Loading...

Articles

Ես էլի կսիրահարվեի քեզ...

19:00, Monday, 11 November, 2013
    

Այսօր այնքան ուրախ եմ: Պատճառ չկա: Չէ, ճիշտ կլինի ասել` տխրելու պատճառ չկա:

Լավ ես, չէ՞:

Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, ապրեինք միևնույն բակում, խաղայինք միասին, վազեինք, չարաճճիություններ անեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ֆուտբոլ խաղում, վերանորոգում տիկնիկիս մարմնի մասերը, ինձ համար ավազից դղյակ կառուցում, վիճում ինձ նեղացնող տղաների հետ ու պաշտպանում ինձ:

Ես էլի կսիրահարվեի քեզ...

Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն դասարանում, կռվեինք, հաշտվեինք, դպրոցի պատերին գրեինք մեր անունների սկզբնատառերը: Դու կօգնեիր ինձ լուծել հանրահաշվի ու երկրաչափության անիմաստ խնդիրները, ես էլ տետրիս վերջին էջում մեծ տառերով կգրեի անունդ, տակը սրտիկ կնկարեի, կներկեի կարմիր մատիտով ու միշտ հիացմունքով կնայեի քեզ, երբ դու գրատախտակի մոտ կանգնած շփոթված պատասխանեիր ուսուցիչների հարցերին:

Ես էլի կսիրահարվեի քեզ...

Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն կուրսում: Ես կտեսնեի, թե ինչպես է տասնյոթամյա տղան ձևավորվում որպես հասուն, կայուն ու վճռական, ուժեղ ու գեղեցիկ տղամարդ: Ես կտեսնեի, թե ինչպես ես պարապում քննությունների համար, ինչպես ես տղաների հետ վերջին շարքում նստած շաղակրատում, դասի գալիս բոլոր առարկաների համար նախատեսված մի տետրով, ինչպես ես առիթ փնտրում մեր տուն զանգահարելու ու մի անմիտ բան հարցնելու համար...

Ես էլի կսիրահարվեի քեզ...

Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, միասին աշխատեինք, միասին որևէ ծրագրի վրա մտածեինք, գրեինք, ջնջեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ինձ գաղտնի հետևում համակարգչիդ հետևում նստած, կտեսնեի, թե ինչպես ես գերազանցում բոլորին, հասնում նպատակներիդ ու նորերը կառուցում:

Ես էլի կսիրահարվեի քեզ...

Բայց մենք հասակակիցներ չենք... Մենք միասին չենք մեծացել, միևնույն դասարանում չենք սովորել, ոչ էլ միևնույն կուրսում, չենք աշխատում միևնույն վայրում...

Բայց ես էլի սիրահարվեցի քեզ...

Ասում եմ` հետաքրքիր կլիներ ժամանակը առաջ տալ ու... Չէ, պետք չէ...

Մեկ է` ես էլի սիրահարվելու եմ քեզ...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2013/11/blog-post_11.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3058 | 3 | 0
Facebook