Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1 ժամ մանկատանը

16:35, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
1 ժամ մանկատանը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մանկատունը ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, ինչպես նաև պետության օգնության ու պաշտպանության կարիքն ունեցող երեխաների դաստիարակության հիմնարկ է:


     Գրեթե բոլորս կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք (գուցե նաև օգտագործել ենք) «մանկատան երեխա է» արտահայտությունը: Այս բառերը լսել եմ նաև արդեն ընտանիք ու երեխաներ ունեցող մանկատան սանից, ով մեր զրույցում իր մասին ասում էր. «Դե ինչ անեմ, մանկատան երեխա եմ»: Սա ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ մանկատունն իր սաների կյանքի վրա անջնջելի հետք է թողնում (եթե ոչ հասարակության, ապա իր աչքում՝ անպայման): Այդ անջնջելի հետքը մանկատունն ու հաստատության սաներին, ըստ իս, դարձնում է մեր հասարակության ամենախոցելի թիրախներից մեկը:


     Այսօր հաստատությունների «մանկատուն» անվանումը փոխարինվել է «երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություն» կամ «երեխաների ցերեկային խնամքի հաստատություն» անվանումներով: Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած վիճակագրական տվյալների՝ 2017 թվականին նախարարության համակարգում գործում էր երեխաների շուրջօրյա խնամքի 6 հաստատություն՝ 3-ը ընդհանուր տիպի մանկատուն, 3-ը՝ մասնագիտացված մանկատուն, որտեղ խնամվել է շուրջ 632 երեխա: [1]


     Մանկատներն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, փակ հաստատություններ են, ու այնտեղ մուտք գործելը շատ դժվար ու երկարատև գործընթաց է: Չնայած դժվարություններին՝ յուրաքանչյուրս գոնե մեկ ժամ պետք է անցկացնենք այնտեղ: Այդ մեկ ժամը կարող է շատ քիչ լինել կամ ոչինչ չփոխել, բայց նաև կարող է մարդկային ճակատագրեր փրկել:


     «Ոչ թե մանկատուն, այլ ընտանիք. ՍՕՍ մանկական գյուղեր»

Խոսել մանկատներից ու չանդրադառնալ «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չի լինի:

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 1989 թվականին՝ իր դռները բացելով այն երեխաների համար, ովքեր Սպիտակի երկրաշարժի պատճառով կորցրել էին իրենց ծնողներին:

Այս ծրագրի նպատակը ծնողներից զրկված երեխաներին համապատասխան խնամք տալն է, ինչպես նաև զարգացումն ապահովելն է: Բայց այս ամենն արվում է ոչ թե մանկատներում, այլ սովորական տներում, որտեղ երեխաները տեսնում են ընտանիքի մոդելը:

Ամեն տան համար աշխատանքի է ընդունվում մայրիկ, երբեմն նաև հայրիկ, ովքեր ապրում են երեխաների հետ ու կատարում ծնողների պարտականությունները: Այսինքն` երեխաներին խնամում են ոչ թե դաստիարակները, այլ հայրիկներն ու մայրիկները, ովքեր տեսնում են նրանց տաղանդները, հետևում դասերի պարտաճանաչ սովորելուն, կերակրում, զրուցում, շուրջօրյա ապրում նրանց հետ: [2]

Սա թույլ է տալիս մանկատների սաներին ունենալ ծնողներ, որոնց մասին երազում են, տեսնել ընտանիքի մոդելը, ծանոթանալ դրա հետ, ինչը հետագայում կօգնի սեփական ընտանիքն ունենալ:


     «
Իմ անցկացրած 1 ժամը մանկատանը»

Ինչպես արդեն նշեցի, մանկատները փակ հաստատություններ են, այնտեղ մուտք գործելը դժվար ու երկարատև գործընթաց է: Որպես կամավոր՝ այցելել եմ մանկատներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսի մի քանի քաղաքներում ու գյուղերում:

Բելառուսում կատարած այցելություններից ամենաշատը տպավորվել է Մինսկից մոտ 50 կմ հեռավորություն ունեցող մի գյուղում` Սլաբոդսկում, գտնվող մանկատուն-ինտերնատ այցը: Այստեղ ապրում էին հիմնականում հոգեկան ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ՝ 3-16 տարեկան: Նրանց հետ ապրել ենք 5 օր ու հասկացել, որ անկախ ազգությունից ու երկրից՝ բոլոր ծնողազուրկ երեխաներն ունեն նույն խնդիրները, ցանկությունները, երազանքները: Մի քանի օր ապրեցինք նրանց հետ ու նրանց կյանքով և տեսանք հետևյալը.


