Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ
"Վարդանանց ասպետներ" կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների: ՀՊՃՀ այցելած "Վարդանանց ասպետներ" կազմակերպության ավագ սպարապետ
Ն. Աթինիզյանն անձամբ ուսանողներին հանձնեց կրթաթոշակները:
Ողջունելով ուսանողներին և դեկաններին` Ն. Աթինիզյանը նշեց, որ մեծագույն հաճույք է Երևանում գտնվելը և կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցելը: Նա ուսանողներին կոչ արեց սփյուռքի հայության հետ համատեղ գործակցել և հայանպաստ ծրագրեր իրականացնել:
ՀՊՃՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Աղբալյանը Ն. Աթինիզյանին փոխանցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի շնորհակալական նամակը, որտեղ մասնավորապես նշված է.
"Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) շնորհակալություն է հայտնում Ձեզ և Ձեր կազմակերպության բոլոր աշխատակիցներին, այդ թվում պարոն Վ. Սեդրակյանին և տիկին Սիրանուշ Հովհաննիսյանին, որոնց միջոցով համալսարանի 12 ուսանողներ ստացան հերթական կրթաթոշակը, յուրաքանչյուրը 200 ամերիկյան դոլլարի չափով": Իրենց հերթին կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին ավագ սպարապետին` խոստանալով կրթաթոշակն օգտագործել ի նպաստ մասնագիտության մեջ հմտանալու:
Նախորդ տարիներին կրթաթոշակները հանձնվել են տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողների` հաշվի առնելով տվյալ պահի գերակայությունները: Պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի տեղեկացմամբ` կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվել են հաշվի առնելով ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը: