Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՔՎԱԾ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

09:51, երեքշաբթի, 04 մարտի, 2014 թ.
     ՄԻ ԱՆԱՎԱՐՏ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    
Ես կորցրեցի նրան հենց եկեղեցու բակում, երբ շատ մոտ էր մեր ամուսնության ժամը: Հարսի շորերով խելագարի պես վազում էի նրա հետևից, նա գնաց, ուղղակի փախավ ինձնից: Չհասկացա նրա պահվածքի պատճառը, դեռ երկու օր առաջ մենք այնքան թանկ էինք միմյանց համար, երազում էինք մեծ ու երջանիկ ընտանքի ունենալ, ողջ կյանքում միասին ապրեինք: Ի՞նչ եղավ, ինչո՞ւ նա այդպես փոխվեց 48 ժամվա ընթացքում, վախեցավ ամուսնությունի՞ց, ընտանեկան պարտականությունների՞ց, թե՞....
     Հենց այդ ''թե''-ն ստիպեց ինձ վերանայել իմ կյանքը, ես մտովի տեղափոխվեցի անցյալ:
     Վերլուծում էի մեր ապրած ամեն մի վայրկյանն ու րոպեն, փորձում գտնել պատասխանը մեր բաժանման: Իմ հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին նա չէր պատասխանում, անորոշությունը սպանում էր ինձ, գոնե իմանայի, թե ինչո՞ւ…
    
Իմ հիշողություններում չկար այնպիսի մի դեպք, որ ստիպեր նրան լքել ինձ հենց եկեղեցու մոտ: Դրա համար հիմնավոր ու լուրջ պատճառներ էին անհրաժեշտ: Ես այդպես էլ կմեռնեի առանց իմանալու իրական պատճառը, եթե մի օր ճակատագիրն անականկալներ չմատուցեր.... Մարդ վաղ թե ուշ պատասխան է տալիս իր գործած մեղքերի համար, ժամանակին գուցե դա զուտ խոսքեր կամ փիլիսոփայություն համարեի, բայց հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ:

     Միացյալ Նահանգներում ապրող համակուրսեցիս մի օր զանգեց ինձ, մենք վաղուց չէինք խոսել, պարզվեց, որ Հայաստան է գալիս` քրոջ հարսանիքին:
     Ես նույնպես հրավիրված էի: Չնայած այն բանին, որ պսակադրությունը լինելու էր այն նույն եկեղեցում, ուր նա լքեց ինձ, ես, այնուհանդերձ, ուժ գտա իմ մեջ գնալու այնտեղ:
Ընկերուհուս քրոջը վաղուց էի ճանաչում: Աննան ժպտերես, բարի մարդ էր: Գիտեի, որ ամուսնությունից հետո մեկնելու է ԱՄՆ մշտական բնակության:
Ես նորից այն նույն եկեղեցում էի, անկախ իմ կամքից շատ տխուր էի, չնայած փորձում էի հյուրերի ներկայությամբ ինձ ուրախ պահել: Վերջապես ժամանեցին նորապսակները: Սկսվեց պսակադրության արարողությունը: Փեսան ինձ մեջքով էր կանգնած, ես երկար ժամանակ չէի կարողանում տեսնել նրա դեմքը, մինչ այն պահը, երբ նա բռնեց հարսի ձեռքը և մոտեցավ Տեր հորը: Նրա դեմքը տեսնելով` ես քարացա տեղում, երկար ժամանակ ուշքի չէի գալիս, այդ նա էր….

     Տեր հոր ձայնը ինձ սթափեցրեց, ես արթնացա շոկից: Ակամայից հիշեցի նրա ասաց խոսքերը, մեր չկայացած ամուսնությունից 48 ժամ առաջ. «Ո՛նց կգնայի Միացյալ Նահանգներ, ամեն ինչ կտայի այնտեղ հասնելու համար»: Հասկացա այդ պահին, նրա հեռանալու իրական պատճառը, փաստորեն այդ ԱՄԵՆ ԻՆՉԸ ես էի, որ նա տվեց, զոհաբերեց ինձ, մեր երջանկությունը և սերը ԱՄՆ գնալու համար:
"Ես թույլ չեմ տա, որ դու հասնես այնտեղ"-խոստացա ինքս ինձ, ու մոտեցա նրան, ես ոչինչ չէի տեսնում այլևս, զայրույթը փակել էր աչքերս, նայեցի ուղիղ նրա ապշած աչքերի մեջ ու ապտակեցի: Նա չէր սպասում ինձ տեսնել այնտեղ, շփոթմունքից գլուխը կորցրել էր:
«Քանի դեռ Աստծո տաճարում ես, պատմի՛ր ամեն ինչ հարսնացուիդ, գո՞ւցե նա բարեհոգի գտնվի, խղճա՛, ների՛ քեզ ու իր հետ ԱՄՆ տանի, չէ՞ որ այդքան երազում էիր այդ մասին, ամեն ինչ կտայիր, որ բաղձալի երազանքդ իրականանար»:
Ես հեռացա` թողնելով նրան և հյուրերին շանթահար վիճակում:
Պսակադրությունը չկայացավ: Հարսնացուն այդպես էլ չներեց ու լքեց նրան, թողնելով եկեղեցում մենակ կանգնած, իր իսկ մեղքերի հետ:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4278 | 0 | 0
Facebook