ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ…
Գրող Գայանե Հարությունյանը ծնվել է 1980 թվականին Երևանում: Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1995 թվականից. հեղինակ է մի շարք բանաստեղծությունների, պատմվածքների:
Իմ մեջ գրելու մեծ ցանկությունը նկատելի էր դեռ դպրոցական տարիքից, երբ ամենահասարակ շարադրությունն անգամ իմ պարագայում դառնում էր մտքի լայնածավալ ու անկեղծ շարադրանք: Երբեք չէի կաղապարվում ի սկզբանե տրված ծավալների ու շրջանակների մեջ՝ ձգտելով ազատորեն թղթին հանձնել մտքի արգասիքները: Կյանքի ու աշխարհի ընկալման իմ «շարադրանքը» թղթին հանձնելու համար կարևոր ազդակ էր անսահման սերը դեպի բնությունը և մարդը: Այն, որ գրելն ինձ համար ոչ թե սոսկ հոբբի է, այլ դառնում է մասնագիտություն ու կոչում՝ հասկացա ավելի հասուն տարիքում, երբ ձևավորվում է իրողությունների ու երևույթների սեփական գնահատման ու արժեքավորման տիրույթը: Ձեր կյանքում երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, ով մեծ ազդեցություն է թողել միգուցե թե Ձեր, և թե Ձեր գործերի վրա: Բոլոր այդ մարդիկ իրենց ուրույն հետքն են թողնում տվյալ մարդու ներաշխարհի ձևավորման ու զարգացման վրա: Իմ կյանքում էլ, իհարկե, եղել են ու կան մարդիկ, որոնք որոշակի ազդեցություն ունեն իմ ներաշխարհի զարգացման վրա: Հուսով եմ, որ իմ գործունեությամբ ես էլ որևէ մեկի համար իր իսկ ներաշխարհի ձևավորման ներշնչող աղբյուր եմ լինում: Գրող դառնալու համար համապատասխան կրթությունը պարտադի՞ր է: Գրականության մեջ հայտնի են բազմաթիվ մարդիկ, որոնք չունենալով համապատասխան կրթություն՝ իրենց ուրույն հետքն են թողել համաշխարհային գրական ժառանգության մեջ: Ստեղծագործող մարդը ստեղծագործում է, լինելով ցանկացած մասնագիտության տեր, նա ստեղծագործում է ոչ միայն արարելով որևէ նյութեղեն կամ հոգևոր բան, այլ ստեղծագործաբար է մոտենում շրջակա աշխարհին, մարդկային հարաբերություններին, աշխարհի հետ հարաբերման բոլոր իրավիճակներին: Կարող եք առանձնացնել որևէ գիրք համաշխարհային գրականությունի, որն ամենաշատն եք սիրում: Դժվար է առանձնացնել որևէ գրական կոթող, քանի որ այդպիսիք շատ են ու յուրաքանչյուրը կյանքի որոշակի ժամանակաշրջանում ունեցել կամ ունենում է իր ուրույն ազդեցությունը: Չկա հետաքրքիր կամ անհետաքրքիր գիրք, ինչպես ամբողջ կյանքում ենք մենք սովորում , այնպես էլ գրականության մեջ ամեն մեկ հեղինակ սովորեցնում է ինչ-որ մի բան, որը քեզ անհրաժեշտ է լինում անընդհատ, կարողանում ես ճիշտ կողմնորոշվել ամենատարբեր իրավիճակներում:
Այդպիսիք շատ են և արդյունք են բուռն ներշնչանքի պահերի, ոգևորված որևէ բնական երևույթով: Սակայն իհարկե, ցանկացած ստեղծագործական պրոցես դա խնամքով ու անկեղծ աշխատանք է սեփական մտքի հետ, հետևաբար անհնար է ստեղծագործել միայն պահի ազդեցության տակ: Իսկ ի՞նչ արձագանքներ ստացավ ձեր առաջին գիրքը լույս տեսնելուց հետո: Առաջին գրքի` «Խավարից Լույս» -ի շնորհանդեսը կայացավ 1996 թվականին: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում: Դրական կարծիքները շատ էին, բոլորը ողջունում, շնորհավորում էին, սակայն, ես, չգիտես ինչու, սիրում եմ քննադատությունները, կարծես լսելով դրանք կարողանում ես ավելի ճիշտ կողմնորոշվել, իհարկե քննադատություններ նույնպես եղան, և դա բնական է, կարծում եմ չկա ստեղծագործություն, որ չարժանանա քննադատության… Եվ վերջում. Ի՞նչ խորհուրդներ ունեք երիտասարդ հեղինակներին` ելնելով ձեր կենսափորձից: Ոչ թե՝ խորհուրդ կտայի նրանց, քանի որ ինքս երիտասարդ եմ կառաջարկեի աշխատել սիրով, նվիրումով ու ջանադրաբար, աշխատել հավատով ու ջերմեռանդությամբ, փորձել սովորել, ճանաչել ու իմանալ ավելին, քան գիտեն, ամբարել գիտելիքներ, փորձել բացահայտել այն, ինչը դժվարամատչելի էր, յուրացնել այն, ինչն անհասանելի էր թվում: Միայն նվիրումի և հետևողական աշխատանքի շնորհիվ մարդը կարող է իր ստեղծագործական տաղանդի համար ստեղծել անհրաժեշտ միջավայրն ու պայմանները, որպեսզի հնարավոր լինի ներկայանալի ու ճիշտ ձևով մատուցել իր ստեղծածը՝ հուսալով արժանանալ գնահատանքի, սիրո, հարգանքի ու ընդունման: |