Loading...

Articles

Գիշեր է - 2

21:35, Wednesday, 23 October, 2013
    

Գիշեր է` մեկն այն գիշերներից, երբ ուզում ես բոլորովին մենակ մնալ, նստել լռության մեջ ու մթություն մեջ տեսնել այն, ինչը սովորաբար տեսնել հնարավոր չէ: Անջատում ես հեռախոսը, հեռուստացույցը, դուրս գալիս սոցիալական ցանցից` անպատասխան թողնելով տասնյակ նամակներ, անջատում համակարգիչն ու հոգին: Հա, այսպես էլ է պատահում...

Սկսվում է մի երկար զրույց` մենախոսություն ինքդ քեզ հետ: Կարծես հայելու առաջ լինես, մխրճվում ես արգելված գոտի, մի անեզր հարթություն, որտեղ բախվում են բոլոր իրարամերժ զգայություններն ու պատերազմում իրար դեմ: Հաղթողն էլ ես դու, պարտվողն էլ...

Փոփոխվող տրամադրությամբ, մտքերով ու մտադրություններով... Մի բան միայն չի փոխվում... Որքան էլ ջանաս, որքան էլ ցեխ շպրտես, որքան էլ քանդես ու սարքես... Գրողի տարած...

Գիշեր է` մեկն այն հազարավոր գիշերներից... Չէ, այս մեկն ուրիշ է... Այս գիշեր մի կարևոր բան հասկացա` սեր բառի պատկերը... Չէ, գունավոր սրտիկ չէ, ոչ էլ թիթեռ կամ ռոմանտիկ հիմարություն:

Էլի ձեռքս եմ առնում գրիչս ու փախչում իրականությունից: Թմրանյութի պես մի բան է, դժվար թե պատկերացնեք:

Նկարելուց երբեք լավ չեմ եղել, բայց սեր պատկերը կանգնած է աչքերիս առաջ, աչքերիս խորքում... Այն այնքան համառորեն է տեղավորվել սրտիս բազմոցին, այդ անկոչ օտարականը...

Գիշեր է: Երևի լավ է, որ գիշեր է: Մայթերը, գործարանները, մարդիկ քնած են, ես եմ միայն արթուն: Պատռված թղթեր, հանգստություն, խավար գիշեր` լիքը վառվող աստղերով, խենթ ծիծաղ ու վերջում... Ցուրտ գիշեր, որը ոչ մի ծածկոցով փաթաթել չի լինի: Գիշերն էլ է մրսում:
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2013/10/2.html
    
    

     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2144 | 0 | 0
Facebook