Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջ հոգեկան ներաշխարհը երեխայի մոտ ձևավորվում է մանկուց

18:19, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Առողջ հոգեկան ներաշխարհը երեխայի մոտ ձևավորվում է մանկուց


    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դեռ մանկուց երեխաների մոտ ձևավորվող հոգեբանական խնդիրները պահանջում են հետևողական մոտեցում և ուշադրություն ծնողների կողմից: Որո՞նք են այդ խնդիրները, և ինչպե՞ս հայտնաբերել դրանք երեխաների մոտ: Այս և մնացած հարցերի շուրջ զրուցել ենք մանկաբույժ, հոգեբան Լիլիթ Սարգսյանի հետ:

-Որո՞նք են Հայաստանում ամենատարածված հոգեբանական խնդիրները երեխաների մոտ:

-Հոգեկան խանգարումների տարբեր ձևեր կան: Երեխայի հիվանդությանը տրված հատուկ անունը կախված է որոշակի ախտանիշների համակցությունից` դա կարող է լինել շատ տարօրինակ վարք կամ արտաքին տեսք, շարժի կամ դեմքի արտահայտության բացակայություն, խոսելու տարօրինակ ձևը կամ սեփական խոսակցական լեզուն, շրջապատի փոփոխության հանդեպ խուճապային արձագանքը և այլն, ինչպես նաև հիվանդության սրությունից: Խնդիրները տարբեր են, դրանք կարող են ազդել երեխայի կյանքի մի քանի ոլորտների վրա, դրանք են` հուզական, հասարակական, մտավոր և խոսելու ունակությունների ոլորտները:

-Եթե ծնողները երեխայի մոտ նկատում են որոշակի հոգեբանական խնդիրներ, ինչպե՞ս վարվել նման դեպքերում:

-Երբ ծնողները անհանգստացած են, որ իրենց երեխան կարող է ունենալ լուրջ հոգեկան խանգարում, նրանք պետք է որքան հնարավոր է շուտ դիմեն համապատասխան մասնագետի` երեխայի բազմակողմանի հոգեբուժական գնահատումը կատարելու համար: Բազմակողմանի գնահատումը պետք է կատարի և բուժման պլան կազմի մանկապատանեկան հոգեբույժը, որը համակարգում է իր կատարած ստուգումների արդյունքները` ծնողների, ուսուցիչների, բժիշկների, նեվրոլոգների գնահատականի և հոգեբանական զարգացման տեստերի արդյունքների հետ: Քանի որ երեխաները արագ են փոխվում և մեծանում, նրանց հիմնական հոգեկան խանգարման ախտորոշումը բժշկության մեջ ամենաբարդ գործընթացներից մեկն է: Ուստի շատ կարևոր է, որպեսզի երեխային օգնելու հարցում ներգրավված լինեն համապատասխան մասնագիտացում և փորձ ունեցող բժիշկներ, և որ ծնողներն օգնություն հայցեն իրենց երեխայի համար` նրա մոտ խանգարում նկատելուց անմիջապես հետո:

-Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել երեխայի մոտ քնի խանգարումը:

-Սա ամենատարածված խնդիրներից է, որը կարող է արտահայտվել տարբեր կերպ. Դժվարությամբ քնել, գիշերը հաճախակի արթնանալ, քնի մեջ խոսել, գիշերային մղձավանջներ ունենալ, լացելով արթնանալ և այլն: Մանուկ հասակում քնի խանգարումների մեծ մասը կապված է անկանոն քնի կամ քնելու հանդեպ վախի հետ: Վերջինս կարող է նաև դեպրեսիայի, հուզական խնդիրների նշան լինել: Քնի նման սովորական խանգարումները նվազագույնին հասցնելու համար ծնողները պետք է երեխայի մոտ մշակեն քնի տևական և կանոնավոր սովորություններ:

՞րբ կարող է երեխայի մոտ սկսվել դեպրեսիա, և որոնք են դրա հիմնական պատճառները:

-Դեպրեսիան մի հիվանդություն է, որի ժամանակ ընկճվածությունը համառում է և խախտում երեխայի կամ դեռահասի գործունեության ընդունակությունը: Ցանկացած ժամանակահատվածում երեխաների և դեռահասների 5 %-ը տառապում է դեպրեսիայով: Վերջինիս հավանականությունն աճում է, եթե երեխան լարվածություն է ապրում, օրինակ` կորստի դեպքում: Դեպրեսիան դեռահասների և մեծահասակների մոտ արտահայտվում է միանգամայն տարբեր կերպ, ուստի խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին ուշադիր լինել` դեպրեսիայի նշանները նկատելու համար: Ամենատարածված նշաններն են երեխայի մոտ հաճախակի տրամադրության անկումը, հուսահատված լինելը, շրջապատից մեկուսանալը, չափազանց զգայունությունն ու գրգռված լինելը, անտարբերությունը շրջապատի իրերի նկատմամբ և այլն: Դեպրեսիայի հետևանք կարող է լինել նաև երեխայի մոտ մտավոր զարգացման դանդաղեցումը: Դեպրեսիայով տառապող երեխաներին անհրաժեշտ է վաղ ախտորոշում և բուժում: Սա իսկապես մի հիվանդություն է, որը մասնագետի օգնություն է պահանջում:

՞նչ է իրենից ներկայացնում երեխայի մտավոր զարգացման դանդաղեցումը:

-Հաճախ մարդիկ մտածում են, որ մտավոր զարգացման դանդաղեցում ունեցող երեխաները չեն կարող, ապրել իրենց հետ միասին, սովորել կամ հոգ տանել իրենց մասին, և այդ պատճառով շատերը երեխաներին հանձնում են համապատասխան հաստատություններ, և նրանց թողնում բժշկի խնմաքի տակ: Սակայն իրականում այդ երեխաներից շատերը կարողանում են լավ սովորել և դեռահաս տարիքում գոնե մասամբ վարել ինքնուրույն կյանք: Ամենից կարևորն այն է, որ նրանք ընդունակ են հաճույք ստանալ իրենց կյանքից այնպես, ինչպես և ցանկացած անձ: Մտավոր զարգացման դանդաղեցումը կարող է բարդանալ ֆիզիկական և հուզական խնդիրներով: Երեխան կարող է ունենալ նաև լսողական, տեսողական, խոսակցական դժվարություններ: Շատ կարևոր է, որպեսզի երեխային բազմակողմանիորեն գնահատեն` պարզելու համար նրա դժվարությունները, ինչպես նաև ուժեղ կողմերը: Այս հիվանդությունը կարող է ուղեկցվել հուզական և վարքային խանգարումներով, որոնք կանխում են երեխայի զարգացումը: Մտավոր զարգացման դանդաղեցումով երեխաները կարող են բավականաչափ խոսակցական հմտություններ չունենալ, որպեսզի պատմեն իրենց զգացմունքների մասին, և նրանց դեպրեսիան կարող է արտահայտվել նոր խնդիրներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9295 | 0 | 0
Facebook