Loading...

Articles

Կարոտել եմ

21:03, Wednesday, 27 November, 2013
    

Մի թուղթ վերցրու ու փորձիր գրել այն ամենը, ինչ արել ես, անում ես ու պետք է անես ողջ կյանքիդ ընթացքում: Որոշ կետեր կրկնվում են բոլորի մոտ` ուսում, ընտանիք, աշխատանք, մանր ու մեծ առաքելություններ, զանազան նպատակներ ու դրանց հասնելու ուղիներ...

Այսօր միայնակ նստել էի մեր բուհի բուֆետում ու էլի կորել մտքերիս մեջ: Դպրոցական ու համալսարանական ընկերներ, որոնք այսօր արդեն միայն ֆեյսբուքյան ընկերներ են, հին ու նոր ծանոթներ` կեղծավոր կամ անկեղծ... Վատ մարդիկ չկան, դեռ փորձում եմ հավատալ... Ուղղակի երևի շատ ավելին ենք պահանջում դիմացինից...

Անուններ կան, որ երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից: Դրանք կապված են կյանքիս ամենաերջանիկ կամ ամենատխուր պահերի հետ: Անուն, որն ամեն անգամ լսելիս մարմնովս սարսուռ է անցնելու, ու մի ուրիշ անուն, որի յուրաքանչյուր կրողի հանդեպ որոշ նախապաշարմունքային նստվածք կա գոյացած...

Կարոտել եմ ինձ, ինձ` երբ փոքր էի: Դպրոցական տարիներս հիշեցի: Ես այնքան երջանիկ էի այդ ժամանակ: Իսկ հետո մեծացա միանգամից, երևի մեկ օրում: Ու այնքան հիասթափվեցի կյանքից, որ որոշեցի գտնել ինձ...

Ուսանողական տարիներս էլ հիշեցի, մեր լսարանները, որտեղ հիմա ցավոք ոչ մի դասաժամ չեմ ունենում, մեր դեկանատի աշխատակիցներին, բոլոր-բոլորին... Ես այնքան խրված էի դասերիս մեջ, երևի այդ պատճառով էլ հոգնեցի... Հոգնեցի ոչ թե սովորելուց, այլ.. Ինքս էլ դժվարանում եմ ասել, թե ինչից... Ես ուղղակի մի օր արցունքներն աչքերումս հասկացա, որ հոգնել եմ... Երևի ինձ էի կարոտել...

Կարծում եմ` շատ էի փորձում հասկանալ կյանքի իմաստը... Հիմա էլ մի փոքր ավելի հասուն կամ անտարբեր աչքերով եմ նայում շատ բաների: Ես հասկացել եմ, որ կյանքում որոշակի ոչինչ էլ չկա, մենք պետք է իմաստ ստեղծենք, ապրենք ու ապրեցնենք, երջանկություն գտնենք ու երջանկացնենք... Իսկ ցուցակի որոշ կետեր կարող եմ և բաց թողնել...

Մեկ-մեկ մտածում եմ, որ վերջում ոչինչ էլ չի մնա, ոչինչ... Մենք բոլորս էլ հուշերով ենք ապրում` երեկվա, այսօրվա, վաղվա... Մի օր էլ մենք ենք հուշ դառնում...

Կարոտել եմ քեզ... Անունդ տարիներ առաջ էի կարդացել Հայոց պատմության գրքերում, մեկ էլ քեզ գտնելիս կարդացի, վերջին պահին...

Դու էլ ես հուշ դառնում...

Մեկ էլ հասկացա, որ դեռ չափազանց երիտասարդ եմ ու... Ու կարևոր չէ, թե կյանքի աստիճանի քանի հատն եմ բարձրացել... Իմ հասածն անաստիճան է...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2013/11/blog-post_27.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2199 | 0 | 0
Facebook