-Արի պարենք:

Տղամարդը գոտկեց մեջքը, սկսեցին մեղմիվ ճոճվել:

-Շա՞տ եմ անճարակ:

Կինը ժպտալով՝ ուղղեց գլուխը.

-Ի՞նչ իմաստով ես հարցնում:

Իբրև պատասխան, հայացքը թաղեց պարընկերուհու աչքերում: Վերջինս ընդառաջ չգնաց, խրախուսող շարժում չարեց:

-Չե՞ս ձանձրանում:

-Ամենևին:

-Ուրիշ գործեր ունե՞ս այսօր, -հարցրեց ու զղջաց:

Պատասխանն անորոշ էր.

-Գործ միշտ էլ կա:

-Այսօր իմ հյուրն ես:

Ցավալիորեն անժամանակ ավարտվեց մեղեդին, և նա ինքնաբերաբար թողեց պարըկերուհու կոնքը: Նստելու պահին սկսվեց հաջորդ երգը, բայց արդեն ուշ էր. կինը թիկնեց բազմոցին:

-Մի-մի բաժակ ըմպենք՝ հետո, -ելքը գտավ տղամարդը:

-Ես՝ չէ, գլուխս սկսեց պտտվել:

Գործընկերուհու շրջազգեստի կողաձևվածքը ետ էր գնացել, և նկատելի էր գուլպայի ձգված վերջույթը: Ստիպողաբար շեղում էր հայացքը, սակայն պիրկ ազդրը՝ մոտիկ և անհասանելի, բաց վարդագույն գուլպայի տակ մագնիս էր:

-Վերջին գավաթն է: Այնպիսի կենաց եմ ասելու, չես մերժի, - այն մտքից, որ երազուն օրը վտանգի տակ է, հարկադրում էր հարձակման անցնել:

-Իսկապես, էլ չեմ կարող, բայց կենացդ ասա, -փոքր ինչ տեղի տվեց հյուրը:

-Խմում ենք առանց խոսքի, ամեն մեկս մեր մտքինի կենացը, -ասաց, հետո զգաց՝ անհեթեթ է հնչում՝ ծիծաղելիորեն ոչ իրական:

-Ինքնատիպ է, խոսք չունեմ, -կինն ափերում տաքացնում էր ընպանակը: Փորձառու լինելով՝ հավանաբար գիտեր. ծեծված, հյուսիսի քաղաքներում տարածուն կենաց է:

-Չե՞ս ուզում, -ըմպելուց հետո տեսնելով՝ չի խմում, խռովկան նետեց տղամարդը:

-Փոխարենը կպարեմ, -նա մեկնեց ձեռքը:

Տանտերը խենթավուն ձգվեց դեպի նա, հենց կանգնած տեղում գրկեց: Կինը հիմա զուսպ էր: Տղամարդը դիմադրություն էր զգում, մարմինը հեռու պահելու ճիգ, բայց ոչ այնքան նկատելի, որպեսզի զուգընկերը նեղանա: Ճակատը թաղեց նրա մազերի մեջ, վերջինս խուսափեց:

-Ներող եղիր:

-Գլխապտու՞յտ ունես:

-Ուրիշ պատճառ կա, -դառնությամբ ժպտաց:

-Շատ խմեցինք, -չհասկանալու տվեց հյուրը:

-Չսրճե՞նք:

-Կարելի է, -բայց ես հետո կգնամ, -նա թողեց պարելը:

Սթափ լինելու դեպքում գուցե թե կարողանար հանկարծակի փոփոխության համար բացատրություն գտնել, բայց հիմա շփոթ էր գլխում:

-Ինչու՞ ես շտապում, -ընդամենը հարցրեց: -Նեղացրի՞:

-Պարզապես շատ է ուշ, -կինը ձեռքն առավ աղացը: -Սուրճ չկա:

-Ինձ տուր, -վերցնելով ՝ սկսեց կատաղի արագությամբ պտտել: Թափից բռնակը դուրս պրծավ՝ քերծելով ցուցամատի ծալոսկրի մաշկը:

-Խենթ, ի՞նչ արիր, -հյուրի ձայնը մեկից փոխվեց, կրկին դարձավ գորովագութ: -Սպասիր տեսնեմ:

-Ոչինչ, -նա լեզվով մաքրեց արյունը:

-Թող, պետք է կապվի:

-Հարկ չկա, -բայց թե՝ չփախցրեց ձեռքը, թույլ տվեց բռնի:

-Յոդ կճարվի՞:

-Քո անհանգստությունն էլ հերիք է, -վերջին բառերը հուզմունքից կերկեր հնչեցին:

