Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեզ սպանում է ոչ թե սթրեսը, այլ մեր ռեակցիան այդ սթրեսի դեմ» Հանս Սելյե

18:27, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Մեզ սպանում է ոչ թե սթրեսը, այլ մեր ռեակցիան այդ սթրեսի դեմ» Հանս Սելյե

«Իմ կյանքում կար մի շրջան, երբ ինքս ինձ չէի ճանաչում: Շուրջբոլորս միայն բացասական էներգիա ու մռայլ մտքեր էին, կյանքս ասես հակառակ ընթացք էր ստացել ու չէր ենթարկվում ինձ: Ինձ անօգտակար ու ավելորդ էի զգում, աշխատանք չէի կարողանում գտնել, ու ամեն բան կապում էի դրա հետ: Ամեն կերպ փորձում էի կառավարել մտքերս, բայց չէր ստացվում: Սթրես ասվածն ինձանից ուժեղ էր» (Սոնա, 24 տարեկան):
     Սոնան միակը չէ, ով հայտնվել է նման իրավիճակում և չգիտի ինչպես հաղթահարել այն: Սթրեսը հաղթահարելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է սթրեսն իրականում, և որոնք են այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են վեջինիս առաջացմանը:
     - Սթրեսը մարդուն դարձնում է դյուրագրգիռ, լարված, անհամբեր և դա նորմալ ռեակցիա է ոչ նորմալ կյանքի նկատմամբ: Սթրեսային ռեակցիան հարմարվողական ռեակցիա է, օրգանիզմի արձագանքն է ցանկացած փոփոխության` ուրախության, տխրության, ողբերգության և այլնի նկատմամբ: Մարդու համար ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե կենսաբանական, ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական հարմարվողականությունը: Եթե մարդը հոգեպես չի կարողանում հարմարվել, այսինքն ներքին հավասարակշռությունը չի կարգավորվում, այն պատճառ է դառնում սթրեսի հորմոնների դուրս նետման, որոնք էլ ազդում են օրգանիզմի տարբեր համակարգերի վրա, - նշեց հոգեբան Վահան Սարգսյանը և հավելեց, որ սթրեսից դուրս գալու ավանդական և ամենատարածվածմիջոցներն են` հաճախ ժպտալ, ավելի շատ շփվել հետաքրքիր մարդկանց հետ, փոխել ձեր կյանքում այն ամենը, ինչը հնարավոր է փոխել և ամենակարևորը երբեք չթերագնահատել ինքներդ ձեզ:
     Սակայն սթրեսը միշտ չէ, որ վնասակար է: Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան համարում է, որ սթրեսի ազդեցությունը մարդու վրա կարելի է համեմատել ջութակի լարերը լարելու հետ. Եթե լարը շատ քիչ է ձգված, ապա այն խուլ ու տհաճ ձայն կարձակի, իսկ եթե լարը չափից շատ է ձգված, ապա սուր ձայն կարձակի, կամ լարը կկտրվի: Նմանապես, եթե մեր կյանքում սթրեսը շատ քիչ է, կամ ընդհանրապես բացակայում է, մեր կյանքը համ ու հոտ չի ունենա, սակայն մյուս կողմից` չափից շատ սթրեսը կարող է նույնիսկ մահվան պատճառ լինել: Կարևոր է, որ մենք սովորենք վերահսկել այն:
     30-ամյա Սրբուհին սթրեսի մեջ էր անսպասելի ստացած լավ նորությունից:
     - Մեկ տարի առաջ ես և եղբայրս ավտվթարի ենթարկվեցինք: Եղբորս, ով մեքենայի ղեկին էր, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխեցին հիվանդանոց, ամբողջ հարվածը նա էր կրել, ես գրեթե չէի վնասվել, բացի մի քանի քերծվածքներից: Բժիշկները հույս չէին տալիս: Եղբայրս շուրջ 3 ամիս կոմայի մեջ էր, և նրանք սպասում էին մեր համաձայնությանը, որպեսզի արհեստական շնչառությունն անջատեն, բայց մենք դեմ էինք, միշտ էլ հույսը վերջինն է մեռնում: Եվ մի օր էլ հերթական հիվանդանոց այցելության ժամանակ լսեցի եղբորս հիվանդասենյակից դուրս վազող բժշկուհու ճիչերը. Եղբայրս արթնացել էր: Երևի կարիք չկա ասելու, թե ինչպիսի սթրեսային վիճակում էի..
     Գիտության տեսանկյունից երկու իրավիճակներն էլ սթրեսային են, թեև առաջինը ֆիզիակական ու հոգևոր թուլության, անելանելիության զգացում է առաջացնում, իսկ երկրորդը հաճելի ոգևորություն ու կյանքի հանդեպ հետաքրքրություն: Ինչևէ, թույլ մի տվեք, որ սթրեսը հաղթի ձեզ, արհամարհեք նրան և վերջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5032 | 0 | 0
Facebook