Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե երբևէ ներես...

20:25, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2012 թ.
Եթե երբևէ ներես...
     Ների~ր... Ների~ր ինձ ամեն ինչի համար... Բառեր, որոնք շատ դժվար է երբեմն ասել, քանզի գիտեմ, որ դրանք լիովին չեն կարող մեղմացնել այն ցավը, որ առաջացրել եմ...
     Ինքս էլ ապրել եմ այդ ցավը, ու գիտեմ ինչի մեջ գցեցի քեզ` այն մարդուն, ով այդքան շատ էր ինձ սիրում, ում ցավոք չկարողացա փոխադարձ պատասխանել... Ուզում եմ ուղղակի, որ ներես. ներես, որ անզոր եմ դարձել` հոգիս բացելու համար...
     Ցավո~ք ինձ արդեն «սպանել» են...
     Եթե երբևէ ինձ ներես, կհասկանաս, թե ինչքան մեծ է մեղքի զգացողությունը հոգումս, կհասկանաս, որ ես ոչ մի վայրկյան չեմ ուզել ցավեցնել և ոչ մեկին...Քեզ ևս...
     Եթե երբևէ ինձ ներես, կտեսնես, որ կյանքը լի է բազում երջանիկ պահերով, որոնք պետք է ապրես` անկախ ամեն ինչից, անկախ նրան, թե ես կողքիդ եմ, թե ոչ...
     Եթե երբևէ ինձ ներես, կզգաս, թե ինչու կատարվեց այս ամենը, կհավատաս վերջապես, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում, ավելին` յուրաքանչյուր ցավ օրերից մի օր գտնում է իր իմաստը, որը բացահայտվում է երջանկության ուղու ոլորաններում...
     Եթե երբևէ ինձ ներես, կբացես քեզ համար նոր աշխարհ, նոր հետաքրքրություններ, հրաշալի պահեր, որոնց մասին այնքան խոսել ենք, որոնք միասին պետք է ապրեինք, սակայն հավատաˊ, մեկ ուրիշի հետ էլ հնարավոր է, դու կարող ես, դու կգտնես... Կգտնես դրա համար նաև ուժ...Ես գիտեմ` կարող ես...
     Եթե երբևէ ինձ ներես, կժպտաս անհոգ` ետևում թողնելով այն թվացյալ անհոգությունը, որ մտքերումդ ապրել ենք և պիտի ապրեինք դեռ միասին...
     Եթե երբևէ ինձ ներես, այլևս չես դժգոհի կյանքից, կտեսնես նրանում այն ամենը, ինչ ես եմ տեսնում, այն չնչինը, որը բերկրանք է պարգևում, անկախ այն փորձություններից, որոնք ապրում ենք «սեր» կոչեցյալի պատճառով...
     Եթե երբևէ ինձ ներես, կարթնանաս այս մթության մեջ անվերջ թվացող քնից, կսկսես ապրել...«Ապրել», այլ ոչ թե «գոյատևել»... Իսկ դրանց տարբերությունը ես քեզ սովորեցրել եմ, հիշիˊր...
    
Եթե երբևէ ինձ ներես, կհասկանաս, որ չեմ կարող այլևս մնալ, որ պարտավոր եմ հեռանալ...
     Կհասկանաս, որ չեմ ուզում տեսնել սիրուց այրվող հայացքդ ու չկարողանալ պատասխանել, որ չեմ ուզում նորից տեսնել աչքերդ թախծոտ` իմ պատճառով...
     Եթե երբևէ ինձ ներես, կբացես հոգիդ, որն այնքա~ն լուսավոր է, որն այնքա~ն մաքուր ու նվիրվող է, որում այնքա~ն մեծ սեր կա...
     Եթե երբևէ ինձ ներես, կնվիրես այդ սերն այն մարդուն, ով առավել է արժանի դրան, ով քեզ կտա այն ամենը, ինչ ես չեմ կարող...Ցավո~ք ինձ արդեն «սպանել» են...
     Եթե երբևէ ինձ ներես, կներեմ ինձ նաև ես...
    
     Աղբյուր` http://ahb171091.blogspot.com/2012/09/blog-post_12.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5020 | 4 | 0
Facebook