Loading...

Articles

Երբ դու ամուսնանաս...

13:21, Sunday, 23 February, 2014
    

Գիտե՞ս, թե ես քեզ երբ կմոռանամ: Երբ դու ամուսնանաս: Երբ միայնակ արթնանալուդ վերջին առավոտը լինի: Երբ նուրբ մատիդ ոսկե մատանի հայտնվի: Երբ տեսնեմ, որ այլևս միայնակ չես...

Նա երջանիկ կլինի: Խնդրում եմ միայն, որ նրան մի օր պատահաբար չհարցնես հանկարծ` «Իսկ դու ստեղծագործել սիրո՞ւմ ես»: Նա երևի կզարմանա, խեթ հայացքով կնայի քեզ, դու էլ այդ անհարմար իրավիճակից դուրս գալու համար կասես, որ կատակում ես: Չնայած առանց քո ասելու էլ նա վստահ կլինի, որ կատակում ես:

Այդ ժամանակ ես կմոռանամ քեզ: Կմոռանամ, թե ինչպես ապրիլյան մի օր տեսա քեզ Ֆեյսբուքում: Կմոռանամ, թե ինչպես էի աշխարհից վերացած մեր երևակայական ընտանիքը ստեղծում: Կմոռանամ ինձ` քեզ սիրող ինձ, քեզ պաշտող ինձ, առանց քեզ լինել չպատկերացնող ինձ: Կմոռանամ, որովհետև նա երջանիկ կլինի քեզ հետ, իսկ ես այդ երջանկությունը տանել չեմ կարողանա: Հենց այդ պատճառով էլ կմոռանամ, հենց այդպես կվերցնեմ ու կմոռանամ:

Տեսնես նա կնկատի՞, թե ինչպես ես երեխայի պես հուզվում, բայց թաքցնում ամեն ինչ խիստ հայացքի ներքո: Տեսնես նա կիմանա՞, թե սառն աչքերդ որքան են ջերմացել: Դժվար թե իմանա, դա անգամ դու չգիտես:

Ես կմոռանամ քեզ այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել էի: Թող նա երջանիկ լինի: Թող դու էլ...

Ես շատ կցանկանամ, որ նա չիմանա իմ մասին ու չկարդա նամակներս: Իմ տողերում ես այնքան զգացմունք եմ դրել, որ գուցե նա սկսի ատել ինձ: Կամ էլ ծիծաղել վրաս: Կամ էլ ատել:

Կցանկանամ նաև, որ դու միշտ ժպտաս, առավել շատ հենց այն լուսանկարներում, որտեղ այլևս միայնակ չլինես: Որտեղ նուրբ մատիդ ոսկե մատանի կլինի: Որտեղ կողքիդ կանգնած կլինի նա, ու երջանիկ կլինի: Թող դու էլ...

Ես էլ երևի, երբ քեզ մոռանամ...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2014/02/blog-post_23.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2479 | 1 | 0
Facebook