Loading...

Articles

Կարմիր ակնոց

21:05, Saturday, 26 October, 2013
    

Իսկ դուք փորձե՞լ եք իմ աչքերով նայել աշխարհին: Խոստովանեմ` ես շատ եմ փորձել անել հակառակը: Ջանացել եմ ձերբազատվել իմ վարդագույն ակնոցից ու ընդունել իրականությունը, որքան էլ այն դառը լինի: Բայց հետո շատ եմ զղջացել: Կամ պետք է ծախեի հոգիս ու ձեզնից մեկը դառնայի, կամ կրկին տեղավորեի աշխարհն ակնոցից անդին:

Աղջիկներ ու տղաներ, որոնց համար կյանքը սկսվում և ավարտվում է սրճարաններով, կեղծ բարեպաշտներ, դիմակավոր հպարտներ, խավարամիտ ու նենգ, մարդկային կերպար չունեցող, նախանձ, չկամ, մեծամիտների մի բազմահազար բանակ, մարդիկ, որոնց բարոյական կերպարն այնքան է խեղաթյուրվել, որ խաղատներից ու հասարակաց տներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Մարդիկ, որոնք իրենց նյութական ճղճիմ բարեկեցության համար դավաճանում են սեփական սկզբունքերն ու ստորանում, գլուխ խոնարհում, ստում, խաբում` նվաճելով թվացյալ հանգիստ ու հեշտ կյանք: Ի՞նչ է, կարծում եք ոչ ոք գլխի չի՞ ընկնում, թե ինչպիսին եք իրականում: Բումերանգ բառից գոնե վախենալ է պետք:

Ընկերներ, եթե կարելի է այդպես կոչել նրանց, որոնք հիշում են քեզ միայն այն դեպքում, երբ զգում են կարիքդ: Մարդիկ, որոնք երևի երբեք էլ չեն գիտակցի, թե ընտանիք բառն ինչ արժեք ու խորհուրդ ունի: Կանայք, որոնց օրը սկսվում և ավարտվում է հարևանուհու հետ սուրճ խմելով, ամուսնուց բամբասելով, երեխաների վրա բղավելով ու էլ չգիտես, թե ինչով: Ամուսիններ, որոնք ամեն քայլափոխի դավաճանում են իրենց կանանց ու իրենց «տղամարդ» որակում: Տխմարներ:

Ես չեմ ուզում այսպիսի կյանք: Ես չեմ ուզում թքած ունենալ ապագայիս վրա: Չեմ ուզում հանուն համընդհանուր հավանության արժանացող ցնցող «արժեքների» փոխել իմ աշխարհում գեթ մի բան: Ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ինքներդ եք կամենում, բայց մի ստիպեք ինձ անել նույնը: Չէ, ես չեմ ժպտա մի մարդու երեսին, եթե մտքումս մտածում եմ, որ նա ոչնչություն է: Բնավ նկատի չունեմ, որ պատրաստվում եմ ասել նրան, թե ինչ կարծիք ունեմ իր մասին: Դա էլ է միայն իմը: Ես չեմ ստի ու խաբի ավելի լավ աշխատանք կամ փայլուն կարիերա ունենալու համար: Գուցե համարձակությունս թույլ տա պատմել սիրուս մասին, բայց ես երբեք ոչ ոքից փոխադարձում չեմ խնդրի: Ճակատագրով տրված միակս, միևնույն է, ինքը կկանգնի ճանապարհիս:

Իսկ ակնոցս դարձավ կարմիր: Ու վայ նրան, ով կփորձի գեթ մի խազ առաջացնել ակնոցիս վրա: Ես միլիոնավոր մարդկանց հանդեպ անտարբեր եմ, բայց վատություն անողին կրկնակի ապտակ է սպառնում: Վրեժս մի ողջ հոգի շարքից կհանի:

Իսկ դուք փորձե՞լ եք իմ աչքերով նայել աշխարհին: Կյանքը միանգամից իմաստափոխվում է, լցվում դրական հույզերի տեղատարափով ու սեր հորդեցնում դեպի երակները:

Իսկ դու, հենց դու, փորձե՞լ ես իմ աչքերով նայել քեզ: Ժպտա...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2013/10/blog-post_26.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1809 | 1 | 0
Facebook