Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Վերջաբան)

16:47, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Վերջաբան)

Մետաֆիզիկան, ըստ երևույթին, մեզ համար մի բաղձալի հանգրվան է` հոգեկան հավասարակշռություն և բարոյական հենակետ որոնելու ճանապարհին, թեև միշտ չէ, որ այդպես է, քանի որ շատ բան է կախված մարդու հակումներից, նախասիրությունից և կենսափորձից: Կյանքը յուրաքանչյուր անկյունադարձին լուծվում է անհայտության մեջ և մեր հիշողության ոլորտներում մնում են միայն մեր անցած ճանապարհի կարևորագույն դեպքերը, հետո դրանք էլ են չքանում: Կարող է տարօրինակ թվալ, որ Յուջինը բարոյական և ֆիզիկական իր անկման շրջանում խարխափում էր կրոնական խորհրդածությունների մթնշաղում, բայց նման բաներ լինում են այն մարդկանց հետ, որոնց գլխի վրայով մեծ փոթորիկներ են անցել: Կրոնի մեջ նրանք փրկություն են որոնում հենց իրենք իրենցից, իրենց տարակուսանքներից և հուսախաբությունից:

Եթե ինձ հարցնեին, ինչ է կրոնը, ապա ես կասեի, որ դա մարդու հոգեկան վերքերին դրված թրջոց է, մի խեցափեղկ, որ մարդը սողում է, որպեսզի թաքնվի մահվան, հարափոփոխության և անսահմանության սարսափից: Իրերի մասին մտածելիս մենք ջանում ենք նրանց մեջ տեսնել հարատևություն, իսկ եթե չենք գտնում, ապա ստեղծում ենք այն: Այդ իմաստով կրոնը կյանքին տալիս է մի տեսակ մշտական բնակավայր և, ակներևաբար, անուն, թեև դա սոսկ ինքնախաբեություն է: Եվ դարձյալ մենք վերադառնում ենք այնպիսի հավերժական պրոբլեմների, ինչպիսիք են ժամանակը, տարածությունը և անսհաման բանականությունը. բայց ո՞ւմ: Եվ մենք միշտ էլ կանգնելու ենք դրանց առջև, վերագրելով նրանց այն ամենը, ինչը որ անկարող ենք ճանաչել:

Սակայն կրոնի կարիքը տևականորեն ներհատուկ չէ մարդուն, ինչպես և կյանքում ամեն բան: Մարդը հենց որ վերականգնում է առողջությունը, տրամադրվում է դեպի նախկին պատրանքները: Նույնը և Յուջինի համար, նորից նրա կյանքի մեջ թափանցել էին կանայք (չհավատաք, թե այլ կերպ կլիներ), որոնց թերևս հրապուրել էին Յուջինի վիշտն ու մենակությունը, երբ ապրած ողբերգությունից ընկճված, նորից սկսել էր երևալ հասարակության մեջ: Այժմ նրանց ուշադրությանը նա վերաբերում էր կասկածամտորեն, սակայն միաժամանակ անտարբեր չէր: Այդ կանանց նա հանդիպում էր ծանոթների մոտ. դրանք հասուն տիկիններ էին, երիտասարդ աղջիկներ, որոնք ջանում էին հետաքրքրություն բորբոքել իրենց նկատմամբ և չէին կամենում մերժման խոսք լսել: Այդտեղ կային և դերասանուհիներ, և նկարչուհիներ, և անտաղանդ բանաստեղծուհիներ, թեթև ժանրի երգչուհիներ, ժուռնալիստուհիներ և անհայտ զբաղմունքի տեր այլ կանայք: Հոգեբուխ զրույցները, նամակագրություններն ու հանդիպումները, երբեմն հասցնում էին ավելի ինտիմ կապերի, որոնք վերջանում էին այնպես, ինչպես նախորդները: Ուրեմն, Յուջինը չէ՞ր փոխվել. կարելի է ասել` ոչ այնքան: Միայն թե նա կոփել էր իր զգացմունքներն ու բանականությունը, կոփել էր կյանքի և աշխատանքի համար: Լինում էին փոթորկալից տեսարաններ, բաժանումներ, հրաժարումներ, սառը հանդիպումներ, -բայց այդ բոլորից այն կողմ, Միրթլի թևերի տակ, մեծանում էր փոքրիկ Անջելան` Յուջինի նեցուկն ու մխիթարությունը:

