Loading...

Articles

Անընտրություն

22:59, Monday, 18 November, 2013
    

Պատահե՞լ է` կանգնած լինես փողոցի մեջտեղում` չիմանալով` աջ գնալ, թե ձախ...

Մենք ընտրում ենք, ընտրում են մեզ: Հաճախ այդ ընտրությունները համընկնում են, հաճախ` ոչ: Հաճախ մի ամբողջ ցուցակ ես ունենում, որից կարող ես ընտրել, հաճախ էլ միայն մեկն է լինում:

Ընկերուհիներս միշտ զարմանում են, թե որքան քիչ ժամանակ է ինձ հարկավոր որևէ բան գնելու համար: Ես երբեք ժամերով չեմ շրջում խանութներով, այլ միանգամից ու արագ գտնում եմ այն, ինչ ինձ հարկավոր է: Ընտրությունն արագ է պետք անել: Եթե դանդաղում ես, միշտ մի բան այն չի լինում: Ծնողներս էլ միշտ զարմանում էին իմ վճռականության վրա: Ես փոքրուց դեռ այնքան հաստատ էի իմ որոշումերի մեջ: Ու եթե Աստված ցանկանում էր որևէ բան կամ որևէ մեկին հեռացնել ինձնից, նա դա այլ կերպ էր անում, որովհետև ես երբեք ուրիշների մտքերի ազդեցության տակ ընկնողներից չեմ եղել...

Չգիտեմ, թե քանիսի սիրո ցուցակում եմ եղել ու ցուցակի որ հորիզոնականում եմ եղել: Ես երբեք չեմ կարևորել դրանք: Սիրո մեջ մրցակիցներ չեն կարող լինել, երբեք, ոչ էլ` ցուցակներ: Սա հո բուհի անվճար սովորողների ցուցա՞կ չէ, որ ձգտեմ ներառված լինել: Չնայած երբեք էլ չեմ ձգտել լինել առաջինը, եղել եմ լավագույն տասնյակում: Իմ բնությունը միշտ ավելի վեր է կանգնած եղել նման մանր բաներից:

Քեզ թվում է` կարող ես ընտրել ինձ կամ չընտրե՞լ: Սխալվում ես... Ես միշտ վեր եմ լինելու քո բոլոր ցուցակներից, որքան էլ համալրես, բազմացնես ու բազմապատկես... Հասկացիր, եթե ընտրություն պիտի անես, ապա ես չկամ ու երբեք չեմ լինելու քո ցուցակում: Ես այլ հարթության վրա եմ, իսկ դու վաղուց ես հապաղել:

Ես ցուցակներ պահել չեմ սիրում` կյանքը կարճ է... Սիրահարված շատ եմ եղել, հաճախ հենց այնպես, ինչպես քեզ: Բայց ես մարդկանց չեմ համեմատում միմյանց հետ, երբեք:

Լսե՞լ ես` ասում են` այն, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ճիշտ են ասում: Չկարծես, թե այսքան ժամանակ քեզ չեմ մոռացել, որովհետև զգացել եմ քո կարիքը կամ վճռականություն չեմ ունեցել: Թյուր կարծիք ունեք աղջիկների մասին: Աղջիկը չի մոռանում տղային, որովհետև չի ցանկանում, և վերջ: Մնացածը հորինած բաներ են:

Տխրեցի... Երևի թե միայն մեկ անգամ ես հոգիդ տալիս, իսկ հետո դառնում ես սառնասիրտ ոչնչություն ու սկսում խաղալ մարդկային հոգիների հետ... Ի՞նչ է, միայն ձե՞զ է կարելի...

Դու չես կարող ինձ ընտրել, քեզ թույլ չեն տա: Հին պատմություն է, անգիր եմ արել...

Ես երբեք չեմ լինելու քո ցուցակում, ինձ առանց որևէ գրողի տարած ցուցակի են սիրելու...


     http://tovmasyanlusine.blogspot.com/2013/11/blog-post_18.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2053 | 0 | 0
Facebook