Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օյունջանցիները երթով Ծիծեռնակաբերդ

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
22:03, շաբաթ, 27 ապրիլի, 2013 թ.
Օյունջանցիները երթով Ծիծեռնակաբերդ

Գարուն է, ապրիլ, բայց գարնան շունչն ու ծաղիկների բույրը չէ, որ մեկ մարդու պես դպրոցի բակում է համախմբել «Օյունջյան» դպրոցի մանկավարժական, ծնողական ու աշակերտական հանրույթներին: Այսօր ապրիլի 24-ն է, և դպրոցին հարակից փողոցով համրաքայլ առաջանում են երթի մասնակիցները, որոնք ելել են դատապարտելու մեծ ոճիրը, կատարելու «Օյունյջան» դպրոցի բարերար Հովհաննես Օյունջյանի` երկար տարների բաղձանքը` Ծիծեռնակաբերդում միասին հարգանքի տուրք մատուցել բյուրավոր անմեղ զոհերի հիշատակին: Բժիշկ Օյունջյանը միջոցներ չի խնայել, և երթուղային մեքենաներով 150 մարդ է ուղևորվում Երևան: Տարրական դպրոցի աշակերտները, սովորության համաձայն, ուզում են չարություն անել, բայց ինչ-որ անհասկանալի ընդհանուր բան կա բոլոր մեծահասակների դեմքերին, ինչը և զսպում է նրանց: Ավտոբուսում հնչում է հոգի փոթորկող ասմունքը.

Օ~, գարնա~ն ամիս, ապրելու ապրիլ,

Դու որ բերում ես ծաղիկներ ու կյանք, -

Ինչու դու դարձար մահվան տարելից,

Մահո˚վ մնացիր մեր պատմությունում…

Լուռ, անտեսանելի բեռան տակ կորացած` բարձրանում է Օյունջյան պապը դեպի Ծիծեռնակաբերդ և երբ նայում է իր շուրջբոլորը խմբված օյունջյանցիներին, ուղղվում է կորացած մեջքը. Ինքը իր արարումով կարողացավ վրեժ առնել: Ու մրմնջում են նրա շուրթերը ոչ թե աղոթք, այլ Սիլվա Կապուտիկյանի տողերը.

Դու պիտի վրեժ առնես ապրելով,

Ապրելով համառ, հազարապատիկ,

Ավերումի դեմ` քո ստեղծելով,

Ավեր Վանի դեմ` քո Երևանով…

Բոլորի հայացքն ուղղված է բժիշկ Օյունջյանին` այն տարագիր հային, որին գոյության դաժան ալիքները հեռավոր Ամերիկա են հասցրել, մինչդեռ սիրտն այստեղ` հայոց լեռներում է...

Խոնարհվում են գլուխներ, անմար կրակի շուրջ ծաղիկների բլուրներ են բարձրանում, իսկ հետ դարձող աշակերտների հայացքներից հասկանում ես, որ նրանք այս կարճ ժամանակահատվածում հասցրեցին մեծանալ…

Թերթվեց պատմության ևս մեկ էջ, բայց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը միավորեց բոլոր օյունջյանցիներին, որոնք բարերարի շնորհիվ աննախադեպ հնարավորություն ունեցան Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Երթը Գյումրիից
Երթը Գյումրիից
Բարերար Պ-ն Օյունջյանը Գագիկ Լաճիկյանի հետ
Բարերար Պ-ն Օյունջյանը Գագիկ Լաճիկյանի հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5373 | 3 | 0
Facebook