Loading...

Articles

Ինչպե՞ս

15:36, Tuesday, 18 February, 2014
    

Ինչպե՞ս խեղդեմ ինձ ներսից սպանող բառերը, ինչպե՞ս լռեցնեմ ամեն ակնթարթ նոր ծնվող միտքը, ինչպե՞ս անեմ, որ ամեն նոր ծնվող մտքից սիրտս չկծկվի, ինչպե՞ս պատմեմ, որ միտքս չաշխատել չի կարող, ձեռքերս չգրել չեն կարող, հոգիս ինձ բանտարկած աչքերից այլ աչքեր փնտրել չի կարող...

Ես անհունություն եմ գտել, անընդհատություն, անվերջություն, հավիտենական լինելություն: Ես մարտիրոս սեր եմ հորինել, հիմա հատուցում եմ: Ես որոշել եմ վերջապես կյանքի կոչել խունացած ու ճմրթված էջերում ապրող սերը, ես որոշել եմ իմ սեփական ձեռքերով քանդել բոլոր կարծրատիպերը, ուղղակի ողջ իմ ձայնով գոռալ, որ սերը` իսկական սերը, այն սերը, հանուն որի մեռնում են, դեռ կա... Ուզում եմ ուղղակի կանգնել ու ասել, որ որոշել եմ վեպերում պատկերվող կատարյալ սիրուց ունենալ... Չի՞ ստացվի: Դեռ կտեսնենք: Սա քո խնդիրը չէ: Սա իմ խնդիրն է: Հատուցողը ես եմ լինելու:

Ես քեզնից էլ շատ եմ ցավում, որ ինձ հավատալ չսովորեցիր:

Ինչպե՞ս խեղդեմ քեզ իմ ներսում, ինչպե՞ս սովորեմ չսպասել ամեն նոր նորության, ինչպե՞ս ամեն անգամ քեզ տեսնելիս սովորեմ ողջ մարմնով չդողալ, ինչպե՞ս կարողանամ չհիշել անունդ, երբ շուրջս մարդիկ սիրուց են խոսում` գաղափար չունենալով, թե այն ինչ տեսք ունի...

Կարոտել եմ գրելուս, կյանքիս չափ կարոտել եմ` ապրածս բոլոր օրերի ողջ խորությամբ: Հորինեցի, բայց ինքս դարձա իմ հորինածի գերին: Կներե՞ս ինձ երբևէ քեզ քեզնից խլելու համար... Չգիտեմ: Ես վաղուց արդեն սովորել եմ ինձնից հաշիվ չպահանջել ամեն նոր ծնվող մտքի համար:

Չգիտեմ... Ձմեռն արդեն ազդում է նյարդերիս վրա, երաժշտությունն էլ քիչ է մնում, որ սպանի ինձ իր մեղմությամբ: Չկաս... Բայց կաս ամեն նոր բացվող առավոտում, ամեն մթնող գիշերում, ամեն տողիս շնչում...

Կներե՞ս ինձ երբևէ...

Ուղղակի ապրել այլևս չի ստացվի, այլևս երբեք չեմ կարողանա ուրիշ մեկին այսքան փայփայել ու ջատագով լինել:

Խե՞նթ եմ... Ես վաղուց արդեն սովորել եմ ինձնից հաշիվ չպահանջել ամեն նոր ծնվող մտքի համար:

Չգրել կարողանալու համար դեռ պետք է չսիրել կարողանալ, իսկ ես ինչպե՞ս սովորեմ քեզ չսիրել, ինչպե՞ս սովորեմ քեզ չտեսնել, չպատկերացնել, չերազել...

Խենթ չեմ... Ես ուղղակի որոշել եմ կյանքի կոչել վաղուց մոռացված մի զգացմունք, որը վեր է, վեր ինձնից էլ, քեզնից էլ, իմ ու քո բոլոր պատկերացումներից ու երազներից էլ...
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/02/blog-post_1120.html
    
     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1949 | 0 | 0
Facebook