Ինչպե՞ս լինել լավ սկեսուր հարսի համար
17:23, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Եթե նոր եք ամուսնացրել կամ պատրաստվում եք ամուսնացնել ձեր տղային և մտածում եք, թե ինչպե՞ս անել, որ լավ սկեսուր լինեք հարսի համար, նախ պետք է հիշեք, որ առաջին հերթին հարկավոր է լավ մարդ լինել։ Պետք է գիտակցել, որ եթե հարս է գալիս քո տուն, ապա նա պետք է ապրի քեզ հետ և քո ընտանիքի անդամը դառնա։ Եթե սկեսուրը մտածում է, որ հարսն իրեն միայն գործ անելու համար է պետք, այս դեպքում հաստատ լեզու չեն գտնի իրար հետ, իսկ եթե մտածի, թե ևս մեկ հարազատ ավելացավ և կարող են իրար հետ կիսել որոշ հետաքրքրություներ, թեկուզ հաճելի զրուցել, ֆիլմ նայել, համեղ ուտեստներ պատրաստել, ապա այս դեպքում, ամեն ինչ հրաշալի կլինի։ Շատ կանայք մտածում են, որ հարսը պետք է միայն խոնարհաբար ծառայի տան անդամներին և զուրկ լինի հարևանների, բարեկանմերի հետ զրուցելու, մաքուր օդում ժամանակ անցկացնելու ցանկությունից։ Իհարկե, հարսը պարտավոր է խոնարհաբար ծառայելու, բայց ի վերջո նա ևս ունի իր կյանքն ապրելու ցանկություն։ Այսպիսի միտք են արտահայտում շատերը․ «Ինչու՞ պիտի սկեսուրը գործ անի, իսկ հարսը նստի» ։ Այս արտահայտությունը սխալ չէ, պարզապես հարց է առաջանում, թե այն դեպքում երբ սկեսուրը որոշի նստել, արդյո՞ք հարսը ևս նստելու իրավունք կունենա։ Իսկ եթե ինչ-որ պահի հարսի մոտ առողջկան խնդիր առաջանա ու ստիպված լինի նստել, այս դեպքում սկեսուրը փաստորեն պիտի նստած մնա՞։ Արդյո՞ք պատրաստ եք օգնել, որպեսզի ձեր հարսի առողջական վիճակը բարելավի, կանհանգստանա՞ք նրա համար, թե՞ շատերի պես կասեք, որ նա հիվանդոտ է ու մի կողմ կքաշվեք։ Հոգատարությունը միշտ գնահատելի է, աշխատեք հոգատար լինել։ Ի՞նչ կմտածեք հարսի մասին, եթե հանկարծ ձեզ վատ զգաք ու նա չցանկանա օգնություն ցուցաբերել, իհարկե շատ վատ կարծիք կունենաք։ Նույն ձևով էլ հարսը ձեր մասին կմտածի։ Եթե կնկատեք, որ հարսը չի հասցնում տան գործերն անել, կարելի է նրան նույնիսկ օգնել։ Կարիք չկա, որ դուք բարկանաք, ամեն ինչ հանգիստ և սիրով պետք է անել։ Երբեմն պետք է նույնիսկ անտեսել, եթե հարսը որոշ գործեր չի արել, գուցե դրա համար նա հիմնավոր պատճառներ ունի։ Սկեսուրը պետք է նաև այնպես անի, որ իր տղան երբեք չկասկածի, որ տանը որևէ գործ կիսատ է մնացել, որպեսզի տղան չբարկանա կնոջ վրա։ Իսկ եթե դուք սկսեք հարսի ամեն չարված գործը տղային ներկայացնել՝ կնշանակի, որ դուք ցանկանում եք կռիվ հրահրել զույգերի միջև։ Եթե կտեսնեք, որ դեռ շատ գործեր կան անելու, բայց հարսն արդեն հոգնել է, կարող եք առաջարկել, որպեսզի մի քիչ հանգստանա ու հետո նոր շարունակի գործը։ Գուցե նա կամաչի առանց ձեր ասելու որոշի հանգստանալ։ Երբեք մի՜ նախանձեք, եթե ձեր տղան իր կնոջն աշխարհում ամեն բանից շատ սիրի, դա նշանակում է, որ նա այս