Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա) և կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) այցելել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ինովացիոն կենտրոն:
Բարձրաստիճան պաշտոնյաները շրջայց են կատարել Ինովացիոն կենտրոնում տեղակայված Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, ներկա են գտնվել լաբորատոր աշխատանքների կատարման ընթացքին և զրուցել ՀՊՃՀ ուսանողների ու դասախոսների հետ:
Կիսվելով ստացած տպավորություններով՝ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Լոիս Ֆրենկելը հիացմունքով արձանագրել են, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները ճարտարագիտական կրթության զարգացման համար։ "Lավագույն ներդրումն աշխարհում՝ կրթության ոլորտում կատարված ներդրումն է: Ցանկանում եմ երախտիքիս խոսքերը հղել այն կառույցներին, որոնց շնորհիվ կյանքի է կոչվել այս հիանալի գաղափարը։ Բարձրակարգ լաբորատորիաների հիմնադրումը խոսում է այն փաստի մասին, որ երկրում կարևորվում է ճարտարագիտական կրթությունը", -ասել է Էդ Ռոյսը:
ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Պոլիտեխնիկի և "Նեյշնլ ինսթրումենթս" ընկերության անմիջական մասնակցությամբ և ներդրումներով 2013թ. սեպտեմբերին բացված Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները բուհական միջավայրում ամենախոշոր ներդրումային և իր ծավալներով նախադեպը չունեցող ծրագիր է:
Մոտ 6.0 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս նախագիծը բեկումնային էր տեխնիկական կրթության ոլորտում: 30-ից ավել ճարտարագիտական լաբորատորիաների այս համալիրը տեղակայված է ՀՊՃՀ Ինովացիոն կենտրոնի չորս հարկերում` զբաղեցնելով 1600 ք.մ մակերես: Չորրորդ հարկում է գտնվում գիտահետազոտական մասը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին և գիտնականներին իրենց գիտական աշխատանքների իրականացման համար օգտվել համապատասխան սարքավորումներից և ծրագրային փաթեթներից: Բացի սարքավորումներից լաբորատորիաներում տեղադրվել են 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ "Նեյշնլ Ինսթրումենթս" ընկերության ծրագրային փաթեթներ: