Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Կեցցե ազատ մամուլը և ազատ լրագրողը

15:51, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
Կեցցե ազատ մամուլը և ազատ լրագրողը

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է։

Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1993 թվականի դեկտեմբերի 20-ի հատուկ որոշմամբ։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության եւ այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում կազմակերպված սեմինարի ժամանակ։
     Այս օրն ամեն տարի հիշեցնում է, որ խոսքի ազատությունը մարդու հիմնարար, սահմանադրական իրավունքն է։

Անկախ մամուլը ժողովրդավար երկրի եթե ոչ հիմքերից մեկն է, ապա անհրաժեշտ բաղադրիչն է։
     Օրվա կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ խոսքն ուղղել է լրագրողներին, ընթերցողներին, հեռուստադիտողներին, ռադիոլսողներին, սոցիալական ցանցերի օգտատերերին․

«Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:
     Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ գրառումը սկսելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հաշվետվությամբ, ըստ որի Հայաստանը 2019 թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» 19 կետով առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 61-րդ տեղը։ Նա նշում է, որ լրագրողի աշխատանքն ամենաանշնորհակալներից է, որովհետև նրանք գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, ինչը նշանակում է, որ միայն ամենաքաջ անհատներն են որոշում լրագրող դառնալ։
     Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների» ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը նշում է, որ Մամուլի ազատության միջազգային օրը լրագրողական հանրույթի ամենամեծ ձեռքբերումներից է և հավասարապես սիրված է բոլոր երկրներում։

«Մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, որի իրագործմանը մենք ականատես եղանք, հատկապես, 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին։ Մամուլի ազատության մայիսյան խորհուրդը հաղթական էր հայ լրագրողների համար, որոնց անաչառ և օպերատիվ լուսաբանումը մայիսյան, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն պարգևեց քաղաքացիական հասարակություն ձևավորած Հայաստանի քաղաքացիներին։ Պատահական չէր, որ Հայաստանի վարչապետ ընտրվեց լրագրող Նիկոլ Փաշինյանը», - ասում է Մուշեղ Հովսեփյանը։
     Մեր մյուս զրուցակիցը լրագրող, ԵՊՀ դասախոս, Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Աննա Մկրտչյանն է․

«Շնորհավորում եմ գործընկերներիս և ոչ միայն, քանի որ մամուլի ազատությունը կարևորագույն արժեք է ոչ միայն լրագրողների, այլև ցանկացած հասարակության համար։ Այն ժողովրդավարության, ազատ խոսքի բարձր ցուցիչ է։ Կարծում եմ՝ հիմնարար այս արժեքի պահպանման համար յուրաքանչյուրս կարևոր անելիք ունենք; Մենք ոչ միայն տոնից տոն պիտի խոսենք այդ մասին, այլև գնահատենք մամուլի բացառիկ դերը և պաշտպանենք մամուլը ցանկացած ոտնձգությունից։ Ազատ մամուլը բարձրագույն արժեք է» ։
     ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ասում է, որ ինչպես ցանկացած ուրախ օր՝ մի կողմից ձեռքբերումները նշելու, մյուս կողմից իրավիճակի մասին խորհելու, սեփական անելիքների մասին մտորելու առիթ է։

«Այս օրը շատ կարևոր է ոչ միայն և ոչ այնքան լրագրության կամ մեդիադաշտում աշխատող մարդկանց համար, այլ նաև նրանց, ովքեր և՛ ուղղակի, և՛ անուղղակի ներդրում են ունենում մամուլի ազատության ապահովման ու պաշտպանության գործում։ Մի բան է, երբ դու աշխատում ես ոլորտում, կրում այդ ազատության պտուղները, մեկ այլ բան, երբ հասկանում ես, թե այդ ազատությունը, գործընկերներիդ անկաշկանդ, բայց և պատասխանատու գործունեությունը ինչքան կարևոր է քո երկրի ամենատարբեր ոլորտների զարգացման գործում ու ամենակարևորը՝ քո ամենօրյա աշխատանքով ներդրում ունես այդ արժեքները պահպանելու, զարգացնելու գործում» ։

Աղբյուրը` Debate.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
658 | 0 | 0
Facebook
COMMENT.am