Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Բժշկությունը՝ բիզնես

15:48, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Բժշկությունը՝ բիզնես
    
    
    

«Առողջությունն ի վերուստ տրված պարգև է, իսկ բժիշկները՝ այն պահպանողները» ։

Բժշկությունը կոչված է մարդկանց կյանքեր փրկելուն, մարդկության բարօրությանը նպաստելուն, անշահախնդիր օգնություն տրամադրելուն։ Սակայն այսօրվա իրականությունը բժշկության բուն նշանակության հակապատկերն է։ Հիպոկրատի երդումը, որը տսլիս են բոլոր բժիշկները, կորցրել է իր ազդեցությունը նրանց գործունեության ոլորտում, ինչը, անշուշտ, բխում է բժիշկների շահերից, բայց վնասում է հիվանդներին։ Ոլորտը դարձել է բիզնես, ոլորտի ներկայացուցիչները՝ գործարարներ, որոնց աչքերում հիվանդը քայլող գումար է, շահի աղբյուր։

Իհարկե, սա միանշանակ ասել չի կարելի, բայց լրագրողական հետաքննության ընթացքում նմանատիպ շատ դեպքերի հանդիպեցի, որոնցից մի քանիսին կանդրադառնամ։

Հարկ է նշել՝ կային մարդիկ, ովքեր խոստովանում էին, որ իրենք, այսպես ասած, ընկել են գործարար բժիշկների ձեռքը, բայց հրաժարվում էին պատմել իրենց պատմությունը, քանի որ վախենում էին կամ վստահ էին՝ իրականությունը չի փոխվի, իսկ իրենք դեռ այդ իրականության մեջ են ապրում։


    
    

Դեղերի գնման ու կրկնակի գնով վաճառելու մասին

Նմանատիպ պատմություններից մեկի հերոս է Լիանա Հարությունյանը։ Նա ոսկորների խնդիր ունի, բուժվում է (հիվանդանոցի ու բժշկի մասին տեղեկությունները Լիանայի խնդրանքով չեմ ներկայացնում) ։

Վեց ամիսը մեկ անգամ բժիշկը Լիանա Հարությունյանին «Պրոլիա» դեղը պետք է ներարկի։

Մի քանի օր առաջ նա գնում է դեղատուն, որտեղ նրան տեղեկացնում են, որ այդ դեղից միայն 2 հատ է մնացել։ Մեր հերոսը գնում է այդ դեղը 80 000 դրամով։ Այդ ընթացքում զանգով պատվիրում են նաև երկրորդը։

Հաջորդ օրը Լիանան գնում է հիվանդանոց՝ ներարկումը ստանալու։ Բժշկին տալիս է իր գնած դեղը, սակայն վերջինս հրաժարվում է ներարկել այն՝ պատճառաբանելով, որ այն կեղծ է ու վնասից բացի՝ոչ մի օգուտ չի տա։ Դրանից հետո առաջարկում է իր մոտի դեղը, որի գինը գրեթե կրկնակի բարձր է լինում՝ 120 000 դրամ։

Լիանան համաձայնում է գնել այդ դեղը, իսկ ներարկումից հետո բուժքրոջից խնդրում է դրա տուփը, որ հաջորդ անգամ ճիշտը գնի։ Տանը համեմատում են դեղերի տուփերն ու հասկանում, որ դրանք նույնն են։

Դիմեցինք դեղատան աշխատողին, ով գաղտնիության սկզբունքով տեղեկացրեց, որ մյուս դեղը հեռախոսազանգով պատվիրել է Լիանա Հարությունյանի բժիշկը։


    

Վիրահատության գումարը ոչ թե ընդունարանում, այլ բժշկին վճարելու մասին


    

Մյուս դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում 2018 թվականի օգոստոս ամսին։

Դեպքի մասին խոսելու համարձակություն ունեցել է միայն Արմինեն, ում մորաքույրը մեր հերոսն է։

2018 թվականի օգոստոսի 25-ին վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Վարդանյանը Արմինեի մորաքրոջը վիրահատություն է նշանակել։

Արմինեն ասում է, որ հիվանդանոցի գրեթե բոլոր պատերին նախազգուշացումներ են գրված եղել, որ վիրահատության գումարը պետք է ոչ թե բժշկին տալ, այլ վճարել ընդունարանում։

Վիրահատությունից մոտ կես ժամ առաջ բուժքույրը մոտենում է Արմինեին ու վիրահատվողի ամուսնուն և հարցնում, թե ով է վճարելու գումարը։ Մորաքրոջ ամուսինն ասում է, որ իր մոտ դեռ բավականաչափ գումար չկա, բայց վիրահատությունից անմիջապես հետո անհրաժեշտ վճարումները կկատարի։ Բուժքույրն ասում է, որ եղած գումարն այդ պահին վճարեն ընդունարանում, իսկ պակասող մասը վիրահատությունից հետո տան բժշկին։

Արմինեն մեկ այլ վիրահատվողի հարազատներից մեկի հետ գնաց ընդունարան՝ վճարումը կատարելու, մուծեց 150 000 դրամ, վերցրեց ՀԴՄ կտրոնը, վերադարձավ հիվանդասենյակ ու իմացավ, որ ևս 50 000 դրամ պետք է վճարեն բժիշկին։

