Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համակարգիչը` դարի հիվանդություն, թե՞ գիտատեխնիկական առաջընթաց..

19:54, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Համակարգիչը` դարի հիվանդություն, թե՞ գիտատեխնիկական առաջընթաց..

Վերջին ժամանակներս զգալիորեն աճել է համակարգչի դիմաց օրվա մեծ մասն անցկացնող մարդկանց քանակը, ինչը իր հերթին հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների և տարատեսակ հիվանդությունների առաջացմանը: Խնդիրն ակնառու է հատկապես երեխաների շրջանում: Վիրտուալ կյանքն ու տարատեսակ համակարգչային խաղերը իսկական պատուհաս են դարձել շատ ծնողների համար:

9-ամյա Վարդանի մայրը պատմում է, թե ինչպես մի օր իմացավ, որ իր որդին արդեն երկար ժամանակ է, ինչ դասերից բացակայում է և սկսել է ցածր գնահատականներ ստանալ: Այս ամենի մասին նրան պատմել է Վարդանի ուսուցչուհին:

  • Ես իմ բոլոր աշակերտներին շատ լավ եմ ճանաչում, և բոլորին վերաբերվում եմ իմ հարազատ երեխաների պես: Վարդանը դասարանի ամենալավ սովորող աշակերտներից մեկն է, երբեք չի բացակայել դասերից և միշտ առանձնացել է մյուսներից իր պարտաճանաչությամբ: Բայց վերջին շրջանում պարզապես անճանաչելի է դարձել: Գրեթե ներկա չի լինում դասերին, ընկերներին սկսել է ագրեսիվ վերաբերվել, կռվարար է դարձել և անկառավարելի:

Տիկին Մարիամը հետո է պարզել, որ դասի գնալու փոխարեն իր որդին ընկերների հետ գնում է ինտերնետ ակումբներ` համակարգչային խաղեր խաղալու:

  • Տանը միշտ բարկանում էի Վարդանի վրա, չէի թողնում, որ հաճախ նստի համակարգչի առջև: Միշտ էլ արգելել եմ նմանատիպ խաղեր խաղալ, ինքս էլ գիտեմ, որ դրանք շատ վատ են անդրադառնում երեխայի հոգեկան աշխարհի վրա: Բայց ջանքերս իզուր էին: Նա այնքան էր տարված այդ խաղերի մոլուցքով, որ սկսել է թաքուն հաճախել նման ակումբներ:


    
    

Հոգեբան Վահան Սարգսյանը նշեց, որ նման դեպքերում երեխայի վրա ուժ գործադրել չի կարելի: Որքան շատ ես երեխային արգելում անել որևէ բան, այնքան ավելի շատ է վերջինիս մոտ ցանկություն առաջանում անել իր ուզածը:


    
    

  • Համակարգչային խաղերի նկատմամբ ունեցած կախվածությունը բավականին լուրջ խնդիր է իրենից ներկայացնում: Վերջիններս խիստ բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան: Նրանք մեկուսանում են իրենց շրջապատից և սկսում են ապրել հերոսների կյանքով: Կան խաղեր, որոնք առաջացնում են որոշակի վախեր երեխաների մոտ, ինչն էլ հանգեցնում է անքնության, մղձավանջների, շրջապատի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի, նևրոզի և էլի ուրիշ նմանատիպ դրսևորումների: Համակարգչի առջև երկար նստելը առաջացնում է նաև մի շարք ֆիզիկական խնդիրներ. Օրինակ` ծռվում է ողնաշարը, վատանում է երեխայի տեսողությունը, - նշում է հոգեբանը և խորհուրդ տալիս, որ ծնողներն իրենք, իրենց իսկ փորձով ցույց տան երեխային և բացատրեն համակարգչից ճիշտ օգտվելու կանոնները, օրինակ` մինչև 15 տարեկան երեխաներին օրական 15 րոպեից ավելի չի կարելի նստել համակարգչի առջև, հարկավոր է ժամանակ առ ժամանակ թարթել աչքերը, և հնարավորինս քիչ անշարժ դիրքով նստել:

Տիկին Մարիամը ուսուցչուհու հորդորներով դիմել է հոգեբանի օգնությանը և հետևելով մասնագետի խորհուրդներին փորձում է Վարդանին բացատրել և ցույց տալ, որ իրական կյանքը վիրտուալից շատ ավելի հետաքրքիր և արկածային կարող է լինել:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3808 | 0 | 0
Facebook