կյանքում գտել է իր իրական սիրուն։ Պետք է ուրախ լինել դրա համար և իրենց հետ միասին ուրախանալ։ Եթե դուք տխրեք, ձեր տղան կսկսի ձեզ չսիրել։ Եթե կտեսնեք, որ ձեր հարսն ու տղան ջերմորեն զրուցում են, երբեք մի՜ հիշեցրեք, որ գործերը մնացին, թո՜ղ գործերը մնան, իրենց զրույցն ավելի կարևոր է, դուք մի՜ խանգարեք նրանց հաճելի զրույցը։ Երբեք ձեր հարսի թերությունները մի պատմեք հարևաններին, բարեկամներին, դուք դրանով անթերի չեք դառնա։ Բոլորն ունեն թերություններ։ Լավ սկեսուրը, ոչ թե պիտի ներկայացնի թերությունները, այլ այնպես պիտի թաքցնի դրանք, որ ոչ ոք նույնիսկ չնկատի, չէ՞ որ ոչ թե սկեսուրը թշնամի պիտի լինի հարսին, այլ մոր պես հոգատար։ Եթե ձեր հարսը որևէ ֆիզիկական թերություն կունենա, նույնիսկ կատակով մի ծաղրեք նրանք, ընդունեք նրան ինչպիսին որ կա։ Հիշեք, դուք եք մեծը, դուք եք թելադրում ինչպես անել, այլ ոչ թե հարսը, դուք այնքան շատ բան եք տեսել ձեր կյանքում, իսկ հարսը դեռ նոր պիտի ընտելանա իր նոր կյանքին։ Շատ ընտանիքներում սովորություն կա, որ պարտադիր միասին են նստում հաց ուտելու, բայց եթե այս պարագայում հարսն ավելի շուտ սովածանա ու որոշի բոլորից շուտ հաց ուտել, ի՞նչ կանեք, կմեղադրե՞ք նրան, որ չսպասեց տան մյուս անդամներին, թե՞ կթողնեք, որ հանգիստ հաց ուտի։ Ձեր պահվածքից է կախված ամեն ինչ։ Նաև երբեք մի ասեք, թե դուք լավն եք, թող հարսը լավ հարս լինի, որովհետև հիմնականում հարսը ձեզ ոչ մի վատ բան չի պատրաստվում անել։ Երբ աղջիկն ամուսնանում է, չի մտածում որևէ մեկին վատ բան անելու մասին, նա միայն մտածում է, թե երջանիկ է լինելու իր սիրելիի կողքին, այնպես որ աշխատեք այդ երջանկությանը միանալ նաև դուք և անպայման կլինեք լավ սկեսուր ձեր հարսի համար։ Իսկ եթե ուզում եք, որ կողքից հարևաններն ու բարեկամները պարզապես ասեն, որ դուք լավ սկեսուր եք, կարող եք մի երկու գործ անել, գնալ բոլորին պատմել ու ներկայացնել, որ հարսն անգործունյա է, բայց դուք ստիպված անում եք, որ մի բան արվի տանը։ Սա, իհարկե, կատակ էր, այսպես դուք շատ վատ բան արած կլինեք ու հարսը ձեզ չի ների։ Երբ երեխա ծնվի ձեր տանը, երբեք մի ասեք, թե դուք պարտավոր չեք հարսին օգնել երեխայի հարցում։ Եթե այդպես մտածենք, ուրեմն ոչ ոք էլ ոչ մեկին ոչինչ պարտական չէ։ Պատկերացրեք, որ փողոցում եք, միայնակ ու ձեզ վատ եք զգում, իսկ անծանոթները կանցնեն ու կասեն, որ պարտավոր չեն ձեզ օգնել։ Ինչպե՞ս եք կարծում, այսպես ճիշտ է՞։ Այն ինչ դուք հնարքվորություն ունեք ձեր մարդկային վերաբերմունքը ցույց տալու և լավ օրինակ լինելու մյուս սկեսուրների համար։ Այս գիտակցությամբ դուք կարող եք այնպես անել, որ ձեր կյանքն ավելի հետաքրքիր ու ներդաշնակ լինի։ Միշտ լավատես եղեք։ Կարող եք խորհուրդներ ավելացնել մեկնաբանություններում |
Աղբյուրը` Անահիտ
Հավանել
0
Չհավանել
0
3462 | 0 | 0 | 0