Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճիշտ սեռական դաստիարակությունը երեխայի մոտ ձևավորում է առողջ հոգեբանություն

18:35, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ճիշտ սեռական դաստիարակությունը երեխայի մոտ ձևավորում է առողջ հոգեբանություն

Դեռ մանուկ հասակից երեխաներին միշտ հետաքրքրում է, թե իրենք ինչպե ՞ս են լույս աշխարհ եկել, և իրենց հարցերի պատասխանը փորձում են ստանալ հենց ծնողներից: Սակայն միշտ չէ, երբ ծնողները կարողանում են երեխայի տարիքին համապատասխան պատասխաններ գտնել և բավարարել նրանց հետաքրքրությունները: Նման դեպքերում օգնության են հասնում կաղամբի, արագիլի և մեր նախնիների կողմից հորինված նմանատիպ այլ կերպարների մասին հեքիաթները: Հաճախ ծնողները երկմտում են` խոսե ՞լ երեխաների հետ նմանատիպ թեմաներով, թե ՞ այնուամենայնիվ թողնել ամեն ինչ բախտի քմահաճույքին, և որ երեխան ինքը փորձի գտնել իրեն հուզող հարցերի պատասխանը:
     Բժիշկ, գինեկոլոգ Մարիամ Բալայանը խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին, որ երբեք չխուսափեն երեխաների հետ բաց և անկեղծ զրույց ունենալուց:
     -Նման դեպքերում ծնողների անհանգստությունն իհարկե տեղին է, քանի որ երեխայի սեռական դաստիարակությունը բավականին լուրջ և պատասխանատու քայլ է, և հենց ճիշտ դաստաիարակությունից է կախված, թե երեխան մեծանալով հասարակության մեջ իրեն ինչպես կդրսևորի որպես անհատ: Սակայն ամեն անգամ ձեր երեխային թողնելով անպատասխան, դուք ավելի եք մեծացնում նրա հետաքրքությունը և դրդում նրան դիմել այլ եղանակների: Սխալ է ծնողների այն մտայնությունը, որ եթե սեռական հարաբերություններին վերաբերող հարցերը շրջանցեն, ինքնաբերաբար ամեն ինչ իր տեղը կընկնի, և երեխան էլ մեծանալով կունենա առողջ հոգեբանություն և գրագետ մոտեցում նման հարցերում: Որքան էլ այսօր տեղեկատվական դաշտը հասանելի է երիտասարդներին, դա կլինի համացանցը, հեռուստացույցը, թե համապատասխան գրականությունը, միևնուն է, երեխայի սեռական դաստիարակության բարդ ու դժվարին խնդիրը դրված է հենց ծնողների ուսերին, և յուրաքանչյուր ծնող պետք է հետևողականորեն մոտենա այդ հարցին:
     Հոգեբան Վահան Սարգսյանի կարծիքով երեխան նախ և առաջ պետք է վստահի իր ծնողներին և պատրաստ լինի կիսվել նրանց հետ ցանկացած հարցով` առանց ամաչելու և երկմտելու, այլ կերպ ասած` ծնողը պետք է լինի երեխայի լավագուն ընկերը:
     -Տասնամյակներ շարունակ հնչել են տարբեր կարծիքներ, թե երբ է պետք սկսել երեխայի սեռական դաստիարակությամբ զբաղվել: Որոշ հոգեբաններ գտնում են, որ որքան վաղ հասակից երեխան պատրաստ լինի լսել և ընկալել ծնողների ասածները, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում խոսել վերջինիս հետ ցանկացած թեմայի շուրջ: Այս մոտեցումն իհարկե սխալ չէ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ երեխաների մոտ հասունացման տարիքները տարբեր են, որոշ երեխաներ ավելի շուտ են հասունանում, ոմանք ավելի ուշ, և յուրաքանչյուրն անհատական մոտեցման կարիք ունի:
     Հոգեբանը նշում է, որ ծնողներն ևս պետք է լրջորեն պատրաստվեն երեխայի հետ զրուցելու համար, հարկավոր է լավ ծանր ու թեթև անել և ճիշտ ժամանակ ընտրել խոսակցությունը սկսելու համար:
     Երկու երեխաների մայր տիկին Գայանեն ևս կողմ է ժամանակին երեխաների հետ զրուցելու և սեռական բնույթի հարցերը բացատրելուն իր իսկ կողմից, թույլ չտալով, որ երեխան այդ ամենի մասին տեղեկանա անառողջ ճանապարհներով:
     -Չեմ ընդունում հայ իրականության մեջ ընդունված այն տեսակետը, որ սեռական բնույթի հարցերը քննակելն ու առավել ևս երեխաների հետ պարզաբանելը սխալ է կամ ամոթ: Ամոթ է, երբ երեխադ անտեղյակ ու անգրագետ է նման հարցերում, ինչը հետագայում հանգեցնում է անձնական կյանքում մի շարք բարդությունների: Ես ինքս ծնող եմ ու երբեք չեմ խուսափել պատախանել երեխաներիս հուզող հարցերին, ինչ բնույթի ել որ դրանք լինեն:
     Սեռական դաստիարակության խնդիրն անկասկած այն անկյունաքարային խնդիրներից մեկն է, որին բախվում է յուրաքանչյուր հոգատար ծնող, և եթե ձեզ հաջողվել է ճիշտ լուծել այդ դժվարին հարցը, ապա վստահաբար կարելի է ասել, որ դուք կատարել եք ձեր ամենամեծ առաքելություններից մեկը` որպես ծնող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4356 | 0 | 0
Facebook