Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս են տեսնում երիտասարդները ցեղասպանության հետևանքների հաղթահարումը. «Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում

18:31, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ինչպե՞ս են տեսնում երիտասարդները ցեղասպանության հետևանքների հաղթահարումը. «Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում

2015թ.Ապրիլի 8-ին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցավ «Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Քննարկման կազմակերպիչն էր Արատտա երիտասարդական ակումբը, իսկ քննարկման մասնակիցներն էլ հենց երիտասարդներն էին: Քննարկման նպատակն էր ներկայացնել այն մոտեցումները, որոնք ունի երիտասարդությունը ընդհանրապես ցեղասպանությունների, հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայոց պահանջատիրության խնդրի շուրջ: Քննարկմանը հատուկ զեկույցով հանդես եկան Արատտա երիտասարդական ակումբի նախագահ Հովհաննես Բասենցյանը, ցեղասպանագետ Ռուզաննա Յոչյանը, քաղաքագետ, սոցիոլոգ Հովիկ Վերանյանը, միջազգային հարաբերությունների ուսանող Դավիթ Մարգարյանը, պատմաբանԱնի Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ուսանողներ, հասարակական-գիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Պատմաբան Արտակ Սարգսյանը հավելեց զեկուցողներին, նշելով, որ ցեղասպանությունը ինչ-որ իմաստով շարունակվում է նաև այսօր այլ դրսևորումներով՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման, Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական հետքի ոչնչացման, ցեղասպանության ժխտման ձևերով:
     Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին նրան, որ հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար նախևառաջ պետք է հասկանալ, թե որոնք են դրանք: Դրանք միայն մարդկային կորուստները չեն: Ցեղասպանության հետևանքներ են նաև հայկական ինքնության, մշակույթի կորուստը, տարածքային հսկայական կորուստները, ֆինանսական կորուստները, ի վերջո հայրենիքի կորուստը: Այդ պատճառով էլ հայերի ցեղասպանությունը կամ գենոցիդը ավելին է, քան դրա իրավական սահմանումը: Այն ընդգրկում է նաև հայրենազրկում իր բոլոր հետևանքներով՝ ինքնության, մշակույթի, հայրենիքի կորուստ: Ուստի պետք է միջազգային իրավական համակարգ ներմուծել եղեռն տերմինը, որպես որոշակի տիպի գենոցիդ, որը իրագործվել է տվյալ ժողովրդի բնօրրանում:
     Քննարկման մասնակիցները միահամուռ համաձայնեցին, որ ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար ելք է հայկական ազգային ռազմավարության մշակումը, որը կնախանշի հայության զարգացման հիմնասյուները ապագա առնվազն 50 տարիների ընթացքում: Ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն Հայաստանի ներքին զարգացման ծրագրերը, և ըստ դրա սահմանվեն արտաքին քաղաքականության գերակայությունները: Մասնակիցները մեծ կարևորություն տվեցին նաև այն փաստին, որ այդ ռազմավարությունը պետք է ընդգրկի հայ ժողովրդի ազգային գիտակցության բարձրացմանը, ազգային արժեհամակրգի վերականգնմանն ուղղված ծրագրեր:
     Քննարկումների արդյունքում մասնակիցները նաև հանգեցին նրան, որ Հայկական պետության զարգացման հետ մեկտեղ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդ թուրքական պետությանը թուլացնելու համար: Այդ նպատակին հասնելու համար մեզ կարող են օգնել Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև այն հայերը, ովքեր կրոնափոխ կամ լեզվափոխ են եղել, սակայն ապրում են այն հայրենիքում, որը մենք պատմական ենք անվանում: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ մասնակիցները առաջարկեցին ձեռնամուխ լինել մի ռադիոյի ստեղծմանը, որը համապատասխան լեզուներով հեռարձակումներ կիրականացնի Արևմտյան Հայաստանի տարածքում՝ արթնացնելով այնտեղ ապրող հայերի հայկական ինքնագիտակցությունը և ոգին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2711 | 0 | 0
Facebook