Loading...

Articles

Ինձ չես մոռանա...

17:47, Sunday, 03 November, 2013
    

Ես վերևից ընկա քո կյանք, ներխուժեցի քո ծանրաբեռնված առօրյա: Անվանիր դա ինչպես կուզես` պատիժ, երջանիկ պատահականություն, բախտի խաղ, ճակատագրի նվեր...

Մի օր գուցե տխուր հիշողություն դառնամ, որովհետև դու ինձ չես մոռանա...

Դու չես լսի, թե ես ինչպես եմ ժամերով բարձրաձայն ծիծաղում, չես խմի իմ պատրաստած համեղ սուրճը, չես սփոփի ինձ, երբ ես ինչ-որ չնչին բանի պատճառով լաց կլինեմ, չես գրկի ու համբուրի ինձ, երբ կբղավեմ, որ էլ քեզ չեմ սիրում, նուրբ մատներդ չեն սեղմի մատներս, դու երբեք չես տեսնի, թե ինչպես են մանկական դիմագծերս փոխվում, չես լինի ճակատագրիս գրքի հերոսը...

Դու էլ պատահաբար հայտնվեցիր... Ու ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար...

Ինձ երբեք չես հասկանա... Ես կմնամ կյանքիդ այն կողմում, որը, թե շատ ցանկանաս էլ, երբեք չես համարձակվի ապրել...

Ներիր, որ խառնվեցի կյանքիդ, ակամա ստացվեց, ճիշտ կլիներ, եթե լռեի ու չտանջեի ոչ քեզ, ոչ էլ ինձ... Տողերիս համար էլ ներիր...

Ես տխուր հիշողություն կմնամ, գուցե տարիներ անց հաճախ հիշես ինձ, ժպտաս ու լռես, որ եղել եմ ու չեմ եղել, որ սիրել եմ ու հետո շատ խորը զղջացել ու սպանել եմ սերս, որ չխեղդվեմ... Դու ինձ չես մոռանա...

Ես վերևից ընկա, վստահ բացեցի կյանքիդ դուռն ու ներս մտա... Ինքս էլ մի օր նույն դռնով կհեռանամ...

Դու կգտնես երջանկությունդ: Նա քեզ երևի շատ կսիրի, շատ ավելի, քան ես... Որովհետև ես մահու չափ վախենում եմ սիրելուց...

Արցունքներս ողողել են թղթերս, ամեն ինչ դարձել է այնքան անիմաստ...

Ես կմնամ քո չապրած տարիներում, քո մտացածին կյանքում որպես մի երազանք, անիրական հեքիաթ` անհամապատասխան սահմանածդ և բոլոր կետերին:

Դու կգտնես երջանկությունդ, վստահ եմ: Նա ինձ պես խենթ չի լինի, չի ապրի սին հույսերով ու երազներով...

Իսկ ես կմնամ լոկ մի տխուր հիշողություն... Որովհետև դու ինձ չես մոռանա...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2013/11/blog-post_3.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3297 | 1 | 0
Facebook