Ոմանք Յուջինին համարում էին մինչև ողնուծուծը մի հեթանոս նկարիչ, որն «Աստվածաշունչ» -ը ընթերցում էր հանուն ոճի գեղեցկության, իսկ Շոպենհաուերին, Նիցշեին, Սպինոզային և Ջեյմսին` հանուն այն կենսական գաղտնիքների, որ բացում էին նրա առջև այդ մտածողները: Հանձին իր դստեր, նա տեսնում էր զմայլելի մի էակի, մի երեխայի, որին արժեր ուսումնասիրել, մի էակի, որի մասին երբեմն կարող էր սիրակարոտ հետաքրքրությամբ մտածել և որի մեջ արդեն տեսնում էր որոշ գծեր իրենից և որոշ գծեր Անջելայից և հարց էր տալիս ինքն իրեն, թե ի՞նչ դուրս կգար նրանից, ինչի՞ կնմանվեր նա, երբ մեծանար: Արդյոք արվեստը կհետաքրքրե՞ր նրան: Նրան թվում էր, թե այդ երեխան շատ համարձակ է, զվարթ, համառ:

-Դու մի տիրակալ ես մեծացնում, - ասաց նրան Միրթլը մի անգամ, և Յուջինը ժպտալով պատասխանեց նրան.

-Ոչինչ անել չեմ կարող, տեսնեմ կարո՞ղ եմ նրա հետ համընթաց քայլել:

Երբեմն նա մտածում էր, որ եթե ինքն ու կրտսեր Անջելան լրիվ հասկանային իրար, և եթե Անջելան շուտ ամուսնանար, ինքը նրա համար սքանչելի տուն կկառուցեր: Գուցե նրա ամուսինը չառարկեր իրենց հետ ապրել:

Մեր պատմության վերջին պատկերը ընթերցողին առաջնորդում է Մոնտկլեր ստուդիան, որտեղ Յուջինն ապրում էր և աշխատում: Միրթլը, որ ամուսնու հետ տեղափոխվել էր Յուջինի մոտ, կառավարում էր նրա տնտեսությունը, իսկ փոքրիկ Անջելան զվարճացնում էր նրան: Մի անգամ, ուշ երեկոյան Յուջինը նստած բուխարու մոտ, խորասուզված ինչ-որ գիրք էր կարդում, երբ միտն ընկավ մի պարբերություն, որ անցյալում հանդիպել էր Սպենսերի «Փաստեր և մեկնաբանություններ» աշխատության մեջ` «Անիմանալին» ուշագրավ գլխի ինչ-որ տեղում: Նա վեր կացավ, որ գտնի այդ հատվածը: Որոնելով գրքերի մեջ, գտավ հարկավոր հատորը և բովանդակությամբ կարդաց այդ տողերը, որ այդքան ներդաշնակում էին կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքներին ու տրամադրություններին: Եվ, քանի որ այդ հատվածը այդքան համահնչյուն էր Յուջինի հոգուն, ուստի ես այն մեջ եմ բերում ամբողջությամբ.

«Եթե մեր զգայարանների կողմից ընկալվող իրերի էությունը դուրս է մեր ճանաչողության սահմաններից, ուրեմն աշխարհաճանաչության գաղտնիքների սկզբունքները ավելի անմատչելի են մեզ համար, որովհետև, հենվելով աշխարհի ստեղծագործության հիպոթեզի վրա, առաջինները կարող են շատերի կողմից համարվել և իսկապես համարվում են բացատրելի, ոմանք էլ էվոլյուցիոն ուսմունքի հիպոթեզի վրա հիմնվելով են համարում այն բացատրելի, մինչդեռ երկրորդ դեպքում այդ հիպոթեզները ոչինչ էլ չեն բացատրում: Ինչպես հավատացյալը, այնպես էլ սկեպտիկը, պետք է համաձայնեն մի բանում, որ տարածությունը մշտնջենական է և այն չի ստեղծվել ոչ ոքի կողմից, և որ այդ տարածությունը նախորդել է աշխարհի ստեղծագործությանը, եթե ընդունենք, որ նման բան իսկապես եղել է: Հետևաբար, եթե մենք նույնիսկ կարողանայինք թափանցել գոյության խորհրդավորությունների գաղտնարանը, մեզ համար դեռ կմնային շատ ավելի անմատչելի և շատ կնճռոտ առեղծվածներ: Եթե մենք ընդունենք, թե ոչինչ չի ստեղծվել և էվոլյուցիոն զարգացում ապրել, ապա մենք կկանգնենք այնպիսի առեղծվածների առջև, որոնք էլ ավելի քիչ են մատչելի մեր ճանաչողությանը, քան տեսանելի և շոշափելի աշխարհը: Մտածողությունը աշխարհի գոյության մասին, որը, հետազոտված լինելով բոլոր ուղղություններով և, ինչպես թվում է, մինչև վերջ, իր սահմաններից դուրս ունի չհետազոտված բնագավառ, և մեր երևակայությանը մատչելի մասը, նրա հետ համեմատած, անսահման փոքր է, մտածողությունը տարածության մասին, որի նկատմամբ աստղային անհուն սիստեմը փոքրանում է, վերածվում է մի կետի, այնքան վիթխարի է, որ մեր ուղեղը այն պարփակել չի կարող: Վերջին տարիների այն համոզումը, թե տարածությունը միշտ գոյություն ունեցել է և պետք է միշտ գոյություն ունենա, այնպիսի զգացում է առաջացնում իմ մեջ, որ ես կուչ եմ գալիս»:

