Հերթական անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել համաշխարհային համբավ ունեցող "KASPERSKY LABORATORY" ընկերության ամենամյա "IT Security for the next Generation" խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանսի "Ռուսաստան և ԱՊՀ երկրներ" փուլի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում:
Կոնֆերանսին մասնակցության հայտ էր ներկայացրել 76 ուսանող և ասպիրանտ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բուհերից: Նրանցից 15-ը, հաղթահարելով նախընտրական փուլը, մասնակցել են մրցույթին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ 15 մասնակիցներից 4-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից էին:
Համաձայն միջազգային ժյուրիի կայացրած որոշման` չորրորդ տեղը գրավել է ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Արշակյանը, երրորդ մրցանակային տեղը գրավել է Սերգեյ Շպակը` Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանից (Մոսկվայի ճարտարագիտության և ֆիզիկայի ինստիտուտ - Национальный исследовательский ядерный университет "МИФИ"), երկրորդ մրցանակային տեղը գրավել է ՀՊՃՀ վերոնշյալ ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սևակ Հարությունյանը, իսկ առաջին մրցանակային տեղը` Արտյոմ Շումիլովը՝ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանից։ Ուսանողական կոնֆերանսի 15 մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:
Հաղթողները 2014թ. հունիսին կմեկնեն Ստոկհոլմ՝ մասնակցելու կոնֆերանսի միջազգային եզրափակիչ փուլին: Այստեղ նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։
Նշենք, որ անցյալ տարի այս հեղինակավոր ուսանողական կոնֆերանսն առաջին անգամ անց է կացվել Հայաստանում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), և մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը` DDoS հարձակումների մասին աշխատանքով:
Հարկ է նշել նաև, որ Պոլիտեխնիկի համագործակցությունը "KASPERSKY LABORATORY" ընկերության հետ ունի 8 տարվա պատմություն: Համալսարանն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից և գործիքներից, ինչպես նաև ժամանակակից ուսումնական պաշարներից: