Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամենաթողությունը ոչ թե խոսքի ազատություն է, այլ խոսքի անարխիա է»․ Դավիթ Ալավերդյան

19:20, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
«Ամենաթողությունը ոչ թե խոսքի ազատություն է, այլ խոսքի անարխիա է»․ Դավիթ Ալավերդյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մեր զրուցակիցը «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է։

    
     -Ինչպե՞ս է կանոնակարգվում ձեր լրատվամիջոցը, որո՞նք են ինքնակարգավորման մեխանիզմները։


     -Մենք ունենք ներքին էթիկական կանոնակարգ, որին լրագրողները ծանոթանում են աշխատանքի ընդունվելիս։ Փորձաշրջան են անցնում լրագրողները, որի ընթացքում ստուգվում են թե՛ մասնագիտական գիտելիքները, թե՛որոշակիորեն էթիկական արժեհամակարգը։ Մշտապես քննարկումներ ու ժողովներ ենք ունենում, որի ընթացքում պարզաբանում ենք այն կարևորագույն կանոնները, որոնց մեր լրագրողները պարտավոր են հետևել։ Բացի այդ, ունենք որոշակի կանոններ, որոնք կան նաև մեր կայքերում, դրանք վերաբերում են մասնագիտական որոշակի գործելաոճի, օրինակ հարցազրույցի համաձայնեցմանը։ Ենթադրենք որ պարագայում կարելի է համաձայնեցնել տեքստը, որ դեպքերում չի կարելի։ Երբ դրա հետ կապված որոշակի հարցեր են առաջանում, լրագրողները մշտապես կարող են այդտեղից իրենց պատասխանները ստանալ։


     -Իսկ այդ էթիկայի կանոնագրքերը չեն սահմանափակու՞մ խոսքի ազատությունը, կամ եթե ոչ, խրախուսու՞մ են դրա զարգացմանը։


     -Ոչ, դրանք ոչ միայն չեն սահմանափակում խոսքի ազատությունը, այլ նաև հարգում են ուրիշների ազատությունները, մասնավորապես, օրինակ, «Մեդիամաքսում» արգելված է մարդկանց զրպարտել, վիրավորել, հրապարակել բանսարկություններ, ասեկոսոներ, բամբասանքներ, ապատեղեկատվություն, տեղադրել հրավիրող, ուշադրություն գրավող վերնագրեր, կեղծել լուանկարներ, այս ամենը հիմնված է Սահմանադրության, ԶԼՄ-ների մասին օրենքի, Մարդու իրավունքների հռչակագրի վրա։ Սա ամենևին չի նշանակում, որ լրագրողները խեղճացած են, հակառակը՝ երբ ինչ-որ մի բանի մասին գրում ենք, և կա 2–րդ կողմ, մեր լրագրողները պարտավոր են ճշտել նաև 2-րդ կողմի տեսակետը, եթե դրա համար կա անգամ նվազագույն հնարավորություն։ Իսկ եթե չկա ու խնդիրը հրատապ է, ապա մենք նյութը հրապարակում ենք ու նշում ենք, որ պատրաստ ենք առանց որևէ փոփոխության հրապարակել նաև հակառակ կարծիք։ Սա, իմ կարծիքով, ոչ թե սահմանափակում է ինչ-որ մեկի իրավունքները, այլ հնարավորություն է տալիս այլ մարդկանց՝ արտահայտելու իրենց տեսակետը։


     -Ըստ Ձեզ, ո՞րն է խոսքի ազատության տեսականը։


     -Գիտեք, ես Հայաստանում որևէ խնդիր չեմ տեսնում՝ խոսքի ազատության հետ կապված, ես տեսնում եմ խնդիրներ՝ խոսքի ազատության չարաշահումների հետ կապված։ Ոչ թե սահմանափակելու հետ կապված, այդ ամենը չի աշխատելու, այլ սա ատելության խոսքի մասին է, որը խոսքի ազատության դրսևորումներից մեկն է, այսինքն չարաշահում է, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ համացանցում, հատկապես՝ ֆեյբուքում, որը դարձել է հասարակական դիսկուրսի, քննարկման վայր, ատելության չափաբաժինը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները։ Եվ որպես դրա հայելի՝ ԶԼՄ-ներ ևս չեն խորշում այսօր լինել այդ ատելության միջնորդները, տարածողները, որը, բնականաբար, նաև փոխանցվում է ամբողջ հասարակությանը, որովհետև մենք այսօր տեսնում ենք փողոցում, թե որքան շատ ներվային, ջղագրգիռ մարդիկ կան, որոնք, ըստ երևույթին, չափից շատ ժամանակ են անցկացնում համացանցում։

Ներքին մշակույթ ունեցող մարդը երբեք չի գերազանցում այդ սահմանները, այսինքն իր մեջ ունի որոշակի ինքնագրաքննիչ, որն իրեն ասում է, թե որտեղ ոչ մի դեպքում չի կարելի անցնել կարմիր գիծը։ Սա զուտ հայկական երևույթ չէ, ԱՄՆ-ում, այլ զարգացած երկրներում կա մի շատ կարևոր խոսք, որը ոսկե տառերով գրված է ամենուրեք․ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է քո ազատությունը» ։ Երբ ես արդեն այդ կարմիր գիծը հատում եմ և սկսում եմ քեզ վիրավորել, զրպարտել, ապա դու իրավասու ես դիմել դատարան և դրա համար լուրջ գումար պահանջել։ Եվ հենց այդպես էլ կարգավորվում է այնտեղ, ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին վիրավորել հենց այնպես, և դա անպատիժ մնա։ Դա ամբողջ զարգացած աշխարհում կարգավորվում է։ Հայաստանում մենք դեռևս չունենք մշակութային այդ արժեքը։ Մարդիկ կարող են գրանցվել համացանցում և վիրավորել ամեն ստատուսի տակ, հաճախ այնքան ստոր են, որ դա չեն անում իրենց իրական էջերով, այլ ֆեյքերով։ Դա արդեն ոչ թե խոսքի ազատություն է, այլ խոսքի անարխիա է, երբ դու անպատժելիությունից այնքան ես ոգևորվում, որ քեզ թվում է, որ դու արդեն կարող ես շփվել յուրաքանչյուրի հետ, վիրավորել ու քեզ դրա համար որևէ բան չի լինի։ Ներքին մշակույթ ունեցող մարդը երբեք այդպես չի վարվի։


     -Իսկ լուծում տեսնու՞մ եք այդ խնդրի համար։


     -Միայն կրթական մակարդակի բարձրացումն է, ինքնակրթությունը, մարդկանց հագենալը ազատությունով, այն ինքնագիտակցումը, որ պետք է հարգել ոչ միայն սեփական իրավունքերը, այլ նաև՝ մյուսներինը։


     -Իսկ իրավական առումով լուծում կա՞
։


     -Գիտեք, իրավական առումով բոլոր մեխանիզմները կան, բայց իրականում դրան չեն գործում, այդ ամեն ինչը նոր երևույթ է Հայաստանի համար, հետո մարդիկ առանձնապես գլուխ չեն դնում, պարզապես արհամարհում են։ Բայց մթնոլորտը իսկապես շատ տգեղ է։ Նույնիսկ եվրոպական մարմինները շատ անգամներ կոչով են հանդես եկել՝ խնդրելով հանդուրժող լինել իրար նկատմամբ և ստեղծել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը։ Բայց հակառակը, այդ սիրո և հանդուրժողականության հեղափոխության հետևանքով այսօր ճամբարները էլ ավելի են ընդգծված թշնամացել։ Եվ յուրաքանչյուր ամենափոքր խնդրի շուրջ այնպիսի թեժ ոչ թե քննարկումներ, այլ վիրավորական ուղերձներ են իրար ուղղում։


     -Կարծում եմ՝ տեղյակ եք Բուզանդի 1/3 շենքի հետ կապված վերջին նորությունների մասին։ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, որ դա ճնշում է խոսքի ազատության նկատմամբ։ Ձեր կարծիքն այս խնդրի շուրջ կասե՞ք։
    


