Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ «փող չունեն» գիրք գնելու համար

17:55, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Մարդիկ «փող չունեն» գիրք գնելու համար


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այսօր մեր երտասարդությունը կարևորում է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը: Այդ մասին են փաստում ՀՀ տարածքում գործող համալսարաններում տարեց տարի ավելացող ուսանողների քանակը: Սակայն գիտելի՞ք, թե՞ ի վերջո դիպլոմ ստանալու մոլուցքն է ստիպում ամենաքիչը 4 տարի վատնել համալսարան հաճախելու համար: Որքանո՞վ է այսօրվա երիտասարդությունը կարևորում գիրք կարդալը: Արդյո՞ք գրքերին փոխարինելու են եկել համակարգիչն ու համացանցը:

Երևանի Բրյուսովի անվան համալսարանի արտասահմանյան գրականության դասախոս Էլլա Ասատրյանը, ով երկար տարիներ աշխատում է այս ոլորտում, մեզ հետ զրույցի ժամանակ նշեց.

-Այսօր ժամանակակից աշխարհում առավել տարածված է համակարգիչը, և շատերն են օգտվում դրանից: Արդի երիտասարդությունը նախընտրում է կրթվել համակարգչով, բայց այն հույզերն ու ապրումները, որ մենք ստանում ենք գիրք կարդալուց` չենք ստանա համակարգչից: Գիրքը չի վնասում մեր տեսողությունը, ի տարբերություն համակարգչի, և կարդացած նյութն ավելի տպավորիչ է լինում: Գիրքը մեզ ծառայել է դարեր շարունակ, և մեր մշտական ուղեկիցն է եղել և մնում է: Գիրքն ավելի մնայուն արժեք է, իսկ համակարգիչն ընդամենը գիտության առաջխաղացման ապացույց: Կարծում եմ, որ համակարգիչն ավելի արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե այն ճիշտ կիրառվի և օգտագործվի:

Այն հարցին, թե ինչ գրքեր է նախընտրում ընթերցել այսօրվա երիտասարդությունը, անդրադարձավ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակցուհի տիկին Կարինեն:

-Մարդկանց շրջանում այսօր տիրում է մի թյուր կարծիք, որ մեզանից հետո եկող սերունդը գիրք չի կարդում: Չէի ասի, որ դա այդպես է: Գուցե որոշ չափով ընթերցողների թիվը մեր ժամանակների համեմատ պակասել է, սակայն շնորհալի երիտասարդներ դեռ շատ կան, ովքեր հաճախ են այցելում գրադարան, մեծ մասին ես նույնիսկ դեմքով հիշում եմ: Հիմնականում նախընտրում են գեղարվեստական գրականություն, հատկապես օտար գրողների ստեղծագործություններից: Ամենապահանջված հեղինակներից են Գաբրիել Գարսիա Մարկեսը, Ալբերտո Մորավիան, Դանիել Դեֆոն, Ալբեր Քամյուն, Ալեքսանդր Դյուման և էլի ուրիշ գրողներ, որոնց սիրում են կարդալ երիտասարդները: Սակայն Ցավով պետք է նշեմ, որ հայ գրողների ստտեղծագործությունները պահանջարկի առումով զիջում են արտասահմանյան գրողներին:

Հարցին, թե ինչու՞ է արտասահմանյան գրականության պահանջարկն ավելի մեծ, տիկին Կարինեն ասաց.

-Կարծում եմ բովանդակության առումով օտար ստեղծագործողների գործերն ավելի հոգեհարազատ են մեր կարդացող սենդին: Գուցե պատճառը գրելու ոճն է, կամ թեման, հստակ չեմ կարող ասել, բայց որ արտասահմանյան գրականությունն ավելի արդիական է այսօր, դա փաստ է:

-Կարդալ շատ եմ սիրում, հատկապես գեղարվեստական գրականություն, սակայն վերջին տարիներին հիմնականում մասնագիտական գրականություն եմ կարդում, և զբաղվածության առումով չեմ կարողանում ժամանակ հատկացնել իմ սիրելի գրողների ստեղծագործություններն ընթերցելու համար, - խոստովանում է Երևանի պետական տնտեսագիտական համալսրանի չորրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Սաֆարյանը, - և հավելում, որ եղածն էլ դասախոսների հանձնարարած գրքերն են, հիմնականում անտիկ շրջանի ստեղծագործություններ, որոնք այնքան էլ մեծ հաճույքով չի կարդում:

Երևանի պետական բժշկական համալսարանին հարակից գետնանցումի գրավաճառ Գուրգեն պապն էլ բողոքում է, որ մարդիկ գիրք չեն գնում:

-Պատճառները շատ են: Մարդիկ սկսել են գրքեր չկարդալ, փոխարենը ամբողջ օրը «ինտերնետ են մտնում» , -ասում է Գուրգեն պապը, - Մյուս պատճառն էլ համարում է այն, որ մարդիկ «փող չունեն» գիրք գնելու համար, հատկապես այն դեպքում, երբ կարող են դրանք գրադարանից անվճար վերցնել:

-Մեր ժամանակ հաճույքով էին գիրք կարդում, հիմա դա ավելի շատ պարտավորված են անում: Կարդացողները այսօր երիտասարդներն են, հիմնականում ուսանողությունը, նրանք էլ կարդում են այն, ինչ հանձնարարում են համալսարանում` քննություններին պատրաստվելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4496 | 0 | 0
Facebook