     · Երեխաներին պարտադում էին չափից դուրս ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարել (շենքի հսկայական տարածքի մաքրություն, բանջարանոցում հողի հետ աշխատանք և այլն):

· Սաներն ապրում էին ակտիվ սեռական կյանքով՝ թե՛ ինտերնատի տարածքում, թե՛ ինտերնատից դուրս:

· Ինտերնատի դռները փակվում էին հստակ ժամին, ու ուշացողները գիշերում էին դրսում:

· Ապրելու պայմաններ կային, բայց դրանց որակը ցածր էր՝ ջրից վատ համ ու հոտ էր գալիս, բայց այլընտրանք չկար, խոհանոցն ընդհանուր առմամբ մաքուր էր, բայց օրինակ հացամանները՝ կեղտոտ: Երեխաների հագուստը մաքուր չէր:

· Ուսուցիչներն ու հոգեբանները մեզ համոզում էին իզուր ժամանակ չծախսել երեխաների վրա, որովհետև դա համարում էին ռեսուրսի ու ժամանակի անիմաստ կորուստ: Բոլորի կարծիքով այդ երեխաներն անընդունակ էին որևէ բան սովորել (իհարկե մենք չվհատվեցինք ու բոլորին հակառակն ապացուցեցինք):


    
    

Այս ինտերնատում գտնվելու կարևորագույն ձեռքբերումը երեխաներից մեկին ինքնասպանությունից հետ պահելն էր: Իսկ մյուսները հրաժեշտի օրը մեզ ասացին, որ իրենց կյանքը լուսավորվեց՝ լցվելով այն հույսով, որ իրենք մենակ ու մոռացված չեն: 2014 թվականից հետո ինտերնատի սաների հետ կապն ընդհատվել է, ու նրանց այսօրվա կյանքի մասին տեղեկություններ չունեմ:


     «
Այցելություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»

Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն այցելել ենք 2012 թվականի դեկտեմբեր ամսին՝ ընկերներից ու ծանոթներից կազմված կամավորական խմբով: Այցելության նպատակը երեխաներին մի փոքրիկ ամանորյա ուրախություն պարգևելն էր: Գնացել էինք նվերներով՝ խաղալիքներով ու քաղցրավենիքով: Երեխաներն, իհարկե, ուրախացան նվերների համար, բայց ավելի շատ ուրախացան ուշադրությունից, խաղերից, սովորական համբույրից ու գրկախառնությունից:

1 ժամը շատ քիչ է լուրջ խնդիրները տեսնելու համար, բայց շատ բաներ աննկատ չմնացին: Պետք է նշել, որ երեխաները մաքուր էին, հագուստը՝ կոկիկ, սենյակները՝ հավաքված:

Հասկացանք, որ երեխաները շատ են սիրում շփվել ու ամեն մի փոքրիկ բանից անսահման ուրախանում են:

Բայց մեր գնալու նպատակը միայն խաղերն ու նվերները չէին: Պլանավորել էինք դաստիարակների ուղեկցությամբ մանկատան սաներին տանել զբոսանքի, իսկ հետո՝ պոնչիկանոց: Նրանց ուրախությանը չափ ու սահման չկար, դա զգում էինք ուրախության ճիչերից ու ուրախ վազվզոցից: Բայց երբեք չեմ մոռանա այն երեխաների ուրախությունը, ովքեր գտնվում էին կողքի սենյակում՝ անվասայլակին նստած: Նրանք 3-ն էին, 6 փայլուն ու արցունքով լցված աչուկներ նայում էին մեզ ու չէին հավատում, որ մեզ հետ գալու էին պոնչիկանոց: Չկարողացանք ճշտել, թե ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները մասնակցում են էքսկուրսիաներին, թե ոչ, բայց ուրախ եմ, որ այդ օրը կարողացանք մի փոքր ուրախություն պարգևել այդ լուսավոր փոքրիկներին:

Երեխաներից շատերը հեռախոս ունեին ու շփվում էին ծնողների հետ, ձեռք էին բերել դպրոցական ընկերներ: Բոլորն ունեին տարբեր ձգտումներ ու երազանքներ, բայց գլխավորը չլքված լինելու ցանկությունն էր:

Մանկատան բակում խաղահրապարակ կար, որտեղ ձնագնդիկ խաղացինք:

Կարող եմ ասել, որ առաջին հայացքից երեխաների հարմարավետ ապրելու բոլոր պայմանները կային:

Մանկատան սաներին ու դաստիարակներին հրաժեշտ տվեցինք երեկոյան՝ նորից հանդիպելու ակնկալիքով, բայց, ցավոք, մինչ օրս մյուս այցելությունը չի եղել:

Նշեմ, որ վերոնշյալ մանկատունն այժմ անվանվում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն (0-18 տարեկան հատուկ կարիքով մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների համար) պետական ոչ առևտրային կազմակերպություն»: [3]


    
    

[1] http://www.mlsa.am/?page_id=1345

[2] http://www.sos-kd.am/hy/%D5%B8%D5%BE%D5%A5%D5%B6%D6%84%D5%B4%D5%A5%D5%B6%D6%84/

[3] https://www.spyur.am/am/companies/marie-izmirlian-childrens-home-for-0-18-yearold-retarded-and-disabled-children-with-special-needs/82468

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2960 | 0 | 0
Facebook