Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճիշտ սնվելու արվեստ

18:07, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ճիշտ սնվելու արվեստ

Հարցազրույց բժիշկ դիետոլոգ Հեղինե Սիմոնյանի հետ:


    

- Ինչպե՞ս հետևել ճիշտ սննդակարգին:

- Առողջ սնունդն ամուր առողջության գրավականն է: Առողջ սննդակարգը պետք է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, և ոչ թե մեկ օր, կամ մեկ շաբաթ: Ամենօրյա առողջ սնունդը պետք է ներառի մրգեր, բանջարեղեն, անյուղ կաթնամթերք, միս, ձուկ և այլն: Ճիշտ սննդակարգի առաջին պայմաններից մեկը նախաճաշելն է: Կարելի է վարսակաձավարի ապուր ուտել, իսկ սուրճը փոխարինել կանաչ թեյով, որը կառույգացնի և կկոտրի քաղցը: Ճաշը պետք է լինի վիտամիններով հարուստ և հագեցնող: Ընթրիքին պետք է համեմատաբար ավելի թեթև սնունդ ընդունել, օրինակ` կաթնաշոռ և թեյ: Ճիշտ սնվել նշանակում է օրվա ընթացքում սնվել մոտ 5 անգամ` փոքր չափաբաժիններով: Սխալ է այն պատկերացումը, որ երեկոյան 6-ից հետո չի կարելի ուտել, իրականում վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց 2-3 ժամ առաջ: Եթե ցանկանում եք անցնել ճիշտ սննդակարգի, ապա պետք է սովորեք նաև շատ ջուր խմել: Օրվա ընթացքում հարկավոր է խմել 1- 1.5 լ մաքուր ջուր: Ընդ որում նախընտրելի է ջուր խմել նախքան սնվելը, և ոչ թե անմիջապես հետո:

- Ինչու՞ է անհրաժեշտ շատ ջուր խմել:

- Վերջինս խիստ անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության, առողջ մաշկի, ինչպես նաև գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար: Ջուրը մաքրում է օրգանիզմը, օգնում սննդի միջից յուրացնել ավելի շատ վիտամիններ և հանքանյութեր, արագ նիհարել, կանխում է հոգնածությունը և այլն: Ջուրը պաշտպանում է վարակներից, մեղմում է գլխացավը և ունի ինքնազգացողությունը բարձրացնող հատկություն:

- Ի՞նչ ազդեցություն է ունենում սնունդը հորմոնային հավասարակշռության վրա:

- Այն ինչ մենք ուտում ենք, կարգավորում է մեր օրգանիզմի գործունեության շատ ոլորտներ, այդ թվում և որոշակի հորմոնների արտադրությանը: Սննդակարգին հետևելով կարելի է պահպանել մարմնի առողջ քաշը և դանդաղեցնել ծերացման գործընթացը: Հորմոնային հավասարակշռության պահպանման համար օգտակար են հետևյալ մթերքները` թռչնամիս և ձկնեղեն, խաչածաղկավոր բանջարեղեն (բրոկոլին, կաղամբ, ծաղկակաղամբ), B խմբի վիտամիններ (ամբողջական ձավարեղեն և ոչ յուղոտ տավարի միս): Հարկավոր է խուսափել հետևյալ մթերքներից` շաքարավազ, կոֆեին, ալկոհոլ, բարձր յուղայնությամբ մթերքներ, կծու համեմունքներ: Վերջիններս ունեն գրգրող հատկություններ և կարող են վատ անդրադառնալ հորմոնային համակարգի վրա` առաջացնելով հորմոնային խանգարումներ:

- Ո՞ր մթեքներն են բարձրացնում դիմադրողականությունը:

- Ցածր դիմադրողականության հիմնական պատճառներն են սթրեսը, քրոնիկական հոգնածությունը, պաշտպանիչ սննդանյութերի պակասը, և այն նյութերի ավելցուկը, որոնք միջավայր են ստեղծում վարակների և մանրէների զարգացման համար: Սննդակարգի վերանայումը կօգնի կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքի հասնել: Մագնիումը հանգստացնում է: Մագնիումով հարուստ է առաջին հերթին հանքային ջուրը: Պարունակվում է նաև լոբազգիների, հնդկաձավարի, բանջարեղենի, ծովամթերքների մեջ և այլն: Ցինկը ամենակարևոր հանքանյութն է վարակների դեմ պայքարելու համար: Այն անհրաժեշտ է մեր օրգանիզմին երկու հիմնական պաշտպանների` հակամարմինների և արյան սպիտակ գնդիկների արտադրման համար: Վերջինս պարունակվում է կենդանական ճարպում` սպիտակ և կարմիր մսի, ձկան և ձվի մեջ: Դիմադրողականությունը բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ են նաև C և D վիտամիններ: Վիտամին D-ն ամրացնում է ոսկորները` նպաստելով կալցիումի յուրացմանը: Իսկ վիտամին C-ն հակավիրուսային նյութ է, որը արյան սպիտակ տարրերին Էներգիա է հաղորդում, որպեսզի վերջիններս ոչնչացնեն վարակներն ու մանրէները:

- Ո՞րքան վիտամին C է անհրաժեշտ մեր օրգանիզմին:

- Վիտամին C-ն հզորագույն հակաօքսիդանտ է: Այն մասնակցում է կոլագենի սինթեզմանը և հենց այս պատճառով է, որ համարվում է կնճիռների դեմ պաըքարի լավագույն միջոցը, ինչպես նաև մաշկի առաձգականությունը մեծացնող կոսմետիկ միջոցների կարևորագույն բաղադրիչ: Կոլագենն անհրաժեշտ է ոչ միայն մաշկի գեղեցկության համար, այլև վերքերի արագ ապաքինման համար, իսկ վիտամին C-ի անբավարարվածության դեպքում այդ գործընթացը խիստ դանդաղում է: Վիտամին C-ն ազդում է արյան որակի վրա: Այն օգնումէ օրգանիզմում պահպանել երկաթի պաշարը, մասնակցում է նաև խոլոստերինի փոխանակությանը` արյան մեջ կարգավորելով վերջինիս մակարդալը: Վիտամին C-ի խտությունը մեծ է հատկապես թարմ մրգերում, բանջարեղենում և հատապտուղներում` մասուրում, կանաչ ոլոռում, սև հաղարջում, կարմիր տաքդեղում և այլն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5054 | 0 | 0
Facebook