«Ասում եմ ժողովուրդ, բժիշկը խաբում է ձեզ, վիրահատության համար նախատեսվող գումարը ես վճարեցի ընդունարանում, իսկ իր ասած 50 000 դրամը իր գրպանն է դնելու, դուք դա կարող եք հանգիստ չվճարել», - պատմում է Արմինեն։

Բայց նրան ոչ ոք չի լսում, մորաքույրը վախենում է, որ չվճարելու դեպքում նրան լավ չեն վիրահատի, կցավեցնեն, ու գերադասում է ավել գումար տալ, որպեսզի իր հետ վատ չվարվեն։

«Ու այս հոգեբանությամբ մեր հիվանդները, վախենալով վիրահատական ու հետվիրահատական շրջանի ցավերի ժամանակ բժիշկների կողմից ոչ պատշաճ ուշադրությանը արժանանալուց, գերադասում են ավել գումար վճարել», - շարունակում է Արմինեն:


    

Հայացք ներսից

Բժիշկների բիզնես հնարքներն էլ ավելի լավ են տեսնում այն մարդիկ, ովքեր աշխատում են նրանց հետ, իրենց օրն անցակացնում են այդ միջավայրում։ Այսպիսի մի քանի հնարքների մասին պատմեց Երևանի բժշկական կենտրոններից մեկի Նորածնային բաժանմունքի բուժքույր, ում անունն իր խնդրանքով գաղտնի եմ պահում։

«Կոնկրետ դեպքեր չեմ պատմի, անուններ էլ չեմ նշի, բայց ավանդույթ դարձած մի քանի հնարքներ կարող եմ նշել», - ասում է նա։

Ամենից շատ տարածված հնարքներից է հիվանդներին միմյանց փոխանցելը։ Այսինքն բժիշկն իր մոտ եկած հիվանդին ներշնչում է, որ նրան նաև մեկ այլ ստուգում է պետք՝ հանուն սեփական առողջության ապահովության։ Հիվանդն ընկնում է թակարդը, գնում մյուս բժշկի մոտ, որն էլ իր հերթին նրան ուղարկում մեկ այլ ստուգման։ Իհարկե, այս բոլոր ստուգումներն ու անալիզները վճարովի են, իսկ այդ գումարները բաժանվում են «գործընկերների» միջև:

Մեկ ուրիշ հնարք է հիվանդին անպայման գոնե մի քանի օր հիվանդանոցում պահելը։ Պետությունն ամեն հիվանդի համար գումար է վճարում հիվանդանոցին։ Հիվանդը ևս բուժման ընթացքում կամ վերջում ինչ-որ գումար վճարում է, արդյունքում եկամուտն անպակաս է լինում։

«Դրա համար ով բարև է տալիս, բաժնի վարիչները պառկեցնում են բուժման», - նշում է Գայանեն։


    

Առողջապահության նախարարության արձագանքը

Բժշկությունը բիզնես դարձրած բժիշկների ու նմանատիպ օրինազանցությունների մասին խոսեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարը՝ Ալինա Նիկողոսյանը։

Նրա պնդմամբ նմանատիպ դեպքերը դժվար է վերահսկել հատկապես մասնավոր բժշկական կենտրոններում, որովհետև վեչջիններս պետական հիմնարկներ չեն ու իրենց ենթկայության տակ չեն գտնվում։ Օրինակ Երևանում մոտ 3 պետական հիվանդանոց կա։ Այդ հիվանդանոցների հիվանդները կամ այցելուները, բախվելով նմանատիպ իրավիճակների, կարող են զանգահարել թեժ գիծ ու նրանց գործին անմիջապես ընթացք կտրվի։

Ըստ Ալինայի՝ օրենքն այս առումով շատ բացեր ունի ու ենթակա է վերանայման, լրացման ու խստացման։

«Ես ինքս բախվել եմ այս խնդրի հետ։ Մի քանի ամիս առաջ մայրս բուժման նպատակով այցելել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որտեղ նրան շատ թանկ դեղեր են նշանակել։ Իսկ այդ դեղերը միայն իրենց մոտից կարելի էր գնել, որովհետև ուրիշ տեղ հնարավոր չէր գտնել։ Ինչպես հետո պարզեցինք, դրանք իրականում դեղեր չէին, այլ բուսանյութեր։ Դրանք ընդունելու փոխարեն մայրս կարող էր սովորական միրգ ու բանջարեղեն ուտել ու նույն արդյունքի հասնել։ Այդ կենտրոնն ինքն է ներմուծում հումուսն ու բաղադրանյութերը և դեղեր պատրաստում», - պատմում է Ալինան։

Բժշկության ոլորտն ամենակարևորներից է մարդկության կյանքում։ Ցավոք, բիզնեսի օրենքներն այս ոլորտ վաղուց ներթափանցել են ու շարունակում են կայուն մնալ։

Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ, գրեթե ամեն երկրորդ քաղաքացին բախվել է այսպիսի իրավիճակի հետ։ Պետական մարմինները ոչ բոլոր դեպքերում իրավասություն ունեն խառնվելու այս գործերին, ինչ-որ բաներ արգելելու կամ պատժելու։

Մարդկանց մեծամասնությունը չափազանց ցածր իրավագիտակցություն ունի։ Շատերը դեռ վախենում են բարձրաձայնել իրենց հանդեպ թույլատրված օրինախախտումների մասին։


    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
853 | 0 | 0
Facebook