Կինըը փորձեց ազատել ձեռքը, որը հիմա տղամարդն էր բռնել:

-Խմա՞ծ ես:

-Գինով՝ գուցե:

-Սուրճ չե՞նք ըմպելու:

-Տունը քոնն է, ինչպես կամենաս, -այս անգամ խոսքը բնական հնչեց:

-Նվիրու՞մ ես, -հյուրը ժպտաց:

-Քեզ իմ խուցը դուր է գալիս, ճի՞շտ է: «Չէ» չասես՝ կնեղանամ:

Պատասխանը գլխի շարժ էր:

-Ուրեմն՝ մնա:

-Բա որ վաղը սթափվե՞ս:

-Չկարծես հարբած եմ: Այսչափ անկեղծ երբևէ չեմ եղել, - ճշմարտությունն էր ասում: Խառնվածքին հավատարիմ՝ ուղեղից վանել էր ամեն կասկած՝ ընդառաջ գնալով խորքում ալիք տվող, ճողփացող սիրուն:

-Թողնենք ուրիշ օրվա այս խոսակցությունը, հա՞:

-Ավելի չքնաղ օր չենք գտնի: Ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում, -կնոջ երկու ձեռքն առավ ափերի մեջ:

-Լրջացիր, դու ինձ ամենևին չես ճանաչում:

-Մի շարունակիր, մնում ես և՝ վերջ, - փորձեց համբուրել:

-Ոչ այսօր, -կինը լուրջ էր:

-Բայց ինչու՞:

-Հարցեր կան. չի կարելի:

Տղան մտադիր չէր զիջել:

-Դու գնա հյուրասենյակ, ես սուրճը կբերեմ, -մեղմ առաջարկեց հյուրը:

Տանտերը երջանիկ՝ տեղը չէր գտնում: Կինը մատուցարանով սուրճը դրեց սեղանիկին: Տղամարդը ժպտաց: Կինը փախցրեց հայացքը: Փոխադրվելով բազմոցին՝ մատներով ետ տարավ կնոջ դեմքը փակող մազափունջը:

-Խնդրում եմ:

Տանտերն ընկրկեց:

-Քանի՞ տարեկան ես:

-Երեսունհինգ, - ամաչեց տարիքի համեմատ անփորձ լինելուց:

-Իսկ ես՝ երեսունյոթ:

Տղամարդը թեթևակի ցավ զգաց, բայց անմիջապես վրա տվեց.

-Ի՞նչ անենք:

-Եվ՝ ամուսնացած-բաժանված:

Նման բան լսել էր, բայց թե ինչու էր ամուսնալուծվել, ով էր եղել ամուսինը, չգիտեր:

-Ասածներդ կարևոր չեն:

-Որեմն՝ լուրջ չես, բոլորի պես օգտվել ես կամենում:

Տղամարդը մինչև հոգու խորխորատը վիրավորվեց.

-Մի համեմատիր ուրիշների հետ: Եթե անգամ պարզվի, երեխաներ կան, միևնույն է, կամուսնանամ:

-Իսկ ձերո՞նք:

-Վճռողը ես եմ:

-Ինձ ժամանակ տուր, նույնը քեզ եմ խորհուրդ տալիս:

Չարձագանքեց:

-Ես գնամ, հա՞:

Օգնեց, որպեսզի հյուրը հագնվի:

-Չուղեկցես, խնդրում եմ, -նա, ասես, փախչելիս լիներ:

Տանտերը ձեռքը երկարելով՝ ուղղեց մուշտակի օձիքը, մատներն ինքնաբերաբար խրեց հյուրի պարանոցը ծածկող մազերի մեջ: Նա չէր արգելում: Քնքշանքից, հոգին պարուրած բարությունից տղամարդու աչքերն արցունքակալեցին:

-Ես կամուսնանամ քեզ հետ, հավատա:

Կինը ոտքով իջավ՝ չսպասելով վերելակի գալուն: Տանտերը երկա՜ր չէր փակում դուռը: Հետո վերադարձավ սենյակ: Շշում կոնյակ էր մնացել: Լցրեց գավաթը:

-Անուղղելի ապուշ, -ասաց, թափով ըմպեց:

ՀԳ- Ի՞նչ եղավ հետո, հայտնի չէ: Խա՞ղ էր, որ հարյուր-հազարավոր տարբերակներով ամեն օր խաղացվում է գոց դռների ետևում, թե՞ իսկապես սեր, որ հանկարծաբար ծաղկում է, թեկուզ դրսում ցուրտ է, հունվար, ինչպես գրվածքում, որն ընթերցելու նեղություն կրեցիր:


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1972 | 0 | 0
Facebook