ԱՂԱՆԴՆԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դժվար թե գտնվի մի մարդ, ում գոնե մեկ անգամ փողոցում չեն կանգնեցրել ու չեն հարցրել. «Ապագայից ի՞նչ սպասելիքներ ունեք»: Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 կրոնական կազմակերպություն: Ըստ տարբեր տվյալների` գործում են չգրանցված 75-100 կրոնական կառույցներ: Ընդ որում, այդ կառույցների մի զգալի հատվածն անհատի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոտալիտար աղանդներն են, որոնք օգտագործում են հոգեբանական ներգործության ուժեղ մեխանիզմներ և թվաքանակով ամենաշատ հետևորդներն ունեն Հայաստանում (Եհովայի վկաներ, «Կյանքի խոսք», Ավետարանչականեր, մորմոններ): Այս աղանդները սկսում են մարդկանց հավաքագրել` համոզելով, որ մարդու մինչ այս ապրած կյանքն անիմաստ է եղել, որ պետությունն ու հասարակությունը մարդուն ոչինչ չեն տալիս, իսկ իրենք գիտեն, թե ինչ է պետք անհատին, ինչպես փրկվել աշխարհի մոտալուտ կործանումից: Ընդ որում, շատ լավ օգտագործվում է ճշմարտությունը տարածելու համար հասարակության կողմից «քարկոծվելու» գաղափարը: Վերջին շրջանում աղանդների հիմնադիրների ճանկերն ամենից հաճախ ընկնում է երիտասարդությունը, և դրա հիմնական պատճառը դառնում է հասկացված լինելու, համախոհներ գտնելու ցանկությունը, որոնք կարող են աջակցել, ազատվել հանապազօրյա խնդիրներից։ Ինչպես նաև, ինչպես պնդում են շատ երիտասարդներ, պատասխաններ ստանալու ցանկությունը: Հոգեբան Անահիտ Սարդարյանը նշեց, որ նրանք գտնում են մարդկանց թույլ կողմը և այն լուծելու քողի տակ ներգրավում են իրենց շարքերը: ‹‹Ներքաշվում են ամենակարիքավոր մարդիկ: Կան կարիքավորների մի քանի խմբեր՝ նյութական կարիքներ ունեցողներ, կան նաև ուղղակի հոգեբանական միասնության կարիքավորների խումբ: Կարող են լինել մարդիկ, ովքեր միայնակ են և ընկերներ են փնտրում, կամ մարդիկ ովքեր ընտանիքում ունեն խնդիրներ և ուզում են սիրված լինել: Աղանդները իրենց կեղծ սիրով տալիս են մարդկանց այն, ինչի կարիքը, որ զգում են: Աղանդի մեջ խորասուզված անձին դարձի բերելու համար միջինը 5-7 տարի է պետք››: Աղանդի մեջ մտած մարդը կարճ ժամկետում կարող է արմատապես, անճանաչելիորեն փոխվել, և ամենասարսափելին այն է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ և յուրաքանչյուր ընտանիքում։ Այն վնասները, որոնք աղանդները կարող են պատճառել ընտանիքին՝ ուրեմն նաև հասարակությանը՝ 1. ընատնիքների քայքայումը, 2. սոցիալական որբերի ի հայտ գալը՝ աղանդավոր ծնողների կողմից լքված երեխաներ, 3. աղանդին հարած երեխաների կողմից իրենց տարեց ծնողներին անխնամ թողնելը, 4. անլիարժեք դարձած ընտանիքներում երեխաների դաստիարակության խնդիրը, 5. ողբերգություն, որը կապված է աղանդի ղեկավարների կողմից իրենց հետևորդներին՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու և իր մասը աղանդին հանձնելու հարկադրանքի հետ, 6. ընտանիքի աղանդավոր անդամի կողմից իր մերձավորներին աղանդի մեջ ներգրավում 7. ֆիզիկական և հոգեբանական բռնություն, որը՝ կրոնական դրդապատճառներից ելնելով, աղանդավորն իրականացնում է իր ընտանիքում` մանավանդ երեխաների նկատմամբ: Նոր աղանդավոր դարձած անձը մշտապես շրջապատված է «փորձ ունեցող» աղանդավորներով, անընդհատ զբաղված է աղանդավորական գրականության տարածմամբ, նոր անդամների հավաքագրմամբ, երկարաշունչ աղոթքների ու աղանդավորական ծիսակարգերի մասնակցությամբ: Այլ կերպ ասած, ազդելով մարդկանց հույզերի ու զգացմունքների վրա` օգտագործում են մարդկանց ոչ կայուն հոգեկան վիճակը կամ մարդկանց հասցնելով հոգեբանական խոր ցնցումների` կառավարում են նրանց գիտակցությունը: ‹‹ Միացյալ երիտասարդական լիգա›› երիտասարդական կազմակերպության համանախագահ Դանիել Պետրոսյանը նշեց. ‹‹ Մենք զբաղվում ենք աղանդավորական գործունեություն ծավալող խմբավորումների ուսումնասիրությամբ և հասարակության իրազեկմամբ՝ փորձելով հետ պահել նման կազմակերպությունների ծուղակը ընկնելուց, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում մարդկանց դուրս բերել աղանդավորների ճանկերից, և այդ մարդիկ կարող են մեծ վնասներ կրել նման կազմակերպություններում ներգրավված լինելով››: Երբ Հայաստանում քննարկումներ էին ծավալվում այս կրոնական կառույցներն օրենքի դաշտ բերելու մասին, փաստարկ էր բերվում, որ այս կառույցներն օրենքի դաշտ բերելով` ավելի հեշտ կլինի վերահսկել դրանց գործունեությունը: Սակայն իրականում նրանց գործունեությունը որևէ կերպ չվերահսկվեց: Եվրոպական կառույցները մեզանից պահանջում են ապահովել բոլոր կրոնական կառույցների գործունեության հավասարությունը Հայաստանում, չնայած այդ նույն եվրոպական երկրներում, օրինակ` Ֆրանսիայում ու Գերմանիայում, արգելված է Եհովայի վկաներ աղանդի գործունեությունը: Ավելին` աղանդների մի զգալի մասը Հայաստան է թափանցում հենց Եվրոպայից: Եթե ոչ այսօր, ապա վաղը նման աղանդների ակտիվ գործունեությունն ու ընդլայնումը իրապես լուրջ խնդիր է դառնալու ազգային անվտանգության համար: |