Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ:
Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ-ին։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ.-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Այս օրվանից բացի փոքրիկներին է նվիրված նաև երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին: