Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրպանահատի առեղծվածային արդարացումը

15:55, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Գրպանահատի առեղծվածային արդարացումը
    
    

Դրամապանակս գողացան...ես էլ արժանացա այդ «պատվին»: Եթե մեկ ուրիշը ինձ պատմեր, թե ինչպես սպորտային պայուսակը դնելով իր պայուսակի վրա աննկատ բացել և տարել էին դրամապանակը, ապա ես ամենայն հավանականությամբ կպարծենայի, որ ինձ հետ նման դեպք երբեք չի լինի: Սակայն, ինչպես ասում են, ոչ ոք ապահովագրված չէ գրպանահատի «հարձակումներից» ...ինչևէ կորուստս ակնհայտ էր, քանի որ դրամապանակիս մեջ եղած ողջ գումարը և բանկային քարտը` մորս թոշակը կայծակնային արագությամբ կանխիկացվեց, իսկ ես հայտնվեցի փողոցում ձեռնունայն կանգնած, անգամ անխիղճը 100 դրամ չէր թողել տուն հասնելու համար: Որոշեցի դիմել ոստիկանություն` հաղորդում տալու ոչ այնքան գումարս ետ ստանալու, որքան արդարությունը վերականգնելու իմ գուցև ծիծաղելի պահանջով:

Ինձ բավականին լավ ընդունեցին, հույս ներշնչեցին, որ գրպանահատին կգտնեն: Մի քանի օր անց նամակ ստացա ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնից, որ հանցանքը կատարել է ոմն Հ. Կ-ն, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ուղարկվել դատախազություն: Աչքերիս չէի հավատում, փաստորեն Հայաստանում ոստիկանությունը լավ էլ աշխատում է, իսկ ես այնքա՜ն թերհավատորեն էի վերաբերվում օրենքի պաշտպաններին: Ի վերջո զանգեց քննիչը, հրավիրեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Մի պահ չէի ուզում գնալ, սակայն հիշեցի իմ արդարություն վերականգնելու բաղձալի ցանկությունը և ուղևորվեցի: Նորաթուխ քննիչը ինձ իր սենյակ հրավիրեց, նախ զարմացավ, հետո զայրացավ, որ ինձ տեղյակ են պահել, որ հանցագործը հայտնաբերված է, անգամ հայտնել են նրա անունը, հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը: Երկար-բարակ հարցաքննությունից հետո ես գրեթե համոզված էի, որ արդարությունը ինձնից ընդամենը 2 քայլ է այն կողմ և շուտով մեղավորը կպատժվի, իսկ ես կստանամ գողացված գումարը: Համոզված էի, քանի որ գրպանահատի անունը հայտնի էր, մեղադրանքը առաջադրված, սակայն….

-Քննչականից նամակ ունես, - ասեց հարևանուհիս և ծրարը մեկնեց ինձ: Նրա աչքերում ես նախատինք տեսա, կարծես ասում էր, թե քո նման կարգին աղջիկը ի՞նչ գործ ունի քննչականի հետ:

-Դրամապանակիս գողության գործով է, - ասեցի ես և ուղղակի հափշտակելով նամակը տուն մտա:

8 էջանոց նամակի յուրաքանչյուր տող իրավական խրթին ձևակերպումներով արդարացնում էր գրպանահատին: Մեջբերեմ դրանցից մեկը.

Նախաքննության ընթացքում զննվել է Հ. Կ-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի պահին ելքային և մուտքային հեռախոսազանգեր չեն գրանցվել: Ո՞րն է արդարացումը այստեղ, հարց է ծագում: Ի՞նչ կապ ունի ելքային և մուտքային զանգեր եղել են հանցանքի պահին, թե` ոչ:

Նկարահանող սարքերը չեն ֆիքսել հանցագործի դեմքը, քանի որ նա դրամը հանելու պահին փակել է ձեռքով տեսանկարահանող սարքը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր ձեռբակալվել ոմն Հ. Կ-ն: Եվ, ի վերջո, ինչու այդպես էլ առերեսում չարվեց, չէ՞ որ ես միակ վկան էի, որ տեսել էի հանցագործին:

Ի վերջո հասա վերջին ամենապայծառ էջին…հանցակազմի բացակայության հիմքով արդարացվում է ոմն Հ. Կ-ն, դադարեցվում քրեական հետապնդումը նրա նկատմամբ: Գործը կարող է բողոքարկվել յոթ օրվա ընթացքում: Ցանկությունս, անշուշտ, մեծ էր բողոքարկելու, բայց այլևս հավատ չկար, հասկացա, որ որքան մոտ է արդարությունը թվում, այնքան իրականում այն հեռու է:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5343 | 0 | 0
Facebook