Նախակրթարան ունեցող Հայաստանի միակ բուհի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մանկապարտեզի ավարտական խմբի սաներն այսօր հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին:
Մանկապարտեզի տնօրինության և հմուտ մանկավարժների ջանադիր աշխատանքի արդյունքն այսօր մանկապարտեզի հանդիսությունների սրահում կազմակերպած ավարտական միջոցառումն էր, որի ժամանակ իրենց լեզվական, երաժշտական և պարային հմտություններով հանդես եկան ավարտական խմբի 20 փոքրիկները:
Մանկապարտեզի սաները ներկայացրին "Մկների ժողովը" բեմադրությունը, որին հետևեցին ինչպես մանկական, այնպես էլ հայրենասիրական երգեր և պարային կատարումներ: Փոքրիկ զինվորիկների և նաիրյան աղջնակների հեզաճկուն պարը բավականին հուզիչ էր և տոնական բարձր տրամադրություն պարգևեց հանդիսատես-ծնողներին ու հյուրերին:
Սաների սահուն քայլերից ու վարժ արտասանությունից նկատելի էր այն հսկայական աշխատանքը, որ կատարել են Պոլիտեխնիկի մանկապարտեզի մանկավարժները` դաստիարակելու նրանց` որպես ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխաներ:
Տոնակատարության ավարտին ՀՊՃՀ մանկապարտեզի սան Օֆելյա Աֆոյանի մայր Բելլա Բեգլարյանը բոլոր ծնողների անունից շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի տնօրեն Նարինե Բախչինյանին, բոլոր մանկավարժներին և սպասարկող աշխատակազմին` մանուկներին ամենօրյա սեր ու ջերմություն տալու և հարազատ երեխայի պես վերաբերվելու համար` . "Այս կրթօջախում աշխատող մարդիկ արժանի են երախտագիտության, քանի որ նրանց է վստահված երեխայի դաստիարակության և կրթության բարդ ու պատասխանատու աշխատանքը: Կարծում եմ, որ այս մանկապարտեզը հմուտ տնօրենի և մանկավարժների շնորհիվ փայլուն կատարում է այդ առաքելությունը` ամեն տարի դպրոց ճանապարհելով բազմաթիվ երեխաների":
Իր հերթին տնօրեն Ն. Բախչինյանը, գրենական պիտույքներ ու գրքեր նվիրելով արդեն հարազատ դարձած երեխաներին, բարի ճանապարհ մաղթեց նրանց և հորդորեց չմոռանալ իրենց մանկական ուրախ տունը, ուր ձեռք են բերել իրենց առաջին ընկերներին, վիճել ու հաշտվել են, միասին երգել և անհոգ մանկություն վայելել:
Թող խինդն ու ծիծաղը ուղեկցեն մեր հայրենիքի բոլոր մանուկներին և թող անհոգ ու երջանիկ լինի նրանց մանկությունը:
Մանկապարտեզի տնօրինությունը վստահ է, որ ապագայում իրենց սաներից շատերը կդառնան բուհի ուսանող: Ի դեպ, որպես լրացում, նշենք, մանկապարտեզի պատմության ընթացքում գրանցվել է դեպք, երբ երեխան, անցնելով Պոլիտեխնիկի կրթական բոլոր մակարդակներով, այն է` մանկապարտեզ, դպրոց, բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա, այժմ դասավանդում է համալսարանում` հավատարիմ մնալով համալսարանին: