Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը (ՔՏ և ԲՃ) «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդունեց Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի, «Էլիտա» կրթահամալիրի և «Մխիթարյան» ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին:
Միջոցառման ընթացում ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔՏ և ԲՃ ֆակուլտետի կրթական ծրագրերին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, դասախոսական կազմին և այն բոլոր պայմաններին, որոնք ապահովում են որակյալ ճարտարագիտական կրթություն:
Բացի շրջայցից՝ նշված ֆակուլտետի տարբեր լաբորատորիաներում կատարվեցին ցուցադրական փորձեր, որոնք աշակերտներին կարճ ժամանակով "տեղափոխեցին" քիմիա-գիտության հրաշքներով լի աշխարհը:
«Էլիտա» կրթահամալիրի քիմիայի ուսուցչուհի, ՀՊՃՀ շրջանավարտ Տիրուհի Պապոյանի կարծիքով միջոցառումը շատ կարևոր է աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: "Սա հրաշալի հնարավորություն է աշակերտների՝ դպրոցից բուհ անցումը սահուն դարձնելու տեսանկյունից", -ասաց Տ. Պապոյանը:
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտուհի Մարիամ Աբրահամյանը, ով արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում և ուսումը շարունակելու է Պոլիտեխնիկի ՔՏ և ԲՃ ֆակուլտետում, ասաց, որ շատ տպավորված է ֆակուլտետի դեկան Արտաշես Թադևոսյանի և դասախոսների բարեհաճ վերաբերմունքից, և այսօրվա այցը ամրապնդեց ՀՊՃՀ-ում բաձրագույն տեխնիկական կրթություն ստանալու իր որոշումը:
"Նմանատիպ այցերը ճարտարագիտական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով ամենամյա ընդունելության գործընթացի կազմակերպման կարևորագույն մասն են կազմում, այդ պատճառով համալսարանի բոլոր ուսումնական ստորաբաժանումները, այդ թվում՝ մեր ֆակուլտետը, պարբերաբար կազմակերպում են մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ և էքսկուրսիաներ Երևանի և մարզերի ավագ դպրոցների սաների համար: Այս այցը հերթականն է, որի նպատակը դիմորդներին ճարտարագիտական կրթության առավելություններին մոտիկից ծանոթացնելն ու ինժեների կերպարի մասին իրական պատկերացում տալն է", -ասաց ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանը:
Միջոցառման ընթացում աշակերտների ցուցաբերած հետաքրքրությունը և ոգևորությունը ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ նմանատիպ միջոցառումները ընդունելության գործընթացի հաջողության գրավականներից են: