Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատառիկ Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գրքից

23:57, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Պատառիկ Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գրքից

Յուջինը լեռներում անցկացրեց տասնյոթ օր, և այդ օրերի ընթացքում Քրիստինայի հետ հոգեկան այնպիսի հետաքրքիր ապրումներ ունեցավ, որոնք տարբերվում էին մինչ այդ նրա զգացածներից: Նա երբեք չէր հանդիպել Քրիստինայի նման մի աղջկա, այնքան գեղեցիկ, ֆիզիկապես այնքան կատարյալ, մտային կարողությամբ այնքան հատու, այնպես լի արվեստագետին հատուկ նուրբ ճանաչողությամբ: Նա անչափ արագ ըմբռնում էր Յուջինի ասածները: Իր մտքերով ու զգացմունքներով նոր մտքեր էր թելադրում Յուջինին: Կյանքի խորհրդավորությունը նրա միտքն զբաղեցնում էր նույնքան լրիվ չափով, որքան Յուջինինը:
     Այս ընկերակցության ազդեցության ներքո, անամպ երկնքի տակ և հունիսյան եղանակի գրկում Քրիստինան վերջապես տեղի տվեց իր որոշումից, որը Յուջինին այնպիսի հարաբերությունների մեջ գցեց, որ նույնիսկ չէր երազում, թե նման բան հնարավոր է Քրիստինայի հետ: Նրանք իրենց զրույցներում աստիճանաբար անցան սիրաբանության բոլոր նրբությունների միջով, քննարկեցին կրքի ու հույզերի բնույթը և որպես զանցառելի մի բան՝ մի կողմ շպրտեցին թեկուզ ամենամտերիմ հարաբերության մեզ զգացվող վատ արարք կատարած լինելու մասին եղած համոզումը: Վերջապես Քրիստինան անկեղծորեն ասաց.
     -Ես ամուսնանալ չեմ ուզում: Ամուսնությունն ինձ համար չէ, համենայն դեպս, չեմ անի այդ բանը, մինչև լրիվ հաջողության չհասնեմ: Ես նախընտրում եմ սպասել, եթե միայն դու իմը լինես, և միաժամանակ ես ամուրի մնամ:
     -Ինչու՞ ես ուզում ինձ հանձնվել, -հետաքրքրությամբ հարցրեց Յուջինը:
     -Որոշակիորեն չգիտեմ, թե ուզում եմ: Ես կարող էի բավականանալ միայն քո սիրով, եթե դու դրանով գոհանայիր: Ես ուզում եմ քեզ երջանկացնել: Ես ուզում եմ քեզ տալ, ինչ ուզում ես:
     -Հետաքրքիր աղջիկ, -նկատեց Քրիստինայի սիրահարը, ձեռքով նրա բարձր ճակատը շփելով, -չեմ հասկանում քեզ, Քրիստինա: Չգիտեմ ինչպես է աշխատում քո միտքը: Ինչու՞ ես այդպես դատում: Դու ամեն ինչ կկորցնես, եթե վատագույն հանգամանքները իրական դառնան:
     -Օ՜հ, ոչ, -ժպտաց Քրիստինան, -այդ դեպքում քեզ հետ կամուսնանամ:
     -Եվ այս բոլորը որոշում ես անմիջապես, որովհետև սիրում ես ինձ, որովհետև ուզում ես ինձ երջանկացնել: -Յուջինը լռեց:
     -Ես ինքս էլ չեմ հասկանում, համով տղա, -ասաց նա, -պարզապես անում եմ:
     -Բայց ինչու, կամովին թույլ տալով այդպես վարվել, չես նախընտրում ապրել ինձ հետ, ես այդ չեմ հասկանում:
     Քրիստինան Յուջինի դեմքը առել էր իր ձեռքերի մեջ:
     -Կարծում եմ, որ ես քեզ ավելի լավ եմ հասկանում, քան ինքդ քեզ: Չեմ մտածում, որ ամուսնանալով դու երջանիկ կլինես: ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԻՇՏ ՉՍԻՐԵԼ ԻՆՁ: ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՄԻՇՏ ՉՍԻՐԵԼ ՔԵԶ: Դու կարող ես զղջալ: Եթե կարողանայինք այժմ երջանիկ լիել, դու հասած կլինեիր այն կետին, որտեղ կվերջանային քո սիրո մտատանջությունները: Այն ժամանակ ես էլ, հասկանու՞մ ես, չէի խոնարհվի մտածելով, ՈՐ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԻՄԱՑԱՆՔ, ԻՆՉ ԲԱՆ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ:
     -Ինչպիսի տրամաբանություն, -բացականչեց Յուջինը, -մի՞թե ուզում ես ասել, որ դու այլևս չես սիրի ինձ:
     -Կսիրեմ, բայց ոչ նույն ձևով: Ինչպե՜ս չես հասկանում, Յուջին, որ ինձ գոհունակություն կպատճառեր այն գիտակցությունը որ նույնիսկ, եթե բաժանվենք, ես չխնայեցի այն լավագույնը, որը ունեի:
    


