Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՊՃՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

10:42, երկուշաբթի, 14 ապրիլի, 2014 թ.

Ապրիլի 10-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) էր այցելել Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը:

Այցելության նպատակն էր փոխշահավետ համագործակցություն սկսել Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի և Հայաստանի երկու խոշոր տեխնիկական բուհերի՝ ճարտարագիտական համալսարանի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև՝ հիմք ընդունելով երեք բուհերի ճարտարագիտական հզոր ներուժը և տեխնիկական կրթության կազմակերպման երկարամյա ակնառու փորձը:

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, խոսելով համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ուրվագծվող ուղղությունների մասին, իր դիրքորոշումը հայտնեց ընդլայնելու Պոլիտեխնիկի միջազգային համագործակցության քարտեզը՝ ներառելով Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը, և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել ձեռնարկին:

"Ցանկացած համալսարանի ապագան միջհամալսարանական համատեղ, միասնական նախագծերն են, և ես վստահ եմ, որ այսօրվա քննարկման արդունքները մոտ ապագայում իրական գործի կվերածվեն, քանի որ և՛ մեր կողմից, և՛ ձեր կողմից նկատելի է փոխադարձ շահագրգռվածություն, ինչը հաջող մեկնարկի լավագույն գնավականն է", -դիմելով պատվիրակության ղեկավար, Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի շարունակական կրթության գծով պրոռեկտոր Լյուբով Օվսիենկոյին՝ ասել է Հ. Թոքմաջյանը:

Հանդիպմանը մասնակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ հայ մագիստրոսների ուսուցման կազմակերպում Կազանում, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելություններ, գիտական հոդվածների հրապարակում վերոնշյալ երեք բուհերի գիտական հանդեսներում, բուհերի լաբորատոր բազայի մատչելիություն գործընկեր բուհի ուսանողների և մասնագետների համար, համատեղ պրակտիկաների կազմակերպում և այլն:

Քննարկման արդյունքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը համագործակցության մեկնարկի համար:

Առաջիկայում նախատեսվում է կնքել եռակողմ պայմանագիր ՀՃՊՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի միջև՝ իրավական հիմքերի վրա դնելով հանդիման ընթացքում քննարկման առարկա հանդիսացած հարցերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5195 | 0 | 0
Facebook