Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Յուջին և Սյուզաննա Դեյլ)

15:00, կիրակի, 09 հունիսի, 2013 թ.
Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Յուջին և Սյուզաննա Դեյլ)


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     -Վերջապես, -շշնջաց Յուջինը գրկելով Սյուզաննայի մեջքը, երբ պարում էին առաջին պարը: -Որքա՜ն եմ սպասել այս պահին:
     Սյուզաննան չպատասխանեց.
     -Նայեք ինձ, Սյուզաննա, -ասաց Յուջինը աղերսական ձայնով:
     -Չեմ կարող, -պատասխանեց նա:
     -Օ՛հ, նայեք ինձ, -թախանձեց Յուջինը, -գոնե մեկ անգամ: Նայեք աչքերիս:
     -Ո՛չ-ո՛չ, -ընդդիմանում էր Սյուզաննան, -չեմ կարող:
     -Օ՜հ, Սյուզաննա, -բացականչեց Յուջինը, -գժվում եմ ձեզ համար, խելագարվում եմ, կորցրել եմ բանականությունս: Ձեր դեմքը ինձ համար ծաղիկ է: Աչքերը... չեմ կարող ասել թե ինչ են: Ինձ նայեք:
     -Ո՛չ, -ընդդիմանում էր Սյուզաննան:
     -Այն օրերը, երբ զրկվում եմ ձեզ տեսնելուց, ինձ թվում է հավերժություն: Սպասում եմ ու սպասում: Սյուզաննա, մի՞թե այս ամենը իմ կողմից դու համարում ես հիմարություն:
     -Ո՛չ:
     -Ինձ համարում են խելացի, կարող մարդ: Ասում են, թե փայլում եմ: Բայց դուք, դու՛ք եք ինձ երբևէ հայտնի ամենակատարյալ արարածը: Միշտ մտածում եմ ձեր մասին, արթուն, թե քնած: Հազարավոր անգամներ կնկարեի ձեզ: Դուք վերածնում եք իմ արվեստը: Եթե ապրեմ, ձեզ կնկարեմ հարյուր տարբեր ձևերով: Երբևէ տեսե՞լ եք Ռոսետիի սիրուհու նկարը:
     -Հարյուր անգամ նա նկարել է նրան: Ես ձեզ հազար անգամ կնկարեմ:
     Սյուզաննան երկչոտ ու ապշահար, այդ ահավոր կրքից կախարդված՝ բարձրացրեց աչքերը և նայեց նրան, և հանդիպեց նրա հրաբորբոք հայացքին:
     -Օ՜հ, նորից նայեցեք ինձ, -շշնջաց Յուջինը, երբ Սյուզաննան նրա կրակոտ հայացքի տակ իջեցրեց աչքերը:
     -Չեմ կարող, -աղերսեց Սյուզաննան:
     -Ո՛չ, կարող եք, մեկ էլ նայեք:
     Սյուզաննան բարձրացրեց աչքերը. նրանց թվաց, թե իրենց հոգիները միաձուլվեցին: Յուջինի գլուխը պտտվում էր, իսկ Սյուզաննան երերալով քայլում:
     -Սիրու՞մ եք ինձ, Սյուզաննա, -հարցրեց նա:
     -Չգիտեմ, պատասխանեց Սյուզաննան, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԴՈՂԱԼՈՎ:
     -Չե՞ք սիրում ինձ:
     -Այժմ այդպիսի հարց մի տվեք:
     Երաժշտությունը լռեց. և Սյուզաննան չքացավ:
     Յուջինը բավական ժամանակ չտեսավ նրան. Սյուզաննան թաքնվել էր, որ հավաքի ինքն իրեն: Նրա հոգին վրդովվել էր ինչ-որ ահավոր փոթորկից: Այդ փոթորիկը պատառոտել էր նրա էությունը: Նա սարսռել էր, խռովվել, խանգարվել, համակվել մի տեսակ տենչանքով ու անձկությամբ: Որոշ ժամանակից հետո նա վերադարձավ, և նրանք նորից պարեցին, բայց առերևույթ նա խաղաղ էր: Նրանք դուրս եկան պատշգամբ, և Յուջինը կարողացավ մի քանի բառ ասել:
     -Ոչինչ մի ասեք, -աղերսում էր նա, -ինձ թվում է մեզ դիտում են:
     Յուջինը բաժանվեց նրանից, բայց տուն վերադառնալիս, ճանապարհին մեքենայի մեջ շշնջաց:
     -Ուշ երեկոյան կլինեմ արևմտյան վերանդայում: Կգա՞ք:
     -Չգիտեմ, կաշխատեմ:
    