     -Ես պարոն Թադևոսյանի տեսակետը կիսում եմ՝ լրատվամիջոցը պետությունից որևէ կերպ չպետք է կախված լինի, և հակառակը՝ եթե պետությունը առաջարկում է տարածքներ, ապա բոլորի համար պետք է լինեն նույն պայմանները։ Ի՞նչ բացահայտեց այս ամբողջ աղմուկը․ այն, որ միևնույն շենքում, նույնիսկ հաճախ նույն հարկում, կան լրատվամիջոցներ, որոնք իրենց կարգավիճակով նույնն են, մի մասը այդտեղ մնում է անվճար, մի մասը՝ վճարովի հիմքերով, մի մասը ավելի շատ է վճարում, մյուսը՝ քիչ, և այդպես շարունակ։ Բնականաբար ես կարծում եմ, որ պետությունը պետք է բոլորի համար միևնույն խաղի կանոնները սահմանի բոլորի համար։ Ես չեմ ասում բոլոր կառույցների համար, որովհետև լրատվամիջոցն ի սկզբանե բիզնես կառույց չէ։ Դու չես կարող նրանից նույն գումարը պահանջել, որքան, ասենք, կոշիկ արտադրող կազմակերպությունից։ Բայց եթե սահմանում ես մի վճար, դա պետք է լինի բոլորի համար։ Ես կարծում եմ, որ կողմերը կգան խելամիտ համաձայնության, որովհետև նույն շենքում են մնում «Հետքը», մյուսները, որոնք վճարում են ինչ-որ վարձեր, ճիշտ է, պարզվեց, որ տարբեր գումարներ են վճարում։ Մյուս կողմից տիկին Արմինեն էլ ճիշտ բան է ասում, այն, որ իրենք գումար են ծախսել այդ տարածքը վերականգնելու համար։ Ես կարծում եմ, որ խելամիտ որոշումը կլինի այն, որ իրենց ծախսած մոտավոր գումարը վարձակալության գնից դուրս գա։

«Մեդիամաքսը» երբեք պետությանը չի դիմել նման հարցերով, մենք միշտ վարձակալել ենք տարածք, վճարել ենք դրա համար բավականին մեծ գումար, բայց երբեք մտքներով չի անցել դա կապել խոսքի ազատության ճնշման հետ։ Ավելին ասեմ՝ կան խմբագրություններ, որոնք տարիներ զբաղեցնում են ամենաէլիտար վայրում մի ամբողջ հարկաբաժին և դրա համար վճարում են մոտավորապես 100 հազար դրամ՝ ոչ թե որպես վարձակալություն, այլ որպես սպասարկման վճար։ Հիմա երբ պետությունն իրենց ասում է, որ 30 տարի իրենք օգտվել են, արդեն կարելի է նաև մտածել, նրանք, բնականաբար, ասում են, որ դա խոսքի ազատության ճնշում է։ Բայց իմ կարծիքով նրանք պետք է պետության շնորհակալություն հայտնեին, որ 30 տարի համարյա անվճար զբաղեցրել են իրենց տարածքը, այսինքն՝ չլինելով պետական լրատվամիջոց՝ պետությունից ստացել են այնպսի օգնություն, որից մյուս ԶԼՄ-ները զրկված են եղել։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ պետությունը չունի հավասար խաղի կանոններ բոլոր ԶԼՄ-ների համար։ Այստեղ իսկապես անելիք կա․կամ բոլորի համար դա անվճար դարձրեք և կդառնաք ԶԼՄ-ի բարեկամ, բայց եթե բոլորի համար անվճար եք դարձնում, պատրաստ եղեք, որ «Մեդիամաքսը» ևս վաղը թակելու է ձեր դուռը և պահանջելու է նույն պայմանները, կամ բոլորի համար սահմանեք նույն գումարը։

Այստեղ կարելի է բարձրաձայնել նաև Մամուլի շենքի խնդիրը, որը վաղուց արդեն մամուլի շենք չէ։ Գտնվում է Արշակունյաց 2 հասցեում։ Այստեղ ժամանակին տեղակայված էին բազմաթիվ խմբագրություններ, իսկ այսօր այնտեղ մնացել են 3-4-ը, իսկ մնացած հարկերը զբաղեցնում են առևտրային կազմակերպություններ։ Անհասկանալի է՝ ինչ են նրանք այնտեղ անում, ինչ կապ ունեն մամուլի հետ։ Պետք է նշել, որ այդ շենքը կառուցվել է ԶԼՄ-ների հանգանակության հաշվին։ Իմ կարծիքով պետությունը պարտավոր է վերադարձնել այդ շենքի նախկին համբավը։ Այնտեղ չկան նվազագույն պայմանները՝ ձմռանը ցուրտ է, զուգարանը մեկ հատ է, առնետների հավաքատեղի է։ 1993-1994 թվականներին այդ շենքն ամբողջությամբ բնակեցված էր, իսկապես լրագրողների, մամուլի շենք էր, ամեն հարկում մի քանի լրատվամիջոց կար, բուռն քննարկումներ, հանդիպումներ էինք ունենում, ամբողջ օրը այդ եռուզեռի մեջ էինք։ Այսօր այնտեղ այդ շունչը չկա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2359 | 0 | 0
Facebook