Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

100-ամյա ԵՊՀ-ն ու 25-ամյա երազողը

21:20, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
100-ամյա ԵՊՀ-ն ու 25-ամյա երազողը
    
    

ԵՊՀ-ի ու իմ առաջին հանդիպումից անցել է մոտ 10 տարի, բայց մինչ այսօր ես չեմ մոռացել այն սրտի թրթիռը, որով ոտք դրեցի մայր բուհի հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք։ Այն թե՛ դրսից, թե՛ ներսից շլացուցիչ փայլ ուներ։ Ու այդ փայլը ոչ թե նոր վերանորոգված մասնաշենքինն էր՝ նորաձև, ապակեպատ, ներդաշնակ գունավորմամբ, այլ Երևանի պետական համալսարանի ոգունն էր, որը հյուրընկալ դռները բացել էր դեղնակտուց դպրոցականների առջև։


     Գնացել էինք հայոց լեզվի ու գրականության համալսարանական օլիմպիադային մասնակցելու։ Առաջին հարկը մի լավ զննելուց հետո բարձրացանք 2-րդ հարկ ու տեղավորվեցինք մի մեծ, լուսավոր լսարանում, որին դեռ դասարան էինք ասում, իսկ դասախոսներին՝ ուսուցիչներ։


     Օլիմպիադայից ոչինչ չեմ հիշում, սակայն այսօրվա պես հիշում եմ, որ հենց այդ օրը կյանքիս կարևորագույն երազանքը դարձավ ԵՊՀ-ի ուսանող դառնալը, այդ նստարաններին նստելն ու սովորելը, դասախոսություններին ներկա գտնվելը, համալսարանական լինելը։ Եվ ես ջանք ու եռանդ չխնայեցի երազանքիս հասնելու համար։ Ընդունվելու հայտերը լրացնելու ժամանակ մյուս բուհ-երի մասին լսել անգամ չէի ուզում, որովհետև աչքիս առաջ միայն բարի ծերուկ ԵՊՀ-ն էր։


     Ես հասա երազանքիս՝ այժմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողն եմ՝ հպարտ, անդրդվելի, համալսարանս սիրող։ Մեր դեկանը՝ Նաղաշ Մարտիրոսյանը, երբեք չի զլանում բոլոր ուսանողների համար կրկնել, որ ԵՊՀ-ն սուրբ վայր է, ու այն պետք է պահպանենք մեր օջախի պես։ Նույն կոչը նաև ես եմ ուղղում բոլոր նորաթուխ համալսարանականներին ու իմ պես երազողներին՝ պահպանե՛ք մեր օջախը, սիրե՛ք այն։ Խոսքս միայն մասնաշենքերի ու բակերի մասին չէ, այլ նաև պատվի, համբավի, հարգանքի մասին։


     ԵՊՀ-ն ինձ շատ բաներ սովորեցրեց, այստեղ ընկերներ ձեռք բերեցի, ովքեր, վստահ եմ, ամբողջ կյանքի համար են, ավագ ընկերներ ու դասախոսներ, ովքեր միշտ իրենց խորհուրդներով ինձ հետ են։ Դասեր կային, որոնք երբեք ու ոչ մի տեղ չէի սովորի։ Շատ հիասթափություններ ունեցա, բայց սովորեցի դրանցից դաս քաղել, թևաթափ եղա շատ անգամներ, բայց սովորեցի առաջ շարժվել ու պայքարել, հասկացա, որ ուսանողն ամենակարող է ու ամեն ինչի կհասնի ցանկության դեպքում։


     Հիմա ես՝ 25-ամյա երիտասարդ երազողս, կանգնած եմ 100-ամյա ծերուկի՝ Երևանի պետական համալսարանի առջև, ծերուկ, ով տարեցտարի երիտասարդանում է նոր սերնդի հետ, քայլում ժամանակին համընթաց։ Ծերուկ, ով միակն է ինձ համար, իսկ ես 100 հազարավորներից մեկն եմ իր համար։


     Շնորհավո՛ր 100-ամյա տարեդարձդ, ԵՊՀ։

Դու ինձ սովորեցրիր գլխավորը՝ ոչ թե միայն երազել, այլ երազանքներն իրականացնել ու երբեք չհանձնվել։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
779 | 0 | 0
Facebook