     Յուջինը հանդարտ քայլեց այնտեղ, երբ ամեն ինչ խաղաղ էր, և նստեց, սպասելով նրան: Հետզհետե մեծ տունը խաղաղվեց: Ժամը մեկն էր, շուտով եղավ մեկ և կեսը, երկուսը, և ահա դուռը բացվեց: Դուրս սահեց մի կերպարանք, Սյուզաննայի գեղեցիկ կերպարանքը, հագնված այնպես, ինչպես պարի ժամանակ: Մազերի շուրջը կապել էր ժանյակե մի քող:
     -Այնպե՜ս վախենում եմ, -ասաց նա, -ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ անում: Հավատացա՞ծ եք, որ ոչ ոք մեզ չի տեսնի:
     -Քայլենք այս շավղով դեպի դաշտը:
     Այդ նույն ճանապարհով նրանք քայլում էին գարնանը, երբ Յուջինը հանդիպել էր նրան այստեղ: Արևմուտքում ցածր կախվել էր մանգաղաձև դալուկ լուսնյակը, որն այդ ժամին շատ մեծ էր երևում:
     -Հիշու՞մ եք, թե մեկ էլ երբ ենք եղել այստեղ:
     -Այո:
     -Դեռ այն ժամանակ սիրում էի ձեզ: Իսկ դուք մտածու՞մ էիք իմ մասին:
     -Ո՛չ:
     Նրանք քայլում էին ծառերի տակով. Յուջինը բռնել էր նրա ձեռքը:
     -Օ՜հ, ինչպիսի՜ գիշեր է, ինչպիսի՜ գի՛շեր, -բացականչեց Յուջինը. բուռն հույզերը ուժասպառ էին արել նրան:
     Շավիղի վերջում նրանք դուրս եկան ծառերի տակից: Օդում զգացվում էր օգոստոսյան չորությունը: Ջերմիկ գիշերը շնչում էր սիրով: Ամեն կողմից լսվում էր միջատների թույլ բզզոցը: Երբեմն գեղգեղում էր ծառաբնակ գորտը կամ ճչում ինչ-որ թռչուն:
     -Մոտ եկեք, Սյուզաննա, -ասաց նա վերջապես, երբ նրանք գտնվում էին ճանապարհի վերջում և լուսնի լրիվ լույսի տակ կանգ էին առել, -մոտ եկեք, -կրկնեց Յուջինը և գրկեց նրան...
     -Ո՛չ, -ասաց Սյուզաննան, -պետք չէ:
     -Ինձ նայեք, Սյուզաննա, -աղերսեց Յուջինը, -ուզում եմ հայտնել, թե որքան եմ սիրում ձեզ, բառեր չեմ գտնում, որ իմ զգացմունքը փորձեմ արտահայտել: Ասացեք, որ սիրում եք ինձ, Սյուզաննա: Ասացեք: Ես ձեզ սիրում եմ խենթի պես: Ասացեք, որ սիրում եք ինձ:
     -Ո՛չ, չեմ կարող, -պատասխանեց Սյուզաննան:
     -Համբուրեցեք ինձ:
     -Ոչ:
     Նա Սյուզաննային ձգեց դեպի իրեն և հակառակ նրա ցանկության բռնեց ծնոտը և գլուխը բարձրացրեց վեր:
     -Բաց արեք ձեր աչքերը, -աղերսեց Յուջինը, -Օ՜հ աստվա՜ծ իմ: Ինչ երջանկություն է ինձ բաժին ընկել: Այժմ կարող եմ մեռնել: Կյանքը ավելին չի կարող տալ: Օ՜հ, ինչպիսի ծաղկուն դեմք: Օ՜հ, դուք բացված վարդ, աստվածային հուր, որքա՜ն կատարյալ եք դուք, որքա՜ն կատարյալ: Եվ դուք սիրում եք ինձ:
     Յուջինը ջերմ համբուրեց նրան:
     -Համբուրեցեք ինձ, Սյուզաննա: Ասացեք, որ սիրում եք ինձ: Ասացեք: Օ՜հ, որքան սիրում եմ Սյուզաննա անունը: Շշնջացեք ականջիս, որ սիրում եք ինձ:
     -Ո՛չ:
     -Բայց սիրում եք:
     -Ո՛չ:
     -Նայեցեք ինձ, Սյուզաննա. ծաղկուն դեմք. բացված վարդ: Ի սեր աստծո, նայեցեք ինձ: Դուք սիրու՞մ եք ինձ:
     -Օ՜հ, այո՛, այո՛, այո՛, -հանկարծ հեկեկաց նա, թևերը գցելով նրա պարանոցին, -Օ՜հ, այո՛, այո՛:
     -Մի արտասվեք, -աղաչում էր Յուջինը, -Օ՜հ, քաղցրիկս, մի արտասվեք: Ես գժվում եմ ձեր սիրուց, գժվում եմ: Համբուրեցեք ինձ, միայն մեկ համբույր: Ձեր սիրո համար ես պատրասր եմ մեռնել: Համբուրեցեք ինձ:
     Յուջինն իր շրթունքները հպեց նրա շրթունքներին, բայց Սյուզաննան, սարսափահար, դուրս թռավ նրա գրկից:
     -Որքա՜ն երկյուղալի է այս ինձ համար, -բացականչեց նա, -ի՞նչ եմ անելու ես: Ինչպե՜ս վախենում եմ: Օ՜հ, խնդրում եմ, խնդրում եմ: Մի բան սարսափեցնւմ է ինձ: Օ՜հ, ինչ եմ անելու ես: Ուզում եմ տուն գնալ:
     Սյուզաննան գունատվել ու դողում էր: Մատները ջղայնությունից սեղմվում ու բացվում էին:
     Յուջինը մեղմորեն շոյեց նրա թևը:
     -Հանգստացեք, Սյուզաննա, հանգստացեք, -ասաց նա, -այլևս ոչինչ չեմ ասի: Ձեր վարմունքի մեջ սխալ բան չկա: Ես վախեցրի ձեզ: Հիմա կգնանք տուն: Հանգսատցեք: Սխալ բան չեք արել:
     Տեսնելով Սյուզաննայի սարսափը, Յուջինը ջանք թափեց տիրապետել իրեն, և նրանք քայլերն ուղղեցին դեպի պուրակ: Որպեսզի ավելի հանգստացնի նրան, Յուջինը գրպանից հանեց պորտսիգարը, այնպես ձևացնելով, թե ուզում է ծխել: Բայց երբ տեսավ նա խաղաղվել է, նորից այն դրեց գրպանը:
     -Այժմ հանգի՞ստ եք, քաղցրիկս, -հարցրեց նա քնքշորեն:
     -Այո, բայց տուն գնանք:
     -Լսեցեք, ես ձեզ հետ կգամ մինչև ծառերի տակ: Այնուհետև դուք մենակ կգնաք: Ես կհետևեմ, մինչև հասնեք տուն:
     -Լավ, -հանդարտ պատասխանեց Սյուզաննան:
     -Եվ դուք իսկապես սիրու՞մ եք ինձ, Սյուզաննա:
     -Այո, բայց այդ մասին մի խոսեք, գոնե այժմ: Նորից կվախեցնեք ինձ: Այժմ գնանք տուն:
     Նրանք շարունակեցին քայլել: Ապա Յուջինը ասաց.
     -Մի համբույր միայն, քաղցրիկս, հրաժեշտի համբույր: Կյանքը նորից է բացվել ինձ համար: Դուք իմ էության, իմ հույզերի ոգին եք: Դուք ինձ վերափոխում եք ինչ-որ տարբեր բանի: Այնպես եմ զգում, թե մինչև այժմ երբեք չեմ ապրել: Օ՜հ, ինչպիսի զգացմունք է սա: Եվ ինչպիսի երջանկություն է զգալ այս ամենը՝ փոխվել այսպես, ինչպես ես եմ փոխվել: ԴՈՒՔ ՆՈՐԻՑ ԿԵՐՏԵՑԻՔ ԻՆՁ, ՎԵՐԱԴԱՐՁՐԻՔ ԻՄ ԱՐՎԵՍՏԸ: Ես հիմա դարձյալ կարող եմ աշխատել: ԵՍ ԿՆԿԱՐԵՄ ՁԵՐ ՊԱՏԿԵՐԸ:
     Յուջինն ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է ասում: Նրան թվում էր, թե ինքը բռնկված ինիչ-որ մարգարեական տարերքով, հանկարծակի հայտնաբերել է իրեն:
     Սյուզաննան թույլ տվեց, որ համբուրի իրեն, բայց շատ էր վախեցել, շունչը կտրվում էր: Նա համակվել էր բուռն հուզական, տարօրինակ մի զգացումով: Ինքն էլ չէր հասկանում, թե ինչի մասին էր Յուջինը խոսում:
     -Վաղը, -ասաց Յուջինը, -անտառի եզրին: Վաղը: Քաղցր երազներ: Ինձ համար այլևս խաղաղություն չկա առանց ձեր սիրո:
     Յուջինը անձկալի աչքերով, տխուր, ցավագին ու զմայլված տրամադրությամբ նայում էր նրա ետևից, երբ նա թեթև քայլերով հեռացավ, որպես ստվեր անհետանալով մռայլ, լուռ դռան ետևում...
    
     Հնարավոր չէ նույնիսկ այսպիսի մանրամասն մի նկարագրության մեջ հաղորդել հույզերի այն անսովոր բարդությունը, ողջ գեղեցկությունն ու սարսափը, որ համակել էր Յուջինին, որոնցով աստիճանաբար համակվեց և Սյուզաննան, երբ ՅՈՒՋԻՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՓՇՏԱԿՎԵՑ ՆՐԱՆՈՎ: Սյուզաննա՜, Սյուզաննա՜: Նրա մազերը, նրա ժպիտը, նրա ողջ պատկերը Յուջինի համար դարձել էր ռոմանտիկ մի երազանք....
    
     Թեոդոր Դրայզեր «Հանճարը»
    
     Աղբյուրը՝ Գրքամոլ
    
     Պատրաստեց՝ Համլետ Մուրադյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8059 | 0 | 0
Facebook