Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չարենցը՝ միշտ արդիական..

23:45, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Չարենցը՝ միշտ արդիական..

Եթե որևէ ժողովրդի պատմությունը այդ նույն ժողովրդի անցած ֆիզիկական կյանքի իրողություններն է փաստում, ապա գրականությունը այդ ժողովրդի ոգեղեն արժեքներն է արձանագրում: Գրականությունը, եթե հաշվի չառնենք ժողովրդական բանահյուսական նյութը, իր բնույթով անձնական ստեղծագործության արդյունք է, սակայն անկախ այն բանից, թե ինչ է գրել հայ գրողը, անկախ, թե ում է դարձրել իր հերոսը և ինչ գաղափար ու նվիրում է շոշափել, իր ընդհանության մեջ նրա համար հարցերի հարցը եղել ու մնացել է հայրենիքի ճակատագիրը, այլ խոսքով՝ հայրենիքը հայ գրականության գլխավոր հերոսն է:

Հայ գրականության ականավոր դեմքերից մեկը` բանաստեղծ Եղիշե Չարենցն իր ստեղծագործություններում մեծարեց ու գովերգեց հայրենիքը: Մեծանուն բանաստեղծի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են ու երբեք չհնացող, որովհետև նրանցում արտացոլված է ոչ միայն բանաստեղծի, այլև ողջ հայության ցավն ու հպարտությունը: Բանաստեղծի մահվան տարելիցը համախմբել էր չարենցասերներին պոետի երևանյան հուշահամալիրի մոտ: Մի խումբ գրողներ, մտավորականներ, ուսանողներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտներ մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները: Չարենցի մահվան օրն անձրև էր տեղում, և կարծես եղանակն էլ սգում էր անվանի պոետի մահը:

-Չարենցը մեր գիր ու գրականության, գրական ընթացքի մեծագույն ժառանգներից է, ով միշտ լինելու է, ծնվելու և ընթանալու է, որովհետև անմահ լինելով՝ բանաստեղծն ամեն օր ծնվում է նորովի, ամեն օր գալիք սերնդի հետ նրա խոսքը թարմացվում է և նորացվում, մարդու կյանքի ընթացքում ամեն ժամանակ բերում է հանճարին ընթերցելու նոր հայացք: Մարդու գիտակցությունը, ոգին ինչքան խորանում է, այնքան բանաստեղծը բացվում ու բացահայտվում է, - Իր խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ամփոփելով խոսքը ՀԳՄ նախագահը մեկ անգամ ևս կարևորեց Ե. Չարենցի գործերն ապրեցնելու անհրաժեշտությունը, կոչ անելով կարդալ ժամանակակից գրականություն, որը ըստ էության պիտի շարունակի չարենցյան ավանդները:

Պոետի թոռնուհին՝ Գոհար Չարենցը խոստովանեց, որ նման օրերին ինքը տխրություն է զգում, սակայն մխիթարվում է նրանով, որ այսօր նրա կողքին է մեր ապագան:

-Չարենցը կապրի այնքան ժամանակ, որքան հայ ժողովուրդը, - նշեց Գոհար Չարենցը:

Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի սաները:


    

Իմ մահվան օրը կիջնի լռություն,

Ծանր կնստի քաղաքի վրա,

Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,

Կամ լուր աղետի՝ թերթերում գրած:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3255 | 0 | 0
Facebook