Արագ սննդի կետերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտել: Ըստ վիճակագրական տվյալների մարդիկ ավելի շատ գումար են ծախսում "արագ" սննդի համար քան որևէ այլ բանի:
Սոցիոլոգ Դավիթ Սահակյանը նշեց. «Հայաստանի համար չկա հստակ վիճակագրություն, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում արագ սննդից, բայց փաստ է, որ այդ թիվը տարեց տարի ավելանում է և դա նկատելի է անգամ առանց վիճակագրական տվյալները դիտարկելու»:
Դրանցից օգտվողների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները՝ ուսանողներն ու դպրոցականները: Նախ, քանի որ դրանք հարմար են նրանց գրպանին և երկրորդ՝ գտնվում են ուսումնական կենտրոնների հարևանությամբ:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արագ սնունդն ունի իր բացասական հետևանքները: Դրանք մեկ օրում չեն կարող նկատելի լինել: Դրանց ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են։
Դիետոլոգ-գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Խաչատրյանի խոսքերով. «Դա առավել վտանգավոր է երեխաների ու դեռահասների համար, քանի որ աճող սերնդի օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում։ Իսկ թե ինչպիսին այն կլինի, մեծապես կախված է նաեւ նրանց առջեւ դրված ափսեի պարունակությունից։ Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի եւ գեղձերի աշխատանքը։ Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա» ։
Բժիշկ-կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանի խոսքերով "Արագ" սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմուն առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը։
Մեր երկրում դրանց բացասական հետանքների կողքին կա ևս մեկ ու ոչ պակաս կարևոր խնդիր: Հակահիգիենիկ վիճակից բողոքում են գրեթե բոլոր օգտվողները, սակայն դրանից արագ սննդից օգտվողների թիվը չի պակասում:
«Մի ժամանակ շատ էի օգտվում "արագ" սննդից, սակայն թունավորվելուց հետո այլևս չեմ օգտվում, չնայած մեկ-մեկ բացառություն եմ անում, քանի որ շատ դժվար է առավոտյան գալ և մինչև կեսօր մնալ սոված: Քանի որ համալսարանին մոտ կարելի է գտնել միայն արագ սննդի կետ, ստիպված օգտվում ենք» , - մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանող Լիլիթը:
Եթե համեմատելու լինենք մի քանի տարի առաջ արագ սննդի կետերում տիրող իրավիճակի հետ, ապա այժմ ավելի բարվոք վիճակում է գտնվում, սակայն հարցը վերաբերում է մարդկանց անվտանգությանը և հարցի վերջնական կարգավորումը պարտադիր է:
ԵՊՀ մասնաշենքի մոտ գտնվող արագ սննդի կետի աշխատակցուհին մեր այն հարցին, թե ինչո՞ւ է վաճառվող սնունդը առանց պոլիեթիլային տոպրակների փաթեթավորման՝ բաց վիճակում գտնվում, նա պատասխանեց.
-Եթե չես ուզում ինձանից առնես, գնա ուրիշ տեղից առ, մի խանգարի աշխատում ենք:
Ի դեպ հենց այդ պահին նրա մոտ գնորդների հերթ էր գոյացել: Երբ գնորդներից հետաքրքրվեցինք թե արդյո՞ք իրենց չի հուզում այդ հակահիգիենիկ վիճակը, նրանցից շատերը պատասխխանեցին, որ տեսնում են բայց սոված են 10 րոպե դասամիջոցի ընթացքում իրենք չեն հասցնի ուրիշ տեղ գնալ սնվելու համար:
Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ "արագ" սննդի կետերում աշխատողները հիմնականում այլ վայրերում են սնվում։ Օրինակ՝ իրենց տանը։
Դիետոլոգների կարծիքով մոտավորապես ամիսը մեկ անգամ։ Չնայած շատ բժիշկների կարծիքով, դա էլ է վտանգավոր։
Ստացվում է այնպես, որ իրենց իսկ առողջության համար անգամ մտահոգ չեն մեր երիտասարդները: Նրանց համար խնդիրը սկսում է տեսանելի լինել այն ժամանակ, երբ սեփական մաշկի վրա են զգում դրա կարևորությունն ու հետևանքները: