Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՊՃՀ-ն ինտենսիվորեն ընդլայնում է միջազգային գիտագործնական կապերը

11:35, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2013 թ.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ապրում է իր բնական ուսումնագիտական կյանքով: Համալսարանը փորձում է գտնել զարգացման նոր ռեսուրսներ և ուղիներ` առանց դյուզն իսկ անտեսելու նախորդ ձեռքբերումներն ու ղեկավարության ջանքերը:

Որպես ազգային տեխնոլոգիական համալսարան` բուհի կենսագործունեության մասին հաշվետու լինելով հասարակությանը` հարկ է նշել ուսումնական և գիտական գործունեության կատարելագործմանը նպաստող իրեղեն փաստերից այն, որ Պոլիտեխնիկի համար 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակն առավել բեղմավոր է միջազգային գիտական համագործակցության բազմազանեցման, գործընկերային կապերի հաստատման և սերտացման տեսանկյունից: Բավական է միայն հիշատակել վերջին քսանօրյակում տարատեսակ գիտագործնական միջոցառումների դինամիկան:

Այսպես. «Եվրասիա համագործակցություն Հայաստան» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի Բնական գիտությունների համալսարանի հետ համատեղ ՀՊՃՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի օրգանական անալիտիկ քիմիա» առարկայի ասպիրանտական ուսուցման միջազգային դրամաշնորհային նախագծի առաջին բաց սեմինարը: Մինչ այդ նախագծի շրջանակներում ս.թ. ապրիլի 15-ից 26-ը նշված ֆակուլտետում անց են կացվել նախնական դասընթացներ, որոնց մասնակցել են ինչպես ՀՊՃՀ-ի, այնպես էլ հանրապետության այլ բուհերում համապատասխան մասնագիտությամբ սովորող ասպիրանտներ և մագիստրանտներ։

Օրերս ավարտվեց ՀՊՃՀ Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում կայացած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից կազմակերպած ռազմավարական նշանակության կոնսուլտատիվ խորհրդակցությունը՝ INPRO SYNERGIES ծրագրի շրջանակներում մշակվող հարցերի և հետազոտությունների վերաբերյալ` միջուկային էներգետիկայի կայուն զարգացման միջազգային համագործակցության հնարավոր գործառույթների ավելի խորացման համատեքստում, որին մասնակցեցին ՌԴ, Ուկրաինայի, ՀՀ և ԱԷՄԳ համապատասխան կառույցների ներկայացուցիչները, ՀՊՃՀ հինգ աշխատակից:

Հոկտեմբերին միջազգային շահագրգիռ օղակների լայն քննության առարկա դարձավ Պոլիտեխնիկում մեկնարկած մեկ այլ՝ «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից ժամանած անվանի գիտնականների մասնակցությամբ: ԳԻտաժողովի կազմակերպիչներն էին ՀՊՃՀ-ն, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Իսկ նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց «Նոր ապակեբյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը, որի նպատակն է վերապատրաստել ապակու արտադրության ոլորտում, ինչպես նաև ապակու գեղարվեստական մշակմամբ զբաղվող հայաստանյան փոքր ու մեծ ձեռնարկություններում աշխատող մասնագետներին և ծանոթացնել նրանց բնագավառի գիտական նվաճումներին: Դպրոցի աշխատանքներին մասնակցում են երիտասարդ գիտնականներ տարբեր բուհերից ու գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև ապակի արտադրող մասնագետներ հարավկովկասյան տարածաշրջանից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5014 | 0 | 0
Facebook