    
Յուջինին ապշեցրել էր նրա այս ձևի խոսելը, այսպես տրամաբանելը: Մտքի ինչպիսի հետաքրքիր, զոհաբերող, ֆատալիստական դարձվածք: Կարո՞ղ էր մի երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր աղջիկ իրապես այսպիսին լինել: Կարո՞ղ էր երկրի երեսին որևէ մեկը իսկապես հավատալ դրան, եթե իմանար: Յուջինը նայեց նրան և թախծալից՝ շարժեց գլուխը:
     -Պատկերացրու, որ կյանքի լավագույն մասը չի մնա քեզ հետ, -ասաց Յուջինը հառաչելով:
     -Ո՛չ, համով տղա, -պատասխանեց Քրիստինան, -դու չափից ավելին ես ուզում: Դու կարծում ես, թե ուզում ես, որ այն մնա, բայց դու այդ չես ուզում: Ուզում ես, որ դա գնա: ԴՈՒ ՉԷԻՐ ՑԱՆԿԱՆԱ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ՄՆԱԼ, ԵՍ ԱՅԴ ԳԻՏԵՄ: Վերցրու այն, ինչ աստվածներն են տալիս քեզ, և վշտեր մի ունեցիր: Հրաժարվիր մտածելուց. չէ՞ որ դու կարող ես այդ:
     Յուջինը նրան առավ իր թևերի մեջ: Նա համբուրեց ու համբուրեց նրան, նրա գրկում մոռանալով սիրային այն բոլոր մոմենտները, որ երբևէ ունեցել էր: Քրիստինան ուրախությամբ ու բերկրանքով հանձնվեց նրան, նորից ու նորից ասելով, որ այդ երջանկացնում է իրեն:
     -Եթե կարողանայիր միայն տեսնել, թե որքան սիրելի ես դու ինձ համար, չէիր զարմանա, -բացականչեց Քրիստինան:
     Յուջինը եկավ այն եզրակացության, որ իր ճանաչած աղջիկների մեջ ամենազարմանալին նա է: Ոչ մի կին սիրո խնդրում այսպես անձնուրաց չէր եղել, որքան նա: Մինչև այժմ նա երբեք չէր հանդիպել մի կնոջ, որ ունենար համարձակություն ու խորաթափանցություն, այսպես պարզ ու անմիջականորեն ընդառաջեր իր ցանկություններին: Յուջինը լսեց այսպիսի մի շնորհալի արտիստուհու, այսպես գեղեցիկ մի աղջկա խաղաղ քննարկելից այն հարցը, թե ինքն իր առաքինությունը զոհաբերելու է հանուն սիրո: Նա իր ուղեղը լարել էր սեռի և կյանքի այս բարդության վրա և, նստած հյուրանոցի մեծ վերանդայում, նորից ու նորից հարցնում էր ինքն իրեն, թե ի՞նչ պատասխան կարող է գտնել և ինչու՞ ինքը չի կարող այլ մարդկանց նման հավատարիմ լինել մեկ կնոջ և ապրել երջանիկ: Նա մտածում էր, արդյո՞ք իրապես այդպես է, արդյո՞ք ինքը չի կարող այդպիսին լինել: Նրան թվաց, թե ինքը կարող է: Նա գիտեր, որ ինքը իրեն այնքան էլ լավ չի հասկանում, որ դեռ բոլորովին չի իշխում ինքը իր վրա, իր հակումների ու հնարավորությունների վրա...
    
     Աղբյուրը՝ Գրքամոլ - https://www.facebook.com/photo.php?fbid=526364310740231&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1&theater

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5592 | 0 | 0
Facebook