«Ահա, - մտքում ասաց Յուջինը շուռ գալով. նրան թվաց, թե դռան ետևից ինչ-որ աղմուկ հասավ ականջին, - հիրավի, սա իմ երբևէ կարդացած ամենաողջամիտ մեկնաբանությունն է մարդկային մտածողության սահմանափակության մասին»:

Եվ տեսնելով փոքրիկ Անջելային ներս մտնելիս, լայն պիժամայով, որը մասամբ հիշեցնում էր խեղկատակի հագուստ, ժպտաց, որովհետև նրան ծանոթ էին Անջելայի ճարպիկ հնարամտություններն ու խաղերը:

-Ինչո՞ւ ես այստեղ եկել, - հարցրեց նա կեղծ խստությամբ, - չգիտե՞ս, որ այսքան ուշ ժամանակ չպետք է արթուն մնալ: Եթե հորաքույր Միրթլը բռնի քեզ…

-Բայց չեմ կարողանում քնել, հայրիկ, -պատասխանեց աղջիկը խորամանկությամբ, որովհետև ուզում էր մի քիչ նստել հոր կողքին` կրակի առջև, և շողոմող շարժումներով վազեց նրա մոտ, -չե՞ս ուզում գրկել ինձ:

-Այո, գիտեմ քո քնել չկարողանալը, դու անպիտան, գալիս ես, որ գրկեմ քեզ: Դե, գնա քնիր:

-Ո՜չ, ո՜չ, հայրիկ:

-Լավ արի:

Եվ նա վերցրեց նրան գիրկը ու նորից նստեց կրակի առջև:

-Այժմ գնա քնիր, թե չէ ես կտանեմ կպառկեցնեմ:

Անջելան կուչ եկավ նրա գրկում, բաց դեղնավուն մազերով գլուխը Յուջինի ծալած թևին հենած: Յուջինը նայում էր նրա այտերին, հիշելով այն փոթորիկը, որի մեջ լույս աշխարհ էր եկել նա:

-Փոքրի˜կ ծաղիկ, - ասաց նա, - իմ փոքրիկ ուլիկ:

Նրա զավակը չպատասխանեց: Շուտով Յուջինը քնած Անջելային տարավ պառկեցրեց անկողնում, լավ ծածկեց և, ետ գալով, դուրս գնաց դեպի թուխ բացաստանը, ուր ուշ նոյեմբերյան քամին շրշյունով անցնում էր դեռ չթափված տերևների միջով: Վերևում երևում էին աստղերը, Օրիոնի վեհաշուք գոտին, Փոքր և Մեծ Արջերի խորհրդավոր համաստեղությունները և այն հեռավոր միգամածությունը, որը կոչվում է Ծիր Կաթին:

«Այդ բոլորի մեջ, նյութի այս անհունության մեջ, որտե՞ղ է Անջելան, - մտածեց նա, մատներով մազերը խառնելով, - որտե՞ղ կլինի այն նյութը, որ ինձ է ներկայացնում: Ի՞նչ խառնաշփոթ է կյանքը և որքա˜ն հաճելի: Որքա˜ն պեսպիսի, քնքուշ և միաժամանակ սոսկալի է այն, որքա˜ն նման է բազմերանգ սիմֆոնիայի»:

Արվեստի մեծ երազներ լցրեցին նրա հոգին, երբ նայում էր տարածության շողացող խորխորատները:

«Ինչ անուշ է քամու ձայնը այս գիշեր», -մտածեց նա:

Հետո հանդարտ ներս մտավ ու փակեց դուռը:
    
     ՎԵՐՋ


    

Աղբյուրը՝ Գրքամոլ


    

Պատրաստեց՝ Համլետ Մուրադյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7945 | 0 | 0
Facebook