Loading...

Articles

Միակը միլիոններից

23:56, Wednesday, 19 February, 2014
    

Դու հենց այն մարդն ես, որին առաջինն եմ հիշում, երբ առավոտյան դժվարությամբ ու դժկամությամբ բացում եմ աչքերս: Դու հենց այն մարդն ես, որի մասին գիշերը քնելիս այնքան եմ մտածում, որ քնել անգամ չեմ կարողանում:

Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Աստված ամեն ինչ բարդել է ինձ վրա: Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ դու չկաս անգամ իմ ֆեյսբուքյան ընկերների ցուցակում, մինչդեռ ես ողջ օրը քո էջը ուսումնասիրելով եմ անցկացնում:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ես քեզ ամեն ինչ ասում եմ, պատմում, արտահայտվում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դու ինձ լուռ ես սիրում:

Մեր լուսանկարները հավանում ու մեկնաբանում են մարդիկ, որոնք մեզ համար թանկ չեն այն աստիճան, որքան մենք ենք մեկմեկու համար: Մարդիկ հետո իհարկե մոռանում են մեր լուսանկարների մասին, մենք ենք, որ մտաբերում ենք ցանկացած մանրուք:

Ինչո՞ւ է այդպես, որ ես անգամ լուսանկարներդ չեմ կարող հավանել, չեմ կարող մեկնաբանություն գրել, ասել, որ հիասքանչ տեսք ունես... Մտքումս եմ ասում... Դո՞ւ էլ նույնը...

Դու հենց այն մարդն ես, որի մասին, որի համար, հանուն որի չգրել չեմ կարող... Հենց այն մեկը, որը մագնիսի ձգողականությամբ քաշում է ինձ, միակը միլիոններից, միակը միլիոններում...

Այս ի՞նչ հիվանդություն է: Պիգմալիոնի նման հավատում եմ, թե կենդանություն ես առնելու...

Հենց այն մեկն ես, այն միակը, այն եզակին հոգնակիից, այն սիրելին միլիոններից, այն սիրելին միլիոններում...

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դեռ ստիպված եմ փակել աչքերս քեզ տեսնելու համար: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ստիպված եմ տանը նստել ու սպասել, մինչ դու հասկանաս այն, ինչ ես մեկ վայրկյանում եմ հասկացել...

Դու հենց այն մեկն ես, այն միակը, այն հատուկը հասարակից, այն պաշտելին միլիոններից, այն պաշտելին միլիոններում...
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/02/blog-post_19.html
    
     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2383 | 0 | 0
Facebook